Սկզբից գտնել Աստծո լույսը

Ցանկացած հանճարեղ ու գեղեցիկ ծնվում է ցավով

Ձյուն կգա։ Առա՜տ-առա՜տ, կմաքրի դուրսն էլ, ներսն էլ։ Հետո կտուրի տակի ծիտիկները կվերադառնան։ Բույնը կվերանորոգեն, այս անգամ լրիվ հայավարի․ կցակառույց կսարքեն։ Եկող տարի երևի ջուր կքաշեն։ Ու ՎարՊետը, որ ազատության համն առել է նույն բանտախցում, ուր դոփել են Չարենցի ձիերը, կերգի «Да э-эх, раз, да еще раз, Да еще много-много-много-много раз»: Տարիներ անց երևի այդ խցի պատին փորագրված կգտնեն նրա անունը՝ այստեղ եղել է ՎարՊետը (ասել է թե՝ Վարդան Պետրոսյանը)։ Բուժակ Գեղամն էլ նման ոգևորությամբ, որով պատմում էր՝ ինչպես է Չարենցի խցի դուռը պահել խնամքով, կպատմի՝ ինչպես է ՎարՊետի հետ ձեռք սեղմել ու տվել-առել։

Խենթանալու օրեր էին։ Հիմա էլ էդ խենթացումը գիտակցելու օրեր են։ Վերածնունդը ծնվում է կյանքի և մշակութային լճացումից։ Ուրեմն քիչ մնաց։

Ուրեմն սկսենք սկզբից։

ՎարՊետն ասում է՝ ամեն մի վերջ մի նորի սկիզբ է։ Վերջացավ պատերազմը, համավարակն այլևս նույն ահազարհուր մթնոլորտը չի տարածում։ Երևի վերջն է։ Այսինքն՝ նորի սկիզբը։ Պետք է շռնդալի՛ց մուտք մտածել։

 

Լույս տեսավ Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» վեպը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ, գրքերը գնեցին, կարդացին, կարդում են։

Գրականագիտական տեսանկյունից նախ արժեքավոր է՝ որպես ժանր՝ հաշվի առնելով, որ մենք չենք փայլում ինքնակենսագրականների առատությամբ ու, առհասարակ, կենսագրական վեպերով։ Մեկ էլ Մահարին էր, այն էլ՝ Սիբիրում։

Իսկ երգիծապատումների մասին լռելն ավելի ճիշտ է․ լռել է հենց ինքը՝ երգիծանքը։

Վարդան Պետրոսյանի վեպն այս երկուսի ներդաշնակումն է, իսկ էր բեմի վրա։

Սա վավերագրություն չէ անձնական կյանքի։ Սա մարդու ինքնության ճանաչման, որոնումների, ազատության, ընտրության մասին է։ Սա հաղթելու ու պարտությունն անցնցում տանելու մասին է։ Սա Աստծո լույսը գտնել գոնե փորձելու մասին է։ Շիրազը  գտել էր՝ այնինչ նիրհում է Աստված մարդկային հոգում։ Ուրեմն արտաքին աշխարհը պատրանք է։ Ամեն բան մարդու գլխում է։ Նույնիսկ Աստված։

Սկսենք սկզբից, ՎարՊե՛տ ջան։

Վեպը քննել ու հասկանալ հնարավոր է գոյութենապաշտական սկզբունքներով։ Մարդն անազատության մեջ է ու, հետևաբար, շատ ժամանակ ունի մտածելու, երբ առնչվում է կյանքի իմաստի խորհրդին։ Գրեթե Համլետ։

Ու շատ ճիշտ ժամանակին էր այս վեպը, երբ բոլորս մեր ունեցածը վերարժևորելու հարկ ու քաղց ունենք։

Սա ուժեղ լինելու մասին է։ Դու կարո՛ղ ես ջարդուփշուր անել քեզ ջարդուկտոր անողներին։ Դեմ դուրս գալ Ներոններին ու հանգցնել քաղաքների հրդեհները։ ՎարՊետը գլխի է ընկել, որ «կարծես ինչ-որ բան պիտի արվի, մարդկանց ներկայությունը խանգարում է»։ Մեզ է ահազանգում՝ անցնցում, հանգիստ ապրելու մեր սահմանադրական իրավունքը հարգելով։

Ճաղերը։ Մենախուցը։ Ինքնամեկուսացումը։ Սրանք են ինքնամաքրման նախապայմանները։ Տղա՞ ես՝ դիմացիր, մի՛ մեռիր։ Մենք ու աշխարհը հայտնվեցինք նույն խցում կամա ու ակամա։ Ու նույն խցում մնալով՝ մենացանք, հեռվացանք, օտարացանք։

ՎարՊետը դա զգացել էր ավելի շուտ։

Ազատությունը սուրճի համն ունի, երբ ֆռթացնելով խմում ես․ ջա՜ն․ «Հիմա մեզ ոնց են նախանձում Անգլիայի թագուհին, բա Ռոթշիլդները, բա Ռոքֆելլերները․․․»։

Հետո լույս կա սենյակումդ․ կարող ես վառել-մարել, մարել-վառել․ որովհետև ըդիգ քու անձնական գործդ է։ Որովհետև դու քո ննջարանում ես․ «Բա մեծ երանություն չի՞ քնելուց առաջ, օրինակ, լույսն անջատում ես»։ Բա երանություն է։

ՎարՊետն ասում է․ «Հիշեցի, թե ինչպես մի օր հանկարծ ինձ թվաց, որ Աստված չկա․․․»։ Շեստովը համոզված է, որ Նիցշեն և Տոլստոյը նույն բանն են ասում՝ «Աստված մեռավ» և «Աստված բարիք է», որովհետև դրանից գերմարդն է ծնվում։ Վարդան Պետրոսյանն ինքնախոստովանում է՝ այնտեղ՝ բանտում, հատուկ է հիշել ամենաերջանիկ ու կարոտելու պահերի ու մարդկանց մասին, որ սիրտը ճմլվի։ Երևի, որ կուրծքը ցավի ու սրտի տեղն իմանա։

«Ապոթեոզը» մեզ համոզում է, որ հուսահատությունը մեր կյանքի ամենափառահեղ ու ամենանշանավոր պահն է։ Ցանկացած հանճարեղ ու գեղեցիկ ծնվում է ցավով։ Նարեկացին հեշտ չգրեց «Մատյանը», որ սրբադասվեր։

Ըստ Յասպերսի՝ մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրադրություններում»․ տառապանքը, պայքարը, հիվանդությունը, մահը, վախը...

«Մեծ վիշտը սրբացնում է մարդուն»։

Պիտի խաչվեր Հիսուսը, որ սրբանար։ Պիտի ապրեինք Ցեղասպանությունը, որ ծնվեր «Անլռելի զանգակատունը», Սարոյանը, Շահնուրը։

«Ովքեր չեն նստել, թող իրենք իրենց հարց տան՝ ինչո՞ւ»,-ու բոլորը ծիծաղել են ՎարՊետի կատակի վրա։ Չի՛ կատակել։ Ովքեր որ չեն քաշել իրենց բաժին խաչի ծանրությունը, չեն կարող ծաղկել։

Փարաջանովն էր Տարկովսկուն ասել․ «Մեծ ռեժիսոր լինելու համար մի բան է պակասում․ բանտ չես նստել»։

Սարտրը քեզ պատի հետ կանգնեցնի, ժխտես Աստծուն ու բոլորին․ «Հռոմի պապը խնդրեց բոլոր քրիստոնյաներին վաղը՝ ժամը 12-ին «Հայր մեր» ասել։ Պապի կոչին մոռացա միանալ»։

Սա առողջ համոզում է և ոչ կյանքից հրաժարվելու ու կյանքը նիհիլիստական օրենքներով ժխտելու փորձ։

Այդ պարագայում ՎարՊետը նորից բեմ չէր բարձրանա, ուժ չէր գտնի իր կիսատ թողած երգը երգելու։ Այն էլ սկզբից։

Ու որքա՜ն համակերպ է իրեն բաժին հասածի հետ ու ոնց է գտել ճշմարտությանը ուղիղ նայելու կերպը․ «Կրել լուռ, անխուճապ, որպես գոյություն ունեցող փաստ, որպես անբաժանելի իրողություն, որը ժամանակի ընթացքում կամաց-կամաց պիտի դառնար հոգևոր որակ»։

Ցավը մարդուն տանում է իր նախնական ձևին, իր ստեղծման նախընթաց վիճակին, երկունքի ցավով ծնվելուց ճիչին։ Որովհետև հրաշք է երեխան, որ ծնվում է բնության մեջ ամենացավով։ ՎարՊետն ասում է․ «Մենախցում կալանավորը կարող է տեղավորվել միայն այնպիսի կծկված դիրքում, ինչպես պտուղը մոր արգանդում»։ Ուրեմն երբ մարդ մոռանում է իր ինքնությունը, հարկ է նրան մենախցել, վերադարձնել նախնական կերպին, որ վերարժևորվի՝ որպես բանական մարդ, որպես ընտրող։ Գոյութենապաշտներն ասում են, որ մարդու՝ իր տեսակի առանձնահատկությունը հենց ընտրող լինելն է։

Դու ընտրում ես բանտային օրենքնե՞րն իրենց ենթադրյալ հետևանքներով, թե՞ ուժ ես գտնում մաքուր մնալու։

Անհնարինության հասնող դժվար է դիմադրել քեզ ու աղտեղությանը, որի մեջ ես, և մաքուր մնալ։ Ճգնաժամային պայքարում մարդը բախվում է պարադոքսի հետ, երբ հավատում է իր կյանքի կարևորությանը, բայց միաժամանակ հասկանում է, որ գոյությունն ինքնին նշանակություն և իմաստ չունի։

Նախ այդ պայքարը սկսվում է պետության դեմ՝ պետության իր բոլոր ներքին համակարգերով՝ այս պարագայում դատաիրավական։ Բառն ավելի երկար է ստացվում, քան ինքը է։ Որովհետև այստեղ ամեն ինչ աշխատում է օրենքի տառի ճշտությամբ, իսկ տառը շատ փոքր միավոր է։ Ու, ի դեպ, ոչ բոլորն են տառաճանաչ։ Դրա համար ՎարՊետը նախընտրել է հապավումները՝ ՃՈ քննիչ ՀՀ օրինակ, որ կարդալը հեշտ լինի։

Դե պետության դեմ պայքարն իզուր է։ Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը ի վերուստ սահմանված չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք․․․ Կարող է և դառնում է։ Գալիս են  ԱՐ-ԴԱ-ՐԱ-ԴԱ-ՏՈՒ-ԹՅԱՆ տերերը, երկա՜ր ձեռքները պարզում են ՎարՊետին, որ ահա անեն իրեն ամենամայրթերեզայությունը, ահա եկել են․

-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

-Մի բանով միայն․ արդար դատավարություն։

-Ցավոք, դա չեմ կարող։

-Ինչ․․․

-Արդ․․․

-Ցավ․․․

Ուրեմն պետությունները գործում են բացարձակ ճիշտ սխեմայով․ «ամեն ինչ ձևական էր ու սուտ․ օրենքի տառի ճշտությամբ»։

Քեզ խեղդում են, որ վախենաս։ Հենց վախենաս, իրենք կգան, կանցնեն վրայովդ, որ առաջ գնան։ «Առաջընթաց՝ վախի միջոցով»։ Սովետը։ ՎարՊետը Պուտինին էր տեսել երազում։ Ինքն էլ էր զարմացել։ Երևի արքաների հետ դու-ով խոսելու  անհրաժեշտությունից էր։

Հիմա դու մենակ ես բոլորի առաջ։ Դու ես ու ներս ու դրսի փշալարերը («Երկնքում՝ փշալարեր․․․ փշալարեր․․․ փշալարեր․․․»)։ Դե ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտությամբ է․ դրսի փշալարը մարդուն ինքն իրեն է՛լ ավելի հանցագործ զգալուն է միտված (ասել է, թե հում․․․ հում․․․ հումանիզմ), ներսինը՝ որ պատի հետ մնաս մենակ, ինչպես Սարտրի հերոսները։ Մնաս ու Նարեկանաս մեղքի զգացումների բեռի տակ։ Սկսում ես հավատալ Աստծո գոյությանը։ Մերժել Նիցշեին (ամերիկյան մի սրճարանում մուտքի պատին մեծ գրված է․ «Աստված գոյություն չունի»,-Նիցշե։ Ներս ես մտնում, ներսի պատին գրված է․ «Նիցշեն գոյություն չունի»,-Աստված) ու դրանով էլ հասնել գերմարդուն։ Ու մեկ էլ շրը՜խկ․ Գոռն է քայքայում էս քրիստոնեական վերադաստիարակման գործընթացը․

-Բա Աստված ինչի՞ ա թույլատրում էս անիրավությունները, ինչի՞ չի միջամտում, էսքան այլանդակություն կա, ո՞նց ա հանդուրժում։

«Ինքնամեկուսացումը պրծավ․ մարդիկ դուրս են եկել ու չգիտեն ինչ անել»։ Ստրուկները վերադառնում են կայսեր մոտ։ Հաղթենք նրանց։ Փորձենք չժանգոտել, որովհետև բետոնի մեջ ենք, բայց երկինքը կապու՜յտ, կարծես ներկած։

Ձյունը գալու է ու հույսերս մեկը տասը դարձնի։

Որպես սկիզբ՝ նախ պետք է լույս աշխարհ գալ։ Որովհետև մեր ձեռքում է՝ լույսը կգա՞ աշխարհ։

Իսկ ՎարՊետի խուցը սկսել էր ապրել հոգևոր կյանքով։

ՎարՊետը հոգևոր Հայաստան հիմերը դնողներից է։

Քանի ուշ չէ, քանի սկիզբն է, գտնենք Աստծո լույսը։

 

Վանուհի Բաղրամյան