Շուշին քարտեզ է՝ եռագույնով նկարված

Շուշին՝ քաղաքակրթության բնագիծ

Մի գիշերվա՜ Շուշի,

ընդմիշտ հիսունամյա
պապիս կարոտներով քեզ ուզեցի սիրեմ,-
էն ի՜նչ սիրուն էիր` փրփրաժանյակ,
բարակիրան, ճախրող մատներով նեղ,
էն ի՜նչ սրտապատառ
սպասված ու չեկած`
իմ`ուրիշի բաժին առաջին սեր,
իմ առաջին աստղի անկման պես կարճ…

 

Ներսես Աթաբեկյան

 

«Գլխին՝ ցիլինդր, ոտներին՝ տրեխ․․․ Փափախ՝ մի ամբողջ ոչխարի չափ, ու լայնեզր շլեապա․ տրեխներ՝ ու ճռճռան, պսպղուն կօշիկներ, կարկատած չուխա՝ ու անգլիական մահուդից կարված եւրոպական հագուստ»․- Շուշին է՝ տարազ հագած։

Սա նրա դիմանկարն է 20-րդ դարասկզբին «Բաքվի ձայն» օրաթերթում։

Այսօր էլ շուշեցիների հետհիշողության մեջ, նրանց մտապատկերներում, ձեռքի շարժումների, հայացքի, շնչառության մեջ այդ քաղաքն ապրում է որպես ամենաճշգրիտ քարտեզ։

2020 թվականի պատերազմից հետո, երբ բազմաթիվ շուշեցիներ հայտնվեցին Երևանում, Տիգրան Ամիրյանի նախաձեռնությամբ սկսվեց մի աշխատանք, որ պետք է դառնար Շուշիի «ամենապաշտոնական» քարտեզների հիմքը։ Շուշեցիների «համահեղինակությամբ» լույս տեսավ «Շուշի․ մտաքարտեզներ» գիրքը։  

Շուշեցիներն իրենց հիշողությամբ ստեղծում են մտաքարտեզներ՝ ամրագրելով փողոցները, դպրոցները, խանութները, կենսագործունեության ու ռազմավարական բոլոր կարևոր տեղանքներն ու պարզապես սեփական տունը։ Հիշում են դետալային մանրամասնություններ, որոնք ոչ մի պաշտոնական քարտեզում չեք գտնի։ Սա գիրք է, որում ապրում են տներ։

Նրանք մարդիկ են, որոնք փախստական դառնալու մի քանի և դառը փորձ ունեն։ Հասկանո՞ւմ եք՝ նրանք փորձառու փախստականներ են։ Ովքեր էլ չունեն այդ փորձը, դա նրանց գենետիկ հիշողությամբ է փոխանցվել։

Շուշեցիներն իրենց հիշողությունները փորփրելիս մի ոչ զարմանալի և կարևոր իրողություն փաստեցին․ նրանք հիմնականում ափսոսում են, որ չհասցրեցին ընտանեկան նկարների ալբոմները փրկել։ Պատերազմից հետո անգամ փորձել են կապեր հաստատել ադրբեջանցի հարևանների հետ՝ ինչ-որ կերպով այդ ալբոմները, նկարները վերցնելու համար։ Որ հիշողությունը թղթավորված պահեն։ Նրանց հեռանալը Շուշիից պարզապես տարածական էր։ Հոգեբանական այս հետազոտությունները ցույց են տվել, որ շուշեցիները պահպանում են իրենց սոցիալական մշակույթը։ Ուսուցիչը մնացել է ուսուցիչ, քաղաքապետը՝ քաղաքապետ, խանութպանը դեռ առևտուր է անում, կոշկակարը կոշկակար է մնացել։ Քաղաքը կա՝ տուն է։

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Շուշիից հարկադրաբար եկածների զգալի մասի համար քաղաքի և իրենց անձնական պատմությունների միահյուսումը սկսվում է տան փնտրտուքով։

Տուն բառը հայերս տիեզերական ընկալումներով ենք հասկանում։ Միայն բառարաններում այդ բառի բառահոդածի հարստությունը, դրանով կազմված դարձվածքների առատությունը բավական է հասկանալու համար ընտանիքի ու տան մասին ազգային-մշակութային դիրքորոշումը։ Բոլոր մտաքարտեզներում մեկնակետը տունն է, որ մնացել է այնտեղ։ Այնտեղ, մի տեղ, որի բանալիները պարանոցներից կախ ապրում են․ «հիմի գիտե՞ս, իմ մեջը նենց տպավորություն ա, որ ոնց փակել եմ՝ տենց փակ էլ մնացել ա էլի, տպավորությունն ընենց ա, որ էն ա իմ տունս․․․»․-պատմում է մի շուշեցի, որ երջանիկ է գոնե այն տեսիլով, որ հասցրել է փակել դուռը ու այն այդպես ապահով թողել։ Մեկ ուրիշն էլ բաց է թողել խոհանոցի պատուհանը ու գրում է․ «Խոհանոցիս պատուհանը չհասցրի փակել։ Անքուն գիշերներիս հուշերի մեջ մնաց ինձ կանչող մի բաց պատուհան՝ քամուց ծածանվող վարագույրով»։ Հիմա էլ այդ տունն այդպես մնացած է հիշում։ Ու այսպես ժամանակի մեջ ոչ թե մգլում են տեսապատկերները, այլ իրականությունը դառնում է իդեալ, միաձուլվում է իդեալականին, մոտենում դրախտին։ Քրիստոնեական գրական, սրբապատկերային, ֆոլկլորային ավանդույթում դրախտի կերպարի զարգացման երեք ուղղություն կա։ Եդեմի հինկտակարանային նկարագրության մեջ դրախտն այգի է։ Երկնային Երուսաղեմի նորկտակարանային նկարագրության մեջ այն քաղաք է, դրախտը երկինք է՝ Երկնային արքայություն։ Շուշեցիներն իրենց քաղաքային այգին, իրենց տունը նույնացնում են դրախտի հետ, այսինքն՝ դրախտի ընկալման գոնե երկու տարբերակ կա շուշեցիների մտքում։

Երրորդը՝ երկինքը, տղերքն են։

Շուշին վերազգային, վերտարածական երևույթ է։ Ասում են՝ դա ծխացող ինքնաեռների քաղաք է։ Տուն կա՝ մեծ գերդաստանի համար, երեկոները հարևանների հետ թեյ խմել կա, ասել-խոսել, ապրել, կյանք կա, ինքնաեռները միշտ են ծխում։

Շուշեցիների հիշողություններում առանցքային կերպարները քաղաքային խորհրդանիշներն են՝ եկեղեցական, վանքային համալիրները, թատրոններ, քարավանատներ, տուն-թանգարաններ, տոներ, բույրեր, փոխհարաբերություններ։ Շուշեցիների քաղաքային ինքնությունն արտահայտվում է բազմաթիվ հատկությունների, արտահայտությունների շուշիականությամբ՝ կյանքի սալոնային ոճ, մտավորականի կեցվածք, նրբաճաշակ շարժուձև, կրթական ցենզ։

Շուշեցիները հավատում են՝ իրենց քաղաքը սուրբ, գրեթե առասպելական տարածք է, քաղաքակրթության բնագիծ, մշակույթների միաձուլման վայր։ 2020 թվականի պատերազմից առաջ որոշ լավատեսներ հավատում էին, որ այնտեղ այլևս արյուն չի թափվի։

Շուշին էպիկ պատում է, որ փոխանցվելու է որպես  բանահյուսական ժանր։ Շուշին քարտեզ է՝ եռագույնով նկարված։

 

Վանուհի Բաղրամյան

 

 

... ... ...