Շուշիի՝ փրկված օազիսն ու նրա «ճիտին պարտքը»

Միշտ անբացատրելի երկար ու անհասկանալի կարճ է դեպի Արցախ տանող ճանապարհը: Երկու տարի է, ինչ այս ճանապարհը նաև ինքնամաքրման, ինքնաճանաչման ու բառի բուն իմաստով ինքնահաստատման ճանապարհ է Արցախ գալու որոշումը կայացրած յուրաքանչյուրի համար: Առհասարակ, հիմա դժվար է զանգել, գրել Արցախ ու հարցնել՝ ինչպե՞ս եք: Դժվար է: Միակ անգամը, որ աչքերդ բարձրանում են այդ հարցը տալու՝ այստեղ գալու ժամանակ է: Որովհետև միայն այստեղ գալով ու միայն այդ մեկ հարցը տալով է, որ և՛ դու, և՛ Արցախում մնացողը գիտեն, որ գոնե մի քիչ, ինչպես այստեղ են ասում՝ «պատառ», հոգիդ հանգստանում է:

Պարտություններից հետո կորուստները մշտապես ավելի են խոսվում, քան փրկվածն ու պահվածը: Եվ սա այս պատմության, թերևս, ամենաբնական ու ամենաանարդար մասն է:

Շուշիի Բերդաձորի ենթաշրջանն է, որ կյանքի օազիսի պես ընկած է վիրավոր Արցախի ու Սյունիքի միջև, կարծես միջանկյալ իրականության մեջ, արցախյան զմրուխտե լեռներում իր բաժին «ճիտին պարտքն» է տանում հայրենի եզերքի համար: Բերդաձորը՝ Շուշիի ողջ մնացած մասնիկը, որի գոյության մասին շատերը չգիտեին, իսկ ոմանք էլ հաճախ շփոթում էին Բերձորի հետ:

Ժամանակին 18 գյուղ ունեցող Բերդաձորի ենթաշրջանը այժմ ընդամենը երեք գյուղական համայնք ունի՝ Մեծ Շենը, Հին Շենն ու Եղցահողը: Վերջինս ներառում է նաև նախկին Տասը Վերստ ու Կանաչ թալա գյուղերը նույնպես:

Այս գյուղերն են, որ կյանքի գնով պահված, հաճախ մոռացության մատնված, բայց հայկական Արցախի ողնաշարը դառնալու կարևոր առաքելության  պատասխանատվությունն են ստանձնել այս դժվարին օրերին:

Պատմության ընթացքում գրեթե միշտ առևտրային ճանապարհների խաչմերուկում գտնվող ու Սյունիքն Արցախին կապող այս գյուղերի անունները եղել են աշխատանքային երջանիկ աղմուկի, զարգացած առևտրի, բերք ու բարիքի հոմանիշներ: Դրա վառ ապացույցն են ոչ միայն տեղի հնաբնակ տարեցների պատմությունները, այլև Բերդաձորի անտառներում թաքնված հնագույն խաչքարերը, Հին Շենի Փուլեն գլուխ կոչվող քարավանատունը, այժմ փոքրիկ թվացող այս գյուղերից յուրաքանչյուրում արցախյան եկեղեցաշինությանը հատուկ գեղեցիկ բազիլիկ եկեղեցիների, ասել է թե՝ առանձին հոգևոր համայնքների գոյությունը:

Շուրջ երեսուն տարի այս գեղատեսիլ ձորակից առաջինը Եղցահողն էր, որ դիմավորում էր դեպի Արցախ եկողներին: Այժմ, սակայն, նոր միջանցքի գործարկումից հետո Եղցահողն ավելի շատ խոր թիկունք է տեղափոխվել և միջանցքի վերջում, մտնելով Շուշիի Բերդաձորի շրջան, Եղցահող հասնելու համար պետք է մայր ճանապարհից մի փոքր հետ դառնալ ու գյուղի ցուցանակից վեր բարձրանալ: Նախկինում դեպի Աղավնո ու Բերձոր տանող այս մայրուղին այս կետից այն կողմ այլևս փակ է մեզ համար:

Տեղացիները զարմացած հայացքով են ուղեկցում անծանոթ մեքենաներին, 2020-ի պատերազմից հետո սովոր չեն շատ հյուրեր ընդունել: Գյուղի դպրոցը, որը գտնվում է Եղցահողի հին՝ 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու դեմ-դիմաց, համեստ, բայց բարվոք պայմաններով շենք է, իսկ բակում դատարկ ճանապարհների լռությունը խախտում ու մեր տրամադրությունը միանգամից բարձրացնում են ֆուտբոլ խաղացող երեխաների ձայները: Գյուղապետը ուրախությամբ է նշում, որ եկեղեցին շուտով նորոգվելու է, չնայած այժմ «անզեն» աչքի համար բարդ է նույնիսկ միանգամից հասկանալը, թե ինչ շինություն է մեր առաջ կանգնած, եթե, իհարկե, մի փոքր տեղեկացված չլինես 19-րդ դարի արցախյան եկեղեցաշինությունից: Իսկ մինչև այդ բնակիչներին սպասարկում է նոր՝ 2003-ին գյուղի բարձունքում վեր խոյացած Սուրբ Սարգիսը, որը նկատելի է Եղցահողի բոլոր տների պատուհաններից:

Ընդամենը 18 աշակերտ ունեցող Եղցահողի դպրոցը Բերդաձորի շրջանում ամենամեծն է, ինչպես և գյուղի բնակչությունը: Այո, չնայած իր անվանը, Մեծ Շենն այս ենթաշրջանի ամենափոքրիկ գյուղն է, որը մինչև պատերազմն ուներ շուրջ 100, իսկ այժմ կեսից էլ քիչ բնակիչ: Հարևան Հին Շենում էլ նախկին 160 բնակչից մնացել են մոտ 80-ը, գյուղի դպրոցն ունի ընդամենը 8 աշակերտ: Իսկ Եղցահողում շարունակում են ապրել 150-ից ավելի բնակիչներ:

Ասում են՝ մինչև Արցախյան շարժման տարիների «Օղակ» գործողությունը նույն Եղցահողի բնակչությունն այսօրվանից ավելի քան չորս անգամ շատ էր: Այժմ էլ փոքրիկ, բայց հպարտ Բերդաձորի գյուղերը ոչ միայն շարունակում են գոյատևել հույսի ու անորոշության, հայկական ու ադրբեջանական ռազմական դիրքերի միջև, այլև ընդունում են Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին:

90-ականներին տխրահռչակ «Օղակ» գործողության ժամանակ մեծապես տուժել են նաև Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Միջին տարիքի բնակիչների հիշողության մեջ դեռ վառ են դրվագները, երբ գյուղի կանանց արտաքսել են, իսկ տղամարդկանց ձերբակալել ու կտտանքների ենթարկել: Ավելին՝ Մեծ Շենը ժամանակավորապես հայաթափվել ու շուրջ մեկ տարի մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Միայն Շուշիի ազատագրումից օրեր անց՝ 1992-ի մայիսի 17-ից հետո Բերդաձորի գյուղերի հայ բնակչությունը կարողացել է վերադառնալ հայրենի տներ, որտեղ արդեն տեղավորվում էին Բաքվի հրահանգով այստեղ բնակեցվող ադրբեջանցիները:

Ինչպես մինչև Արցախյան շարժումն, այնպես էլ հիմա՝ արդեն երկրորդ պատերազմից հետո Բերդաձորի ենթաշրջանն ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքների արանքում է կարծես ընկած: Մինչդեռ 1990-ականներին իրենց ապագան ինքնուրույն որոշելու վճռականությամբ ոտքի ելած ու հաղթանակած արցախցիներն անվստահության ու բացահայտ վտանգի այդ օղակում մնալու զգացողությունը դեռ երկու տարի առաջ հիշում էին որպես հեռու ու այլևս անհանդուրժելի անցյալում մնացած, պատմության թերթված էջի մի դրվագ: Այսօր Շուշիի շրջանին պատկանող ու հայկական վերահսկողության տակ մնացող այս փոքրիկ գյուղախումբը ոչ միայն մեր ու Շուշիի բարձունքից մեզ հսկող ադրբեջանցիների միջև ընկած տարածք է, այլև Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքը, ասել է թե՝ Արցախի կյանքի ուղին, Արցախը սնող ու արցախցուն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ընդամենը մեկ տարի առաջ, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում էր ոչ թե այստեղով, այլ Բերձորի միջանցքով, Շուշիի այս մի քանի գյուղը կարծես ճակատագրի քմահաճույքին թողնված, քարտեզից ու հիշողությունից դուրս մղված էին: Բերձորի միջանցքի ավարտվելուց քիչ վերև՝ Շուշիի շրջանի տարածքում միշտ տեսնում էինք «Բերդաձոր 3» ցուցանակը և գրեթե երբեք չէինք տեսնում դեպի այդ կողմ թեքվող մեքենաներ:

«Դեպի Մեծ Շեն ու Հին Շեն ճի՞շտ ենք գնում», -մի անգամ հարցրինք ճանապարհի վերևում կանգնած բեռնատարի վարորդին:

«Քուր ջան, չգիտեմ, բայց աչքիս էդ թուրքի կողմ եք գնում», -ընկերներով հիշում ենք վարորդի շվարած հայացքը:

Իսկ հեռվում՝ խուլ անտառներից ու արդեն նոր միջանցքի ճանապարհը փորող ադրբեջանական բուլդոզերներից հետո մեզ սպասող հայկական Հին Շենն էր: Արցախի ամենամաքուր և համեղ մեղրի, ամենատպավորիչ բնության ու բարդ, բայց հաղթական անցյալով գյուղում դեռ դեգերում էին անորոշությունն ու օդում սառած բազմաթիվ անպատասխան հարցերը:

«Շնորհակալ ենք, որ մեզ մարդու տեղ եք դրել, եկել: Երևի որ իմանայիք էսպես է՝ դուք էլ չէիք գա, չէ՞: Գյուղ որ օգնություն էլ բերում են՝ մայրուղու վրա իջեցնում են ապրանքները, գնում, գյուղին չեն ուզում մոտենալ», -Հին Շենի գյուղապետի խոսքերը նախորդ  տարվանից դեռ երկար էին արձագանքում ականջներումս:

Այսօր՝ նոր միջանցքի գործարկման հետ մեկտեղ Հին Շենն ու հարևան Մեծ Շենը դարձել են կյանքի խաչմերուկ, բանուկ ու փոքր-ինչ ավելի աղմկոտ, միայն թե նախկինում դեպի այս գյուղեր մեզ բերող խիտ ու ճոխ անտառներն են, որ այլևս չկան. ըստ պայմանավորվածության Բերձորի հանձնումից առաջ նոր միջանցքի կառուցումն իր վրա վերցրած ադրբեջանական կողմն անխնա հատել ու մաքրել է սիրելի ծմակը:

Այնուամենայնիվ, ամիսներ առաջ Արցախի ամենամոռացված այս գյուղը, որի տեղը քչերը գիտեին, այսօր հայկական աշխարհի համար ամենակենսական կետերից մեկում է հայտնվել, ձեռք բերել կարևորագույն նշանակություն և իր հրաշագեղ տեսարանով դյութում է Արցախի ճամփան բռնած յուրաքանչյուրի հայացքը:

«Քոչելն ամենահեշտն է, հույսդ պինդ պահի», -կասեր իր գյուղը միայն երազում տեսնող մշեցի տատս:

 

Սոֆյա Հակոբյան