Շուշի-Անի-Վան չվերթը

Ոչ ոք չէր շտապում: Կային, որ նստել էին իրենց ճամպրուկների վրա՝ ամուր, փակ և գույնզգույն: Կային, որ ծխելու գոտում սրճոտ ատամներով սիգարետի տուփն էին մոխրաման դարձրել՝ գրպանից հանելով նորը, ու դողացող ձեռքերից հաճախ քցում էին կրակայրիչը, հատկապես երբ դիմացը նստած ու աչքի պոչով գիրք կարդացող կարճափեշ կինը փոխում էր ոտքերի դիրքը: Կային, որ չոր ու սառը աթոռներին նստած՝ երկինք էին նայում՝ չնայած փակել էին աչքերը ու ականջակալներով երաժշտություն էին լսում, քչերը՝ ազգային-հայրենասիրական: Ու կային կարմրած դեմքերով տղամարդիկ, որ այնպես էին կանգնել իրենց կանանց դիմաց, որ ոչ մեկը չտեսնի, թե ինչպես են նրանք կրծքով կերակրում նորածիններին: Օդանավակայանի սպասասրահում էլի մարդիկ կային, երկրում չկային: Ինքնաթիռը, որտեղ արդեն տեղավորում էին ուղեբեռները, վերջին մարդկանց էր տանելու հայրենիքից, ամենահայրենասերներին:

-Հիշո՞ւմ ես էս օրը,-ասաց Շուշին՝ հեռախոսը ցույց տալով իրենց մոտեցած ամուսնուն, որից սրճի ու ծխախոտի հոտ էր գալիս:

Ամուսինը Վանն էր՝ երիտասարդ, թիկնեղ, բայց հյուծված: Ֆիզիկապես չէ, աչքերով: Շուշիի կողքին Անին յոթերորդ երկնքում էր, Շուշիի կողքին Վանն էլ յոթերորդ երկնքում էր լինում:

Վանը հիշեց «այդ օրը», երբ միայն երկուսով գիտեին, որ երեխա են ունենալու ու գրկել էին իրար՝ հայրենի քաղաքում հավերժ ապրելու ցանկության պես ամուր:

-Ինչ սիրուն ես այստեղ,-ժպտաց Վանը:

-Որովհետեւ ժպտում եմ,-լրջացավ Շուշին:

Լռեցին: Ասելիք չկար, ժպտալիք՝ առավել ևս: Հետո հենվեցին չոր աթոռներին ու փակեցին աչքերը՝ հիշելու: Հետո Շուշին զգաց Վանի թևը, որ պինդ գրկում էր իրեն՝ այն օրն էլ, երբ վճռեցին, որ իրենց աղջիկը քաղաքի գեղեցկուհին է դառնալու, այսօր էլ, երբ ամայացած քաղաքից դուրս էին հանում գեղեցկուհուն:

-Սերը հայրենիք չունի, չէ՞,-մի պահ աչքերը բացեց Շուշին:

-Մայրաքաղաք էլ ունի,-Վանը չբացեց աչքերը:

-Լո՞ւրջ,-Շուշին զարմացավ, կամ հեգնեց:

-Մենք ենք,-աչքերը բացեց Վանը, որ նայի Շուշիի աչքերին:

Ժպտացին, բայց ասելիք էլի չկար:

-Իսկ հիշո՞ւմ ես...,-Վանն էր, որ հանկարծ վեր թռավ թիկնած դիրքից:

-Հիշում եմ:

-Բայց չասացի՝ ինչը...

-Կապ չունի. հիշում եմ:

«Լոս Անջելես մեկնող ուղևորներին, խնդրում ենք մոտենալ 4-րդ և 5-րդ դարպասներին. սկսվում է ինքնաթիռի նստեցումը». հաղորդեց օդանավակայանի մետաղական ձայնը: Բայց ոչ ոք չէր շտապում, նորածիններին կերակրող մայրերը՝ առավել ևս: Սա աշխարհում երևի այն բացառիկ չվերթն էր, երբ բոլորն ուզում էին վերջինը նստել ինքնաթիռ: Սա հայրենասիրության մրցույթ էր՝ հայրենիքի դարպասների մոտ:

Մետաղական ձայնը մի քանի անգամ կրկնեց նախադասությունը, և Վանը դանդաղ ոտքի կանգնեց.

-Ես էրեխուն կգրկեմ, մի արթնացրու,-ասաց նա:

-Մի քիչ էլ չնստե՞նք, թող բոլորը գնան, նոր,-առաջարկեց Շուշին:

-Ի՞նչ տարբերություն,-արևային մուգ սև ակնոցը դրեց Վանը:

-Հրեշտակների քաղաք,-Շուշին նույնպես ոտքի կանգնեց՝ հատուկ վանկարկելով Լոս Անջելեսի մականունը:

Առաջինը մոտեցան դարպասին, նրանց առաջինը բարի ճանապարհ մաղթեցին: Բորտուղեկցորդուհին հենց նրանց կողքին կանգնած էր բացատրում ինքնաթիռում անվտանգության կանոնները, որին ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում, ինչպես հայրենիքից ընդմիշտ հեռացող յուրաքանչյուր մարդ:

Երբ ուղևորները բոլորը նստել էին, ինքնաթիռ բարձրացան օդանավակայանի բոլոր աշխատակիցները: Նրանց համար առանձին սրահ էր պատրաստվել:

-Վե՞րջ,-ասաց գլխավոր օդաչուի օգնականը՝ վերջինն ինքնաթիռ բարձրացող՝ օդանավակայանի աշխատակիցներից մեկին:

-Հա, բայց...հավաքարարը մնաց: Ասաց՝ գործ ունի դեռ:

-Բայց մենք չենք կարող սպասել,-ասաց օդաչուի օգնականը,-համ էլ՝ ի՞նչ կարիք կա:

-Չգիտեմ: Մի քիչ տարօրինակ կնիկ ա. ում տեսնում՝ ասում ա՝ ցավդ տանեմ: Ինձ թվում ա՝ կարիք չկա սպասելու:

Ինքնաթիռում Անին դեռ քնած էր: Վանն ու Շուշին հիշում էին՝ աչքերը փակ: Կային, որ քնած էին, կային որ պատուհանից էին նայում: Կային, որ ափսոսում էին, ...որ ինքնաթիռում ծխել չի կարելի: Կային, որ ուշադիր հետևում էին չվերթին, որ տեսնեն՝ որքան հեռացան հայրենիքից ու կային, որ նույնն էին անում, որ պարզեն, թե որքան մոտեցան հրեշտակների քաղաքին: Միայն նորածիններն էին լացում:

Հավաքարարը չէր շտապում. մաքրում էր:

 

Հովիկ Աֆյան