Շները մի կողմում, տղերքը՝ մյուս

Էդոյի խանութում հացը միշտ թարմ էր, երշիկը՝ յուղոտ, «սեմոչկան»՝ աղի, օղին՝ սառը: Բակի միակ խանութի տերն ամենահայտնի մարդկանցից մեկն էր բակում: Բոլորը գիտեին, որ «Էդոն նիսյա ոչինչ չի տալիս, բայց սիրուն ընտանիք ունի», ընդ որում հենց այսպես էլ ասում էին՝ «նիսյա չի տալիս, բայց ընտանիք ունի»: Կարող էին, իհարկե, «բայցի» փոխարեն ասել «որովհետև». չէին ասում:

Ամեն առավոտ՝ ճիշտ ութին, ամբողջ բակը լսում էր Էդոյի խանութի բացվող դռների ճռռոցը, թաղն անձեռնմխելի պահող շների հաչոցն ու Էդոյի տենորը.

-Հը՞, շա՛ն որդի, «կալբաս» ես ուզո՞ւմ:

-Թաղեմ քեզ,-անմիջապես զարթնում էր «ամբողջ գիշեր չքնած» Մարգո տատը,-մեզ սկի ձրի հացի փշրանք չի տալիս, շներին «կալբաս» ա հյուրարասիրում:

Հետո Մարգո տատը թոռանն էր ձայն տալիս.

-Գագո՜, այ թամբալ, Էդոն խանութն արդեն բացել ա, վեր կաց է՜:

Գագոն տատի խնամակալն էր: Մարգոյի ամուսինը Երկրորդ համաշխարհային պատերազմում մինչև Կուրսկ էր հասել, գերի ընկել, ֆաշիստական կտտանքներին դիմացել, նույնիսկ վերադարձել, բայց սովորական վիրուսին չդիմացավ: Երկու, թե երեք տարի առաջ մահացավ, ու Գագոյին ծնողները նշանակեցին Մարգո տատի խնամակալ: Տատի բնակարանը երեք սենյականոց էր, արևն էլ ամբողջ օրը տան մեջ:

Մարգոն ամեն առավոտ իջնում էր Էդոյի մոտից երեք ձու բերում, Գագոն էլ երեք ձվով ձվածեղ էր ուտում, մի հատ ծխում ու վերելակով իջնում բակ՝ Մարգո տատի օժիտի՝ սպիտակ, ծաղկավոր սուրճի բաժակը՝ աջ ձեռքին, սիգարետը՝ ձախ: Տղերքից ոմանք արդեն տեղում էին, տեղն էլ Էդոյի խանութի դիմացն էր: Բոլորն էլ ձվածեղ էին կերել ու իջել՝  «կոֆե-պապիրոսի»:

Տղերքից քիչ հեռու շներն էին: Լարված գիշերից ու երշիկով նախաճաշից հետո մարդու ամենահավատարիմ ընկերները խոր քուն էին մտել՝ վստահ լինելով, որ ցերեկը մարդը պաշտպանության կարիք չունի, կամ էլ գուցե հոգնե՞լ էին իրենց առաքելությունից, ո՞վ գիտի...

-Ըհը,-իրենք իրենց հետ հատուկ զզվանքով խոսում էին առավոտյան լվացք փռող կամ գիշերվանը հավաքող տնային տնտեսուհիները,-հավաքվել են:

Ընդ որում, չէին հստակեցնում՝ տղե՞րքը, թե՞ շները:

-Ձեզ աղջիկ տվողի հերն եմ անիծել,-մտքի մեջ ասում էր Աբո պապը, որը թաղում միակն էր, որ վստահ էր՝ Մարգոյի մարդը մինչև Կուրսկ չի հասել ու գերի չի ընկել: «Նա Սոչիում սպասեց, մինչև մենք հետ եկանք»,-,միշտ ասում էր:

Կային, իհարկե, թաղում մարդիկ, որ առավոտյան աշխատանքի էին գնում: Բայց հիմնականում թաղը զարթնում էր՝ մինչև ցերեկվա մեկը, որ հաց ուտի, սուրճ խմի, մի քիչ հեռուստացույց նայի ու էլի քնի:

-Սաքո՜, զանգեցի՞ր հորդ,-վերևից գոռում էր մայրն, ու Սաքոն Էդոյի խանութի դիմաց անասֆալտ մնացած հայրենի հողում ոտքով հանգցնում էր օրվա վեցերորդ սիգարետն ու ասում.

-Հեսա զանգեմ, մե՛ր, մի քիչ գործ ունեմ, պրծնեմ՝ զանգեմ:

Թե ինչ գործ ուներ Սաքոն, պարզ չէր, պարզ էր միայն, որ այդ գործը երբեք չէր ավարտվում ու այն, որ հայրն առավոտից՝ գիշեր հացթուխ էր աշխատում ու տանը մի օր ասել էր, որ փռում բանվորի գործ կա: Սաքոյին չէր ասել, ուղղակի բարձր էր ասել:

Կեսօրին, երբ արևը նույնպես հարմար տեղավորվում էր Էդոյի խանութի դիմաց, շները շոգին չդիմանալով, զարթնում էին ու գնում իրենց գործերով, իսկ տղերքը գնում էին «բիսետկա»: Ճանապարհը երկար չէր, պետք էր միայն փողոցն անցնել: Հենց այդ ժամին էին թաղի ջահել աղջիկներն ու նորապսակ կանայք իջնում Էդոյի խանութ՝ հանապազօրյա հացի, մեկ-մեկ էլ՝ ամուսինների ու հայրերի համար սիգարետի:

«Բիսետկան» ծղոտներով էր, ու տղերքը տեսնում էին՝ ով ինչ շորտիկով մտավ խանութ, ում թևին կամ մեջքին ինչ է նկարած, ով է հղիացել: Ու ծխում էին՝ հայրերի արև երդվելով, որ «մեկ ա ուկրաինկաներին ոչ մեկը չի հասնի», ուղղակի «ափսոս ընդեղ հիմա պատերազմ ա, թե չէ կգնայի»:

Պարտադիր լինում էր մեկը, որ ասում էր.

-Արա՛, էդ պատերազմը չպրծա՞վ, ոնց եմ զարմանում ռուսների վրա ես:

Եվ պարտադիր մեկը պատասխանում էր.

-Ռուսը «պռոստո» խաղում ա, ախպե՛ր, իրան ձեռ ա տալիս պատերազմը:

Լինում էին օրեր, հատկապես տատերի թոշակի ու հայրերի աշխատավարձերի ժամանակ, երբ մեկին ուղարկում էին քիչ հեռու՝ շաուրմայի, բայց հիմնականում ուտում էին Էդոյի խանութի երշիկը՝ ձմռանն օղու, ամռանը՝ գարեջրի հետ: «Սեմոչկան» անհաշիվ էր, ամեն դեպքում, երբ Էդոյի խանութի դիմաց տղերքը չրթում էին, ծտերը հավաքվում էին: Իսկական ծտերը:

Երեկոյան մայրերը հերթական անգամ ասում էին՝ «քոռանամ ես», բայց ոչ թե որ հայրերը գործից հոգնած՝ հազիվ տուն էին հասնում, այլ քանի որ համոզվում էին, որ «էս երկրում գործ գտնել հնարավոր չի իրենց սիրուն տղերքի համար»: Շները թաղի տարբեր անկյուններից վերադառնում էին Էդոյի խանութի մոտ, Էդոն էլ պատրաստվում էր փակել խանութը՝ օրվա վերջին օղին առնող անատամ Մերուժին ամեն օր ասելով. «Ես էլ եմ մարդ, ախպե՛ր, ես էլ եմ ուզում տուն գնամ»:

Հատկապես ամռան գիշերները տղերքը հենց բակում բարձր երգեր էին միացնում, բայց դրանցից ոչ մեկը սերենադ չէր. անքնություն էր, պարապություն էր, ձանձրույթ էր, բթացում էր, անվերջ թվացող պտույտ էր, անշարժությունն էր, մի խոսքով՝ խաղաղությունն էր:

Էդոն էլի ամեն առավոտ բացում էր խանութի դուռն, ու շներն էլի երշիկ էին ուտում նախաճաշին: Հացն էլի միշտ տաք էր խանութում ու օղին՝ սառը, արդեն նաև՝ շատ, քանի որ պահանջարկը մեծացել էր:

Տղերքը չկային. պատերազմ էր սկսվել, ոմանք գնացել էին, շատերը՝ «ուկրաինկաների» մոտ:

 

Հովիկ Աֆյան