Շարականները գտել են իրենց ձայնը

Ձայնը, որ հրեշտակի դեմք ունի

Կույր հոգևորականը, Միլանի համերգասրահի առաջին շարքում նստած, լսում էր հոգեթով ձայնը։ Հետո մոտեցավ երգչուհուն՝ փնտրելով նրան՝ «որտե՞ղ է այդ աղջիկը, որտե՞ղ»։ Մոտեցավ, դեմքը շոշափեց, ու եղավ արձագանքը․ «Ես հիմա հասկացա՝ հրեշտակն ինչպիսին է լինում»։

Այդպիսին է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի ձայնը։

Ժպտալով ու համեստաբար է ասում՝ նա լայն ճանաչում ունի` նեղ շրջանակում։ Ունի պահանջկոտ և լուրջ լսարան։ Կատարածն առաքելություն է, ծառայությունը՝ Կոմիտասին է։ Համոզմունք ունի․ պե՛տք է երգվեն հոգևոր, ազգային, ժողովրդական երգերը, պե՛տք է տեր լինել նրանց։ Մենք ոչ միայն պետք է ասենք, որ դա մերն է, այլ պետք է ապացուցենք։

Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը հոգևոր, ազգային, ժողովրդական հնչյունների կրողն ու տարածողն է։ Նրանով հիանում են աշխարհի տարբեր քաղաքներում։ Օտարերկրացի հանդիսատեսը նրա ձայնով ճանաչում է մեր միջնադարյան հոգևոր երաժշտությունը, որ թարգմանության կարիք չունի։

Ու հիմա, երբ մենք ավելի, քան երբևէ օրորոցայինների, որ ծնուդն են խորհրդանշում, հոգևոր, ազգային ինքնաճանաչման, ժողովրդական արվեստի հանրայնացման ու տարածման քաղցի առջև ենք, Հասմիկը, որի ազգանուններն անգամ միտում ունեն պահել արմատները, ապրում է, արարում, սովորեցնում՝ ինչպես հաղթել պատերազմը, ինչպես տեր լինել հայրենիքին։

«Լույսի», «Նաղաշի», մաշտոցյան շարականների, ժողովրդական երգերի հրեշտակային ձայնը մաքրում է մարդու հոգին, նրան հասցնում աստվածաշնչյան մատույցներ։

Դուք եղե՞լ եք Գեղարդավանքում, լսե՞լ եք նրա կատարումները հավատի տաճարում, խաղաղվե՞լ, ինքնամաքրվե՞լ եք՝ այդ ձայնի միջոցով հասնելով այնտեղ, որտեղ կատարելությունն է։

Նրա ձայնը հմայում է փարիզաբնակ հայտնի քանդակագործ-նկարչուհի Նինա Խեմչյանին։ Լսելով Մաշտոցի շարականները Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի մեկնաբանությամբ՝ ծնվում է մի նոր գաղափար․ երաժշտությունը խոսում է քանդակագործության լեզվով։ Գաֆեսճյան կենտրոնում, որտեղ ցուցադրվում է Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը՝ «Հայոց այբուբենը», ներկայացված է Նինա Խեմչյանի «Արձագանք» ցուցադրությունը՝ Մաշտոցի շարականների սեփական մեկնաբանությամբ։ Ցուցադրության ժամանակ կապույտ գնդերը՝ ոսկե տառերով, որոնց վրա շարականներն են, կախված են այնպես, որ կարծես ելևէջներ լինեն։ Դրանք շարված են ժամանակակից նոտագրության ձևով, որը հենց հատված է շարականներից։ Սա միստիկ միջավայր է։ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը վստահ է՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը կամուրջ է երկնքի և երկրի միջև։

Մաշտոցյան շարականների նախագիծը սկսել են Վահան Արծրունու հետ։ Ուզում էին հոգևոր երաժշտության անթոլոգիա անել, թողարկեցին ձայնասկավառակ՝ ներկայացնելով ամեն դարաշրջանից մեկ հոլովակ։ Սկսեցին Մաշտոցից։ Երգչուհու առաջարկով ձայնագրեցին տասնմեկ շարական, որոնք հստակ ապացուցված են, որ Մաշտոցինն են։  «Շատ հաճախ երաժշտությունն է ինձ ընտրում», -ասում է երգչուհին։ Շարականները գտել են իրենց ձայնը։

Հարցնում եմ «Լույսի» մասին, պատասխանում է․ «Օ՜, լույսս», ինչպես մայրն է ասում զավակի մասին՝ ցույց տալու համար, որ այդ երեխան հաստատ իրենն է։

«Լույս» վոկալ հնգյակի կատարումները լրացնում են Գեղարդավանքի խորհրդավոր սիմֆոնիան։ Խումբը կա արդեն քսան տարի։ Տարբեր տարիների փոխվեցին խմբի անդամները։ Գեղարդավանքում երգելիս «Լույսի» հիմնական կազմը համալրվեց։

Սակայն սա երգչուհու ստեղծագործական միջավայրի ընդամենը մեկ հատվածն է։

Քիչ երգչուհիներ կան, որոնց ձայնի համար հատուկ խումբ է ստեղծվում։ Այդպես է ծնվել «Նաղաշը»։ Պատմում է հայտնի կոմպոզիտոր Ջոն Հոդյանը․ «Նաղաշ անսամբլի գաղափարը ծնունդ առավ այն պահից, երբ ես առաջին անգամ Գառնիի տաճարում, որը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու, լսեցի Հասմիկ Բաղդասարյանի ձայնը: Նա երգում էր հայ հոգևոր երաժշտության մարգարիտներից, և նրա ձայնը ապշեցուցիչ էր տաճարի կախարդական հնչողության մեջ: Օրեր շարունակ այդ հնչողությունը հետապնդում էր ինձ, և ես որոշում կայացրի գրել ստեղծագործություն՝ օգտագործելով այդ հնչողությունը նոր ոճով»:

Երևանի, Նյու Յորքի, Բեռլինի գրադարններում երկար ժամանակ փնտրել է հոգեհարազատ, համապատասխան տեքստեր։ Գտավ, իր ճակատագրի մասին պատմող ու իրեն հոգեհարազատ խոսքերը գտավ։ Հայ միջնադարյան տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշի հոգևոր բանաստեղծություններն արթնացրին ազգային հիշողությունը։ Նրանք պանդխտության երգեր են։ Հոդյանի ծնողները վանեցիներ են եղել։ Նա հայկական երաժշտությանը ծանոթ է հոր ձայնապնակներից։ Այսպես հայրենիքի կարոտի երգերը, որ ժամանակավրեպ չեն դառնում, եղան հիմքը ազգային, ժողովրդական, դասական երաժշտության միաձուլման։ Յուրաքանչյուր համերգի սկզբում հնչում են բանաստեղծական հատվածներ այդ երկրի ժողովրդի լեզվով։ «Նաղաշը» համադրում է դասական վոկալն ու ազգային նվագարանները․ ուդ, դուդուկ, դհոլ, դաշնամուր, լարային նվագարաններ։ Հոդյանը Մկրտիչ Նաղաշի աքսորի երգերի բառերի հետևից հասավ նաև Մխիթարյան միաբանություն։

Հասմիկ Բաղդասարյանի ձայնը դարձավ 15-րդ դարի հոգևոր և ազգային երաժշտության խոր շերտերը բացելու բանալին։

Երգչուհին մանկության տարիներին երազել է դառնալ հնագետ։ Մանկական այդ երազանքը հիմա դրսևորվում է ազգային մշակույթի պատմական խորքերը հասնելու, պեղելու, մեկնաբանելու միջոցով։ Վկայությունը նաև այն է, որ իր արվեստով առնչվել է գրաբարյան լեզվին, միջին հայերենին, արևմտահայերենին։

Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի նախաձեռնությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչում են օրորոցայիններ, լսարանում օրորոցայինների իրական տերերն են՝ երեխաները։ Նա կատարում և սովորեցնում է տարբեր տարածաշրջանների օրորներ։ Ինքն էլ երգում է սեփական մեկնաբանությամբ։ Հարցնում է․ «Դուք կարո՞ղ եք որևէ մոր օրորոցային երգելիս ասել, որ նա սխալ է երգում»։ Երգչուհին ունի կատարումների իր մեկնաբանությունը։ Երեխաների հետ աշխատանքի այս գաղափարի հիմքը սա է․ «Երբ երեխային ինչ-որ բան տալիս ես, հազարապատիկը ստանում ես։ Տարբեր քաղաքներում շրջելիս որպես թանգարանի աշխատակից հատկապես հետաքրքրվում էի, թե ինչպես են կապվում երեխաները թանգարանի հետ։ Ինձ դուր չէր գալիս, որ մեր երեխաների համար թանգարանը անհաղորդ, սարսափելի մի վայր կարող է լինել։ Պետք է դաստիարակել  նրանց այնպես, որ դա դառնա սովորական։ Լայպցիգում մի շատ հետաքրքիր երևույթի հանդիպեցի․ հատուկ երեխաների համար դասական համերգներ են կազմակերպում, ու ստեղծվում էր կապ երեխաների ու դասական երաժշտության միջև։ Այդտեղից ծնվեց գաղափարը։ Բայց դա պետք էր հարմարեցնել մեր միջավայրին։ Ստացվեց։ Այնպիսին է արդյունքը, որ երեխաները չեն ուզում գնալ»։ Ասում է՝ այնքան աղմկոտ է անցնում, աշխարհի ամենասպասված ու ամենաքաղցր աղմուկն է։ «Ցավալի է, որ մենք երաժշտական դպրոց գնացող քիչ երեխաներ ունենք։ Կարևոր չէ, թե ինչ մասնագետ կդառնա երեխան։ Ցանկացած հպում արվեստին, երեխայի ներաշխարհում կարող է ցնցում անել»։

Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում երգչուհին կազմակերպում է նաև «Երգենք-պարենք» նախագիծը։ Թանգարանում մեկ հարկի տակ հավաքվում են մարդիկ՝ հայեր, որոնց միավորում է հայկական երգն ու պարը, եթե անգամ չգիտեն, սովորում են։ Ամեն ինչ սկսվեց երգչուհու՝ Իշխանաց պարը սովորելու անհագ ցանկությունից։ «Արեգ» համույթի հետ ծանոթությունը դարձավ մեկնարկը, սովորելու ցանկությունը՝ վարակիչ։ Սկզբում մասնակիցները քիչ էին, իսկ հիմա օրեր են լինում, երբ դահլիճը լեփ-լեցուն է լինում մարդկանցով։

Երգչուհու ընտանիքում մայրը վերածնունդի գաղափարներով էր տարված, հայրը՝ ժողովրդական արվեստի սիրահար։ Երկուսից ժառանգած տարբեր, բայց մաքուր արվեստը միաձուլվեց նրա ձայնի մեջ։

Արմատներով Արցախից է։ Հայրը Դոլուխանյանների ընտանիքից է եղել։ Մի գիշեր իր պապին մի պարսիկ զգուշացնում է, որ պետք է փախչեն գյուղից և փրկվեն։ Պապը ընտանիքով գալիս է Սյունիք։ Երգչուհու հայրը մի քանի տարի անց գնաց իր արմատների հետևից։ Գնաց, գտավ Բնունիս գյուղը, որտեղ հանգրվանել են գաղթական Դոլուխանյանները։

Մոր կողմից գերդաստանում շատ են եղել հոգևորականները։ Հիշում է՝ ինչպես է մոր հայրը՝ պապը, հեքիաթներ պատմել՝ վառարանի շուրջ նստած։ Պապի հեքիաթները, վառարանի ճարճատյունը, հայրենի բնությունը ձևավորել են երգչուհու ամբողջ կյանքի աշխարհայացքը։         

Ահա ժառանգական բացատրությունը երգչուհու ընտրության՝ հոգևոր ու ազգային երաժշտությունների։

Հարցնում եմ՝ ինչպես հաղթահարել ճգնաժամը, ինչպես ավելի հանրային դարձնել լավ երաժշտությունը, տարածել ազգայինը։ Ավելորդ բառերով չի փիլիսոփայում, հավանական և անհավանական բաղադրատոմսեր չի ասում։ Պատասխանում է՝ չգիտեմ ինչ անել, պարզապես պետք է գործել, քո տեղում քո գործը լավ անել։

Հարցնում եմ՝ ինչ ծրագրեր կան ապագայի համար, պատասխանն էլի պարզ է՝ պետք է ապրել՝ անկախ ամեն ինչից։

Մաշտոցը գրել է շարականները, որ հավատը չկորցնենք ու ապրենք, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի ձայնը մեզ ավանդում է մաշտոցյան չասված պատգամը։ Երգչուհին վստահ է՝ Տերն ինչպես ստեղծել է, այնպես էլ պահելու է։

Մեր հավատին տե՛ր լինենք։

 

Վանուհի Բաղրամյան