Սև շենքը

-Բա ինչի՞ ես նեղված:

Երկրում ամենատարածված հարցն էր: Նախագահը հարցնում էր նախարարին, նախարարը՝ բժշկին, բժիշկը՝ քահանային, քահանան՝ հովվին, հովիվը՝ ծնունդով գելխեղդ, բայց տեսակով տուզիկ շանը, որը ոչխարների կողքին 5 տարի ապրելուց հետո փոխել էր կյանքի նպատակն ու ապրելու ձևը:

Բոլորը նեղված էին, նույնիսկ եղանակը, ու չնայած՝ սարերի մեջ փռված մեծ քաղաքում վաղուց արդեն արև չէին տեսել, պատշար Վաղոն որոշեց հենց այդ քաղաքում սկսել իր նոր կյանքն ու ժպիտը դեմքին իջավ ցեխակոլոլ ավտոբուսից:

Վաղոն աշխարհի ամենատարօրինակ մարդն էր: Բոլորն իրեն այդպես էին ասում, բայց ինքը չէր հասկանում պատճառը: Առանձնապես հետաքրքրված էլ չէր՝ պարզելու. «ասում են, թող ասեն, հո չդառա՞», մտածում էր, ու ցեխ սարքում, որ մարդիկ ապրեն մաքուր տներում: Բայց ցավն այն էր, որ Վաղոյին տարօրինակ էր համարում նաև Սուսանը: Սուսանը կինն էր՝ կոլոտ, թմբլիկ, չբեր ու շատ բան ուզող: Օրինակ, երբ Վաղոն կառուցեց մեծահարուստ Անդոյի երեք հարկանի առանձնատունը, Սուսանը մի օր շուկայից կծու բիբար առած եկավ ու թե.

-Էդքան սաղի համար սարքում ես, բայց գոմդ գրկել նստել ես:

Վաղոն իհարկե կարող էր բացատրել, թե կոնկրետ Անդոյի տունն ինչ արժե, որ եթե նույնիսկ Սուսանն էլ աշխատի, իրենք երբեք էդքան փող չեն ունենալու, բայց որոշեց մի ծխախոտ վառել ու քանի որ տանը չէր ծխում, դուրս եկավ:

-Ծխի՛, ծխի մեռի,-հետևից ասաց Սուսանը, բայց Վաղոն բոլորովին չէր մտածում մեռնելու մասին, մանավանդ որ ծխելն այն միակ ժամանակահատվածն էր, երբ ինքը շնչում էր տան այգում իր իսկ ձեռքերով տնկած յասամանների անուշ բույրը:

Սուսանը երկար չդիմացավ: Կնոջ հիվանդ սիրտը Վաղոյի տան միակ փափուկ բանն էր: Վաղոն գիտեր, որ Սուսանն իրականում չար չի, Վաղոն միակն էր, որ սա գիտեր, որովհետև Սուսանն իրեն պաչել էր՝ իրենց ծանոթության 5-րդ օրը՝ երկաթուղու կայարանի պատի տակ, որը քաղաքի ջահելների ծխելու ու համբուրվելու տեղն էր:

Վաղոն որոշեց, որ կնոջից հետո՝ իսկապես ավերակ տունն իրեն պետք չէ: Այգուց հավաքեց բոլոր յասամանները, տարավ կնոջ թմբին դրեց ու որոշեց նոր կյանք սկսել՝ ուրիշ քաղաքում, որտեղ ինքը տուն չի ունենա, որտեղ կապրի՝ այսօր՝ այստեղ, վաղն այնտեղ սկզբունքով, որտեղ էլի պատեր կկառուցի...Թերթի հայտարարությունը ճիշտ ժամանակին էր: Գրել էին, որ պատերազմի ավերիչ հետևանքները մեղմելու նպատակով՝ մեծ քաղաքը սկսում է շենք-շինությունների վերականգնման ու կառուցման աշխատանքներ, ինչի համար քաղաք են հրավիրվում փորձառու և սրտացավ շինարարներ: Վաղոյին դուր եկավ սրտացավ բառը. ինքը կուզեր, որ բոլորն իրեն հենց այդ բառով դիմեին, ոչ թե «տարօրինակ»: Թերթը ծալեց, դրեց անձնագրի կողքին ու նստեց ավտոբուսը:

-Խնդիրը հետևյալն է,-ասաց քաղաքապետը՝ իր սենյակում ընդունելով երկրի բոլոր փորձառու և սրտացավ շինարարներին:

-Մեզ պետք են ոչ միայն շենքեր, այլև գունագեղ շենքեր, որ քաղաքը երփներանգ դառնա, որ մարդիկ ամեն օր փողոցում պայծառ ու վառ գույներ տեսնեն, որ մոռանան...

Շինարարներն իրար նայեցին: Մենակ Վաղոն էր ժպտում, ինչպես նոր կյանք սկսել ցանկացող ամեն մեկը կժպտար:

-Բայց տենց ո՞վ ա անում, եթե գույներ եք ուզում, ծաղիկներ տնկեք, շենքերի գունավորը ո՞րս ա,-բարձր զարմացավ ուստա Պավլիկը, որի թոռն արդեն հինգ տարի է՝ դպրոց է գնում՝ բացառապես սև ու սպիտակ հագնված:

-Ամենագրավիչն այն է, որ այդպես ոչ մեկը չի անում,-ժպտաց քաղաքապետը, հետո մի պահ լրջացավ ու շարունակեց,-Գունավոր քաղաք եմ ուզում, կկառուցե՞ք:

-Փողին մուննաթ,-ուստա Հակոբն էր, որ Եկատերինբուրգում Օլյային էր սիրում, Պյատիգորսկում՝ Տանյային, իրենց գյուղում էլ Պայծառ կովին:

-Փողը կլինի,-հանգստացրեց քաղաքապետը:

-Իսկ կլինի՞ շատը յասամանագույն շենքեր կառուցենք,-Վաղոն էր,-իմ տանջված Սուսանի սիրած գույնն էր...

Շատերի համար մեկ էր: Շատերի համար միշտ էլ մեկ է լինում՝ ինչ են ուտում, ինչ են հագնում, ինչ են խոսում, ինչ են սիրում, կամ՝ ում, երևի դրա համար էլ աշխարհում մարդակերություն կա ու նյութապաշտություն ու թեթև քամուց կարծիք փոխող անդեմ մարդիկ: Կային մարդիկ, որ բողոքեցին, թե բա սա ավանդույթներ ունեցող լուրջ քաղաք է, էս ի՞նչ կապիկություն եք անում, հո արևելյան բազար չի՞: Բայց կային, որ ժպտացին. ոսկերիչ Մանվելն, օրինակ, ժպտաց, հատկապես երբ իմացավ, որ քաղաքի համալսարանի շենքը, որը պաշտպանելու համար իր որդին կորցրել էր թևը, ոսկեգույն է լինելու:

Վաղոն շինհրապարակում էլ քնում էր: Գիշերները մեկ-մեկ Սուսանին էր տեսնում երազում, ու ժպտալով արթնանում էր, որովհետև Սուսանը ոչինչ չէր խոսում, ինչը նշանակում էր, որ Վաղոյի կյանքը լրիվ փոխվել է: Նույնիսկ ծխելը թարգեց, որովհետև նորակառույց դեղին շենքի երկրորդ հարկում ամեն ուրբաթ պատուհանները լվացող Կարինեն բաց կանաչ շոր էր հագնում՝ աչքերի պես: Կարինեի ամուսինը պատերազմից եկավ ու գնաց խոպան, որտեղից արդեն մեկ տարի է՝ չի էլ զանգում: Ու ամեն ուրբաթ, ապակին պրտելով՝ ջահել կինը մտածում է, թե իրականում ո՞րն է ավելի սարսափելի՝ պատերա՞զմը, թե՞ խոպանը: Վաղոն Կարինեի անունն էլ չգիտեր, ոչ էլ մարդու մասին գիտեր, Վաղոն միայն իր սիրտը գիտեր՝ Սուսանից առաջ էլ, Սուսանի հետ էլ, Սուսանից հետո էլ:

Քաղաքում միայն մեկ սև շենք մնաց՝ եկեղեցին: Տեր Հայրը կանխել էր եկեղեցու պատերը գունազարդելու՝ քաղաքական հնարավոր ցանկությունները, չնայած՝ նման ցանկություններ երբեք էլ չէին եղել: Ու ամեն առավոտ պայծառ տներից դուրս էին գալիս մռայլ մարդիկ և գնում իրենց գործին: Քաղաքում էլ չէին հարցնում՝ «բա ինչի՞ ես նեղված», արդեն հարցնում էին՝ «հիշո՞ւմ ես», ու պարզ չէր, թե ինչը, կամ ում. մռայլ շենքե՞րը, որ կային պատերազմից առաջ, թե՞ պայծառ մարդկանց: Թերթերը գրում էին նոր հնարավոր պատերազմի մասին, ավելի ճիշտ այն, որ պատերազմը դեռ չի ավարտվել. թշնամին նոր տարածքներ է ուզում ու այդ տարածքներից մեկն իրենց քաղաքն է: Բայց քաղաքում անհանգստություն չկար, սովորականություն կար, ընդ որում դարերով ամրապնդված, գենետիկորեն փոխանցվող:

Ամեն դեպքում, երբ շինարարներն ավարտեցին իրենց գործը, արագ հեռացան անհանգիստ քաղաքից՝ պատերազմից հեռու:

Վաղոն մնաց. դեռ գործ ուներ: Միայն ուրբաթներն արդեն բավարար չէին, ու Վաղոն կիրակի առավոտյան զգույշ քայլերով բարձրանում էր դեղին շենքի երկրորդ հարկ: Մոտեցավ դռանը, ուզեց ծեծի, բայց չհամարձակվեց: Պինդ, բայց կյանքում առաջին անգամ դողացող ձեռքով գրպանից մի թուղթ հանեց, զգուշորեն դրեց դռան տակ ու արագ հեռացավ: Գրված էր. «Ես շինարար եմ: Ուզում եմ՝ նորից ապրենք: Եթե համաձայն ես, արի եկեղեցի, 2 ժամից»:

Մոտ մեկ ժամից քաղաքում լսվեցին առաջին պայթյունները: Հետո էլի: Հրթիռներ էին, անօդաչու թռչող սարքեր էին... կրակ էր:

Քաղաքում միայն մեկ շենք մնաց՝ սևը:

 

Հովիկ Աֆյան