Սև գառան դեմքը

Ոչխարն արժեր 30 հազար դրամ: Գառը՝ քառասուն: Կենդանագետների մի մասը պնդում է, թե գառը ոչխարից թանկ է, քանի որ նույնիսկ ոչխարը ավելի ծանր է տանում ձագի մահը, քան գառը՝ ծնողի:

Որոշումն ընդունեցին միաձայն: Հավաքվեցին քաղաքի կենտրոնական աղբավայրի մոտ՝ ընդհանուր ժողովի և որոշեցին, որ մեկ շաբաթ քաղաքի տարբեր մասերում փող են հավաքելու, որ կարողանան բոլորով միասին մի գառ առնեն, եթե չստացվի՝ ոչխար: Գործողության անունը դրեցին՝ Մատաղի փող: Աղբանոցներից մեկում մեծ կաթսա էին գտել. Հենց դրա մեջ էլ որոշեցին եփել. ուրիշներից ինչով են պակաս: Մարդ կար՝ ժողովից հետո լեզվին զգաց գառան փափուկ մսի համը, մարդ կար՝ մոռացել էր, կային նաև, որ չէին էլ փորձել: Արագ անցան գործի: Մեկը՝ թառը վերցրեց, մյուսը՝ ակորդեոնը, ամենաբոյովը՝ շվին, մյուսներն էլ իրենց ձեռքերի, աչքերի ու ձայնի հույսին էին. պետք է այնպես նայեին անցորդներին, այնպես խոսեին, որ գոնե հիսուն դրամ տային: Տասը դրամն էլ փող չէր՝ նույնիսկ նրանց համար: Մեկ շաբաթվա ընթացքում արգելվել էր խմելը, օրական մի՝ կիսատ պեռաշկուց ավելին ուտելը, նշանակվել էր հսկիչ, որին շնորհել էին քաղաքի ավագ մուրացկան անունը, որը պետք է ամեն օր շրջեր քաղաքում ու հետևեր, որ բոլորը կանոնները պահեն, փողը հավաքեն: Նույնիսկ մորթելու տեղն էին որոշել՝ քաղաքի եկեղեցու դիմացն աճող հաստաբուն ծառից պիտի կախեին ու մորթեին:

-Մատաղ էլի,-ասել էր մեկը:

-Չէ, կերուխում,-պարզաբանել էր քաղաքի գլխավոր մուրացկանը,-եթե մատաղ անենք, աղքատներին պիտի բաժին տանք, բայց մեզնից աղքատ կա՞: Չնայած՝ էրեխեքին կարելի է ուղարկել շենքերը, դռները ծեծեն ու մատաղի փող հավաքեն: Հիմա ինչ էլ բերեն, քյար ա:

Բոլորը լռել էին: Բոլորը սոված էին:

Մեկին էլ նշանակել էին կաթսայի պատասխանատու: Նախկին ուսուցչուհի էր: Իր աշակերտները եկան իշխանության ու պատերազմն սկսվեց: Իր որդիներից մեկը գնաց պատերազմ ու հետ չեկավ: Մյուսն էլ դարդից կամ վախից իրեն տվեց թմրանյութերին, որոնց պահանջը բավարարելու համար էլ տունը ծախեցին: Որդին մի գիշեր տուն չեկավ, հետո մայրն իմացավ, որ էլ քաղաքում չէ, երկրում չէ, աշխարհում էլ չէ: Հիմա պետք է հետևի կաթսային, որ ոչ մեկը չգողանա, ու որ մաքրվի: Ամեն օր լվում էր. մի քանի օր էր մնացել, մինչև հավաքվեին ու գառն առնեին, կամ ոչխարը: Սկսեց օրը մի քանի անգամ լվալ. այդքան կեղտոտ չէր, այդքան սոված էր:

Գառն էլ էին ընտրել: Քաղաքից դուրս եկող ճանապարհին մեկը ծախում էր, ընտրել էին ամենասևին, եթե չստացվեր գառը, ուրեմն դրա մորը կառնեին՝ մուգ շագանակագույն բուրդ ուներ: Քաղաքի ավագ մուրացկանը, որը ժամանակին, մինչև մի ձեռքից զրկվելը, գերեզմանափոր էր, վստահեցրեց, որ մուգ շագանակագույն բրդով ոչխարը համարյա սև գառան պես համով է, դմակը նույնիսկ ավելի համով է: Ոչ մեկը չվիճեց:

Ամենալավը երաժիշտների գործն էր. ամեն օր մի քանի հազար դրամ էին աշխատում: Մյուսները, ովքեր ոչ թե աշխատում էին, այլ հավաքում, օրական մի քանի հարյուրով էին բավարարվում: Ընդհանուր եկամուտը մեկ օրում միջինը կազմում էր 5-6 հազար դրամ: Մասսայական վայրերում փող հաշվելն արգելված էր, քանի որ այդ վայրերում պետք էր փող չունեցողի տպավորություն թողնել: Հաշվում էին ուշ երեկոյան, մութ այգիներում՝ թաքուն, ինչպես նույն այդ վայրերում համբուրվում ու սեր էին խոստովանում իրար ջահել զույգերը:

Մեկ շաբաթում միայն քաղաքի մոտակա գյուղերում 54 գառ ծնվեց, 48 ոչխար սատկեց: Բուն քաղաքում 18 ընտանիք տուն առավ, 24 մարդ անտուն դարձավ, որոնցից 8-ը՝ անչափահաս: Քաղաքի բոլոր խանութներում միասին վաճառվեց 15480 շիշ օղի, իսկ ծաղկավաճառները մեկ շաբաթում վաճառեցին 64 փունջ: Քաղաքում մի հազար մարդ մեկ շաբաթում մի երկու հազար մարդուց պարտքով փող ուզեց: Մի 700-ը տվեց, մի հինգ հարյուրը վերցրեց ու երկրից փախավ: Բանկերի շաբաթական հաշվետվության մեջ գրվեց, որ քաղաքացիներին տրամադրվել է 20 հազար 846 վարկ, որոնցից մոտավորապես 15 հազարը՝ զուտ սպառողական: Քաղաքի բնակիչների՝ արտասահմանում ապրող հարազատներն իրենց բարեկամներին ուղարկեցին ընդհանուր 100 հազար դոլար, 87 կիլոգրամ հագուստ, 5 տոննա դեղորայք և մոտ 7 գրամ իսկական ֆրանսիական օծանելիք: Միայն օծանելիքն էր, որ քաղաքացիները չէին ուզել իրենց հարազատներից:

Առաջինը չդիմացան երաժիշտներն ու երեխաները: Երաժիշտները, հսկիչից թաքուն, օրվա եկամուտով օղի գնեցին՝ իրենք իրենց համոզելով, որ ոչ մեկը չի իմանա, ու վստահ լինելով, որ առանց խմիչքի երաժշտություն չի լինում, իսկ երեխաները մատաղի փողով քաղցրավենիք առան: Չնայած՝ կար մի աղջնակ, որն իրեն տիկնիկ առավ, քանի որ կարճ կաշվե պլպլան շրջազգեստով մայրը՝ վերջնականապես փողոց հեռանալուց առաջ տարել էր դստեր տիկնիկը հետը:  

Հետո մյուսներն սկսեցին պարտվել երազանքին, ինչն այս մարդկանց համար սև գառան դեմքն ուներ: Վարուժն, օրինակ, որ իրենց հեռու գյուղի միակ եկեղեցու գմբեթն էր դրել, բայց պատերազմից ու գաղթից հյուծվել-գժվել էր, որոշեց պարզել, թե աջ ձեռքն է ավելի եկամտաբե՞ր, թե՞ ձախը: Պարզվեց ձախը, երևի որովհետև այն նաև դողում էր: Հենց դողացող ձեռքով էլ մտավ խանութ ու օրվա փողով մի շիշ գինի առավ: Ինքն իրեն ասաց. որ գառան հետ խմեմ: Բայց ինչը կհաղթի կյանքում հերոսին…Մինչև լույս քնեց՝ քաղաքի կամուրջներից մեկի տակ: Երազում գառներ տեսավ, խաղաղ արածում էին: Հենց դրանցից մեկի հպումից էլ լուսադեմին զարթնեց: Մոտիկ գյուղերից մեկի հովիվը քաղաքում մի սիրուն աղջիկ էր տեսել: Միակ՝ քիչ թե շատ սպիտակ վերնաշապիկը հագել էր, գառները դիմացն արել, բերել քաղաքի կամրջի տակ, ինքը գնացել էր համալսարան՝ աղջկան մի անգամ էլ տեսնելու: Չէր մոռացել ծաղկեփնջի մասին: Նույնիսկ մինչև համալսարան ճանապարհին հաշվել էր, թե որքան փող կաշխատի ինքը, եթե գառները թողնի ու իրենց գյուղի դաշտերում աճող ծաղիկը հավաքի, բերի քաղաքում վաճառի:

Շաբաթն արագ անցավ՝ գրեթե կյանքի պես: Նշանակված օրը քաղաքի գլխավոր աղբավայր եկավ ավագ մուրացկանը: Միակ ձեռքով տոպրակ էր բռնել՝ ծանր: Նախկին ուսուցչուհին հեռվից նկատեց ու դադարեցրեց կաթսան պրտելը: Տոպրակում կարտոֆիլ էր.

-Էս էլ կարտոշկեն,-ասաց քաղաքի ամենահայտնի կռնատն ու տոպրակը խնամքով դրեց գետնին՝ պատռված շորով տիկնիկի կողքին:

-Ես էլ եմ կարտոշկով սիրում,-ասաց կինը:

-Բա էս ո՞ւր են,-շուրջբոլորը նայեց ավագ մուրացկանը,-արդեն պիտի ստեղ լինեին:

Հետո մթնեց: Քաղաքի խավար անկյուններում սիրահարներն սկսեցին համբուրվել, մուրացկանները՝ փողը հաշվել:

-Գիտե՞ս, մտածում եմ, որ բոլոր մարդիկ մուրացկան են, ուղղակի կան մեզ պես ազնիվները,-ասաց տղամարդը:

-Շուտվանից էսքան չէի տաքացել,-ասաց կինը՝ ձեռքերը մոտեցնելով կրակին:

Կարտոֆիլով լի կաթսան կրակի վրա էր:

-Ես կմաքրեմ քո համար,-ասաց կինը:

-Աշխա՞րհը:

-Ի՞նչ ես էշ-էշ խոսում. կարտոշկեն…աշխարհը մաքրել կլինի՞,-ասաց կինը:

Հետո լսվում էր միայն կրակի ձայնը: Կարտոֆիլը պինդ էր՝ աշխարհի պես:

 

Հովիկ Աֆյան