Սասունից մինչև Արցախ․ երբ նահանջի տեղ էլ չկա

Կիսատ թողած կռիվ ուներ Սասունն Արցախում

Չեմ հաշվել, թե քանի անգամ եմ այցելել Վան։ Սակայն ամենից ամուր հիշողությանս մեջ դաջվել է վերջին այցը։ Մեզ հետ երկու արցախցի կանայք կային՝ Մարտունիից։ Հիշում եմ, երբ վերադարձին բոլորը պատմում էին իրենց տպավորությունները, նրանցից մեկը խոսելու փոխարեն ուղղակի բարձրաձայն լաց եղավ։ Էլ ոչինչ չհարցրեցինք։

Հիշում եմ նաև խմբի անդամներից բոլորի սիրելի լոռեցի Էդգարին։ Ամիսներ անց հանդիպեցինք Ստեփանավանում ու, հիշելով Վանի մեր արկածները, Էդգարը խոսակցության արանքում ասաց մի բան, որն այն ժամանակ շատ պաթետիկ թվաց․ «Բան ասե՞մ։ Ես մի բան հասկացա։ Վանա լիճը տեսած մարդը չի կարող վաղն անհրաժեշտության դեպքում չգնալ Արցախ՝ կռվելու»։ Սեպտեմբերի 27-ին էլի տեսա Էդգարին։ Առաջին կամավորականների շարքերում էր։

Թե ինչ կլինի, երբ աշխարհում այլևս հայեր չլինեն

Վանի կղզիները, բացի դրախտային լինելուց, նախևառաջ Վանի անառիկության խորհրդանիշն են։ Դրանք միակն են, որ հայերի՝ Վանում ապրելու մի քանի հազար տարիների ընթացքում երբևէ չեն վերահսկվել օտարների կողմից, չեն ունեցել խառը բնակչություն, իսկ այսօր, մեր հեռանալուց հետո, պարզապես դատարկ են՝ անմարդաբնակ ու մեծմասամբ պատված մեռելային լռությամբ։

Բացառություն է, թերևս, Աղթամարը, որն այսօր ոչ միայն հայ, այլև թուրք, քուրդ և իրանցի զբոսաշրջիկների աղմուկի մեջ վայելելը խիստ բարդ է։ Միակ մխիթարանքս կղզու ամենաբարձր կետի՝ Բարձր քարի գագաթը նվաճելն ու վերևից Վանա լճի ալիքների գրկում անմահացած Արտոս լեռան ու Աղթամարի դուետի չնաշխարհիկությամբ սիրտդ զովացնելն է։

20-րդ դարի Թուրքիայի ամենանշանավոր հեղինակներից Յաշար Քեմալն անթիվ անհամար անգամներ է պատմել, թե ինչպես, անկախ իր կամքից, հաջողեց փրկել Աղթամարի Սուրբ Խաչը։

«Թեև հայերն են կառուցել, բայց, այնուամենայնիվ, դա հրաշալի կառույց է, մշակութային արժեք է։ Ով ուզում է կառուցած լինի»․․․ Այն ժամանակ դեռ նորաթուխ գրողին Սուրբ Խաչի քանդվելը կանխելու նպատակով ինչ-որ բան ձեռնարկելու  խնդրանքով դիմել է թուրք զինվորականը։ Սա, թերևս, աշխարհում բարի կամքի միակ դրսևորումն է, որն ինձ ուրախացնելու փոխարեն խեղճացրել  է:


Վանի կղզիներից, թերևս, ամենատպավորիչը Կտուցն է իր Սուրբ Կարապետ-Հովհաննես վանքով ու աննկարագրելի տեսարանների անխիղճ առատությամբ։ Այլևս էական չէ, թե էլ ինչ բախտ կվիճակվի տեսնել աշխարհում, որքան առիթ կունենամ ճամփորդելու, ինչեր կճանաչեմ ու կսովորեմ։ Եթե ամբողջ մոլորակը պտտված մեկը կանգնի դիմացս ու փորձի գլուխ գովել՝ ես կարող եմ միայն ժպտալ ու ասել․ իսկ այ ես գիտեմ, թե որտեղ է դրախտը։ Ես տեսել եմ Վանի Կտուց կղզին․․․

Մի կարևոր բան էլ կա Կտուցում, որտեղ դու հասկանում ու տեսնում ես մի բան․ ինչ կլինի աշխարհի հետ, եթե մենք՝ հայերս, չլինենք, ուղղակի գոյություն չունենանք։ Հենց այդպես, ուղղակի մի պահ ու վերջ, ամեն ինչ ավարտվում է։ Լքված սրբավայրեր, գազազած ճայեր, մեռյալ լռություն ու նախկինի պես գեղեցիկ, իր հմայքից ոչինչ չկորցրած Սիփանն ու Վանա լիճը։ Նրանք առանց մեզ նույնն են, նույնքան սքանչելի ու աներևակայելի փառավոր, բայց շուրջբոլորն ամեն ինչ՝ լեռները, Վանի չնաշխարհիկ ալիքները, ճայերի ոռնոցը, խոնարհված Սուրբ Կարապետը մի բան են փորձում արտաբերել․ «Այսպես չպետք է լիներ»։

Գնալ դեպի քո բարձունքը՝ չվախենալով չհասկացված լինելուց

Վանից մինչև Սասուն մոտ 5 ժամ է, ու այս ճանապարհը ես միշտ անցնում եմ մտածելով միայն մի մարդու մասին: Հայրիկս։ Ոչ միայն այն պատճառով, որ չհասցրի նրան ցույց տալ Սասունը, ինչպես ցույց եմ տալիս հարյուրավոր մարդկանց։ Ավելի շատ անընդհատ մտածում եմ  նրա՝ չափից դուրս իրավացի լինելու մասին։ Հայաստան գալու իր գաղափարի մեջ նրա միայնությունը սարսափելի էր։ Չկար գեթ մեկը, որ նրա այդ որոշմանն աջակցեր, բայց դե նա սասունցի էր, թեև երբեք չէր եղել Սասունում, պիտի աներ ոչ թե այն, ինչը հաճելի է, այլ՝ ինչը ճիշտ է համարում, թեկուզ և դա սարսափելի դժվար լիներ։ Սա է Սասունի փիլիսոփայությունը․․․Անասելի դժվարությունների վայր, որտեղից սկսվում է ճշմարտությունը։

Ահա թե ինչու Սասունն ուղղակի սովորական գեղեցիկ մի գավառ չէ, որը կարելի է սիրել քոնը լինելու կամ գեղեցիկ տեսարանների համար։ Ոչ, Սասունը շատ ավելի լուրջ բան է։ Նա սիրվելու ու հասկացվելու կարիք չունի։ Դու ուղղակի կամ հասկանում ես Սասունը, կամ՝ ոչ, և դա քո խնդիրն է։

Բարձր ու խրոխտ լեռների՝ գլխապտույտ առաջացնող անթիվ շերտերի խստությունն ու կատարելությունը, աշխարհի այս ծայրին կյանքի անհնարինության ու մարդկային կամքի անսահմանության մասին խառը մտքերը միայն սկզբում են շփոթեցնում։

Սասունի ամենաբարձր գագաթի՝ Մարաթուկի բարձունքն իմ «նիրվանայի» ու միաժամանակ ամենախոր ափոսանքի վայրն է այս երկրագնդի վրա։ Վերջապես իմ տեղում եմ, վերջապես «տեղացի» եմ, տիեզերքի լիիրավ, չվնասված մասնիկը ու ոչ ոքի, ոչինչ չպետք է բացատրեմ։ Վերջապես Սասուն-Հայաստան-Կիև-Հայաստան-Սասուն մեկդարյա ճամփորդությունից հետո, ինչպես կասեր Հրանտ Դինքը, «ջուրը գտել է իր ճեղքը» և այլևս ինքն է որոշում՝ ուր գնալ, ինչ անել։ Բայց այդ նույն պահին անասելի ափոսում եմ, որ չեմ կարող զանգել հայրիկին և ասել՝ «Դու ճիշտ էիր, իսկ բոլորը՝ սխալ»։

Ինչ լավ է, որ համարձակվեցիր դա անել ու երբեք չվախեցար չհասկացված լինելուց, պապ։ 

Գելիեգուզանի կիսատ կռիվն ու նոր «Սասունը» Մարտակերտի նռենիների տակ

Սասունն իրականում սովորեցրեց շատ ավելին, քան կարող էին անել դասական «էրգրային» ուխտագնացությունները։ Երևի նրանից էր, որ ես այնտեղ ոչ թե մեր մեռյալներին, այլ կյանքը փնտրելու էի գնացել։ Գելիեգուզանի անտառներում ինձ հետ հայերեն խոսող հովիվներն ու Մարաթուկի փեշերին Օթնակ յայլայում «Հոյ Նուբար, Նուբար» երգող կանայք, իհարկե, փոխեցին կյանքս, «ծռեցին» միտքս ու զգացումներս շատ բաների վերաբերյալ։

Ամեն տարի Մարաթուկի վանքի ավերակների մեջ մոմ վառելու համար ոտաբոբիկ լեռան բարձունք հասնող Նաֆո մորաքույրը, դառնացած «Փափազ (քահանա) չիկյա, բան չիկյա, ըմ ճժեր մացին անհելալիլ (անկնունք)» ասող Դրդո հարսիկը, հայաստանյան անձնագրիս առաջին էջին Սասունցի Դավթի պատկերն ուշադրությամբ զննելիս աչքերը փայլող դեռահաս հովիվ Շահենը, և ամեն անգամ Հայաստանից հյուր ընդունելիս «Ղարաբաղից ի՞նչ կա, ո՞նց պիտի լինի» հարցնող, արդեն լուսահոգի Ջեմիլ պապիկն ինձ՝ Գելիեգուզանի կռվի առաջնորդներից Հաջի Հակոբի ծոռան համար, միայն մի բան են նշանակում․ Գելիեգուզանում կիսատ թողած կռիվը։

Զարմանալի է, բայց ես Սասունից հետո եմ առաջին անգամ գնացել Արցախ։ Մինչև Սասունն առանձնապես շատ չեմ էլ մտածել Արցախի մասին։

«Անունդ ի՞նչ է»։
«Սասուն»․․․

Մի օր, երբ Մարտակերտի փողոցներում նռան ծառերի տակ խաղացող փոքրիկներից մեկի հետ զրույցի բռնվեցի, ամեն ինչ իր տեղն ընկավ։ «Կիսատությունն» այդ օրը վերացավ։

Կմտածեք՝ Արցախում «Սասունն» ի՞նչ գործ ուներ։ Այն էլ ինչ գործ։ Կիսատ թողած կռիվ ուներ Սասունն Արցախում։
«Սասունի հետ կապ չունենք, ուղղակի ազատության, ինքնապաշտպանության խորհրդանիշ որպես․․․ Էդպես կոչեցինք տղային։ Բայց շատ է եղել, որ սասունցի ազատամարտիկների պատվին են դրել երեխաների անունները, Արցախում Սասուններ շատ կան»,- ժպտալով բացատրեց փոքրիկի տատիկը։

Ու աշնանային մի օր, Մարտակերտում նռան ծառի տակ փոքրիկ Սասունի գլուխը շոյելիս հասկանում ես․ նոր Սասունն էստեղ է։ Էստեղ էլ ափսոսանքի տեղ չկա։ Մեկդարյա թափառումից հետո հետ գնալու, նահանջի տեղ չկա, սա վերջին կանգառն է։ Եվ կիսատ թողնելու կռիվ չկա։

Որ «սուրբ հովհաննես-կարապետներն» էլ երբեք չլքվեն։ Որ «մարաթուկներն» էլ երազանք չդառնան։ Որ «աղթամարների» գանձերն ինչ-որ թուրք զինվորականի բարեխղճության կամ օրվա տրամադրության հույսին չմնան։

Այլևս երբեք կիսատ չմնալու համար։ Հաղթելու ենք։

 

Հեղինակ՝ Սոֆյա Հակոբյան