Սասունի լեռներում շնչող էպոսը․ «Սասնա ծռերը» իսլամացած հայերի շրջանում

Սասնա տան հավերժական տերերը

Սասուն ոտք դնող ամեն ոք որոշ ժամանակ անց մի յուրահատուկ զգացողություն է ունենում, թե ինքը էպոսի մեջ, էպոսի ներսում է հենց։ Էպոսն այստեղ ամեն քարի ու թփի, նեղլիկ ճանապարհներից բարձրացող փոշու, լեռներից եկող քամու  մեջ է ու ամենակարևորը՝ ասես մարդկանց դեմքերին է։ Այդ անհասկանալի զգացման պատճառը ավելի ուշ պիտի հասկանայի։
Իմ կյանքում մասնագիտական նախանձի, թերևս, միակ դրսևորումն իրապես ապրել եմ, երբ Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի սասունցի սյունակագիրներից մեկից լսեցի, որ երբ իրենք փոքր էին և դեռ Սասունի իրենց գյուղում էին ապրում՝ ձմռան ցուրտ երեկոները թոնրի շուրջ հավաքված երեխաները բոլորին հայտնի հեքիաթների փոխարեն լսում էին «Սասնա ծռերի» քաջագործությունների մասին մեկը մյուսից բացառիկ ավանդազրույցներ։
Սկզբում անիրական, անհավատալի է թվում ցեղասպանությունից 105 տարի անց Սասունի լեռներում Սասունցի Դավթի ու Խանդութի, Քուռկիկ Ջալալու և Ձենով Օհանի մասին հիշողության պատառիկներ գտնելը, բայց հետո հասկանում ես՝ չկա ավելի բնական բան, քան այն, որ էպոսն իր ընթացքը շարունակում, հսկա ձնագնդի պես գլորվում է այս խրոխտ լեռներում, խմորվում, հարստանում ու պատմվում՝ հիշեցնելով անցյալի քաջագործությունների ու բացթողումների, այսօրվա իմաստության ու վաղվա երազների մասին։ Որովհետև այստեղ են դեռ նրանք՝ էպոսն ամբողջ էությամբ կրողները։

Վերջին մոհիկանները

Սասունի լեռներում 20-30 տարի առաջ «Սասնա ծռեր» դյուցազնավեպը պատմողներից ողջ են այլևս մեկ ձեռքի մատների վրա հաշված ծերունիներ, որոնց շարքերն օր-օրի նոսրանում են։ 2015-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց զրուցել վերջին բանասացների հետ, որոնք Սասունից բացի բնակվում են նաև Մուշում, Դիարբեքիրում, Ստամբուլում, Նիդերլանդներում և այլուր։ Նրանցից ոմանք մահացան մեր զրույցից կարճ ժամանակ անց, շատերի տուն էլ հասանք մի քանի օր ուշացումով։
Սասունի իսլամացած հայերի շրջանում էպոսի հիշողությունը որքան բացառիկ ու զարմացնող, նույնքան կարևոր ու խրթին է՝ ուսումնասիրելու համար թե՛ հայկական աղբյուրներում ինչ-ինչ պատճառներով ավելի վաղ տեղ չգտած որոշ պատումները, թե՛ այս ամենի մեջ գտնելու 1915-ից հետո Սասունում ապրող հայերի կյանքի ու դիմադրության կարևորագույն դրվագներ։

Սասնա տան հավերժական տերերը

Սասունում ապրող հայերը մինչև օրս լուռ, բայց հպարտությամբ ու ապշեցուցիչ վստահությամբ կրում են Սասնա ծռերի տոհմի մասին հիշողությունն ու անվերապահ հավատում, որ հենց իրենք են Սասունցի Դավթի ու նրա որդի «Մեհերի» ամենաիրական ժառանգները։ Ասել է թե՝ Սասնա տան տերերը։
Այդ համոզմունքն այնքան խորն ու անսասան է, որ գրեթե ամեն ինչ կորցրած սասունցի հայերին թույլ է տալիս վաղուց այստեղ գերիշխանություն հաստատած մուսուլմանների մոտ ապշեցուցիչ հանգստությամբ ասել․ «Իդա հուղ մերունն ա, հըբը»։

Սասունցի Դավթի ու նրա իշխանության մասին հիշողությունը միակ բանն է, որն այս հարցում կասկածի տեղիք չի տալիս նաև Սասունի գյուղերում բնակվող այլ ազգություններին։ Սասունի մեծամասնությունը կազմող արաբների ու քրդերի շրջանում հետաքրքիր է արձանագրել ոչ միայն որոշ ուխտատեղիների, գերեզմանոցների ու մի շարք գյուղերի՝ Դավթի ժամանակներին վերագրելը, այլև նրանց շրջանում Սասունցի Դավթի մասին որոշ պատմություններ, որոնք չենք հանդիպում որևէ հայկական աղբյուրում։
Այս առումով չափազանց հետաքրքրական է Սասունում բնակվող արաբ սեյիդների (մուսուլմանական աշխարհում այդպես են կոչում Մուհամմեդ մարգարեի դստեր անմիջական ժառանգների խմբերին) շրջանում տարածված ավանդազրույցը, ըստ որի՝ լինելով Սասուն եկած առաջին մուսուլմանները, իրենք այստեղ բնակություն են հաստատել հենց Դավիթ թագավորի թույլտվությամբ։ Սասունի հարավում՝ Շեխան գյուղի մզկիթը փաստացի միակ վայրն է, որտեղ գրավոր կերպով հաստատված է հայերի՝ այս տարածքների բնիկները լինելու հետ մեկտեղ նախկինում իշխանության տեր լինելը։ Մզկիթը կառուցված է սեյիդների գերեզմանատեղիի տարածքում և ամբողջ Սասունի մուսուլմանների կարևոր ուխտատեղին Է։ Ներսում գործող փոքրիկ թանգարանային բաժնում էլ տեսնում ենք Դավիթի անունը և նրա ու արաբ սեյիդների միջև համաձայնության մասին վկայությունները։
«Մեր պապերը եկել էին Բասրայից, նրանք հայրենիքում երկար պատերազմել ու գրեթե ամեն ինչ կորցրած, հուսահատ ճանապարհ են ընկել և, ի վերջո, հասել Սասուն։ Այստեղ Դավիթը նրանց հող է տրամադրում, սակայն հենց այնպես չի լինում դա։ Սեյիդներն ասում են, որ խաղաղությամբ են եկել, բացի այդ, սեյիդ լինելը, անշուշտ, իր դերն ունի»,- պատմում է գյուղի իմամը, որը մեզ հյուրընկալելով, ոգևորված փորձում է ինքն էլ տեղեկություններ քաղել էպոսի ու Սասունի պատմական անցյալի մասին։ Նկատելով տեսախցիկը՝ մոտ մեկ ժամ համառորեն կրկնում է, թե Դավիթը գուցե բյուզանդացի էր, բայց, ի վերջո, թեյախմությունից ու ջերմ զրույցից հետո, ինչպես ամեն ոք այստեղ, կամաց-կամաց բացում է հիշողության փոշոտ «դարակները». «Դավիթը հայ թագավոր էր, այստեղի տերն ու տիրակալը։ Այս հողերը նրանցն էին՝ հայերինը։ Մերոնք երբ գալիս են՝ Դավիթն ասում է, որ եթե իսկապես սեյիդներ են ու մարգարեի արյունակիցները՝ թող հրաշք գործեն, ապացուցեն։ Այդ ժամանակ մեր նախնիներից ավագը՝ Ֆաթմայի որդի Հուսեյնի ժառանգներից մեկը ջուր է բխեցնում քարերի միջից։ Դավիթը խոր հարգանքով է լցվում նրանց նկատմամբ ու որպես պարգև մեր նախնիներին բաշխում իր ամառանոցային տարածքները։ Այս գյուղն այն վայրն էր, որտեղ Դավիթ թագավորը սիրել է անցկացնել իր ամառային օրերը»։
Հատկանշական է, որ այս պատմությունը շեխանցի սեյիդները շատ վառ են պահում, պատմում սերնդեսերունդ և մեծ կարևորություն տալիս, այնքան մեծ, որ հայ թագավոր Դավթից հող ստացած լինելու մասին հիշողությունը թույլ չի տվել այս գյուղի մուսուլմաններին մասնակցել հայկական ջարդերին, որոնց ընթացքում  նրանք հաջողել են մնալ ցեղասպանությանը չմասնակցած եզակի խմբերից մեկը։

Դավիթն ու Վեքիրը

«Իդա բերդ հայեր շինեցին։ Ըմ բաբ կպատմեր։ Հուղ հայերունն էր։ Սասունի փրենսեր Էրգու ախպեր կեղին, Դավիթ լը Վեքիր։ Գինա՞ս, կսեն Դավիթ գնաց, Վեքիր էգավ։ Էրգու ախպեր, մեկ Դավիթ, մեկ Վեքիր։ Հառաջ Դավիթ կեղի Սասունի փրենս։ Դավիթ մեռավ, ուր ախպեր էգավ՝ նստավ։ Վեքիր լը օր մեռավ՝ էգավ Դավիթի տղա Մեհեր։ Դավիթ արաբներու հետ կռիվ ըրավ, զարգեց ուրանց թագավոր, էղավ մեձ կռիվ։ Սասուն տաճիկ հայերուն հարկ կուտար, գիտցա՞ր, ըսմալ չէր։ Հիմա խլսանք խլսանք, ինչ մնաց՝ մնաց»․․․

Սասունի ամենածեր հայուհին՝ 97-ամյա Հրանուշ տատը Սասնա տան տերերի քաջագործությունների մասին իր հիշողության վերջին բեկորները հասցրեց ի մի բերել մահից 2 ամիս առաջ, երբ իր հետ հանդիպման համար Սասունի լեռնային գյուղեր էինք հասել 2015-ին։ Հրանուշ տատը միակը չէ Սասունում, որ Դավթից զատ պատմում է նաև նրա եղբոր՝ ոմն Վեքիրի մասին։ Նրանց է վերագրվում նաև Սասնա բերդի կառուցումը՝ չշոշափելով Սանասարի և Բաղդասարի անունը։ Սկսելով պատմությունը էպոսի միանգամից երրորդ ճյուղից՝ Սասունի իսլամացած հայերի մեծ մասը անցյալի հանդեպ իրենց կարոտախտով հենց Դավթին ու Վեքիրին են վերագրում ամեն քաջագործություն՝ խոսելով այն երանելի ժամանակների մասին, երբ մուսուլմանը հարկ էր տալիս հային։ «Դավիթ գնաց, Վեքիրը եկավ»,- հաճախ ասում են Սասունի քրդերը, որոնք նույնպես տեղյակ են հայկական էպոսի այս տարբերվող պատումին։
 

Թեև Սասունում մեզ հանդիպած որոշ բանասացներ փոխում են նրանց տեղերն ու որպես ավագ եղբայր ներկայացնում Վեքիրին, չնչին փոփոխություններով հանդերձ այս պատումները գրեթե չեն տարբերվում։ Նրանց մեծ մասում նաև բացակայում է Մեծ Մհերի կերպարը կամ նրա հետ կապված մանրամասները։ Մեզ հանդիպած բոլոր բանասացներն էպոսը ներկայացնում էին միայն որպես Սասուն գավառի հիմնադրման պատմություն, որը չունի հստակ ավարտ և չի եզրափակվում Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելով։ Սասունի լեռներում ավելի քան վստահ են՝ Սասնա ծռերն ապրում են։

«Իդոր կսեն Խանդութ հաթուն»․․․

Սասունում տարածված մի քանի պատումների ընդհանրություններից է նաև Սասնա տան երրորդ ճյուղի՝ Դավթի ու նրա կնոջ՝ Խանդութ խաթունի պատմության հետաքրքիր մի տարբերակ, ըստ որի Խանդութը Սասնա բերդից վայր է նետվել Դավթի եղբոր հետ ամուսնությունից խուսափելու համար. «Իդա բերդի վարը կերթա Կուսգետ, կելնի ետև Ծովասար, չուր Հազզո։ Ըդ ջուր ուրան թալեց Խանդութ հաթուն։ Խանդութ կնստե կուլա, կսե ըմ մարդ մեռավ, քոռնամ յիս։ Դավիթի մեր կուգա, կսե՝ ինչի կուլաս քա վայ հաթուն։ Դավիթ չկա՝ Վեքիր կառնիս։ Յանի Դավիթի ախպեր։ Գիտցա՞ր։ Ըդմալ էղած է, վալլա։ Իդա հարս կելնի ուրան ջուր կթալի, կլմննա։ Իդոր կսեն Խանդութ հաթուն, Դավիթի կնիկ»։
Այսպես էր նկարագրում Խանդութի ողբերգությունը Սասունի Կոմեկ գյուղում ապրող 70-ամյա Սաբրիյե մորաքույրը, որը Սասունի քրիստոնյա 4 հայ ընտանիքներից մեկի մայրն է։ Ինչպես Սաբրիյե մորաքույրը, այնպես էլ նրա  նման հարյուրավոր հայ կանայք, որոնք ցեղասպանությունից հետո ապրել են Սասունի լեռներում, մուսուլմաններից չառևանգվելու համար որևէ ծանոթ կամ նույնիսկ ազգական հայ ընտանիքի հարս են դարձել 12-13 տարեկանում, իսկ ամուսնու վաղաժամ մահվան դեպքում իրենց կամքից անկախ արագ կնության են տրվել ամուսնու եղբորը, հորեղբորը կամ մեկ այլ ազգականի՝ դարձյալ  առևանգման վտանգից խուսափելու համար։
Փաստը, որ ժամանակակից Սասունում տարածված ու էպոսի պատումներից էապես տարբերվող այս պատմությունը նույնությամբ արտացոլում է ցեղասպանությունից հետո իսլամացած ու ծպտյալ քրիստոնյա սասունցի հայ կանանց ոդիսականը, առիթ է տալիս մտածելու, որ էպոսի նման մեկնաբանությունն արտացոլումն է Սասունի հենց հետցեղասպանական պատմության, երբ բազմաթիվ հայ ընտանիքներ ստիպված են եղել պահպանել գոյությունը չափից դուրս նեղ շրջանակներում ներհամայնական ամուսնությունների խիստ սկզբունքով, իսկ կանայք կրել են հետցեղասպանական շրջանի փորձությունների կրկնակի բեռը։

Դավիթը ոչ թե պաշտպանվող, այլ հարձակվող

Սասունի հայերի պատումներից մեկում չափազանց ուշագրավ ևս մի փաստ կա․ Սասունցի Դավիթը, որի կերպարում սասունցիներն ամփոփել են իրենց բոլոր երազանքներն ու ձգտումները, ոչ թե զավթիչներից պաշտպանվողի, այլ նախահարձակ եղողի դերում է. «Դավիթը բոլոր գյուղերի, այստեղի բոլոր ժողովուրդների տիրակալն էր։ Օրերից մի օր նա որոշում է պատերազմել Մսրա Մելիքի հետ և մարտահրավեր է նետում, շատ խիստ վիրավորանք է հասցնում, թրիքով լի աման է ուղարկում։ Ասում է՝ արի, ինձ հետ մենամարտիր։ Մելիքը գալիս է, բայց պարտվում է»,- Թուրքիայում «Սասնա ծռեր» էպոսի լավագույն պատմողներից Հակոբ պապն այսպես է ներկայացնում Դավթի ու Մելիքի միջև տարիներ շարունակված պատերազմի սկիզբը։

Սասունի Բադրմուտ գյուղում ծնված Հակոբ պապը թեև մայրենին լավ չի հիշում, սակայն գյուղում իր լսած լեգենդները մեծ ոգևորությամբ ու զգացմունքայնությամբ պատմում է արաբերեն և թուրքերեն։ 1915-ից հետո Սասունում հարևան արաբական ու քրդական ցեղերի ճնշման տակ փոքրամասնության կարգավիճակով մնացած հայերն իրենց իղձերը կամ անցյալի ափսոսա՞նքն են ամփոփել նման պատումով, ձևափոխե՞լ են դարեր շարունակ պատմվածը, թե՞ եղածի պես փոխանցել են՝ սահմանելը մի փոքր դժվար է։

«Դավիթն այնքան ուժեղ էր, որ ոչ ոք ձեռք չէր բարձրացնի նրան սպանելու։ Այդպիսի բան չէր կարող լինել։ Անգամ երբ դա պատահում է, այսինքն՝ երբ նրա աղջիկը, որը Բիսմիլում էր, նետով զարկում է, Դավիթն այնպես է բղավում, որ ձայնը հասնում է Սասուն։ Նրա հորեղբայրն ուղղակի չի հավատում, որովհետև անհնար էր Դավիթին սպանել։ Ասում էին՝ միայն արյունակիցը կարող է, միայն նրա ուժը կպատի։ Դավիթը սպանվելու ժամանակ բղավում է՝ «Ախ, սա իմ արյունն էր, իմ ցեղն էր»՝ հասկանում է, որ իր աղջիկն է զարկողը։ Այդ ժամանակ Ձենով Օհանը համոզվում է, քանի որ իրոք սպանել են, քանի որ լսում են ձայնը, որն ասում էր «իմ արյունն էր, իմ ցեղն էր»,- շարունակում է Հակոբ պապը՝ չթաքցնելով հիացմունքն ու հատ-հատ մեզ ցույց տալով Սասունի Մարաթուկ լեռան գագաթին գտնվող վանքի մասին թուրքական թերթերի՝ տարբեր տարիների անդրադարձները, որոնք խնամքով հավաքել ու պահել է. «Տես, թե ինչ է ասում՝ Մհերի վանքը․․․ Տեսնո՞ւմ ես։ Հայրս ասում էր՝ Դավիթը կառուցեց, Մհերը նորոգեց»․․․

«Եթե Մհերը փակվել է՝ բա մենք ի՞նչ ենք»․․․

Անկեղծ ասած, երբ առաջին անգամ հանդիպեցի Սասունցի Դավթի տոհմից լինելու մասին պնդող սասունցիների, կարծեցի, թե կատակում են։ Պարզվեց՝ իրենք էլ մտածում էին, որ ես եմ կատակում, երբ պատմում էի, որ, ըստ էպոսի, Փոքր Մհերը փակվել է Ագռավաքարում, իսկ Սասնա տան տոհմը շարունակություն չի ունեցել։ 

«Բա մենք ի՞նչ ենք»․․․՝ Մուշի Նորշեն գյուղում ապրող 75-ամյա հայ Իսմայիլ պապիկի խիստ ու զարմացած հայացքը, երևի, երբեք չեմ մոռանա։ Սասունում ծնված և ավելի քան 60 տարի առաջ Մշո դաշտում բնակություն հաստատած Իսմայիլի մանկությունն անցել է Դավթի բերդի բարձունքի փեշերին, ուր նրանց գյուղն էր՝ Քաղկիկը։ Քաղկիկ, ասել է թե Սասունի կենտրոնը, ասել է թե սասունցիների համար աշխարհի կենտրոնը։ Թեև Իսմայիլի ընտանիքին հաջողվեց ցեղասպանության ժամանակ ողջ մնալ և չկրոնափոխվել, 1930-ականներին, երբ հետապնդումներն ու ճնշումները կրկին սաստկացան, տան կանանց առևանգումից փրկելու համար նրանք նույնպես ստիպված եղան փաստաթղթերում նշել «իսլամ»։ Քաղկիկում քուրդ աղաների հրահրած հողային վեճերն ու նոր արյունահեղությունները պատճառ դարձան, որ մի օր Իսմայիլի ընտանիքը երեխաներին ու եղած-չեղածը բարձի սայլին ու ճանապարհ ընկնի դեպի Մշո դաշտի գյուղեր. « Մերոնց մի մասը Ստամբուլում է, մի մասը՝ էս կողքի գյուղում, մենք էլ՝ այստեղ։ Ստամբուլ որ գնաս՝ Աստղիկի մայրիկին էլ կգտնես, մեզ բարեկամ է, քեզ կպատմի Դավթի ու նրա քաջագործությունների մասին։ Դավիթ թագավորը մորական կողմից մեր նախնին է։ Մայրս միշտ ասում էր, որ նա մի ձի ուներ, որով քամու արագությամբ Բաթմանից Դիարբեքիր էր հասնում»,- ոգևորված պատմում է Իսմայիլի 8 որդիներից մեկը։
«Գուցե Թոռնիկյանների՞ց եք սերում»,- հարցնում եմ ես՝ ենթադրելով, որ Բագրատունյաց տիրապետության շրջանում Սասունի նշանավոր Թոռնիկ իշխանի կերպարի շուրջ են խտացվել Սասունցի Դավթի մասին իրենց հասած պատմությունները և նրա հետ ազգակցական կապի մասին պնդումները։
«Այդքանը չգիտեմ, քույրիկ»,- ուսերն է թափահարում Իսմայիլի որդի Վարդանը։
Հենց այն ընթացքում, երբ զրուցում էինք՝ քուրդ հարևանները խմբվել էին բակում ու փորձում էին կտրել հայ ընտանիքի ելակների այգի հասնող ջուրը. «Գյավուրներին տալու ջուր չունենք»։
Տան հարսը կիսաձայն պատմում էր, որ երեխաներին դպրոցում «ֆըլլա» են ասում (քրդերեն՝ «հայ»), իսկ 5 տարեկան կրտսեր որդուն հարևանների ահից օրերս են թլպատել:
Այս ամենի մեջ Դավիթ թագավորի ժառանգը լինելու մասին պնդող Իսմայիլ պապիկը մեկ այլ իրականություն է թվում: Տարիներ անց հասկացա՝ Սասունում մնացած «իսմայիլների» սրտում ու մտքում եղած այդ այլ իրականությունն ու դրա խորը համոզմունքն է, որ պահել է նրանց այս դժոխքում, թույլ տվել վերապրել ցեղասպանությունը, իսլամացման կրկնակի ու եռակի ալիքները, անտեսել «ֆըլլա» ասողներին ու ջուրը կտրող հարևաններին։ Եվ բնավ պատահական չէ, որ ցեղասպանությունից հետո Սասունում ապրող հայերը չգիտեն, թե որտեղ է Ագռավաքարը ու համոզված են՝ Սասնա տոհմը չի ընդհատվել, Մհերն էլ չի փակվել ու չի խռովել։ Իհարկե, դժոխքի միջով անցածներին չես կարող բացատրել, որ աշխարհից, կյանքից խռովել կարելի է։

«Մեհերի» պաշտամունքն ու Մարաթուկի տաճարը կառուցողները
 

Սասունում պակաս հայտնի չէ նաև «Միսակների» ընտանիքը, որը թեև Սասնա ծռերի հերոսների հետ ազգակցական կապերով պարծենալ չի կարող, սակայն ունի մեկ այլ կարևոր պարտականություն, որի համար տան մեծերը ոչ մի կերպ չեն լքում գյուղն ու Սասունը։ Ըստ Սասունի հայերի՝ հենց այդ ընտանիքն է Սասնա տան անդամներին մատակարարել որպես շինանյութ օգտագործվող կաթն ու ձուն, որը խառնել են հողի հետ ու դրանցով շաղախել տաճարի կոպտատաշ քարերը։ Մինչև օրս Միսակներին է պատկանում Մարաթուկի ուխտի օրը վանքի ավերակներ առաջինը ոտք դնելու իրավունքը: Այս ավանդույթը նրանք անխախտ կերպով շարունակում են արդեն դարեր։ Միսակների սերնդից որևէ մեկը մտնում է վանք, վառում մոմերը, ինչից հետո թույլատրվում է ներս մտնել ու աղոթել նաև մյուս ուխտավորներին. «Մերուն օշխար շադ իր, ուրանք ըրին ըդ վանք, կաթ լը հուղ զիրար խառնին, շինեցին իդա Սուրբ Մերեթու»,- պատմում է Մարաթուկ լեռան լանջի Փիրշենք գյուղում ապրող Սելին հորաքույրը։


Ըստ տեղի վերջին բանասացների՝ տաճարը կառուցել է Դավիթը, իսկ վերակառուցել՝ Փոքր Մհերը։ Ոմանք այն հենց այդպես էլ կոչում են՝ «Մեհերի տաճար», իսկ տաճարի կառուցմանը մասնակցած Միսակներն էլ հավելում՝ տաճարի կառուցման ժամանակ ոչ իսլամը կար, ոչ էլ քրիստոնեությունը․․․
«Մեհերի» պաշտամունքի, Սասնա տան՝ երբեմնի հզորության ու երանելի ազատության, վերջին հարյուր տարվա մասնատվածության մեջ մի օր կրկին ամբողջություն դառնալու երազանքով ամեն տարի Մարաթուկի Սուրբ Աստվածածնի մատաղը կատարվում է անխախտ կերպով։ Սասունի տասնյակ գյուղերից արաբախոս, քրդախոս ու հայախոս սասունցի հայերը միասին աղոթելով՝ ամբողջ գիշերն անցկացնում են Մարաթուկի լանջին՝ Օթնակ հովտում։
Փիրշենքցի Արուշի և Հոռիմսի աղջիկ Սելինն էլ ամեն տարի ուխտին նախորդող գիշերը չի մոռանում ավանդույթի համաձայն հալեցնել ու պատրաստել տնական մոմերը, թխել տոնական «քեհք» քաղցրավենիքը և, Ստամբուլից գյուղ եկած թոռներին պատմելով Մարաթուկի սուրբ և ամենազոր լինելու մասին՝ արևածագին արթնացնել ու ուղարկել ուխտագնացության։ Ինքն արդեն 5 տարի է գագաթ չի բարձրանում, բայց սպասում է ուխտավորներին ներքևում՝ մատաղի պատրաստություն տեսնելով: Երբեմն այս թոհուբոհի մեջ, երբ հնչում է էզանի (նամազի կանչը) ձայնը, Սելին հորաքույրը մի քանի րոպեով կորում է․ օրը 5 անգամ պարտադիր աղոթքը բաց թողնել չի սիրում։ «Առ, լաո, դարման ի»,- այծի կաթ հյուրասիրելուց համոզում է Սելին հորաքույրը՝ քիչ առաջ նամազ անող կնոջ վարժ հայերենը լսելուց հետո ապշահար հայացքներիս ի պատասխան հավելելով՝ «Յիս մինակ իմ հայերենը գինամ՝ Սասունի հայերենը»։