Սասունի հավերժական պատգամը՝ երբեք չվախենալ, ոչ մի դեպքում չվախենալ ու ապրել

Պատմական Սասունի արևմուտքում է այժմյան Դիարբեքիրի նահանգի գավառներից մեկը համարվող, խոր ձորերի ու անհաղթ լեռների աշխարհ Խուլբը: Եթե ցանկանաք Սասնո լեռնաշխարհին մոտենալ հյուսիս-արևմուտքից՝ Մշո դաշտից փոքր-ինչ հարավ իջնելով, այնտեղ ուր տեսադաշտից կորում է չքնաղ Արածանին, սկսվում է Սասունի երեք հիմնական գետերից, թերևս, ամենագեղատեսիլը: Խուլբի ջուրն է, որի ուղեկցությամբ էլ առանց շեղվելու գնում ենք մինչև վերջ՝ Անդոկի ալեհեր գագաթի հայացքի ներքո վայելելով արևմտյան Սասունի աննահանջ գեղեցկությունն ու հասնելով ընդհուպ մինչև պատմական Սասնո գավառի հարավային դարպասներ: Ահա Բաթմանա կամուրջը, որի տակ միախառնվում են Սասունի լեռներից սկիզբ առնող երեք գետերը՝ Խուլբի ջուրը, Տալվորիկի ջուրն ու Սասնա ջուրը: Բայց այսօր մենք Խուլբում ենք, ամենաջերմ, ամենահյուրընկալ, ամենահակասական, ամենաերանելի ու ամենավերքոտ, Արամ Տիգրանի ու Կարապետե Խաչոյի, Կարո Սասունիի, Տեր Քաջ Ադամի և Հրայր Դժոխքի հայրենի Խուլբում:

Խուլբի շրջկենտրոնը, որն այժմ գավառի անվան հետ նույնականացվելով պաշտոնապես կոչվում է հենց «Քուլփ», հիմնավորվել ու տարածվել է նախկին Փասուր գյուղի տարածքում, որն այժմ հայտնի է որպես Խուլբի պատմական «հին թաղ»: Տեղի հայերը հպարտությամբ են նշում՝ «Փասուրի բնիկները միայն հայերն են, շրջկենտրոնում տեղացի ով կա՝ մերոնք են, մյուսները կողքի գյուղերից են եկել»: Պատկերն ավելի է ամբողջանում, երբ տեղեկանում ենք, որ Խուլբում բոլոր արհեստները մինչև օրս պատկանում են տեղի հայերին՝ քարտաշությունից, ոսկերչությունից ու երկաթագործությունից մինչև կենցաղային տեխնիկայի կամ մեքենաների նորոգում: Բացառապես ամեն ինչ:

«Այս խանութը մերն է, սա էլ, նա էլ, այս մեկը մերը չի, բայց շուտով մերը կլինի», -Փասուրում քայլելիս տեղի հայերի հետ «էքսկուրսիան» մոտավորապես այսպիսի բովանդակություն կունենա:

Հատկանշական է, որ թեև 90-ականներին այստեղ քրդական շարժման զինյալների ու թուրքական բանակի թեժ բախումների հետևանքով գրեթե ամբողջովին վերացվել, այրվել ու ավերվել է նախկին հայկական բնակավայրերի պատմական շերտը, սակայն տեղացիները շարունակել են նույնիսկ 2000-ականներից հետո գյուղերում կառուցվող նոր տները ոտքի հանել քարերի նույն շարվածքով, ինչ հնում էր:

«Հայերի մեջ էլ դատարկ մարդիկ շատ կան, աղջիկս: Ավերված եկեղեցու տեղում կառուցվող մզկիթի մինարեթների շինարարությունը հովանավորող հայից մինչև Երևանից այստեղ հասնող ու գանձագողերին ճամփա ցույց տվողներ: Բոլոր աննամուսների անունները հատ-հատ գիտեմ, բոլորի դեմքին էլ ասում եմ», -ասում է Արուշան պապը՝ մի ձեռքում մանգաղ, մյուսում Սասունի դեղին, քաղցր ու մեծ լոլիկը, որի սերմերն այս անգամ պարտադիր պիտի տանենք Հայաստան:

«250 հոգուց 6-ը փրկվեցին մեր տոհմից: Միայն 6-ը: Ավետիսը, Գաբրիկը, Լուսիկը, Ալմաստը, Միսակն ու Անին: Նայում եմ, որոշ հայեր ինչքան հեշտ են խոսում տունտեղը թողնել-գնալուց, քոչելուց: Մենք դիմադրեցինք, մինչև հիմա էլ դիմադրում ենք: Իսկ ո՞վ է ասել, որ հեշտ պիտի լինի», -ասում է 77-ամյա Արուշանն ու ուղղում «հաջջիի» (ուխտավորի) իր գլխարկը, մինչդեռ վերջինիս թոռները՝ Լուսիկն ու Արթուրն ուշադրությամբ զննում են իրենց այգի ներխուժած անծանոթներիս:

«Հիմա ի՞նչ, մեր տանը չե՞ս մնալու: Բա դա ասելու բան է՞ր», -առանց ավանդական ամոթանքը լսելու հրաժեշտ չեն տալիս այստեղ:

 

***

Թուրքիան, ինչ խոսք, հետաքրքիր երկիր է. այստեղ առանց ավելորդ հարցուփորձի, միայն ճանապարհի վիճակից կարելի է հստակ գուշակել տեղի բնակչության մասին գրեթե ամեն ինչ՝ ազգային պատկանելությունից մինչև քաղաքական կողմնորոշում: Խուլբում ճանապարհները լավագույն դեպքում վատն են, վատագույն դեպքում դրանք ընդհանրապես չկան: Քուրմանջի քրդերի, զազաների ու հայերի խառը բնակչությամբ բազմաթիվ գյուղեր առօրյա կարիքները հոգալու, բուժօգնության կամ պարզապես տեղաշարժվելու համար դեռևս մնում են հմուտ ու համբերատար վարորդների հույսին, որոնք ամեն տարի մեքենա են փոխում, իսկ ձմռանը շտապօգնության մեքենաներին երբեմն փոխարինում են նաև ուղղաթիռները:

90-ականները դժոխային էին նաև սահմանից այս կողմ՝ Արևմտյան Հայաստանի բնակիչների համար նույնպես: Քրդական շարժման ակտիվացման տարիներին բախումների կիզակետում հայտնված Խուլբում այդ ժամանակների հետքերը թարմ են մինչև օրս. հայրենի անտառների վրա նետված ֆոսֆորային ռումբերի ու տևական ժամանակ տեղի բերքից չօգտվելու մասին հիշողությունից մինչև բռնի տեղահանության ենթարկված տասնյակ գյուղերի առ այսօր  կիսալքված  թաղամասեր: Այդպիսի գյուղերից է նաև Ընձքարը, որը ժամանակին Սասունի ամենախոշոր ու ծաղկուն բնակավայրերից էր: Ըստ տարբեր աղբյուրների՝ 20-րդ դարի սկզբին մինչև 1000 և ավելի բնակչություն ունեցած Ընձքար այսօր այցելում են հիմնականում ամռան ամիսներին, այն էլ՝ շաբաթվա վերջին միայն: Աշխարհի ամենահամեղ դեղձի, անարատ մեղրի ու արևահամ ծիրանի դրախտավայր Ընձքարում հատուկենտ մարդիկ են մեզ պատահում, հյուրասիրում ձավարով ու խաղողի օշարակով պատրաստվող քաղցրավենիք ու «թթու լավաշ», բարևներ փոխանցում «Էրիվանին» ու ներողություն խնդրում համեստ պայմանների համար. «Միայն շաբաթ-կիրակի ենք այստեղ գալիս, շատ հարմարություն չունենք, կներեք մեզ»:

Ընձքարի Սուրբ Գևորգը, որը ժամանակին ամբողջ Սասունում գործող ամենախոշոր ու ազդեցիկ վանքերից մեկն էր, այսօր, երևի, միակն է այս տարածքում, որ շարունակելով որպես ուխտատեղի ծառայել տեղացիներին, մշտական խնամքի է ենթարկվում ամեն օր: Մոտակա գավառներում չկա մեկ այլ օրինակ, երբ պատրիարքարանի վերահսկողությունից դուրս գտնվող և չգործող հայկական վանքն այսքան խնամված, չպղծված ու առավելագույն չափով պահպանված լինի: Ասում են՝ ժամանակին Սուրբ Գևորգի ուխտագնացության օրվան ընդառաջ Փասուրից 10-12 ոստիկան էր ժամանում Ընձքար՝ և՛ հայ, և՛ քուրդ ուխտավորների այդքան մեծ հոսքի ժամանակ խժդժություններից խուսափելու համար: Մինչև օրս էլ հենց Սուրբ Գևորգն է առանցքային պատճառներից մեկը, հանուն որի  ընձքարցիները վերջնականապես չեն լքում գյուղը:

«Վաղը, երբ իջնենք Սասունի հարավ, երբ տեսնես տակնուվրա արված Գոմոց վանքն ու Կորովի՝ փշուր-փշուր եղած միջնադարյան գերեզմանի տապանաքարերը, կհասկանաս, թե ինչու եմ կես ժամից ավելի ապշահար ու քարացած նայում այս անվնաս խաչքարին», -ասում եմ Սասուն առաջին անգամ այցելող ճարտարապետ ընկերոջս՝ Սուրբ Գևորգի բակում:

Մեզ, իհարկե, այստեղ երկար մենակ չեն թողնի Սուրբ Գևորգի հետ: Արդեն վայրկյաններ անց ներքևի տներից բարձրաձայն քրդերեն խոսակցություններ են լսվում ու իրարանցում է նկատվում, իսկ մենք, ինչպես միշտ նման դեպքերում, շարունակում ենք անվրդով աշխատել ու վայելել: Ինչպես հաճախ տեղի մեր ընկերներն են ասում՝ «Ի՞նչ ունեք վախենալու, ո՛չ գող եք, ո՛չ ավազակ: Մի բան էլ եղավ՝ միանգամից զանգիր»: Մինչև միջին տարիքի տղամարդը վանքի անմիջապես ներքևում տարածվող թաղամասից բարձրանում է դեպի մեզ, դեռ շարունակում ենք չափչփել Սուրբ Գևորգի՝ կարծես վերջ չունեցող ահռելի գերեզմանատունը:

«Երբեմն գիշերները գանձագողերը թաքուն գալիս են, վնասում ուխտավայրը, անծանոթ տեսնելուն պես ցանկացա համոզվել, որ ամեն ինչ կարգին է», -բացատրեց րոպեներ անց մեզ միացած ընձքարցին: Խոսակցության հաջորդ փուլն արդեն չափից դուրս կանխատեսելի, ծանոթ ու անփոփոխ է.

«Փաստորեն, դու մեր Նարգիզին էլ ես ճանաչում՝ Մուրադի աղջկան: Մուրադի հարազատ քույր Գյուլին այստեղ, հենց այս թաղամասում է ապրում: Հայերեն չգիտի, թուրքերեն էլ, միայն՝ քրդերեն: Սպասեք, գոնե մի տանձ քաղենք, ամբողջ ազգին բարև տարեք»:

 

***

Բացառիկ գեղեցիկ դիմագծերով ու համարձակ կեցվածքով 62-ամյա Սիրանույշը կարծես հատուկ հենց մեզ համար ու հենց մեզ սպասելով կանգնած լիներ լքված այդ խաչմերուկում, անհավատալի զուգադիպությունների այս երկրում, թեև, մենք վաղուց արդեն որևէ բանից չենք զարմանում:

«Ես Սիրանույշն եմ, Հոփն էլ տատիս գյուղն է: Վարդանի թաղ, Խաչ թաղ, Ամրոյի թաղ, հիմա ամեն ինչ ցույց կտամ: Ծառ կա, որ հայերի ժամանակից մինչև հիմա մնացել, պտուղ է տալիս: Երևանի՞ց եք եկել, մենք ձեզ շատ ենք սիրում, մանկություններս Երևանի ռադիո լսելով է անցել: Աղջիկս, հաստատ լրտես -բան չեք, չէ՞», -կես կատակ կես լուրջ հավելում է տիկին Սիրանույշը, թեև արդեն մի փոքր ավելի թեթևացած, ինքն էլ այս կատարյալ պատահականության գիտակցումից ներքուստ երջանկացած  է:

«Ո՞վ կմտածեր, որ էսպես կպատահենք իրար: Մի պահ վախեցա, մտածեցի՝ սպիտակ մեքենայով ոստիկաններ եք: Հետո որ Հոփի տեղը հարցրիք՝ ոնց ուրախացա: Ինձ ճիշտ հասկացեք, էստեղ էնքան բան ենք տեսել որ... Սկզբում վախենում էինք ասել, որ հայ ենք, հետո վախենում էինք ասել, որ քուրդ ենք: Հայ էինք՝ սպանեցին, քուրդ դարձանք՝ սպանեցին»:

Ի տարբերություն Սասունի հարավային ու արևելյան շրջաններում մնացած արաբախոս ու հայախոս հայերի՝ Խուլբի փրկված հայերն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում տեղի քրդերից. տարեց կանայք քրդուհիների պես ճերմակ շալով են ծածկում գլուխը, խոսում են քրդերեն ու մեծամասնության հետ կիսում նույն ձախակողմյան քաղաքական հայացքները, իսկ կրոնափոխությունից խուսափած ընտանիքներ այստեղ ընդհանրապես չեն մնացել: Չնայած դրան՝ ցանկացած խոսակցության ժամանակ տեղի հայերին քրդերից տարբերակող  «ճաքերը» միանշանակ ավելի խորն են, նրանց հանդեպ խտրականությունն՝ առավել դաժան: Նախ հայկական, իսկ հետագայում արդեն քրդական ինքնության համար կրկնակի հետապնդումների, թալանի ու ավերի ենթարկված Խուլբի քրդախոս հայերն ամեն ինչ տեսածի փորձառությամբ ու չտեսնված կարոտի զգացողությամբ դեգերում են զգուշավորության ու անսահման սրտաբացության միջև:

«Ես էլ էստեղ չեմ ապրում, մեղուներին նայելու ենք գալիս, ձմեռը Դիարբեքիրի մեր տանն ենք անցկացնում: Մի օր պիտի գամ Երևան: Նայում եմ, ամեն ինչին հետևում: Էդ ինչո՞ւ են մարդիկ այնտեղ իրար այդքան ցավեցնում, իրար միս ուտում, էդ ինչը չեն կարող կիսել: Բա՞ն է մնացել, որ կիսեն», -շարունակում է Սիրանույշ մորաքույրն ու մի պահ կանգ առնում.

«Բայց ես էլ եմ հետաքրքիր մարդ, չէ՞: Չեմ ասում՝ էս անծանոթ մարդկանց հետ մեն-մենակ նստել եմ մեքենան, եկել էս անմարդաբնակ լքված գյուղը, համարձակությանս վրա եմ զարմանում: Ի՛նչ լավ է, որ մերոնքական դուրս եկաք, ի՛նչ լավ է, որ իրար գտանք»:

Սասունն այդպիսին է... Աշխարհից խռոված, սարի գլխին բոլորից հեռու տեղավորված, բայց երբեք համարձակությունը չկորցնող մարդկանց օրրանն է: Իր ամբողջ բարդությամբ ու անկարելիությունների վախեցնող բեռով հանդերձ, Սասունն ու դրա մասին հիշողությունն անվախ ապրելու մեր պատգամն է: Սասնո լեռնաշխարհի խոր, սարսափելի թվացող ձորերը՝ իրենց ֆանտաստիկ շարվածքով քարե կամուրջներով, կամակոր լեռների գլխին ամրակուռ դեպի վեր խոյացած անհավանական բերդերն ու վանքերը, քարքարոտ դաշտերում աճող ամենաքաղցր լոլիկն ու ամենախենթ և համարձակ մարդիկ՝ բոլորը միայն մի բան են հուշում մեզ. չվախենալ: Չվախենալ այս վիթխարի լեռներից, դրանցում ապրելուց ու որևէ բան ստեղծելուց: Չվախենալ, որ քեզ տուն դարձած լեռները կփշրվեն, կթափվեն գլխիդ: Չվախենալ այստեղից դիմել Աստծուն՝ անսասան  հավատով անհնարինության մեջ ստեղծել հնարավորություն, հզորության առջև հզոր լինել, մեծության առջև մեծություն ստեղծել: Սա է Սասունն ու նրա հավերժական պատգամը՝ երբեք չվախենալ, ոչ մի դեպքում չվախենալ ու ապրել:

 

Սոֆյա Հակոբյան

... ...