Քիմիա

Ամանները պիտի լվար: Եկան, կերան, խմեցին, գնացին: Մենակ Լիզան ասաց. «Ի՞նչ կա օգնելու», բայց Լիզան այն կանանցից էր, որ ամուսնուն չէր սիրում, պարզապես չէր բաժանվում, որովհետև «այդպես ճիշտ չի»: Տորթ էլ կերան՝ շոկոլադով ու բանանով, ինքն էր թխել: Խորովածի ափսեները սպիտակ էին՝ յուղից դեղնած, տորթինը՝ մուգ կանաչ՝ սևացած:

Վիգենն էլ էր եկել: Ոչ մի բան չկերավ: Մենակ ծխում էր: Մոտենում էր պատուհանին, բացում ու ծխում: Վիգենը բաց կապույտ վերնաշապիկով էր եկել: Լիզան իրենց դասարանի գերազանցիկն էր, ավագը: Վիգենը՝ ամենախելացին: Ինքն էլ էր լավ սովորում: Սկզբում չէր սիրում քիմիան, բայց հետո քիմիայի դասատուն բացատրեց, որ «սերը քիմիա է», ու ինքը բժշկուհի դարձավ: Վիգենն աշխարհագրություն էր սիրում: Մի անգամ, երբ ամբողջ դասարանով գնացել էին քաղաքից դուրս՝ արևածագը դիմավորելու, դեռ արևը քնած՝ Վիգենը մուգ կանաչ ժակետը գցեց իր՝ ճերմակ ուսերին ու նստելով կողքին՝ հենց թաց հողի վրա, ասաց.

-Աչքերդ փակիր:

Իրեն թվաց, թե ամբողջ կյանքում այդ պահին է սպասել, բայց երբ փակեց, Վիգենը նրան տարավ` հեռու երկրներ՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ կա աշխարհի սիրուն քաղաքներում, օվկիանոսի այն կողմում...

Հիմա Վիգենն անցնում է նույն այդ օվկիանոսը: Խաղարկությանն առանձին-առանձին մասնակցել էին ամբողջ դասարանով ու Գրին քարտ էին շահել: Վիգենը ոչինչ չասաց, երբ իմացավ, որ ինքը միակն է, որ չի դիմել: Մենակ ծխում էր: Մոտենում էր պատուհանին, բացում ու ծխում: Եկան, կերան, խմեցին, գնացին: Հիմա ինքը ամանները պիտի լվա:

...

Մաման քիմիա էր ընդունում: Էլ տնից դուրս չէր գալիս: Առաջ բեմերից չէր իջնում, հիմա անվասայլակին նստած էր: Վիգենի իմացած բոլոր երկրներում մաման եղել էր՝ համերգներով: Հետո պապան աշխարհի ամենակարմիր վարդերն էր ուղարկել հենց գրիմանոց ու մի փոքրիկ գրություն. «Վիրահատարանում ես չեմ թողնում, որ մարդիկ մեռնեն, իսկ դու բեմում այնպես ես անում, որ մարդիկ ապրեն»: Մաման ժպտացել էր: Հետո ծնվել էր ինքը: Հետո մաման ու պապան որոշել էին, որ էլ չպիտի պարի մաման: Մաման ժպիտով էր որոշել: Հետո մի ուրիշ վիրահատարանում չէին կարողացել այնպես անել, որ պապան չմեռնի: Հետո մաման իմացել էր, թե ինչի է իր գլուխն անդադար ցավում ու ժպտացել էր: Հիմա էլ է մաման ժպտում: Անվասայլակով գալիս է իր՝ գրիմանոց հիշեցնող սենյակի հայելու դիմաց, նայում ու ժպտում: Չգիտի, որ էլ մազ չունի գլխին և ժպտում է: Ինքը մամայի կեղծամները հաճախ է փոխում: Էլ ոչինչ չի խոսում մաման: Միայն կեղծ մազերի նոր գույնն ու ձևը հայելու մեջ տեսնելիս, ձեռքը բարձրացնում ու մատները շարժում: Գուցե պարում է, հնարավոր է՝ շնորհակալություն է ասում աղջկան, կամ մայրաբար հորդորում՝ «հերիք է»: Ամեն դեպքում մամայի մեծ, թատերական հայելու մեջ երևում էր, որ աղջիկն անկողինն է փոխում, սենյակն է օդափոխում, գիշերանոթն է դատարկում-մաքրում: Հետո գիշերից մնացած ամաններն է տանում խոհանոց ու սկսում լվալ: Սա արդեն հայելու մեջ չէր երևում, ոչ մեկը չէր տեսնում, ինչպես ուժեղ մարդկանց արցունքները ոչ ոք չի տեսնում:

...

Առաջին կնճիռները հայտնվեցին աշնանը: Լիզան էր զանգել: Բայց նախ քաղցրավենիքով ու մեկ-երկու կտոր շորերով փաթեթ էր ուղարկել, իսկ զանգել էր, որ իմանա՝ հասա՞վ: Լիզան լավ էր, նույնիսկ ամուսինն էր հաճելիորեն փոխվել՝ օվկիանոսի ափին: Օրինակ ցերեկները, երբ Ամերիկայում գիշեր է, Լիզան երբեք չէր զանգում, իսկ զանգում էր գիշերները, երբ Ամերիկայում ցերեկ է, ու ամուսինն աշխատանքի էր:

-Բա ուրիշ ի՞նչ կա, էլ ո՞նց եք,-ասաց ինքը:

Բայց Լիզան շարունակեց պատմել ամուսնու կերպարանափոխությունից, չմոռանալով շեշտել, որ «երևի օդից ա», ու միայն այն ժամանակ, երբ ինքն ուղիղ հարցրեց. «Վիգենը ո՞նց ա», Լիզան պատմեց, որ ուրիշ քաղաք է գնացել Վիգենը, այնտեղից էլ՝ մեկ այլ քաղաք, որտեղ նույնպես երկար չի մնացել.

-Տեղը չի գտնում,-ասել էր ու մի պահ լռելուց հետո՝ ավելացրել,-վեր կաց արի էլի, հիմա էլ հո կարա՞ս:

Քիմիան չէր օգնել մամային: Ավելի ճիշտ՝ նույնիսկ քիմիան անզոր էր գտնվել: Մամայի դեպքում էլ:

...

Բայց ամեն դեպքում հիվանդը չմեռավ: Ամբողջ քաղաքում արդեն գիտեին, որ բժշկուհու ձեռքերը հրաշագործ են ու բոլոր մահամերձներին նրա մոտ էին տանում:

-Չեմ կարող,-առաջացած կնճիռները քիմիական ինչ-որ նյութով տրորելով՝ պատասխանել էր Լիզային, երբ ընկերուհին ասել էր. «վեր կաց արի էլի»:

Լիզան վաղուց չէր զանգում: Ինքն էլ ցերեկներն այնպես էր անում, որ մարդիկ չմեռնեն, իսկ գիշերները, երբ տուն էր գալիս, նստում էր հայելու դիմաց ու փակում աչքերը՝ գուցե հիշելով բոլոր նրանց, ովքեր եկան, կերան, խմեցին, գնացին:

Այդպես էր փորձում ապրել նա, ում անունն էլ չիմացանք: Լավն այն էր, իսկ գուցե վատը, որ էլ ամաններ չկար՝ լվալու:

 

Հովիկ Աֆյան