Քեզ ձայն տամ, ու դու ձայնս կլսե՞ս

Մեղավոր հոգիների փրկության ելքեր փնտրելը չի դադարում մնալ այս և բոլոր ժամանակների անլուծելի խնդիրը։ Ամեն սերունդ, ամեն կրոն, ամեն ժամանակ, ամեն մարդ իր հնարներն է փորձում գտնել այդ փրկության համար։ Մեկն աղոթում է, մյուսը՝ եկեղեցի կառուցում, հաջորդը՝ ինքնասպան լինում, մեկ ուրիշը՝ համակերպվում իր մեղքի հետ, շատերն էլ չեն համարում, թե ուսերին մեղք ունեն։

Հետո վերածնուդն է լինում։ Մեկը Աստծուց թե ումից տրված շնորհ է ունենում այդ թնջուկը լուծել կարողանալու համար։ Այդպես նա գրում է մատյան, աղոթագիրք, մարդու փրկության մի գաղտնագիր, որ, թվում է, ահա վերծանելու ենք ու փրկվենք։ Այնինչ մեզ համար այդպես էլ անթարգմանելի է մնում։

Բոլորիս փնտրածը մեկն է։ Մենք՝ տարագույն, տարակրոն, անհավատ գուցե, մեղավոր ու անմեղ, ուսյալ ու իմաստակ, միևնույնն է, ձգտում ենք կատարյալին։ Բոլոր ուսմունքների, կրոնների հիմքում նույնն է․

Քրիստոնեություն․ «Այն ամենը, ինչը կամենում եք մարդիկ անեն ձեզ, նույնը դուք արեք նրանց»։

Հրեականություն․ « Ոչ մեկին մի՛ արեք այն, ինչը դուք ատում եք»։

Բուդդիզմ․ «Մի՛ վիրավորեք ուրիշներին նրանով, ինչը ցավեցնում է ձեզ»։

Կոնֆուցիուսականություն․ «Այն, ինչը չեք ցանկանում արվի ձեզ, մի՛ արեք ուրիշներին»։

Օրինակները շատ են, նպատակը՝ մեկը, հասնել, ձուլվել Բարձրյալին, ինքդ լինել Բարձրյալի չափ մաքուր, կատարյալ։

Ահա կողք-կողքի են քրիստոնեական միստիցիզմը և իսլամական սուֆիզմը։

Նարեկացին իր «Մատյան ողբերգության» երկում ճանապարհը տեսնում էր ինքնախարազանման միջոցով, պարսիկ Ջալալ Էդդին Ռումին իր «Մասնավիե  Մանավի» երկում դա տեսնում է մարդու լավագույն որակների կատարելագործմամբ։

Ժամանակով իրարից այդքան հեռու, կրոնական ու ազգային տարբեր պատկանելություն ունեցող այս երկու մտածողներն աշխարհին տվեցին աստվածաբանական երկու ամենանշանավոր երկերը։

Մեր մեջ մի մեծ պատերազմ է։ Ճակատ ճակատի են երկու հզոր բանակներ՝ հրեշտակների ու սատանաների, աստվածների ու հակաաստվածների, քրիստոսների ու հակաքրիստոսների։     

Ի՞նչն է հաղթում մեր մեջ՝ սատանա՞ն, թե՞ Աստված։  Մենք երկու կես ենք։ Նարեկացին ասում է․

․․․․Աչքերի խոժոռ հայացք երկդիմի, 
Մեկն՝ անզգալի, չնչին ողոքմամբ, 
Մյուսը՝ ցասմամբ, ժանտ ու անողորմ. 
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մեկն՝ հարվածելու, 
Մեկը՝ մերժելու. 
Մի դեմք՝ երկակի արտահայտությամբ,
Տխուր ու ցասկոտ․․․․

 

Ռումին ասում է․

Քանի որ մի անձի մեջ երկու սկիզբն էլ կա․

Նա մերթ ձուկ է դառնում, մերթ՝ հողեղեն։

Նրա կեսը հավատացյալ է, կեսը՝ հեթանոս

Կեսը ագահություն, կեսը՝ համբերություն։

 

Ոչ ոք չի ծնվում Աստված կամ սատանա․ մարդու մեջ հաղթում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։

Հոգու երկվության խնդիրը շեշտակի է երկու մտածողների մոտ էլ։ Եթե կա երկուս, ուրմեն կա հակասություն, իրարամերժություն, ժխտողականություն, պայքար։ Երկուսն էլ ուժեղ են։ Սա մարմնի ու հոգու անվերջանալի պայքարն է։

Անտոն ԼաՎեյը գրում է․ «Շաբաթ գիշեր, ես տեսնում էի տղամարդկանց, որոնք ցանկամոլությամբ հետևում էին կիսամերկ աղջիկներին, որոնք պարում էին տոնահանդեսին, և կիրակի առավոտները, երբ տոնահանդեսի մյուս անկյունում վրանաշորով ավետարանիչների համար երգեհոն էի նվագում, տեսնում էի նույն տղամարդկանց՝ իրենց կանանց ու զավակների հետ նստած, Աստծուց խնդրելիս, որ իրենց ների ու մաքրի իրենց մարմնային ցանկություններից։ Եվ մյուս շաբաթ նրանք վերադառնում էին տոնահանդես կամ մի ուրիշ բավականություններին տրվելու վայր»։

Կողք-կողքի են կործանողն ու փրկողը։  Ե՛վ Նարեկացու, և՛ Ռումիի ընկալմամբ՝ այսպես է ամբողջանում մարդը։

Ե՛վ Նարեկացու, և՛ Ռումիի գլխավոր խնդիրը փրկությունն է։

Առաջին քայլը մեղքի գիտակցումն ու ապաշխարելն է։ Ապա պետք է ճանապարհներ գտնել այդ մեղքից մաքրվելու, ներվելու, մարմնական տգեղ, արատավոր երևույթներից ազատվելու համար։ Երկուսն էլ այն մտքին են, որ այդ ճանապարհը պետք է անցնի ճգնակեցությամբ, զրկանքների, տանջանքների միջով։ Ինքնաձաղկման միջոցով է մարդը հասնելու փրկությանը։

Սակայն դա իրագործելու տարբեր դիտանկյուններ ունեն երկու աստվածաբանները։ Նարեկացին քիչ է համարում իր մեղքի գիտակցումը, իր ուսերին տանում է համայն մարդկության մեղքերը։ Մարդը կավ, անարգ, գարշելի է, չար, խավար ու ապիկար։ Նրա այս որակները հատկապես տեսանելի են, երբ նա Աստծու առաջ է։ Ռումին, սակայն, չի նզովում մարդուն, չի դատապարտում, նրան տեսնում է իր հակասությունների մեջ։ Մարդը, որ հողեղեն է մարմնապես, աստվածատենչ է հոգեպես։ Նա կարող է սրբագրվել՝ աստվածեղեն իր էությանը հաղթանակ շնորհելով։ Ռումին ասում է՝ երկաթը պետք է գունաթափել, դարձնել հայելի, որի մեջ կերևա ճշմարիտ էությունը։ Միստկներն այն կարծիքին են, որ հայելին մարդու էության կատարելագործումն է վկայում և արտացոլում է աստվածային սկիզբը։

Մեր հավատը՝ քրիստոնեությունը, հաղթեց անգամ ամենաուժեղ թվացող հեթանոսությանը։ Ինչո՞ւ ենք մենք մեր մեջ ուզում պարտության մատնել նրան։ Պայքարենք, թող հաղթի մեր մեջ աստվածայինը, բարին, ինչպես բոլոր հեքիաթներում։ 

Սա կտանի մեզ ինքնաճանաչման։ Իսկ այդ պարագայում մեզ հաղթել չի լինի։ Պետք է հասնել սկզբին, մատչել Բարձրյալին, հաղթել մեզ, արթնացնել մեր մեջ նիրհող կամ մեզնից խռոված Աստծուն։

Քեզ ձայն տամ, ու դու ձայնս կլսե՞ս։

 

Վանուհի Բաղրամյան