Քեզ

Քո մեջքի ոսկորոտ գծերը առանց վարանելու խազեր քաշեցին ի վերուստ տրված ճակատագրիս վրա:

Սահմանամերձ գյուղի օդի մեջ անվերջ լսվող կրակոցները դարձրել էին ռոքի սիրահար բոլորիս:

-Ռոքից ու ռոմից էի կազմված ես, -կուզեի ամպագոռգոռ ասել, -Մեջս ռոք է ու ռոմ, -

բայց իմ ունեցածը նվեր ստացածս թթի օղին էր։ Ցավը լող է տալիս՝ հավատարիմ ու ուժեղ շան նման ու մնում օղու երեսին, չի խորտակվում։ Տեսնես, եթե ցավիս անունը դնեմ Տիտանիկ գոնե կխորտակվի՞։

Ես հաստատորեն ուզում էի երկու բան՝ անվերջ լցնել ստամոքսս թթի քամվածքով և մոռացված մի երգ նվագել մարմնիդ վրա: Դե երկիր փրկելն արդեն անիմաստ էր՝ թե՛  ուզելը, թե՛ երազելը:

Սովորաբար հնամաշ սրբապատկերներ կախված են լինում կիսավեր պատերից, հենց դրա համար էլ մեր հայրենիքում ամեն տան ամենաերևացող պատից կախված էին հարգարժան մահացածների ու սրբերի պատկերները:

Տան պատերի ճաքերից քամին ազատորեն ներս էր մտնում, ու առանց ամոթի համբուրում վերմակի տակից անփութորեն դուրս մնացած ոտնաթաթերդ: Քամին թավջութակ էր հորինել ու հոգեմաշ մեղեդի էր օդում թևածում։

Այս տան պատերի ճաքերում ծաղիկներ չեն աճում, ու էս տանը էլ պայքարողներ չկան: Մեր բաժին կռիվը տանուլ ենք տվել ու որպես ողորմություն մի սերոտ օր ենք  ստացել: Ամեն օրն ասես վերջինն է, ամեն օրն ասես միակն է:

Ապրելը մի տեսակ թանկացել է, իսկ կյանքն՝ էժանացել։ Մի տեսակ մեռնելն էլ խիզախություն չի պահանջում, միայն լավ մարդ լինես՝ հերթդ շա՜տ շուտ կհասնի։

Մենք՝ հայերս հերթ կանգնել այդպես էլ չսովորեցինք։

Ու դրա համար էլ առանց իրար հերթ տալու գնում ենք։

Գնում են նրանք, ովքեր դեռ պետք է մնային ու իրենց ապրելով ավելի լավը դարձնեին օրը, կյանքը, երկիրը։ Դու էլ գնացիր:

Պատերազմից հետո ապրելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Ու էդ պարտքը պետականի պես մեծ է ու օր օրի ավելի անտանելի։

Եսի՞մ։ Էս կիսաավեր կյանքի պատից կիսամաշ սրբապատկերներ են կախ տված։ Ու իմացածս միակ աղոթքը շուրթերիցս կախ է ընկնում ամեն անգամ, երբ հատակին եմ հասնում։ Ու իմ ճահիճներում անվերջ քո ժպիտն է հայտնվում ու դուրս հանում էլի ու էլի:

Քո գնալով ինձ սիրողների թիվը պակասեց, ու ես էգոիստ եմ, այդ միտքն ինձ տանջում է։ Ես գիշերներն հաճախ եմ արթնանում։ Քո ձայնն եմ լսում ու քեզ եմ տեսնում դեպի ինձ եկող։ Ինձ ինչ-որ համովություն բերող ու անսահման լավը դարձնող։ Քեզ եմ տեսնում իմ մենակության մեջ ու ցուրտ է, էլ գրկումդ՝ ծաղկապատ զգեստիդ փեշերի մեջ, փրկություն չեմ գտնում:

Դու հավատում էիր իմ գոյությանը ու հավատում էիր, որ ես բոլորից լավն եմ: Իսկ քո գնալուց հետո ես սկսեցի երկինք նայել ու ցեխոտ փողոցներն էլ չնկատել: Քո գնալուց հետո ես հասկացա, նույնիսկ քո մասին պատմելուց ես ավելի շատ եմ գրում «ես» քան թե «Դու»:

Ու դու իմ ի՞նչն էիր սիրում, չգիտեմ: Ու դու ինչո՞ւ էիր ինձ փրկում չգիտեմ:

Իմ կիսավեր կյանքի կիսաճաք պատին քո ժպտացող պատկերն է կախված, գուցե ինձ մեկնված միակ ձեռք: Առանց օղու բաժակի:

Դու իմ սիրել չկարողանալու մասին էիր: Ու հիմա հաստատորեն իմ Աստծուն հավատալու մասին ես:

«Բարի գալուստ դժոխք» ծռմռված մեծ տառերով գրված էր դռանս, որով անշտապ ներս մտար դու։

Մատերիս ծայրին մինչև հիմա զգում եմ ցանկությունը քո մարմնի քարտեզով անցնելու։ Չշոշափելս քեզ։

Դու ծխում ես, ես կուլ եմ գնում։

Դու ծխում ես, ես մոխրանում եմ ու թեթև քամուց քշվում օդի մեջ։

Չեմ հիշում որ առաջներում նման բան եղած լիներ։

Սերը սա է, եսիմ։

Ես անգիր հիշում եմ քո սիրած կինոն, գիրքը, երգը, վայրն ու խմիչքը։ Բայց նախկինում դու չէիր ծխում։

Ես համարյա միշտ գիտեմ, որ ժամին ուր ես։ Դու բացակայությունն իմ չես նկատում երբեք։

Ես մտածում եմ ինչ կարող է քեզ հետաքրքիր լինել, դու աղոտ հիշում ես ինձ։

Այս ցեխոտ փողոցները չեմ նկատում նորից։ Դու ծխում ես, ես կուլ եմ գնում։

Աչքիս առաջ երեխան է, ջրերի մեջ խաղացող, նա չի մրսի ու չի հիվանդանա սրտի ուզածն է անում։ Ջրերի մեջ ցատկոտելով նրան կթվա երկնքից աստղեր է պոկում ու արևին ստիպում տուն դառնալ։

Նա կթաքցնի, որ մրսել են ոտքերը, ջուրը կներծծվի կիսամաշ կոշիկներից ու մինչև ոսկորին կհասնի։ Նա բանի տեղ չի դնի, երջանիկ է։

Դու շարունակում ես ծխել, ես շարունակում եմ կուլ գնալ։

Էս լուսնի տակ ոչինչ նոր չէ, բացի այն մտքից որ ծխող կինը կարող է գեղեցիկ լինել։ Ծխելն առհասարակ վատ բան է։ Ես էլ եմ փորձել։ Բայց հոտը անտանելի էր, թողեցի։ Քիչ բաներից է, որ շատ շուտ թողեցի։ Չհասցրեց ինչպես հարկն է վնասել։

Ու գուցե հենց դրա համար էլ դու եկար։ Հետ եկար։

Երկար գանգուրներդ դեմքիդ են թափվել ու ձեռքերս, որ գրպանում ես բանտված անհույս ճիգեր են անում, հեռացնել ալիքները գեղեցիկ դեմքիցդ։ Բայց ծուխը, որ դուրս է պրծնում շուրթերիդ արանքից շեղում է ինձ։

Դու ծխում ես, կուլ եմ գնում։

Քո մարմնի ամեն մի նոտայով մատերս սահել են ուզում նորից։

Դու ծխում ես, ես կուլ եմ գնում։

Ինձ ռոք ու ռոմ է պետք, որպես վերջին ցանկություն կուլ գնալուց առաջ։

 

Շուշանիկ Գյոլչանյան