Քարերը լռություն են հևում...

***

Անձրևը գնո՜ւմ է,

և փեշերից վարդաթերթերն են թափվում...

Ընկնում մնում են կարմիր վարդաթերթերը

թաց ասֆալտի եզրերին...

 

***

Քարերը լռություն են հևում...

Դռները՝ ճամփաներին,

Ճամփեքը դռներին են նայում

այդպես հավերժորեն․․․

 

***

Կարոտը՝ քեզ երկինք գիշերվա,

Կարոտը՝ հեզ աստղեր կապույտում,

Կարոտը՝ մի ազնի՜վ, ազնիվ որբ,

Կարոտը՝ ողբացող լռություն...

 

Կարոտը՝ հա՛ր կաթող, հա՛ր անկաթ,

Կարոտը՝ անկարոտ լռություն,

Կարոտը՝ մի ազնի՜վ, ազնիվ որբ,

Կարոտը՝ հեզությո՜ւն, հեզություն...

 

***

Դուք ժպտում եք աշնան նման`

Այնքան տխո՜ւր, այնքան հե՜զ,

Այնքան լո՜ւռ են Ձեր վշտերը՝

Մենակ ամպի կացի պես:

 

Դուք ժպտում եք այնպե՜ս ներող,

Այնպես հեռվի՜ց, այնպես մոտ,

Այնպես խո՜րն է Ձեր հայացքը,

Իրիկնաթույր, անձրևոտ:

 

Ի՞նչ եք տեսել Դուք, հե՛գ աշուն,

Ի՞նչ են խլել Ձեզանից,

Որտեղի՞ց եք գալիս մենակ,

Ո՞ւր եք գնում էլ նորից..․Конец формы

 

***

Ե՛վ իմ խաչը, որ չգիտես, և՛ հույսը իմ

հենած ձգվող ճանապարհիս ժայռաքարին`

հևում եմ ես հոգնությունից, և մեկն իմ մեջ

հեկեկում է գաղտնածածուկ աղոթքի պես:

 

Եվ քրտինքս, արցունքի պես խոցոտելով,

և արցունքս, կսկիծներից երակվելով,

պարանոցս կարոտներով պինդ օղակած,

երիտասարդ մաշկիս միջով ծորում են ցած...

 

Եվ քարերն են ճանապարհիս արտասվալից,

և փոշին է համր ծխում ճանապարհիս,

և իմ խաչը, որ չգիտես, և հույսը իմ

այսպես մենակ տանեն թող ինձ իմ հայրերին...

 

Նշան Աբասյան