Փնտրում էի սերը. կատարյա՛լ սերը

Լիլիթ Պիպոյանը զգացմունքի ու մտքի կուռ ամբողջությունն է փնտրել ու գտել

Հայ պոեզիան ու բանահյուսությունը ժամանակակից երաժշտության մեջ ապրում են նրա շնորհիվ նաև: Նա արթնացնում է միջնադարյան հայ երաժշտության ձայնը մեր ունկերում ու հնարավորություն ստեղծում իր կենսաթրթիռ, մեղեդային ձայնի հետ վայելել բանաստեղծական սիրերգության հմայքները:

Լիլիթ Պիպոյանը, դեռ 90-ականների սոցիալական ճգնաժամային  դժվարությունները հաղթահարելով, կարողացավ ստեղծել հեղինակային յուրահատուկ արվեստ: Սակայն հատկապես խոսելու ենք նրա՝ հայ մշակույթի նկատմամբ հետազոտական մոտեցման մասին, որի շնորհիվ միջնադարյան մի շարք գործեր վերածնվեցին նրա կատարման կամ նրա մեղեդիների շնորհիվ:

Այսօր ավելի քան երբևէ հրամայական է էլ ավելի խորությամբ ճանաչել մեր հայրենիքը: Պիպոյանը ճանաչում է և մեզ համար էլ հնարավորություն ստեղծում  հաղորդակից դառնալ վաղ շրջանի մշակույթին:

Ազգային մշակույթ ճանաչել ասելով, սակայն, չպետք է հասկանալ հայրենասիրական պաթոս, բարոյական հաղթանակներ, կորսված հայրենիք, պատմության ողբերգություններ և այլն: Մեր առաջ բացվում է ազգային արվեստի այն գեղեցիկ կողմը, որ համամարդկային է:    

Գնում ենք միջնադար՝ փնտրելու կատարյալ սերը:

Ահա մի քանի գործոններ, որ Պիպոյանին ստիպեցին այդքան երիտասարդ տարիքում գնալ միջնադարյան սիրերգության հետքերով:

Հայկական ճարտարապետություն ուսումնասիրելու հանգամանքը անշեղորեն  բերում էր դեպի հայ մշակույթի հատկապես այդ շրջանը:

Ըստ Պիպոյանի՝ երբ մենք անդրադառնում ենք մեր ճարտարապետության միջնադարյան մշակույթի պատմությանը, հանդիպում ենք անթիվ եկեղեցիների ու վանքերի, բայց չենք գտնում մեր իշխանական ու թագավորական կանգուն պալատները, հատկապես բարձր խավի աշխարհիկ կյանքի կերպերը... Դա հետևանք է մի քանի դարերի ընթացքում պետականություն չունենալու:

Նրան հատկապես հետաքրքրում է մշակված, կիրթ, դասական մշակույթը մասնավորապես երաժշտության մեջ, որ պահպանվել է բարձր հոգևոր երաժշտության մեջ: Իսկ ի՞նչ են երգել մեր իշխանուհիները տանը, ո՞րն է եղել քաղաքային երգը, օրինակ, 12-րդ դարի Անիում: Արդյո՞ք հայ ազնվական տղամարդիկ սիրերգեր են ձոնել իրենց սիրեցյալ կանանց: Այդ շրջանը հատկապես կարևոր է նրանով, որ դա հայկական ամուր պետականության կարծես թե վերջին փուլն էր գոնե այդ հազարամյակում: Դրանից հետո պետականության կորուստը, անընդհատ շարունակվող պատերազմները հյուծեցին մեր ժողովրդին: Ի՜նչ սիրերգություն կարող էր լինել: 

Մենք ունենք ժողովրդական երգ, որը չքնաղ է՝ հայ գեղջկական կյանքի արտացոլման առումով: Սակայն դրանց մեջ մեզ են հասել միջնադարյան քաղաքային և ազնվական աշխարհիկ երգի և հատկապես սիրերգերի փշրանքներ միայն, մինչդեռ տեքստերին ծանոթ ենք բարեբախտաբար:

Լիլիթ Պիպոյանը երկար ժամանակ ուսումնասիրել է այդ շրջանից մնացած հայրենները, փորձել գտնել դրանց մեղեդիները: Նրա կարծիքով հայրեններում կա  բարձր, նուրբ, մշակված զգացմունքայնություն, որն արտակարգ գեղեցիկ է: Այս ամենը մտածելու ու աշխատելու առիթ դարձավ. կան բառերը, սակայն չկան մեղեդիները. կամ չեն գրվել կամ չեն պահպանվել:

Այս ամենն արտիստին կանգնեցրեց երկու խնդրի առաջ, որոնց ինքը հետագայում լուծում տվեց: Առաջինն այն էր, որ ուզում էր կամուրջ գցել ժամանակակից հայ կնոջ և միջնադարում ապրած քաղաքի բնակիչ հայ կնոջ միջև:

Երկրորդ խնդիրը զուտ երաժշտական էր. այն, ըստ Պիպոյանի, լավագույնս է բնորոշում հայկականությունը` հասնել մաժորի ու մինորի միաժամանակյա հնչողությանը: Ըստ Պիպոյանի՝ գրավիչ է այն երաժշտությունը, որն իր մեջ ունի մինորային հուզականություն և միևնույն ժամանակ՝ մաժորային կենսավետություն. հենց այդպիսին է հայկական մելոսը:

Ինքը՝ Պիպոյանը, այդ տարիքի իր հետաքրքրությունը բացատրում է այսպես. «Երիտասարդ տարիքում գուցե չկար այն քաղաքական-հասարակական գիտակցումը, որ այսօրվա երիտասարդ կնոջ հետաքրքրության շրջանակում է: Փնտրում էի սերը. կատարյա՛լ սերը: Տղամարդու կողմից կնոջ համար թողած արիալում էի մնացել. ես չէի մտածում, որ կարող եմ ընդհանրական դիտել հանրությունը, կյանքը»:

Պիպոյանն անդրադարձավ հայրեններին և միջնադարյան այլ բանաստեղծությունների. «Խօշ եար...», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ», «Իմ աննման», «Ձմեռ անցավ, եկավ գարուն»: Իր այդ փնտրտուքները նրան տարան դեպի Պաղտասար Դպիրի քնարերգություն:

Ըստ Պիպոյանի՝ Դպիրի սիրերգությանը հավասար գեղեցկություն միջնադարյան մշակույթի մեջ չկա. «Նա ունի հուզական խորություն, որ չեմ տեսել այդ շրջանի որևէ հեղինակի մոտ: Ռիթմիկ երաժշտական մտածողություն կա: Կարևոր է հատկապես նաև այն, որ նա ինքն է երգել իր գրածները, սակայն տեքստերը կան, բայց, ցավոք, մեղեդիները չեն պահպանվել»:

«Սերեր իմ...» ստեղծագործությունը Դպիրը գրել է, երբ արդեն բոլորել էր 70 տարին: Կենսահասունություն կա: Զգացմունքի ու մտքի կուռ ամբողջություն կա: Պիպոյանը հենց դա է փնտրել ու գտել է:

Ունայնութեամբ զանցեալ օրերս ցըրեցի, ցըրեցի,
Հոգոյս իմոյ և ո´չ մի զօր ձըրեցի, ձըրեցի, ձըրեցի,
Տարիքն իմ զեօթնասուն անցեալ գըրեցի, գըրեցի, գըրեցի,
Աւա՜ղ, աւա՜ղ, միշտ գոչելով` ծերեր իմ, ծերեր իմ, ծերեր իմ...

 

Նրա համար մշակութային հետաքրքրություն են և՛ հայերնների մարմնական սիրազեղումները, և՛ Պաղտասար Դպիրի հոգեղեն հուզականությունը: Նրա  սիրերգությունը հոգևորի ու մարմնականի ներդաշնակ համաձուլվածքն է: Սիրո տառապանքների, կարոտների ու միևնույն ժամանակ բերկրանքի ապրում կա: Զսպվածության, չափավորության մեջ խտացված բառեր, զգացումներ, հուզականություն կա:

Այս երկուսի համադրությունն է ստեղծում կատարյալ սիրո պատկերը, ինչը փնտրել է արտիստը երիտասարդ տարիքում:

Եթե «Ի ննջմանէդ» ստեղծագործությունը կատարում է հե՛նց Դպիրի մեղեդիով, «Ի քոյդ սիրոյ» ստեղծագործությունը՝ Վահրամ Թաթիկյանի, ապա «Սերեր իմ...», «Խօշ եար», «Իմ աննման» վերնագրված ստեղծագործությունների մեղեդիները գրել է ինքը՝ Պիպոյանը, և ինքն էլ գործիքավորել է դրանք:

«Ի ննջմանէդ» ստեղծագործությունը ընտրեցի հատկապես այն բանի համար, որ դա միակն էր, որի հեղինակային երաժշտությունը պահպանվել է Սայաթ-Նովայի կատարման շնորհիվ: Եվ քանի որ շատ ցավալի էր, որ նրանից ոչինչ չի պահպանվել, և միայն այդ գործը կա, որոշեցի երգել»,-ասում է արտիստը:

Հավատարիմ է մնացել Դպիրի ստեղծագործությանը: Դպիրի «Ի ննջմանեդ»-ը կրել է նաև մշակութային ներգործություն. դա հասկանալի է, չէ՞ որ նա ապրել և ստեղծագործել է 18-րդ դարի Ստամբուլում: Մշակութային փոխազդեցություններն անխուսափելի են. վերաձևել իր ստեղծագործությունը չի կարելի: Եվ որքան կարևոր է այսօր այդ երգը, որում հեղինակը կոչ է անում իր տանջված հայրենիքին զարթնել դարավոր քնից ու վեր հառնել:

Մեր առջև դրված է մաքուր բարձրավեստ բառը, հնչյունը. որսալ է պետք և վայելել այդ գեղեցկությունը:

Եվ հիմա, երբ ամենից շատ ենք մտածում կյանքի իմաստի ու ունայնության մասին, երևի ավելի պետք ունենք սիրո ապրումի հմայքների: Մաքրված է անցյալի փոշին այդ երգերից, որ բյուրեղացած հասել են մեզ: Դպիրի պոեզիան, որ մարդուն տանում է ինքնամաքրման ճանապարհով, իր հոգևոր կնիքն ունի Պիպոյանի երաժշտության վրա: Եվ պետք է թույլ տանք ինքնամաքրող այդ արվեստը մեր ներսում հորդի. կապրե՛նք այդպես:

 

Վանուհի Բաղրամյան