Պայքար հանուն հիշողության. «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ) լույս ընծայած ևս մեկ կարևոր ուսումնասիրությունն արդեն ընթերցողի սեղանին է: «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունն» անգլերեն հրատարակված  գիրքը, ըստ հեղինակ Րաֆֆի Քորթոշյանի, արդեն հասել է աշխարհի տարբեր ծայրեր, մուտք գործել գրադարաններ ու հուսադրող արձագանքներ ստացել: Հեղինակը վստահ է՝ միայն տքնաջան ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ կարող ենք տերը լինել մեր ժառանգության ու կանխել մեր մշակութային գանձերին սպառնացող նոր աղետները: «ArtCollage»-ի թղթակից Սոֆյա Հակոբյանը գրքի հրատարակության առիթով զրուցել է հեղինակ Րաֆֆի Քորթոշյանի հետ:

Սոֆյա Հակոբյան -Ե՞րբ եք սկսել աշխատել գրքի վրա և ինչ ճանապարհ անցավ այն մինչև ընթերցողի սեղանին դրվելը:

Րաֆֆի Քորթոշյան -Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաև Արցախի վտանգված հայկական քրիստոնեական հուշարձանների միջազգային ճանաչելիության, ըստ այդմ՝ նաև պաշտպանվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված այս գաղափարը ծնվեց 2022 թվականի ապրիլին, իսկ գիրքը տպագրության հանձնվեց հոկտեմբերին: Աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում անհերքելի փաստերով ցույց է տրվում, որ Արցախի քրիստոնեական ժառանգությունն ընդհանուր հայկական ժառանգության անքակտելի մասն է և հստակ ապացույցներով մերկացվում են Ադրբեջանի բոլոր կեղծ թեզերը: Ապա ներկայացվում են 1991-ից ցայսօր Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութերը: Որդեգրվել է նոր մոտեցում՝ փաստերը ներկայացնել նաև թվային տարբերակով՝ QR կոդերի միջոցով՝ առկա իրողությունները  նաև վիզուալ և ավելի ազդեցիկ ցուցադրելու նպատակով:

Երկրորդ բաժնում ներկայացվում են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հայտնված և հետևաբար վտանգված պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների: Չափազանց ուրախ եմ, որ գրքի գիտական խմբագրումը սիրահոժար հանձն առավ արվեստի պատմության պրոֆեսոր (University of California, Davis) Թալին Գրիգորը:

Պետք է նշել նաև, որ գրքում տեղ գտած նյութերի հավաքագրումը մեր հիմնադրամի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է:

Ս.Հ. -Գրքի թիրախային հասցեատերն արտասահմանյան ընթերցողն է: Ակնհայտ է, որ դրսում նման աշխատանքի ծավալման մեծ պակաս ենք ունեցել երկար տարիներ շարունակ: Սակայն արդյո՞ք հայաստանյան հասարակությունը բավականաչափ տեղեկացված է այդ  թեմայի մասին: Բացերը խիստ ակնհայտ են: Հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց գրքի հայերեն տարբերակը նույնպես հրատարակվի:

Ր.Ք. -Հայերեն տարբերակի տպագրություն նախատեսված չէ, սակայն հայկական միջավայրում խնդրի իրազեկությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվում են դասախոսություններ: Այդպիսի երկու հանդիպում այս ամիս արդեն տեղի է ունեցել «PechaKucha» ծրագրի և ԿԳՄՍ նախարարության ու ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կազմակերպած վեբինարի շրջանակներում: Օտար լեզուների շարքում, այս պահին նախատեսվում է միայն ռուսերեն տարբերակի հրատարակումը, որի տպագրման ծախսերը, սակայն, դեռ պետք է հայթայթվեն:

Ս.Հ. -Ադրբեջանը, կարծես, տարիների ընթացքում փոխում է ռազմավարությունը: Եթե առաջին փուլում տեսնում ենք ավելի շատ ավերված եկեղեցիներ, ապա այժմ ավելի հակված են պարզապես ջնջել հենց հայկական հետքը/արձանագրություններն ու հավաստիացնել, թե Արցախի քրիստոնեական կոթողները ալբանական/ուդիական են: Սրանով, փաստորեն, միաժամանակ երեք թիրախի են հարվածում. և´ կասկածի տակ են դնում հայերի պատմական ներկայությունն Արցախում, և´ ապահովագրում են իրենց մեղադրանքներից, և´ հենց հայերին մեղադրում են պատմությունը կեղծելու համար:

Ր.Ք. -Ադրբեջանի հիմնական կեղծ թեզն այն է, թե իբր հայերը տարածաշրջանում եկվոր են: Հետևաբար՝ մշակութակործան պետության ղեկավարների համոզմամբ, պետք է հայկական հուշարձանները կամ վերագրել «ալբանացիներին»՝ վերացնելով հայերեն արձանագրությունները և կեղծելով պատմությունը, կամ՝ ոչնչացնել: Իսկ մեր նպատակը հենց Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը մերկացնելն է:

Բացահայտել ենք, օրինակ, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի կեղծ ապացույցներով «զինված» պնդումը, թե հայերն ամենուր կեղծ խաչքարեր են տեղադրել՝ հուշարձանները «հայացնելու» համար, որը մեր կարծիքով կատարվել է հայկական խաչքարերի համատարած և կանխամտածված ոչնչացումն արդարացնելու նպատակով: Բանն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի մշակույթի նախարարը հրապարակել է Աղդամի Շահբուլաղի ամրոցի որոշ պատկերներ՝ պնդելով, որ այն «հայերի օկուպացիայի ժամանակ ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝ պատի մեջ խաչ է տեղադրվել»։Ակնհայտ է, որ սա պարզապես էժանագին կեղծ քարոզչություն է, քանի որ խաչով նկարում պատկերված է ոչ թե Աղդամի Շահբուլաղ ամրոցը, այլ Վրաստանի Ախալցխա քաղաքում՝ մոտ 600 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ ամրոցի աշտարակ։

Անհերքելի փաստերով կասկածի տակ ենք դնում Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով կատարված հայտարարությունները: Օրինակ, հայկական եկեղեցական արձանագրությունների ոչնչացման քաղաքականությունն արդարացնելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականի մարտի 16-ի հայտարարությունը, թե Հադրութի շրջանի Ծաղկավանքի վանական համալիրի 17-րդ դարի շինարարական արձանագրությունը կեղծ է և պետք է հեռացվի։ Փաստերով ներկայացրել ենք, որ այս արձանագրությունը տարբեր գրքերում ու հոդվածներում առկա է արդեն 19-րդ դարում՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադրումից տասնամյակներ առաջ։

Գրքում անժխտելի փաստերով ցույց է տրվում նաև, որ Արցախի քրիստոնեական ժառանգությունը հայկական ժառանգության անքակտելի մասն է: Օրինակ, նշում ենք, որ հայկական միջավայրում խաչքարի կանգնեցման մասին առաջին գրավոր ապացույցը մեզ է հասել Արցախի Մեծարանից Սուրբ Հակոբավանքից (պահպանվել է միայն խաչքարի պատվանդանը՝ 853 թվականի հայերեն արձանագրությամբ)։ Ինչպես նաև Արցախի Վաղուհաս գյուղում է պահպանվում ստեղծման ստույգ տարեթիվը  հայտնի (866 թ.) ամենահին խաչքարը։ Իսկ խաչքարագործությունը 2010 թվականին  ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում՝ որպես հայկական:

Ցույց ենք տալիս նաև, որ հայերեն արձանագրությունները, որոնք Ադրբեջանը ոչնչացնում է, կարևոր տեղեկություններ են պարունակում հայոց և համաշխարհային պատմության տեսակետից։ Այսպես օրինակ, Հակոբավանքի 13-րդ դարի մի արձանագրությունում հիշատակվում է Էգատեղ անունով կալվածքի նվիրատվությունը վանքին Արցախի թագավոր Ջալալ Ա-ի հրամանով։ Սա հաստատում է արցախահայության դարերի խորքից փոխանցված ժառանգորդության իրավունքը։ Իմ կարծիքով, հենց նշված փաստերն են զայրացնում Ադրբեջանի իշխանություններին և սահմանում Արցախի քրիստոնեական հուշարձանները ոչնչացնելու նրանց քաղաքականությունը։ Այս համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի մղած պատերազմը նաև պատերազմ է նրա մշակույթի դեմ՝ ուղեկցվող մշակութային ցեղասպանությամբ։

Ս.Հ. -Տարիներ շարունակ հայկական կողմը կարծես լուրջ չի վերաբերվել Արցախի մշակութային ժառանգությունը Կովկասյան Ալբանիայի ժողովուրդներին վերագրելու ադրբեջանական միտումին: Մենք ավելի շատ հակված էինք ծաղրել դա, թեև Ադրբեջանը տարիներով է աշխատել այս թեմայի վրա, նույնիսկ`ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Սամվել Կարապետյանը բազմիցս խոսել է այդ մասին, մինչդեռ արդյո՞ք մեր գիտական դաշտը հավուր պատշաճի աշխատանքներ տարել է այդ ուղղությամբ և այսօր`ցավալի դասերից հետո, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանը:

Ր. Ք. -1991 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվել են հարյուրավոր հայկական եկեղեցիներ և վանքեր։ Քանդվել են բազմաթիվ միջնադարյան գերեզմանատներ՝ հազարավոր խաչքարերով և գերեզմանաքարերով։ Հարյուրավոր եկեղեցիների պատմական հայերեն արձանագրությունները ոչնչացվել են՝ դրանք որպես «կովկասյան ալբանական» հուշարձաններ ներկայացնելու նպատակով, բայց միայն 2021 թվականի դեկտեմբերի 7-ին է, որ այս փաստերի հիման վրա կայացվեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Վերջին քսանհինգ տարիների ընթացքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող քրիստոնեական հայկական դարավոր ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է, բայց միայն 2022 թվականի մարտի 10-ին է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում դա հաստատապես նշվեց: Հետևաբար, պետք է առանց վարանելու աշխատել և իրազեկել բոլորին, և նոր միայն հույսը դնել արդար դիվանագետների, դատավորների, քաղաքական գործիչների և գիտնականների վրա:

Ս.Հ. -Հայերի շրջանում երկար տարիներ իշխում է համոզմունքը, թե միջազգային հանրությունը «խուլ և համր է» ու անիմաստ է փորձել որևէ բան հասցնել նրանց: Շատերը վստահ են, որ Ադրբեջանն ունակ է «գնել» ցանկացած գիտնականի և կառույցի: Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ մեր հրատարակած մի այսպիսի գիրքն արժե Ադրբեջանի հրատարակած հազարավոր կեղծ գրքերը....

Ր.Ք. -Այո, դա այդպես է: Իրականությունը ներկայացնող մեկ գիրք կարող է հեղինակազրկել կեղծ 1000 գիրք, բայց նվազագույնն այդ մեկը պետք է լինի: Տեսեք, Ադրբեջանն արդեն 50 տարի է կեղծում է պատմությունը՝ հսկայական միջոցներ ծախսելով, հրատարակված հազարավոր գրքեր և այլ հրապարակային նյութեր, անհաշվելի դրամաշնորհներ և նվիրատվություններ: Իսկ Եվրախորհրդարանը հիմնվելով միայն արդարության վրա դատապարտում է Ադրբեջանի հայկական ժառանգության ժխտման քաղաքականությունը, դրանով իսկ հաստատում, որ այդ բոլոր կեղծիքները մերժված են: Սա ինձ հույս է ներշնչում:

Ս.Հ. -Որոնք են հիմնադրամի մյուս ծրագրերը, որոնց կարող ենք սպասել առաջիկայում կամ որոնք այս պահին աջակցության կարիք ունեն:

Ր.Ք. -Մեր հիմնական նպատակն է ուսումնասիրել և վավերագրել պատմական Հայաստանում և սփյուռքում գտնվող հայկական հուշարձանները, որովհետև հայկական պետականության տարածքից դուրս գտնվող այդ հուշարձանների մեծ մասի գոյությունը վտանգված է՝ հատկապես հայատյացության օրեցօր ավելացող գործողությունների հետևանքով: Այդ ուսումնասիրությունները հիմնականում բաժանվում են երկու մասի՝ գրադարանաարխիվային և դաշտային, որոնք շարունակում ենք իրականացնել անխափան՝ շնորհիվ մեր անձնակազմի նվիրվածության: Կարող եմ ասել, որ հատկապես մեր դաշտային ուսումնասիրություններն ուղղակի մրցավազք է՝ մեր և վանդալների միջև: Բարերարների շնորհիվ վերջին 2 տարում կարողացել ենք բարելավել թե՛ գրասենյակային, թե՛ դաշտային աշխատանքների տեխնիկական պայմանները:

Անցած տարի գործարկվեց նաև Արցախի հուշարձանների որոնման համակարգ մեր նոր կայքէջը, շուտով կգործարկվի նաև Հայկական հուշարձանների որոնման համակարգ կայքէջը: Այս պահին 4 անուն հրատարակություն տպարանում է, մի քանի գիրք էլ նախահրատարակչական աշխատանքների, իսկ մի քանիսն էլ՝ թարգմանության փուլում են: Անշուշտ, թարգմանությունների դեպքում անհրաժեշտ է կրկնապատկել կատարված աշխատանքի ծավալները, քանի որ հայկական մշակույթի միջազգային ճանաչելիության և հետևաբար՝ պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն այս  պահի հրամայականն է:

 

Հարցազրույցը՝ Սոֆյա Հակոբյանի