Պատմության ակնթարթում կորած հսկան՝ Շուշիի թատրոնն ու Խանդամիրյանների ստեղծած մշակութային միջավայրը

Բոլոր ժամանակների փառահեղ հայկական քաղաքներից մեկը՝ Շուշին ոչ միայն ռազմավարական, այլև կրթական ու մշակութային բացառիկ կարևորություն ունեցող կենտրոն էր: Արցախյան ազատամարտի արդյունքում ազատագրման 30 տարիների ընթացքում մասամբ փրկված հսկայական մշակութային ժառանգության բեկորներն այսօր՝ նորօրյա պատմության ցավոտ դասերից հետո, որքանո՞վ ենք տեսնում, ճանաչում ու պահպանում:

Մոսկվայի և Պետերբուրգի մի շարք թատրոններում ու համալսարաններում գործունեություն ծավալած թատերագետ Անի Հարությունյանն ամիսներ առաջ է հայրենադարձվել: Շուշիի թատրոնի շուրջ ուսումնասիրություններ անցկացնող Անի Հարությունյանի հետ զրուցել ենք փառավոր քաղաքի երբեմնի երևելի թատրոնի ու նրանից մնացած ժառանգության մասին:

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց Շուշիի թատրոնի ուսումնասիրությամբ:

-Մոտ 4 տարի առաջ էր, երբ կարդում էի մի հետաքրքիր հոդված Կ.Պոլսում թատերական տարբեր խմբերի մասին, որոնց մասին շատ քիչ բան գիտեի: Իհարկե, գիտեի Պոլսի հայկական թատրոնի մասին, քանի որ թեմային ծանոթացել եմ դեռ ուսանողության ընթացքում, բայց, օրինակ, հույներինը, հրեաներինը սկսեցի կարդալ, բացահայտել: Եվ անխուսափելիորեն հասա, իհարկե, հայկական թատրոնի մասին տարբեր հետաքրքիր նյութերի, ինչից հետո երկար ուսումնասիրություն սկսեցի այս թեմայով: Ինձ հոդված էին պատվիրել 20-րդ դարասկզբի հայ մշակույթի վերաբերյալ, և ես սկսեցի առավել խորացված զբաղվել թեմայով: Սկզբում Կ.Պոլիսն էր ինձ շատ հետաքրքրում, հետո աստիճանաբար խորանալով թեմայի մեջ, մտածեցի՝ Թիֆլիսում էլ հայեր կային, այնտեղ ի՞նչ էր կատարվում այդ նույն ժամանակահատվածում: Հետո մտածեցի Բաքվի մասին և սկսեցի փնտրել ու կարդալ նյութեր, և այստեղ արդեն հասկանալի էր, որ հաջորդ կանգառը պետք է լիներ Շուշին: Եվ դա շատ տրամաբանական էր: Բացի այդ, սկսեցի  արձանագրել, թե ինչպես են ջարդերը, ցեղասպանություններն ազդել հայ մշակույթի վրա, մասնավորապես՝ մշակութային Սփյուռքի ձևավորման վրա: Օրինակ՝ Պոլսից որոշ հատված այսպես գաղթում է Թիֆլիս, որոշ հատված դեռ գնում էր Բաքու, հետո այնտեղ էլ են նոսրանում, թատրոնը գալիս է Շուշի, Շուշիից՝ Ալեքսանդրապոլ, իսկ մի մասը՝ Երևան: Հենց այս տրամաբանության մեջ եմ թեմային մոտեցել: Իսկ կորոնավիրուսի համավարակի օրերին ազատ ժամանակը նպաստեց, որ ավելի շատ կարդամ Շուշիի մասին: Իհարկե, նյութերը շատ քիչ էին, իսկ այն, ինչ կար ռուսերեն էր: Հետո եկա Հայաստան և միտքս այն էր, որ այստեղ հնարավորություն կլինի ավելի շատ կարդալու, թե ինչ է տեղի ունեցել այդ շրջանում: Սակայն ինձ միշտ առավելապես հետաքրքրում են հենց մարդիկ, մարդկային պատմությունները: Եթե Թուրքիայի թատրոնի մասին խոսելիս մենք անպայման նշում ենք Հակոբ Վարդովյանի մասին, նույն կերպ իմ մեջ շատ մեծ հետաքրքրություն առաջացավ, երբ առաջին անգամ լսեցի Նիկիտա Խանդամիրյանի կամ, ինչպես ռուսներն են գրում, Խանդամիրովի մասին: Իհարկե, մեզ նաև շատ հետաքրքիր է խորհրդային շրջանը, ինչպես նաև Շուշիի թատրոնի պատմությունը ազատագրումից հետո: Ինչպես գիտեք՝ այդ շրջանում մի քանի թատրոններ միավորվում են և դառնում խամաճիկների թատրոն: Հիմա, օրինակ, Շուշիի խամաճիկների թատրոնը գտնվում է Գյումրիում, և նրանք դեռ մշտական տարածք չունեն:

-Հատկանշական է, որ Շուշիի թատրոնում խաղում էին ոչ միայն տեղացի, այլև տարբեր երկրներից ու քաղաքներից եկած հայ դերասաններ, որոնք, կարծես, միավորվում էին Շուշիի թատրոնի շուրջ:

-Թե՛ պատմաքաղաքական հանգամանքները, թե՛ կլիմայական պայմաններն ու մի շարք այլ պատճառներ որոշակի շրջափուլերում Շուշիի թատրոնը դարձնում են տարածաշրջանում ամենագրավիչը տարբեր դերասանների համար: Պոլսից, Թիֆլիսից, Բաքվի ջարդերից հետո նույնպես շատ դերասաններ հայտնվում են Շուշիում: Շուշիի թատրոնը, կարծես, ապաստան է դառնում տարածաշրջանի շատ դերասանների համար: Այս առումով շատ հետաքրքիր մշակութային միջավայր է ստեղծվում տարբեր մշակույթների կրող մարդկանց համար, որոնք համախմբվում են Խանդամիրյանի շուրջ:

-Տպավորություն կա, որ Շուշիի թատրոնը ստեղծվել էր հենց որպես հյուրախաղային թատրոն:

-Սա հենց խոսում է այն մասին, որ Շուշիի թատրոնը մշակութային առումով բոլորովին այլ կոնտեքստ ուներ՝ ի տարբերություն Երևանի, Թիֆլիսի, Պոլսո թատրոնների, որոնք ունեին հրաշալի դերասանակազմ, որոնք համախմբվում էին և ստեղծում այս թատրոնները, թատերախմբերը: Շուշիի դեպքում հակառակն է: Այսինքն՝ Շուշիի թատրոնը Խանդամիրյանը ստեղծել է որպես հյուրախաղերի կենտրոն ամառային ներկայացումների համար: Այստեղ ակտիվորեն հյուրախաղերի են գալիս թե՛ Պետրոս Ադամյանը, թե’ Գևորգ Չմշկյանի ամառային ներկայացումներն են այստեղ եղել, թե’ շատ-շատ ուրիշ հայտնի անուններ: Հատկանշական է, որ թե՛ Սունդուկյան էր բեմադրվում, թե՛ «Վարդանանք», և ինքը շատ հետաքրքիր գործունեություն էր ծավալում հենց Ղազանչեցոց եկեղեցու կողքին: Թատրոնի երկրորդ հարկն ուներ հյուրատուն, սա ևս խոսում է այն մասին, որ Շուշին և հատկապես թատրոնը բազմաթիվ հյուրեր էին ընդունում: Փաստացի Շուշի եկողներին հնարավորություն էր տրվում ոչ միայն հյուրընկալվել քաղաքում, այլև ծանոթանալ տեղի մշակութային կյանքին: Առաջին հարկում արդեն գործող թատրոնն էր, երբ ուսումնասիրում ես փաստաթղթերը՝ հասկանում ես, որ սա հստակ գործող թատրոն էր, որը չուներ ֆինանսական խնդիր: Եվ սա միայն Խանդամիրյանների հնարավորույթունների շնորհիվ չէր, այլ Շուշիի թատրոնը որպես կազմակերպություն և որպես առանձին օրգանիզմ լիարժեք աշխատում էր: Թատրոնի խաղացանկը մինչև 1905 թվականը ամեն տարի ընդլայնվում էր: Նայում ես՝ 1901, 1902, 1903 թվականները, ինչպես է ընդլայնվում թե՛ խաղացանկը, և թե ինչպես են աճում ֆինանսները: Եվ թե ինչպես է այդ ամենը միանգամից ընդհատվում 1905 թվականով: Պետք է ասեմ, որ շատ ինքնաբավ և անկախ թատրոնի մասին է խոսքը: Հետագայում շատ դերասաններ իրենց հուշերում գրելու էին այդ թատրոնի շքեղ հանդիսասրահի և այլ արժանիքների մասին: Իհարկե, սկզբում ամեն ինչ սկսվել է թեմական դպրոցի դահլիճից՝ մինչև կկառուցվեր թատրոնի նոր շենքը: Դրանից հետո բազմաթիվ դերասաններ, միավորվելով Խանդամիրյանի շուրջ, սկսում են աշխատել և պարզապես փայլուն խաղացանկ են ձևավորում:

-Խաղացանկում առանձնակի ուշադրություն են գրավում հատկապես թարգմանված պիեսները:

-Այո, և որպեսզի ճիշտ պատկերացնենք դրա կարևորությունը՝ այդ շրջանում Կ.Պոլսում և Թիֆլիսում դեռ չէին սկսել թարգմանել ֆրանսիական դրամատուրգիան: Այս հարցում Խանդամիրյանի դերը շատ կարևոր է: Նա անմիջապես Ֆրանսիայից ստանում էր ոչ միայն ֆրանսիական դրամատուրգիան, այլև տարբեր գրականություն, և դրանք սկզբի համար թարգմանվում էին ռուսերեն: Հատկանշական է, որ Խանդամիրյանը կառուցում է ոչ միայն թատրոն, այլև տպարան, քանի որ զբաղվում էր նաև թարգմանչական գործունեությամբ: Ե՛վ թատրոնը, և՛ տպարանը գտնվում էին հենց Ղազանչեցոցի հարևանությամբ, որի տարածքը պատկանում էր Խանդամիրյանների տոհմին:

-Փաստացի այդ հսկա մշակույթը րոպեների ընթացքում պարզապես ոչնչացվում է 1905 թվականի Շուշիի առաջին ջարդերի ժաանակ ու դառնում պատմություն:

-15 տարիների ընթացքում թատրոնը շատ մեծ ավանդ ունեցավ Շուշին որպես խոշոր մշակութային կենտրոն ներկայացնելու հարցում: Ծանոթանալով արխիվներում պահպանված թվերին՝ հասկանում ես, թե ինչ մեծ գործ է արվել՝ ոչ միայն թատրոնի բազմակի վերակառուցում, այլև ծախսեր, որոնք արվել են, որպեսզի թատրոնն ավելի շքեղ տեսք ունենա, նաև՝ մեծ ներդրումներ, որ ներկայացումները լինեն ավելի կենդանի: 1905-ին տեղի են ունենում ահավոր իրադարձություններ: Հայ-թաթարական բախումների ու դրանց հաջորդած ջարդերի ժամանակ ոչնչացվում է այն, ինչ ստեղծվել էր տասնյակ տարիների ընթացքում: Վաղարշ Վաղարշյանը, որը նույնպես շուշեցի էր, իր հուշերում նկարագրել է, թե ինչպես էր վառվում թատրոնը: Խանդամիրյանը դրանից հետո մեկնում է Թիֆլիս ու բավականին տխուր վախճան ունենում:

-Հնարավոր է արդյո՞ք, որ ավելի ընդլայնեք, ապա նաև հրատարակեք Ձեր ուսումնասիրությունը:

-Ինձ զարմացրեց, որ Սփյուռքի մի քանի կազմակերպությունների, որոնց դիմել էինք ուսումնասիրությունը շարունակելու համար, թեման այդքան էլ չհետաքրքրեց: Բայց դա էլ պրոցես է՝ իր դժվարություններով հանդերձ: Երբ սպասումներ չունես՝ չես հիասթափվում: Դժվարություններ, իհարկե, կան: Կփորձենք այլ հնարավորություններ գտնել, որովհետև միտքս այն է, որ հրապարակվելիք հետազոտությունը լինի շատ փաստարկված, կարծում եմ դա դրսի համար նույնպես հետաքրքիր է, քանի որ շատերը գաղափար անգամ չունեն ոչ միայն Արցախի, այլև հայկական մշակույթի մասին առհասարակ: Իրականում մենք հայկական մշակույթի մասին շատ քիչ բան գիտենք, քանի որ մեր մշակույթի պատմությունն այնքան է խմբագրվել, կրճատվել, որ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Հետևաբար այս հարցերն, ըստ իս, խիստ  օրախնդիր են: Որպես մասնագետ, այդ իրողությունն ինձ համար շատ ցավալի է, որովհետև պարտադիր չէ ինչ-որ բան կորցնել և  նոր միայն այն պոստ-ֆակտում հետազոտել: Լավ կլիներ, որ հենց հիմա հետազոտեինք, օրինակ, Երևանի մշակույթի պատմությունը: Այսօրվա Հայաստանն, այդ առումով, միշտ եղել է տարբեր վայրերից գաղթած մարդկանց հանգրվանը, որոնք փորձել են այդ բազմազան մշակույթը բերել, միացնել մի տեղում: Եվ էդպիսի կենտրոններ միշտ եղել են: Մինչև Երևանն էլ են եղել էդպիսի կենտրոններ, բայց նույն Երևանն էլ եղել է, օրինակ, հենց Շուշիից եկած, այստեղ ապաստանած մարդկանց հանգրվան: Սա էլ է շատ հետաքրքիր: Ինձ համար այս ամենը շատ ավելի գլոբալ գործընթաց է, քան զուտ թատրոնի պատմության մի դրվագ:

 

Սոֆյա Հակոբյան

Նկարները տրամադրել է Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը

... ... ...