Պատերազմում հաղթեց ջութակահարը

Մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում։

Սերգեյ Խաչատրյան

 

Նույն պահին, երբ աշխարհում միլիոնավոր դոլարներ են ծախսվում պատերազմների վրա, կա զուգահեռ մեկ այլ իրականություն՝ ապրելու իրականությունը։

Բեմում աղեղը վերջին պրկված նյարդի պես ստիպում է ունկնդրին շունչը պահած քարանալ․ նա է՝ սև տաբատով, վերնաշապիկով, հասարակ ու զուսպ կեցվածքով։ Աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանն է։

Դահլիճը վախենում է շնչել, որ շնչառությունն անգամ չխանգարի ամենանուրբ նոտաները հափշտակությամբ կլանելու։

Իսկ դրսում պատերազմ էր։ Օպերայի դահլիճում քար լռություն էր․ արկերի ձայնը լռեցրել էր ինքը՝ վիրտուոզը։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց շռնդալից, բացառիկ համերգով՝ նվիրված Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: Ծրագրում՝ Յան Սիբելիուս, Ջութակի կոնցերտ ռե մինոր, Ստեփան Ռոստոմյան, Սիմֆոնիա թիվ 1։ Ստեփան Ռոստոմյանն անձամբ էր ներկա։

(Ծրագրում էր պատերազմը)։

Սերգեյ Սմբատյանի ձեռքերի հրահանգները կատարվում են անվրեպ։

Հակառակորդի սպաների հրամանները՝ նույնպես։

Հնչում են Յան Սիբելիուսի քնարական հնչյունները՝ Սերգեյ Խաչատրյանի մատների ամենանուրբ մեկնաբանությամբ։ Նա Հայաստանում է․ «այն զգացմունքային աշխարհը, որը ես ունեմ, հայկական է»։ Ասում է՝ իր հոգին տանն է։

Դրսում քանդում են տան պատերը։

Իսկ նա ուզում է դպրոց ստեղծել, ակադեմիա. ոչ թե կառույցը, այլ բովանդակություն, դարաշրջան, մշակույթի վերակրթության նոր կերպ։ Կարծում է՝ աշխարհը վերակրթության կարիք ունի։ Ստեղծման, արարման ժառանգականությունը երևի իր նախապապ կարսեցի Դանիելից է․ հացագործ էր Կարսում․ կյանք էր ստեղծում, դրա համար փրկվեց, ու եղան ժառանգները, որ աշխարհին Սերգեյ Խաչատրյան տան։

«Սարսափից հետո մենք կանք, մեր մշակույթը կա, ու մենք ապրելու, շարունակվելու, արարելու ամուր կամք ունենք»,- հավատում է արտիստը։ Այդ կամքով ահա համերգը շարունակվում է, դահլիճը հոտնկայս է ծափահարում՝ ձեռքերն ուժերի ամբողջ չափով գործի դնելով, կարծես դրանք սահմանին արկերի պայթյունները չեն, այլ ջութակահարի առջև թափվող ծափերն են։ 

Հնչում է Ստեփան Ռոստոմյանի սիմֆոնիան։

Մտածում եմ՝ իմաստուն է եղել հայրը Սերգեյի․ դաշնակահարների ընտանիքում չորրորդ դաշնակահարն ունենալը շատ է համարել։ Սերգեյը սովորեց ջութակ նվագել։ Սկզբում անկախ իր կամքից։ Անգամ պարապել չի սիրել։ Հետո․․․ հիմա նվագում է 1740 թվականի Գվարներիի «Իզայի» ջութակը։ Վաստակել է։

Աշխարհի տասնյակ երկրների ամենահեղինակավոր բեմերում ելույթներից հետո միշտ վերադառնում է հայրենիք՝ ի՛ր հայրենակից երաժիշտների հետ նվագելու իր հայրենակից ունկնդրի համար։ Եվ չկա մի համերգ, որից հետո լիարժեք գոհ կլինի իր կատարումներից։ Իր այդ խստապահանջությունն է թերևս նրան դարձրել Սերգեյ Խաչատրյան։

Իսկ մենք ինչո՞ւ նրա չափ ինքնաճանաչ չեղանք։ «Մենք ինքնե՛րս ճիշտ որոշում չենք կայացնում, ինքնե՛րս մեզ չենք օգնում»,-ասում է Սերգեյ Խաչատրյանը։

Ես ուշադիր նայում էի նրա դեմքին ու ձեռքի շարժումներին ու մտածում՝ համաշխարհային մշակույթի կենտրոնում ապրող այս տղան ինչպես կարողացավ այդքան հայ մնալ։ Պատերազմի օրերին, որ այդպես էլ չեն վերջանում, իր ունկնդիրներին, հետևորդներին, աշխարհին իրազեկում է ճշմարտությունը, պատմում է իր ժողովրդի ցավի ու անարդարության մասին։ Դեռ տարիներ առաջ էր՝ Կոմիտասի «Կռունկը» հնչեցնում էր մեծ բեմերում, աշխարհին պատմում էր իր ազգի ցավը, պատմական իրականությունը։ Վարակում էր շատերին, ու տարածվեց «Կռունկը» օտար միջավայրերում, հուզեց մարդկանց, որ հայ չեն, շատ երաժիշտներ փորձեցին իրենք էլ նվագել։

Օտար մշակույթներում ինքնություն պահելը, աշխարհի ամենալուրջ երաժշտական հարթակներում կատաղի մրցակցության պայմաններում լավագույնը լինելը շատ ավելի բարդ է։ 6 տարեկանից պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում սովորելուց, ապա  նաև Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակից սկսած գնացել, հասել է BBC ֆիլհարմոնիկ, Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ․․․ հռչակավոր բեմեր, նվագախմբեր, դիրիժորներ։

Եվ սա ծնողների հետևողականության, իր նվիրումի, Աստծո տված տաղանդի, իր տքնաջան աշխատանքի, չհուսալքվելու, ինքն իր նկատմամբ առողջ պահանջկոտության ու քննադատության արդյունքն է։ Հիշում է ծնողների խորհուրդը՝ լավագույնը լինել նրանում, ինչն ընտրել ես՝ շատ աշխատելով, ջանալով, սիրելով։

Իսկ մե՞նք․․․ «ցավոք սրտի, շատ անգամ իրականությունից կտրված ենք, որովհետև չի կարող պատահել, որ պատմության ընթացքում մենք անընդհատ ենթարկվում ենք ինչ-որ խնդիրների, և միշտ մեղավոր են ուրիշները, չի կարող պատահել»,-ասում է, փաստում է դառը ճշմարտությունը։

Դահլիճը դարձյալ հոտնկայս ծափահարում է արտիստին։

«Էականն ինքդ քեզ վրա աշխատելն է»: Ինչո՞ւ մենք չաշխատեցինք մեզ վրա։

Դրսում եռում էր պատերազմը։ Մենք դեռ չգիտեինք։

«Այստեղ մեծագույն հարգանքի արժանին հայ զինվորն է՝ մշտարթուն կանգնած սահմանին, այստեղ լեռների մեջ այնքան ուժ կա, մեր քարերի մեջ այնքան ցավ կա»,-ասում է, ու ինքը կռվում աղեղով ու հաղթում է։

Մենք աշխարհի անարդարությանը աղեղով ենք հաղթելու, պարտավոր ենք։

Համերգն ավարտվեց։ Սերգեյը գնաց հետնաբեմ։ Դահլիճը լռեց։ Իսկ պատերազմն աղմկում է։

 

Վանուհի Բաղրամյան