Պատարագ ծննդյան

Եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի․․․

Կոմիտաս, Խորհուրդ խորին

 

«Ասում են՝ հարդը գողացել է Վահագնը մի սաստիկ ձմեռ։ Նաև ասում են, որ հարդագողը կռվել է խավարի վիշապների դեմ։ Էլի ինչ-որ բան են ասում մարդիկ, թե երկնային այն լուսաշերտը  ճանապարհին թափված հարդն է։

Ասում են, որ երազողները գնում են այդ ճանապարհով։ Ոմանք հասնում են, ոմանք ճանապարհին են, ոմանք չգիտեն էլ այդ ճանապարհը։ Դուք ո՞ր ոմանքն եք։

Ասում են՝ բարդ է հարդագողների կյանքը։

Կան հոգիներ, որ ծովերի մարգարիտներ ունեն թաքցրած։ Տարիների հետ փորձելու են գողանալ այդ մարգարիտները՝ սերը, նվիրումը, հավատը, գեղեցիկը, ներշնչանքը։ Ուժե՛ղ եղեք, որ չհամարձակվեն։ Ուժե՛ղ եղեք, որ գողանան էլ, չսպառվեք։ Ձեր կամքը դարձրեք պահապան վիշապ՝ ձեր հոգու գեղեցկության ամրոցը հսկող, որ միշտ մնաք այդպիսին, անսասան սկզբունքների ու բարոյական արժեքների մեջ»,-նամակից, որ գրվել է իմ սաներին՝ որպես դաս Չարենցի, որ մեռավ ու հատկապես ապրեց մեզ համար։ Մատաղվեց ու կյանքեր տվեց, զինեց մեզ ոտքից գլուխ, ոչ թե վահանեց, այլ սպանիչ, կործանիչ զենքեր տվեց, որոնք ոչ թե մահաբեր են, այլ վախեցնում են մահին։

Երկնեց երկինք և երկիր։ Ու եղավ Չարենցը։

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,

Երգել փառքը պայծառ սիրո ու հացի․․․

Ասում են՝ կապույտ մոմե ծաղիկ է վերցրել Կոմիտասի դագաղի վրայից ու պահել։ Ասում են՝ դա իրենց միակ հանդիպումն է եղել։

Հնչում է ռեքվիեմը՝ հարդագողների մարշը՝ իրենց ընտրած ճանապարհին երբեք չլռող։

Խորենացին ասաց, որ երկինք ու երկիր երկնեցին հուր-հերով Վահագնին։ Չարենց ասաց՝ նրա մարմինը՝ արնաքամ դիակ, քարշ տվին՝ քաղցած ոհմակներին կեր։ Գայլերն են։ Ուտում են։ Իսկ մեր Վահագնը միֆ է, և գայլը՝ անբուրդ, նիհար, բզկտված ու կողերը լերկ։ Ու կգրի Խորենացին, թե Շամիրամը մերժվեց։ Հիմա հազար արքա ու Արա կպարտվեն նրան, որովհետև այլ է Նաիրին։

Կոմիտաս Վարդապետ․-«Ո՞ւր է մեր խոհական Խորենացին․ թող ելլէ՛ արիւնաքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը։ Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն՝ ընչաքաղցութեամբ։

Սիրտս փլած է»։

Ասաց ու փուլ եկավ վերջին անգամ։

Սա մի՞թե Թումանյանի «Հոգեհանգիստն» է, Աբովյանի «Վերքը» կամ Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը։ Չհավատալ կնշանակի չապրել։ Չարենցը հավատաց։

Կոմիտաս Վարդապետ․ «-Հեռացի՛ր,-պոռաց նա սպառնական,-կորի՛ր աչքիցս։ Ի՞նչ եք ուզում։ Ես չկամ, չկամ․․․, հասկանո՞ւմ եք։ Թու՜հ, թշվառականներ․․․»։

Չարենցը ռեքվիեմում՝ «Օ՜, ուրվական դու վսեմ, Թափառական մեր Յիսուս»,-ասում է Կոմիտասի մասին։ Որևէ մեկը չհամարձակվեց հակառակվել այս մեծ, շատ մեծ համեմատությանը։ Որովհետև ճշմարիտ էր։

Մասիս էր Չարենցը՝ վիթխարահսկա, բարձրահասակ, հաղթանդամ, ամպրոպի պես ահեղագոչ ձայնով։ Սպարապետի պես երբ ոտքը լեռան վրա էր հենում, լեռը հողին էր հավասարեցնում։

«Ն․ Զարյան-Ընկե՛ր Ստալին, ասում են՝ վատ է այն զինվորը, ով չի ձգտում մարշալ դառնալ։ Իսկ ես, ընկե՛ր Ստալին, կաշխատեմ խորհրդային գրականության մարշալ (ծափահարություններ)»։ Չարենցը հոտնկայս․․․ ատում է քա՜հ-քա՜հ-քա՜հ։

Կոմիտաս․-«Ամենասուրբ Երրորդութիւն,

Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն»:

Եղբայրական ազգն անբուժելի հիվանդներ թողեց, որ ապրեն խենթ համարվող չարենցների ու կոմիտասների կյանքի հաշվին։

Որովհետև չկա աշխարհում մի թույն, որ պղտորի արյունը ոգու, որ անձրևի, ցրտի, շոգի, տանջանքի, սովի, հարվածի, մենության, լացի բոցերում է կարծրացել։

Ատում էր լրիվ ու անողոք, աղմկոտ, անթաքույց, նույն կրքով, ինչ որով սիրում էր  կապուտաչյա սիրուհիներին։

Գերմարդ էր․

«Քո անուն, Չարե՛նց,

Ասոնանսն է «Արև»-

Եվ բառն – հանճարեղ»։

Անգամ աշխարհը կարողացավ իր մեջ տանել, հեղափոխություններ, պատերազմներ, նախճիր, արբշիռ եվրոպաներ, չկարողացավ իր մեջ տեղավորել միայն իրե՛ն։ Դուրս եկավ հունից, քարուքանդվեց, որովհետև տեսանող էր, որին վիճակվեց մարտիրոսյալ կյանք։ «Ու վագրի նման վիրավոր» դուրս պրծավ իր ժամանակից, գնաց հոշոտելու լենիններին, ստալիններին, բոլորին։ Դե հա, բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն․․․ հնչում է ռադիոպոեմը։

Երգում է Բակունցը Չարենցի համար Զանգվի ձորում։ Պառկած է վիթխարահսկան ամբողջ հասակով մեկ Զանգվի ափին, գլխարկը քաշել է երեսին, լսում է Բակունցի Կոմիտասին։

Չարենց սիմֆոնիայի մասին շատ է խոսվել։ Պիտի՛ խոսվի։ Շատ են վերլուծել, բայց դեռ անմեկնելի է, ոչ թե որովհետև անհասկանալի է, այլ որովհետև մեծ է, ահռելի, լի խութերով, թաքստարաններով, որ դեռ բացվում են ու բացվելու են։

Գնաց «փառաճեմ» հարդագողի ճամփեքով, որ հարաբիրտ, անանցանելի, գորշ, տաղտակալի երգերով է մշուշված։

Ո՜վ երկինք, պայթի՛ր գլխիս,
Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.․․
Պայթել է երկինքը այսօր ու միշտ, երբ տալիս ես ամենաՉարի անունը ու այդժամ․

Դլե յամա՜ն, Արև դիպավ Մասիս սարին։

 

Վանուհի Բաղրամյան