Պաելյա

Պատուհանները բաց էին քնում, որ երազանքները գան ու իրականանան: Սոնան ամառ-ձմեռ ջերմության կարիք ուներ, Վահեն ամառ-ձմեռ շոգում էր ու նյարդայնանում, երբ մեկը դիպչում էր իրեն: Քրտնողը Վահեն էր՝ տանն էլ, դրսում էլ, ծերացողը՝ Սոնան: Հենց այդպես էլ ասել էր, երբ տասը տարի առաջ ամուսնացան ու սիրուն տեսարանով պատշգամբի խաթեր վարձակալեցին ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Վարդանովնայի բնակարանը, որտեղ ապրել ու մեռել էր ուսուցչուհու մայրը և պահվում էին Վարդանովնայի երջանկահիշատակ նկարիչ ամուսնու՝ անպետք ճանաչված կտավները՝ գարնանային քաղաքի մասին, Սոնան հենց գարնանային քաղաքին նայող պատշգամբում նայեց Վահեի աչքերին ու ասաց.

-Ուզում եմ ծերանալ հետդ:

Մինչև ծերանալը Վահեն պլաններ ուներ: Պիտի տուն առներ, Սոնային պիտի իսպանական Վալենսիա քաղաք տաներ, որտեղ, ասում են, Միջերկրական ծովն ամենաջերմն է շոյում մարդկային հոգնած մարմինները՝ մանավանդ մայրամուտի դեղնակարմիր արևի տակ, և վերջապես պիտի սեփական փոքրիկ ռեստորանը բացեր, որտեղ անձամբ Վահեի ձեռքով պատրաստվելու էր քաղաքի լավագույն պաելյան:

Բայց ի՞նչ է պաելյան: Վահեն քրքրել էր իսպաներենի արքայական ակադեմիայի հանրամատչելի արխիվն ու պարզել, որ «պաելյա» անվանումը ծագում է Վալենսիայի բարբառից և թարգմանաբար նշանակում է «թավա»: Բայց մի անգամ պաելյա կերած մարդուն անհնար է համոզել, որ իր կերածն ընդամենը «թավա» է, ու Վահեն պարզեց, որ «պաելյա» անվանումը ծագում է արաբերենից ու նշանակում է «թերմացք»: Բանն այն է, որ երբ արաբ մեծահարուստ վաճառականները «ջեննեթը» գտնելու հույսով իսպանական ափերին հաստատվելու փորձեր էին անում, ճոխ խրախճանքներից հետո սեղաններին մնացած ուտելիքի թերմացքը խեղճուկրակ նավաստիները լցնում էին մի թավայի մեջ՝ իրար վրա, որ... իրենք էլ կշտանային: Բայց պաելյայի անվանման տարբերակներից Վահեին ամենաշատը դուր էր եկել իսպանացի ձկնորսի պատմությունը: Ըստ լեգենդի` Խորխե անունով վալենսիացի ձկնորսը վերադառնում է ալեկոծ ծովից դատարկաձեռն, բայց քանի որ խելագարվելիս է լինում կնոջ համար, մինչ նա կվերադառնա տուն, հավաքում է տանը եղած-չեղած ուտելիքը, լցնում մի թավայի մեջ ու սկսում եփել: Հետո գալիս է կինը, ձկնորսը բացում է թավան և ասում. «պաելյա», ինչը իսպանական մեկ այլ բարբառից թարգմանաբար նշանակում է «Նրա համար»:

Այն տանը, որտեղ մեծացել էր Վահեն, պատուհաններ չկային: Նկուղում դրանք չեն էլ լինում: Հորը երբեք չէր տեսել, մայրն էլ աշխատում էր սրա-նրա տանը, բայց ոչ թե փողով, այլ ուտելիքի, երբեմն էլ` հագուստի դիմաց: Բարի մարդիկ, կշտանալուց հետո անշուշտ, իրենց սեղանից ուտելիք ու պահարանից հին հագուստ էին տալիս Վահեի մորը, նա էլ մաքրում էր այդ սեղաններն ու պահարանները: Վահեն տարբեր պիջակներով էր դպրոց գնում: Բոլոր պիջակներն էլ մեծ էին տղայի վրա: Շալվարներն էլ, վերնաշապիկներն էլ: Հետո տղան սկսեց օգնել մորը: Մաման ուրիշների տներն էր մաքրում, նրանց համար կերակուր էր պատրաստում, որդին ուրիշների աղբն էր թափում: Էլ ուտելիքը տուն չէին տանում, հենց ուրիշների խոհանոցներում էլ ուտում էին: Վահեն այդ տարիներին հասկացավ, որ աշխարհում իր տեղը հենց խոհանոցն է, որը, պարզվում է, պատուհան է ունենում՝ քաղաքին վերևից նայող: Հենց խոհանոցներից մեկում էլ հանդիպեց Սոնային: Վահեն չգիտեր, որ պատուհան ունեցող տների բնակիչները կարող են խոհանոց մտնել: Վահեն չգիտեր նաև, որ իրենից բացի ուրիշ մարդ էլ կա, որը գիրք է կարդում: Սոնայի ձեռքին իսպաներենի դասագիրք էր: Վահեն ու մաման ապրում էին Հայ-իսպանական լեզվի կենտրոնի նկուղում, հենց իսպաներենի հնամաշ բառարաններն էր Վահեն դնում ոտքի տակ, որ նկուղի առաստաղին կպած օդանցքից նայի քաղաքին, որը Վահեի աչքին միայն քայլում էր՝ տարբեր գույնի կոշիկներով:

Սոնան սկսեց հաճախ գալ խոհանոց: Վահեն դադարեց իսպաներեն բառարանները ոտքի տակ դնել, փոխարենն սկսեց կարդալ դրանք: Հենց իսպաներեն էլ ասաց, որ սիրում է Սոնային: Սոնան ժպտաց, որովհետև սիրահարված էր իսպաներենին, իսկ Վահեն միակ տղամարդն էր, որի հետ կարելի էր խոսել այդ լեզվով:

Խոհանոցը երկհարկանի տան առաջին հարկում էր ու պատուհանից ուղղակի ցատկեցին դուրս:

-Ես քեզ կտանեմ Վալենսիա,-ասել էր Վահեն:

-Եթե նույնիսկ ամբողջ կյանքս պետք է սպասեմ, գալիս եմ,-պատասխանել էր Սոնան:

Սոնայի հայրն ամենևին էլ տակնուվրա չարեց քաղաքը: Միայն հայտարարեց, որ իր աղջիկը չի կարող ապրել նկուղում, ուրեմն նկուղում ապրող Սոնան այլևս իր աղջիկը չէ: Վահեն չթողեց, որ Սոնան նկուղում ապրի: Սոնան Վահեի միակ ձեռքբերումն էր, այն, որն իրեն ոչ մեկը չի տվել: Ինքն է վերցրել: Ուզել է ու վերցրել է: Նկուղից երկու բան վերցրեցին միայն ՝մամայի բաղադրատոմսերի գրքույկն ու մեծ թավան, որը, տեսքից դատելով, բազմաթիվ տներ էր կերակրել՝ տասնյակ տարիներով: Մաման միայն դա էր թողել որդուն: Մաման ժպտացել էր, երբ Վահեն Սոնայի ձեռքը բռնած նկուղ էր եկել: Մաման այդ գիշեր քնի մեջ էլ էր ժպտում, ու Վահեն վստահ է՝ մաման հիմա էլ է ժպտում ու հիմա էլ է քնած:

Մամայի բաղադրատոմսերի գրքույկում աշխարհի համն էր: Հենց այդ գրքույկից Վահեն իմացավ, որ, օրինակ, Չարենցը կոնյակից հետո սիրել է բաստուրմա ուտել, որ, օրինակ, Լյուդովիկոս 14-րդը սիրելի թռչնամիսն ուտելուց հետո ձախ ձեռքը բարձրացրել է վեր ու պարային շարժում արել, ինչը նշանակել է, որ քաղցրավենիքը մատուցելու ժամանակն է, որ, օրինակ, մոնղոլները, արաբները, թուրքերը հիմնականում աղի են միսն ուտում, քանի որ քոչվոր ժամանակներից նրանց նախնիները միսը լավ աղ են դրել, որ երկար ճանապարհներին չփչանա, որ, օրինակ, հայերը հացահատիկի հետ կապված տասնյակ կերակուրներ ունեն, ոչ թե որովհետև համեղ է, այլ քանի որ դա են ունեցել: Վահեն զարմանում էր, թե ինչու այս ամենը գրի առած մաման որևէ ռեստորանում չէր ընդունվում աշխատանքի՝ որպես խոհարար: Հետո Վահեն հասկացավ, որ ի տարբերություն ուրիշի տների, մաման չէր կարող իրեն ամեն օր տանել ռեստորան: Հասկացավ նաև, որ ինքն ուրիշի տներում կերել է այն, ինչը ուտում էին արաբ խալիֆները, մոնղոլ նվաճողները, ճապոնացի կայսրերը, ֆրանսիացի արքաներն ու իսպանացի ձկնորսը, որի կինը տուն եկավ այն օրը, երբ ծովն ալեկոծ էր:

Սոնան ամբողջ օրը տանն էր: Ալլա Վարդանովնայի տանը, որը կարողացել էին վարձակալել, քանի որ Վահեն աշխատանքի էր ընդունվել քաղաքի ռեստորաններից մեկում: Արդեն ոչ թե իսպաներեն բառարաններ, այլ գեղարվեստական գրականություն էր կարդում: Ամեն երեկո ամուսինն ասում էր, որ մեկ օրով մոտեցան իրենց տանը, Վալենսիային, սեփական ռեստորանին: Ամեն երեկո Սոնան ժպտում էր, ամեն օր՝ ավելի ու ավելի թույլ նշմարելի: Մայրը երբեմն զանգում էր դստերը, հորից թաքուն, անշուշտ, ու ցերեկվա ժամերին, որ Վահեն տանը չլինի: Երկուսն էլ լացում էին, երկուսն էլ հիշում էին, երկուսն էլ ծիծաղում էին, քննարկում էին, որոշում էին...Երկուսն էլ սև աչքեր ունեին ու երկուսն էլ դպրոցական տարիներին խաղացել էին Կարմենի դերը: Սոնան հաշվել էր՝ իրենց որքան փող է պետք: Մի անգամ, նույնիսկ, երբ Վահեն ափսեին նայելով հաց էր ուտում, ինքն էլ նայեց մի կողմ ու ասաց.

-Հիշո՞ւմ ես, որ քեզ ասացի՝ ուզում եմ հետդ ծերանալ...Արդեն ծերացել եմ:

Հետո Սոնան դուրս եկավ խոհանոցից, ու Վահեն հասկացավ, որ անում է այն, ինչը պետք է անի, ոչ թե այն, ինչը կարող է: Վահեն քիչ չէր վաստակում: Ալլա Վարդանովնայի տունն էր թանկարժեք, տարիներն էին արագ անցնում, պատշգամբն էլ գաղթակղիչ չէր, Սոնան էր ամառ-ձմեռ մրսում, Վահեն էր ամառ-ձմեռ նյարդայնանում:

Բայց ոչ այդ օրը: Այդ օրը բրնձով ու ծովամթերքով պաելյան պատրաստ էր, ու սեղանին երկու ափսե էր դրված, և Վահեն էր նստած՝ սեղանի մոտ: Ու պատուհանը բաց էր, ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Վարդանովնայի տանը, որտեղ ապրել ու մեռել էր ուսուցչուհու մայրը, որտեղ պահվում էին Վարդանովնայի երջանկահիշատակ նկարիչ ամուսնու՝ անպետք ճանաչված կտավները՝ գարնանային քաղաքի մասին, որտեղ ուշ երեկոյան խոհանոցում սեղանի մոտ նստած էր Վահեն ու չգիտեր՝ որտեղ է Սոնան ու չգիտեր՝ գալո՞ւ է նա:  

 

Հովիկ Աֆյան

Լուսանկարը՝ Տիգրան Վանյանի