Օրն ուրբաթ էր...

Քանի դեռ աշխատանքային շաբաթը հնգօրյա չէր դարձել, Սեդան, մեղմ ասած, տանել չէր կարողանում ուրբաթները: Ուսանողության տարիներից եկած բան էր: Վերջին՝ շաբաթ օրը, վերջին շնչում էր դասի, հետո արդեն՝ աշխատանքի գնում, սպառված, մի կերպ:

Իսկ այ, ուրիշ է հնգօրյան: Ուրբաթները սիրելի են դարձել:

Շաբաթվա հոգնությունը թոթափելու համար որևէ թափառում է պլանավորում կամ էլ՝ հենց վերջին դասն ավարտելու ընթացքում մտքով ինչ կանցնի: Տուն հաստատ չի գնում: Դուրս է գալիս լսարանից ու որևէ ուղղությամբ քայլում, միայն թե՝ ոչ խանութներ. դրանք երբեք չեն գրավել իրեն. ամեն անգամ ինքն իրեն հարց է տալիս՝ ինչպես է, որ աշխարհի գրեթե բոլոր կանայք խանութից խանութ անցնելով են հաղթահարում օրվա ընկճախտը, իսկ ինքը…

Սեդան ունի դրա բացատրությունը:

Մանկությունը…

Լինում էր, որ օրվա առևտրից հետո մայրը աղջկա հետ մեկ-երկու խանութ մտնելու ժամանակ էր ունենում: Հետո պիտի հասնեին գյուղի ավտոբուսին, որը երկու ժամը մեկ էր լինում, պիտի թաղի ընկերուհիներով տունտունիկ խաղային, ցեխով տիկնիկներ ու կարկանդակներ պատրաստեին, ու պիտի մոռանար քաղաքի ցուցափեղկերում շարված խաղալիքներն ու լարովի տիկնիկներին, որոնց ինքը միայն հեռվից պիտի նայեր…

Հիմա ինքը հասուն կին է, ունի հնարավորություն՝ սրտի ուզածը գնելու, բայց հիմա արդեն ցանկություն չունի՝ սրտի ուզածը գնելու. միայն անհրաժեշտը, ու վերջ:

Մտնում է խանութ ու փոխանակ վաճառասրահներով անցնի, առաջին իսկ աշխատակցին հարցնում է իր առնելիքի մասին՝ ունե՞ն դա, թե՞ ոչ, որ ավելորդ տեղը անկապ ժամանակ չկորցնի փնտրելու վրա…

Այդ ուրբաթ ընկերներից մեկի տանը ընտանեկան հրավերք էր: Չափազանց մտերիմ էին, ու ինքն էլ էր հրավիրված: Երկու փոխադրամիջոցով պիտի տեղ հասներ: Իջավ կանգառում՝ հաջորդին սպասելու համար:

Թերևս վաղուց Սեդայի աչքին չէր ընկել մարդկանց կուտակում, որը կլիներ ապաքաղաքական: Այս անգամ էլ, հեռվից նկատելով ոչ ստվար, բայց ահագին մեծ բազմություն, մտածեց՝ հերթական ճշմարտությունն են մեկը մյուսին ապացուցում:

«Հավաքեք ընտրապաստառները փողոցներից:

Հավաքեք օդում կախված ընտրադեմքերին:

Հոգնեցրել ու դառնացրել էին հները: Ժողովրդի հետ սիրախաղի մեջ են նորերը: Հիասթափեցնելու են նաև նորեկները, գիտեմ...

Էս ի՜նչ եք դարձնում երկնային պարգև և որպես երկրային վայելք ընծայված մեն-մի հատիկ կյանքը: Թողեք՝ մեկ օր լինենք ապոլիտիկ: Թողեք՝ մեկ օր ապրենք ինքներս մեզ համար:

Մեզ ներեք, տղերք, որ ձեզանից հետո ապրում ենք, որ ձեզանից հետո կուսակցություն-կուսակցություն ենք խաղում, որ անամոթաբար տակավին երջանիկ պահերի ակնկալիք ենք ունենում…»:

Սա Սեդայի՝ վերջին պատերազմից հետոյի մենախոսությունն էր՝ հայրենիքի կորուստապատ ճամփեքին, կիսավեր օրերի անորոշության մեջ: Նման հոգեվիճակում էր լինում ամեն անգամ, երբ հանդիպում էր ոչնչի չտանող մայրաքաղաքային անզոր հավաքների ու կուտակումների:

Չէ, կարծես թե սխալվում է:

Մի քանի քայլ էլ, երբ նկատեց, որ կանանց ու տղամարդկանց շրջանի մեջ մի կին է պառկած:

Ընկա՞ծ էր, թե՞ պառկած՝ դժվարացավ կռահել…

Գլխատակին՝ պայուսակ՝ մեծ, սև, քրքրված կանթերով, դրսից լիքը, ներսից դատարկ էն զոհրապյան պայուսակներից….

Տարբեր շերտերի հասարակության տարբեր բառապաշարներով մարդիկ: Ամենաաշխույժը բարձրախոսը ձեռքին երիտասարդն էր, որ ինքնակամ համակարգողի դերն էր ստանձնել և հերթով հարցնում էր այն բոլոր գործողությունների մասին, որոնք կնոջ գլխավերևում հավաքվածներն արել էին՝ առանց իր հրահանգներին սպասելու:

Չափազանց գիտակի հայացքով և համոզվածությամբ էր անում իր գործն այդ երիտասարդը, նման այն մարդկանց, որոնք իրենց միջավայրում երկարատև անուշադրության են մատնված լինում, ու մեկ էլ հո՛պ առիթ է հայտնվում, որ թաքնված կարողությունները դրսևորվեն:

Մի բան պիտի ասեր…

Ու հարցրեց՝

-Շտապօգնություն զանգե՞լ եք….

Իրեն պատասխանեցին, որ մի խումբ պատանիներ արդեն արել են դա ու մի կողմ քաշված՝ սպասում են կանչի մեքենային: Այդ խմբի տղաները բարձրախոսով երիտասարդի ճիշտ հակառակ կերպարն էին. լուռ, չերևալու չափ աննկատ, բայց հենց այն, ինչ պետք էր տվյալ պահին, տվյալ տեղում, դա էին անում…

Սեդան ինքն էլ դարձավ կուտակվածներից մեկը:

Ինքն էլ իր մտածածը ասաց:

Ու երևի թե խելամիտ մի բան…

-Հարգելի տղամարդիկ, գուցե թե հեռու գնաք կամ գոնե հետևի կողմում կանգնեք: Եթե հիմա կինը ուշքի գա ու տեսնի ձեզ, անհարմարությունից դարձյալ իրեն վատ է զգալու, որ տեսել եք իրեն այդ վիճակում…

Ոմանք համաձայնեցին Սեդայի ասածին՝ շատ երկակի մի երկու քայլ հետ գնալով, ոմանք տարօրինակ նայեցին՝ էս ով էր, հրահանգներ է ուզում տալ:

Հեռվում կանգնած պատանիները հաստատ համաձայն էին Սեդայի հետ…

Հավաքվածների մեջ լիդեր էլ կար:

Բարձրախոսովը չէր. մեկ այլ, միջին տարիքի տղամարդ: Ինքն էր որոշում՝ տեղաշարժեն կնոջը, թե ոչ, հարցեր տան, թե ոչ, դեմքին ջուր շաղ տան, թե ոչ: էլի ուրիշ ոչեր ու այոներ….

Անգամ սկսեց վիճել մեկ այլ առանձնանալ-ընդգծվել փորձող խրատատուի հետ. նման դեպքերում, դուք հո լավ գիտեք, անգամ նման դեպքերում մենք սովոր ենք հատուկ կարծիք հայտնելուն, մերը առաջ տանելուն, կապ չունի անգամ, թե որքանով է դա անհրաժեշտ օգնության կարիք ունեցողին….

Բոլորից տարբերվում էր կնոջ ոտքերի մոտ պպզած, առողջ ֆիզիկականով, ընդգծված մկաններով, երկարավուն դեմքով ու մորուքավոր երիտասարդը: Երկու ձեռքով մերթընդմերթ խփում էր կնոջ ոտքերին ու հարցնում.

-Մա՞, ա՛յ մա, լսում ե՞ս ինձ….

Հա, որդին էր…

Բաճկոնը գետնին էր ընկած, մորից մի քիչ հեռու: Վերցրեց, մի պահ փորձեց մորը ծածկել աչքերից, հետո, ասես փոշմանելով, դրեց թևատակին….

-Մայր ու որդի քաղաք են եկել,- բարձրաձայն, բայց ինքն իր հետ խոսեց Սեդան…

Մոր բոկոտիկներից մեկը մնացել էր ոտքին, մյուսն ընկած էր կողքին:

Ոչ այնքան տարիքով կնոջ կնճռոտ, անխնամ դեմքը, չորուկ ձեռքերը, ճաքճքած կրունկները, որ չնկատելն անհնար էր, ցավեցրին Սեդային…

 

***

Ու տարան…

Խոնավ կարոտների ափերով տարան, մշտամնա հուշերի բացատ հասցրին, հեռու՜-հեռավոր մանկություն տարան…

-Կրունկներիս մրմռոցից աչք չեմ կպցրել,- հիշեց մոր՝ տարիների հեռվից գրեթե ամեն օր լսելի ձայնը: Ականջներում նստած ցավախառն այդ ձայնը ամեն գիշեր քնելուց առաջ սրբագրում է իր անցած օրը…

Ինքն էլ հաճախ էր դասերից հետո կամ կիրակիներին մոր հետ քաղաք գնում: Թեթև տոպրակներն ինքն էր վերցնում, ավելի ճիշտ, մայրն այնպես էր դասավորում իրերը, որ թեկուզ ծավալով մեծ, բայց քաշով թեթև տոպրակներն հասնեն Սեդային: Մնացածը մայրն էր տանում: Լավաշի կապոցն ուսին, կաթումածունը ձեռքին՝ իջնում էին գյուղի ավտոբուսից: Ոտքով ահագին պիտի քայլեին, հարմար տեղ պիտի հասնեին, մարդաշատ, որ ապրանքը շուտ վաճառվեր:

Մայրը մի պահ աղջկան մենակ էր թողնում, ապրանքի մոտ, ինքը ժամանակն օգտագորոծում էր տան համար անհրաժեշտ առևտուրն անելու վրա, իսկ Սեդային պատվիրում էր, որ գին չիջեցնի, առանց այդ էլ ջրի գնով են վաճառում ունեցածը:

Մինչև մայրը կվերադառնար գնումներից, Սեդան կարգին հոգնած, հաճախ էլ գնորդների կոպիտ ակնարկներից ու անվայել պահվածքից լաց լինելու չափ նեղսրտած էր լինում, սակայն ծպտուն չէր հանում. ախր տեսնում էր մոր տանջանքը:

Մայրը կարողանում էր աղջկա սիրտը շահել. դա այնքան էլ դժվար չէր. ցուրտ օրերին՝ մսով կամ կարտոֆիլով հայտնի կարկանդակներից, մի պլոմբիր պաղպաղակ՝ տաք եղանակի դեպքում…

Ավելի բան պետք չէր աղջկան: Իսկ եթե այնքան գումար էր լինում, որ մայրը շռայլություն անում, աղջկա սիրած գիրքն էլ էր կարողանում գնել, դա արդեն խելքից դուրս ուրախացնում էր Սեդային: Մոռանում էր թե՛ գնորդներից լսած վատ բառերը, թե՛ ընկերների հետ բաց թողած խաղերը, թե՛ չունեցած սիրուն շորերն ու լույսը դեռ չբացված՝ անուշ քնից մոր արթնացնելը, թե՝ խմորը թթվել թափում է, մենակ չեմ հասցնում, վեր կաց՝ միասին գնդենք…

 

***

Գետնին ուշաթափ պառկած կնոջն էր նայում Սեդան և փորձում մտաբերել՝ եղե՞լ է նման բան իրենց հետ, ու, փառք Աստծո, ոչ մի նման դեպք չէր հիշում…

Մայրը մեծ ուժի տեր էր:

Դիմանում էր:

Հետո, երբ արդեն հայրն այլևս չէր մեկնում արտագնա աշխատանքների, մոր կյանքը շատ էր հեշտացել: Հայրը հոգում էր բոլոր հոգսերը…     

-Տեսնես այս խեղճ կինը ի՞նչ ճակատագիր է ունեցել,- դարձյալ բարձրաձայն, սակայն ինքն իր համար մտածեց Սեդան:

Ու մտքերը նորից նրան կտրեցին բազմությունից:

Մոր որբացած մանկությունը շատ անգամ էր արցունք քամել իր աչքերից…

Որքան էլ մայրը հավաստեր, թե ավագ եղբայրն ամեն բան արել է, որ ինքը՝ ընտանիքի կրտսեր աղջիկը, որևէ բանի կարիք չունենար, Սեդան հո գիտե՛ր՝ ինչքանով պիտի դա հաջողված լիներ…

Մոր աղջկական պատմություններն անգույն էին, կիսկատար:

Մի ծիծաղի դեմ՝ լիքը ափ արցունք:

Հետպատերազմյան անհայրություն, որ մտել էր գրեթե բոլորի տները:

Հիմնական ուտելիքը՝ արտերից հավաքած սինձ, կոճղեզ, ցորենի այրված դաշտերում մնացած հասկեր: Մայրը խարմախորով բառն էր գործածում, երբ ուզում էր պատմել, թե ինչպես էին դեռահաս հասկերը կրակի վրա պահում, խորովում, ապա փշրելով առանձնացնում ցորենի հատիկները և ուտում:

Համով էին դրանք. սեփական փորձից գիտեր. իրենք էլ, թաղի ընկերներով, հացքաղի նախընթաց օրերին անում էին դա, բայց ոչ նրա համար, որ սնվելու համար այլ բան չունեին: Անում էին հետաքրքրությունից, իրենց մեծերից լսածը երևի թե ստուգելու համար՝ արդյոք այդքան համով է, որ իրենց ծնողները նման երանությամբ էին պատմում խորոված հասկերի մասին…

Անգամ տասնամյա կրթություն էր ստացել մայրը:

Չի ասի, թե գիրն ու գրականությունը կարևոր են եղել նրա համար. եղբոր թասիբն ու հոգածությունը դարձյալ՝ գյուղում չասեն, թե՝ հայր չուներ, չթողեցին, որ դպրոցն ավարտեր…

Մայրը պատմում էր, որ դպրոց՝ չէ, սակայն կարուձևի դասերին սիրով էր գնում:

Այ կարուձևը իրենն էր ու իրենը, համ էլ, ինչ աղջիկ, որ մինչև մարդու գնալը չկարողանա ձևել-կարել: Ով պիտի երեխեքի մասին հոգար, ամուսնու շալվարները կարճացներ, սկեսուր-սկեսրայրի կիսամաշ շորերը կարկատեր…

Այդպես մշեցի մամն էր բացատրել մորը, իսկ մայրը տեսակետավոր չէր, ինչպես, օրինակ, Բակունցի տիկին Օլինկան ու տիկին Վառինկան. մեկը գերադասում էր մաղաշար թթուն, մյուսը՝ չոր թթուն: Հորական տանը մոր տեսակետը նրա մայրն ու եղբայրն են եղել, հարս գնալուց հետո՝ սկեսուրն ու ամուսինը…

 

***

Հետ եկավ….

Կինը դեռ որևէ նշան չէր ցույց տալիս, թե ինչ-որ բան է լսում կամ զգում:

Ավելի ու ավելի խտացավ բազմությունը: Ճիշտ իր նման, ովքեր իջնում էին այդ կանգառում, ճանապարհը շարունակելու կամ մեկ այլ փոխադրամիջոց նստելու փոխարեն մոտենում էին կուտակված մարդկանց:

Ամեն տարի՝ լսարան մտնելու առաջին օրը, Սեդան, ի թիվս այլ կարևոր խորհուրդների, չի զլանում ասել իր ուսանողներին, որ ուշադիր լինեն իրենց կողքին նստած ընկերոջ նկատմամբ, ծանոթ ու անծանոթ մարդու նկատմամբ, ով կարող է հոգածության կարիք ունենալ:

Միայն չի ասում. ինքն այդպես ապրում է, ու դա տեսնում են շրջապատում: Սովորաբար դասերից մեկին անպայման միացնում է «Անավարտ մենախոսություն» ներկայացման այն հատվածը, որտեղ Խորեն Աբրահամյանը հեռավորին սիրելու հեշտության ու անպատասխանատվության մասին է խոսում. ոչ մի պարտք ու պահանջ չկա, իսկ այ քո՛ կողքին ապրող մարդուն սիրո՞ւմ ես…

Հարցի քննարկումներն ու իրական կյանքից վերցրած տարբեր օրինակները, որոնք պատմվում են հատվածը դիտելուց հետո, շատ անհրաժեշտ մի բան հաստատ ավելացնում են ուսանողների վարքագծին:

 

***

Բավականին ժամանակ էր անցել, այնքան երկար, որ ինքը հասկացավ՝ պայմանավորված ժամին, անգամ մեքենա նստելու պարագայում, չի կարող լինել ընկերոջ տանը, բաց կթողնի ամենահետաքրքիր պահը. պետք է զանգել ու զգուշացնել նրանց, որ չսպասեն իրեն ու սկսեն միջոցառումը: Մտածեց ու մոռացավ. որքան էլ ուզենար լինել ընկերոջ տանը հենց առաջին րոպեներից, գետնին պառկած կնոջ անկենդան թվացող լռությունն ու նրա որդու անպատասխան մնացող խեղճաձայն հարցերը չէին թողնում, թե քայլ աներ:

Էլի մի քանի րոպե…

Չէ, փա՛ռք Աստծո…

Եկավ այն պահը, երբ հավաքվածները հասկացան, որ վտանգը մնաց հետևում:

Շտապօգնության մեքենայի գալուց ընդամենը մի քանի րոպե առաջ կինը հանկարծ  բաց արեց աչքերը, ձեռքն անմիջապես երկարեց ու սկսեց կիսաշրջազգեստի փեշով ծածկել բաց ծնկներն ու սրունքները…

Տակավին ուշքի չեկած՝ առաջին բնազդային գործողությունը:

Սեդան նորից հեռուներում էր…

Մայրը փոքրիկ բուլավկաներ էր տանը պահում, իր համար, քույրերի համար: Լինում էր՝ ինչ էլ անեին, ներքնազգեստների կանթերը մեկ էլ տեսար դուրս էին մնում շորի տակից, երևում էին: Դա կարելի բան չէր. մեկը տեսներ՝ ի՛նչ կմտածեր: Եվ նման դեպքերում բուլավկաները փրկիչներ էին դառնում: Դրանցով կանթերն ամրացնում էին զգեստի ուսատեղերին, որ քայլելիս կամ որևէ շարժում անելիս հանկարծ չբացվեն ու նկատվեն:

Էլի ինչեր ասես՝ չէին խրատում իրենց: Որքան շատ էին ամոթ բաները: Կարծես մի այնքա՜ն հեշտ ու թեթև էր կյանքը, որ հազար ու մի չի կարելի էին հորինում ծնողները՝ այն ավելի բարդ դարձնելու համար:

Ծիծաղը բռնեց հանկարծ, ապա մարեց ու դարձավ մի անմեղ, անուշ ժպիտ, երբ հիշեց կուրսընկերուհիներից մի քանիսին:

Նրանց երկարափեշ զգեստները մինչև լսարան մտնելը մեկ էլ տեսար դառնում էին ծնկներից մի թիզ վերև, ու դրանք նորից երկարում էին, երբ արդեն նստում էին իրենց տուն տանող ավտոբուսները:

Չէ, ինքը նման բան չէր անում: Ոչ թե որ վախենում էր: Ծնողները հեռվում էին, մեծ քաղաքում ինքը ոչ մի ծանոթ, գրեթե ոչ մի ծանոթ-հարազատ չուներ, թե տեսածը տեղ կհասցնեին: Իրեն պարզապես դուր չէր գալիս դա: Դպրոցական ֆորմա-գոգնոցից հետո այլևս երբևէ ցանկություն չի ունեցել կարճափեշ զգեստ կամ կիսաշրջազգեստ հագնելու: Մամերը չէին հագել, մայրը, հորաքույր-մորաքույրերը  չէին հագնում, իրենց հարևան կանայք չէին հագնում, ինքն ինչո՞ւ պիտի ուզենար հագնել:

 

***

Երբ մոտեցավ շտապօգնության մեքենան, բարձրախոսով երիտասարդը, այլևս անելիք չունենալով, քաշվեց մի կողմ. իր դերն ավարտված էր: Կնոջ մոտ չոքած էր մնացել որդին: Այլևս հարց չէր տալիս մորը, փորձում էր հագցնել մի կողմ ընկած մաշված-քրքրված բոկոտիկը, ինչն այնքան էլ չէր ստացվում:

Մեկ-երկու հարցուպատասխան, և շտապօգնության մեքենայով եկածները, հեռվում կանգնած պատանիներից մեկի օգնությամբ կնոջը մի կերպ պատգարակի վրա տեղավորելով, գնացին դեպի մեքենան:

Տղան այն է, ուզում էր բարձրանալ մոր ետևից, երբ հողաթափն ընկավ ոտքից: Անհարմարության ևս մի ալիք անցավ գրեթե 27-28 տարեկան երիտասարդի միջով...

Սեդան ավելի ուշադիր նայեց երիտասարդին, անցյալից մի տաքուկ դրվագ պոկվեց հիշողության խորքից ու եկավ, եկավ կանգնեց աչքերի դիմաց այդ անծանոթ տղայի կերպարանքով. ասես մանկության իր ընկերներից մեկին նայելիս լիներ. գեղջկական, արևախանձ դեմքով, հայկական ընդգծված դիմագծերով, ոսկրոտ ու բարձրահասակ: Քանի դեռ չոքած էր մոր ոտքերի մոտ, բարձրահասակ լինելը չէր երևում, բայց հենց ոտքի կանգնեց, Սեդան հասակով մեկ տեսավ նրան, ու նաև նկատեց, թե որքան ազնիվ ու միամիտ հայացք ուներ, բաց ու բաց, շիփ-շիտակ. թվում էր՝ ինչ հարցնեիր, առանց թաքցնելու կպատմեր, մի բան էլ ավելին…

Չէ, խեղճ չէր. դիպվածն էր երիտասարդին խեղճացրել, կծկել-մի բուռ դարձրել: Միանգամայն պարզ էր, որ քաղաք էին եկել կենցաղային հոգսերով, ու հիմա բոլորովին չնախատեսված վիճակը, գուցեև դատարկ գրպանը մոլորեցրել էին նրան…

Մոտենալու-գրկել կարեկցելու պես մի բան անցավ Սեդայի մարմնով...

Բայց կհասկանա՞ր արդյոք արարքը հենց ինքը՝ երիտասարդը:

Շուրջը հավաքվածների մասին չէր էլ մտածում:

Ընդառաջ գնաց, որ գրկի՞, թե՞ հողաթափը մեկնի տիրոջը…

Երանի՛ չգնար…

Խղճահարությունն ու ցավը քիչ կլինեին…

Հողաթափը պոկված էր, դրա համար էր ընկել ոտքից:

Չհասցրեց ինքը բարձրացնել: Երիտասարդը շուրջը նայեց՝ էլ ով տեսավ, ապա հողաթափերից մեկը ոտքին, մյուսը ձեռքն առած՝ մտավ շտապօգնության մեքենա, նստեց մոր ոտքերի տակ…

Այսքանը…

Եթե միայն չավելացնեմ, որ երբ տեղ հասավ, ներողություն խնդրեց՝ միջադեպ էր տեղի ունեցել: Ու ամբողջ երեկոյի ընթացքում միջադեպ բառի այդօրյա բովանդակ տարողությունը յուրայինների մեջ մեն-մենակ թողեց Սեդային:

 

05.06.2023

Գեղեցիկ Մարգարյան