Օրդուի վերջին հայն ու իր ծուռ աշխարհը

«Հիմա ես ումի՞ց նեղանամ»

Սև ծովի հարավային ափի ամենայուրահատուկ քաղաքներից է Օրդուն: Բարձր երկնաքերերից մինչև հին քաղաքի պատմական թաղամասի նեղլիկ, ծուռտիկ փողոցների ջրափոսեր՝ ամեն բան այստեղ իրարից անկախ է ու միևնույն ժամանակ իրար զուգահեռ:

 

Այդպես իրարից անկախ ու իրար զուգահեռ ժամանակին քաղաքում ապրում էին միանգամից երեք ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, հույներ և թուրքեր:

Այո՛, հայերիս համար գուցե մի փոքր անծանոթ հնչողությամբ, մեզանում հիմնականում անհայտ, բայց նույնչափ ուշագրավ պատմություններով հարուստ գեղատեսիլ Օրդուն, ինչպես այս երկրի գրեթե ամեն քաղաք, չէր կարող չունենալ իր հայկական անկյունն ու անցյալը: Զարմանալի է, բայց ասում են, թե քաղաքի հայերը հույների հետ այդքան էլ լեզու չէին գտնում, փոխարենը Օրդուի թուրքերի հետ ավելի հաշտ հարաբերություններ ունեին: Ինչևէ, այսօր ո՛չ հայերը, ո՛չ հույները Օրդուում տեղ չունեն, վիճելու կամ իրար չհասկանալու տեղ՝ նույնպես:

***

Օրդուի հայերի մասին առաջին անգամ լսեցի Պոլսում: Սև ծովի ավազանի հայերի մասին խոսելիս առաջին միտքն, իհարկե, համշենահայության հետ է կապվում, սակայն այստեղ ինձ ուղղեցին՝ ոչ, համշենցի չեն: Շատ բան հայտնի չէ, թե որտեղից և երբ են եկել Օրդուի հայերը բուն Համշենից դեպի արևմուտք ընկած այս քաղաքը, սակայն գիտենք, որ 1915-ից հետո Թուրքիայում պահպանված եզակի հայկական համայնքներից մեկն էլ հենց Օրդուում ապաստանեց:

Ավելի քան մեկ դար անց Օրդուում մնացած միակ հայի՝ Հարութ ուստայի արհեստանոցը քաղաքի միակ վայրն է, որտեղ հնարավոր է քիչ թե շատ տեղեկություն քաղել տեղի հայության՝ այստեղ անցկացրած վերջին 107 տարվա մասին: Ընտանեկան իրեր, աշխատանքային գործիքներ, անցած դարից մնացած լուսանկարներ, գրամոֆոն և հայերեն Հին կտակարան. սա էր Օրդուի վերջին հայի հարստությունը: Ինքը հայերենին այդքան էլ վարժ չէր տիրապետում. իր աշակերտական տարիներին հայկական դպրոց հայրենի քաղաքում այլևս չկար, եկեղեցի՝ նույնպես: Հիշում էր՝ 1937-ին փակեցին, իսկ հետո ավերեցին եկեղեցին. իր կյանքի ամենամեծ վիրավորանքն էր:

Հարութ ուստան երբեք չէր եղել Հայաստանում: Այդպես էլ չհարցրինք՝ կցանկանա՞ր արդյոք: Ժամանակին բոլորի նման իր հայրն էլ ապաստան էր գտել Աբխազիայում՝ փրկվելով սարսափելի կոտորածից, ավելի ուշ հայերի մի մասի պես որոշել է վերադառնալ հայրենիք՝ Օրդու:

Գ՞ոհ էին իրենց այդ որոշումից... Այդ մասին երբեք չխոսեցին ու չհարցրին: Գուցե այն պատճառով, որ այդ կետից սկսած դա այլևս ոչինչ չէր փոխելու:

Սակայն Հարութ ուստան իր ծնողների այդ որոշումից հավանաբար սրտի խորքում գոհ էր: Ինքն, առհասարակ, ամեն ինչից գոհ էր: Դա էր պատճառը, որ դուստրերը չէին կարողանում համոզել իրենց հետ Պոլիս կամ արտասահման տեղափոխվել: Չէր բողոքում: Միայն այն ժամանակ, երբ հերթական անգամ ձմռան ամիսներին կարճ ժամանակով Պոլիս ճամփորդելուց հետո վերադարձավ հայրենի քաղաք ու տեսավ իր սիրելի արհեստանոցը թալանված, հարցրեց. «Հիմա ես ումի՞ց նեղանամ»...

***

Նապոլեոն Բոնապարտն ասում էր․ «Աշխարհագրությունն է սահմանում ճակատագիրդ»: Օրդուի հին փողոցների պես «ծուռտիկ», յուրահատուկ տարածաշրջանն էլ մեր ճակատագիրն է:

Այս երկրի ամեն քաղաքի պես անպատասխան հարցերի, վիրավորողների ու վիրավորվածների, անդադար փնտրտուքի ու ճակատագրի հետ հաշտվածների մի փոքրիկ անկյուն է միայն միշտ մառախլապատ Օրդուն:

Մենք չգիտենք թե Հարութ ուստայի նման քանի հայեր կան Օրդուից դուրս, սակայն նրանց ամենամաքուր երազանքն ու հավատն առ գոյություն չունեցող խաղաղություն գուցե այս պայթյունավտանգ տարածաշրջանն ու երկրագունդը ոտքի վրա պահող այն փոքրիկ ու անտեսանելի հենարանն է, որը ոմանց համար անմիտ, ոմանց համար «ծուռ» երազների աշխարհ է:

 

Սոֆյա Հակոբյան