«Օղակում» ողջ մնալու և Դեր Զորից Բերդաշեն ճանապարհին կորածների մասին

Իր անվան պես ամուր մարդկանց օրրան է Բերդաշենը՝ ինչ-որ մի ազնվական համբերատարությամբ ու մեծահոգությամբ, հազարամյա պատմության պես մի քիչ հոգնածությամբ հևացող, սակայն՝ ոչ թևաթափ:

Արցախի ամենաանուշահամ գինիներից մեկի հումք հանդիսացող խաղողով հայտնի Բերդաշենն այսօր, ցավոք, առավել հաճախ այլ կերպ է հիշատակվում տեղական մամուլում:

«Բերդաշենում էլի են կրակել հողագործների վրա, չգնանք նկարենք», -երկու ամիս է ասում ենք ընկերներով, բայց այդպես էլ չենք հասնում Բերդաշեն:

Երկարատև անգազ առօրյան Արցախում նաև մասամբ է՛լ ավելի է տարանջատել  գյուղը քաղաքից, մեզ՝ քաղաքաբնակներիս, թողել Արցախի զմրուխտե սարերի զովից զրկված՝ կրկնակի շրջափակման մեջ:

Այնուամենայնիվ, մենք հասանք հերոսական Բերդաշեն, ինքներս էլ «հերոսի» կոչում վաստակելով փոքրիկ գազելի մեջ մոտ 30 հոգով տեղավորվելով: Սա, այժմ, Արցախում տեղաշարժվելու լավագույն տարբերակն է, քանի որ պետության տրամադրած սահմանափակ բենզինով որևէ բնակավայր հասնելու այլ տարբերակ անձնական մեքենա չունեցող և օլիիգարխների ընտանիքում չծնվածներիս համար իսկապես չկա:

Չնայած հարևանների պարբերական և ահաբեկող կրակոցներին, շրջափակման պատճառով սերմացուի սակավությանը կամ գրեթե իսպառ բացակայությանը, Բերդաշենում գարնանացանը, թեկուզ որոշակի ուշացումներով, շարունակվում է, գուցե և այն պատճառով, որ մինչ 44-օրյա պատերազմն էլ այս գյուղը սահմանամերձ էր, իսկ ադրբեջանական կողմից հնչող կրակոցները՝ բերդաշենցիների ականջին առավել սովոր:

Իր տան բակում մի փոքր լոբի, սոխ ու կանաչի է ցանել նաև տիկին Մ.-ն: Քանի որ գազ չլինելու ու բենզինի հայթայթման դժվարությունների պատճառով գյուղի այլ հատվածում գտնվող «բաղերը» գնալ այժմ չեն կարող, ստիպված է բավարարվել այսքանով՝ մի բուռ հողով, մի քանի կապ կանաչիով ու մի քանի փունջ լոբիով:

«Կրակում են, բա ինչ են անում, բայց դե վեջները չի մերոնց, տրակտորներն էսօր էլի դուրս են հանել գործի», -ասում է տիկին Մ.-ն, որին նայելով բոլորովին չես ասի, թե հասցրել է ժամանակին ադրբեջանցիների ձեռքում գերության ժամեր անցնկացնել, այն էլ՝ առաջնեկին սպասելու օրերին:

«Գիտես, Մ. տյոտյան թորքերին պլեն ընկած ա իլյալ, ամուսինն էլ մինչև մհենգ չայ կարում չի խմե, թորքերը էնքան են սոված պհալ, ձեռ առնելավ չայը վեր ածալ ուր առաջ, վեր կարում չի տեսնա», -շշուկով են պատմում գյուղի երիտասարդները:

Ինքը՝ տիկին Մ-ն, այսօրվա պես է հիշում, թե ինչպես էին ամուսնու հետ այդ օրը ճանապարհ ընկել դեպի Մոսկվա՝ հարազատներին տեսնելու: Սակայն ճամփորդությունը սպասվածից կարճ տևեց: Հազիվ էին հասցրել գյուղի սահմանները լքել, երբ ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները մեքենան կանգնեցրին և գերևարեցին զույգին:

«Ինձ նստացրալըն մաշինը, բացատրալըն, վեր ուրանց ՕՄՕՆ-ականներին հայերը գերի են տարած իլյալ, ասալըն՝ քինա, ձերոնց հետ խոսե, մերոնց պեց են թողնում՝ մունք էլ ծեզ: Օզալըն մեզանավ փոխանակում անին լի: Դե, ՕՄՕՆ-ականները մտալըն շենը գողության, մերոնք էլ փըռալըն: Մհենգ թորքերը ինձ էլ պեց են թողալ Նորաշեն, վեր քինամ մերոնց հետ բանակցիմ իբր, պարզվում ա՝ մերոնք ՕՄՕՆ-ականներին արդեն սպանալըն: Թա վերջը ինչ օրն են քցալ թորքերը մեր մարդին, չասիմ: Ես էլ առաջին խոխավս հղի, բայց ինձ թակալ չըն, ինչ ճիշտն ա ճիշտն ա», -իր կյանքի ճակատագրական դրվագն է հիշում բերդաշենցի Մ-ն, որը մեր սերնդին պատմական ֆիլմի մի դրվագ է հիշեցնում, բայց դանդաղորեն սկսել է տեղափոխվել նաև մեր իրականություն:

Այսօր արդեն երկրորդ՝ կրտսեր զավակին նշանել, սիրելի հարսի և ինձ համար թեյ, քաղցրավենիք ու Բերդաշենի ավանդական «տոպ» կոչվող բույսի շատ յուրահատուկ ու նույնքան համեղ թթուն է դնում սեղանին: Երկրորդ «Օղակ»-ն է վերապում տիկին Մ-ն, Բերդաշենն ու Արցախը: Այստեղ մեծահոգի ժպիտով են հիշում՝ առաջինն ավելի դժվար էր:

«Է՛ բալաս, ճյուրը եղը ածալ ընք, օրիշ պեն չի իլյալ ածելի: Խե ստի օրեր ենք տեսալ… Չես հավատա, բայց ես վստահ եմ, որ լավ է լինելու», -շատ հաստատակամ ասում է տիկին Մ-ն ու ի պատասխան թշնամու այդքան մեծաքանակ լինելու շատերի պնդումներին հանգիստ ժպիտով հավելում՝ «Ոչխարն էլ է շատ, ի՞նչ անենք»:

Նույն կարծիքին է տիկին Մ-ի որդին, որը ո՛չ իրեն, ո՛չ գեղեցկադեմ հարսնացուին Բերդաշենից բացի այլ տեղում չի պատկերացնում:

«Իմ խոխան շենի հետ շատ ա կապված: Ես էլ կռվի վախտ մինչև վերջ կացալըմ, տղաս զոռավ ինձ տյուս հանեց», -խոստովանում է Մ. մորաքույրը:

«Ոնց պտտվում ենք, ինչից խոսում ենք, ինչ էլ անում ենք՝ չի ստացվում կռվից չխոսալը, բոլոր թեմաները գալիս են դեպի պատերազմ էս 3 տարում», -դժգոհում է 22-ամյա Ասպրամը:

Բայց իրավ, կարո՞ղ ենք այլ բանի մասին մտածել ու խոսել, երբ Բերդաշենում մութն ընկնելուն պես քայլելն այլևս անվտանգ չէ, երբ մի քանի տասնյակ տարի առաջ Բերդաշենում դաժանաբար սպանված երեխայի ահասարսուռ պատմությունն այլևս այդքան էլ անիրական ու մեր սերնդի հետ կապ չունեցող դեպք չի թվում, երբ Բերդաշենի եղբայրական գերեզմանոցը անկախության տարիներին միայն ընդլայնվել է, և վերջապես՝ երբ մեր կողքին է Անին, Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Անին, որին նոյեմբերի 9-ի գիշերը սկզբում վատ երազ է թվացել, մինչդեռ Անին դեռ արթնանալ չի կարող, քանի որ Բերդաշենից ներքև իջնելով ու անցնելով Ամարասը չենք կարող թեքվել դեպի մեզանից մոտ 20 րոպեի հեռավորության վրա գտնվող Մարտունու Շեխեր ու Հադրութի Մեծ Թաղեր:

«Դուք ձեզ երբևէ հնացած, թերթված լրահոսի մի մաս զգացե՞լ եք », -վերջերս հարցրեցի ընկերներիս:

Որովհետև ինչ-որ մի տեղ, ավելի ճիշտ՝ շատ տեղերում 44-օրյա աղետի ցավի հետ հաշտվելով, ցավի աչքերին ուղիղ նայելուց խուսափելով, ինքներս մեզ ու մեր հոգիները խնայելով, դեպի առաջ նայելով ինքնանփոփ, նոր ու լռակյաց մի կյանք սկսել կարող ենք, բայց Արցախում՝ դեռ ոչ: Արցախում մի օր արթնանալ ու առաջ գնալ դեռ չենք կարող: Այսօրվա Արցախում մենք կա՛մ անցյալում ենք մնացել, կա՛մ անցյալից է՛լ ավելի ցավեցնող իրականության մեջ, որը մեզ հուշում է, որ 44-օրյա աղետն անգամ բավական չէր ավելի լավը դառնալու համար և իրականություն, որտեղից անգամ փախչելու տարբերակ չկա այլևս: Տեղ, ուր չհիշելու, չխոսելու, մեր «խաչը» չտանելու տարբերակ չկա այլևս:

 

***

Հենց Բերդաշենում, ապրիլի 23-ին ստացանք Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի լուրը: Այդ գիշերն իմ կյանքի ամենաանելանելի ու իրական ապրիլի 24-ն էր: Շրջափակված ապրիլի 24-ը միակն էր, թերևս, որ կհիշեմ իմ կյանքում: Որովհետև այն նշանակում էր, որ ես, իմ հարազատները, ընկերներս, Սփյուռքը, Արցախը, Հայաստանը, բոլորս միասին կորցրել ենք վերջին 108 տարին:

Նշանակում էր, որ ոչ միայն Արցախի հարցն է զրոյական կետում, այլև Դեր Զորի միջով մեր գաղթից հետո բոլոր մաքառումները, և մնացել է միայն մեկ կետ, որտեղից մենք նորից կարող ենք սկսել՝ փաստը, որ ողջ ենք: Դեր Զորից հետո, Արցախը չպահելուց հետո, դարեր անց վերականգնված պետականության հիմքերը խարխլելուց ու անկախ Հայաստանի սահմանների ամենակարևոր բարձունքները կորցնելուց հետո: Ողջ ենք: Եվ սա այն ամենն է, ինչ ուզում էին մեզանից Դեր Զորից ողջ դուրս չեկածները, Շուշիի բարձունքից չիջած եղբայրները, Արարատի մյուս կողմում մնացած ու մոռացված Այշե դարձած Լուսինները, Այհան դարձած Հակոբները: Մեր ողջ մնալը: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել Արցախի մուտքի մոտ անցակետ դնողներին: Բայց սա ամենը չէ, ինչ պահանջում է մեզանից պետականությունը, ասել է թե՝ ողջ մնալու մեջ մեր հարատևությունը: 

 

Սոֆյա Հակոբյան

 

... ... ...