Նոր գիրք

Պապան գրում էր ծովի մասին, թե որքան կապույտ է այն, որքան խորը, որքան թեթեւ, նուրբ, ուժեղ: Հետո պապան ծեծում էր մամային: Ծովի ու ծեծի արանքում օղին էր: Պապան գրելուց առաջ չէր խմում, դրա համար էլ ծովի մասին էր գրում: Խմում էր գրելուց հետո, դրա համար էլ ծեծում էր: Մաման սիրուն էր՝ կապույտ աչքերով: Պապան մամային տեսնելուց հետո որոշեց, որ ծովի մասին պիտի վեպ գրի ու գրում էր: Փակվում էր իր սենյակում ու խմած դուրս էր գալիս: Ամենալավը էն պահերն էին, երբ պապան սենյակում փակված էր, որովհետև միայն այդ ժամերին էր ծովը կապույտ. սենյակից դուրս արնագույն գետեր էին:

Բայց ոչ միշտ: Մեկ-մեկ տուն էր գալիս մի մարդ, որը բեղեր ուներ, կլոր փոր ու աջը ծակ կոշիկ: Միայն նա կարող էր մտնել պապայի սենյակ: Մտնում էր, մի ժամից դուրս գալիս, ինչ-որ թղթերով ու գնում էր: Այդ օրերին մենք համով բաներ էինք ուտում՝ մսից: Այդ օրերին ծովը մնում էր կապույտ: Այդ օրերը երկու ամիսը մի անգամ էին լինում:

Հացի մաման էր գնում, ամանները մաման էր լվանում, ճաշը մաման էր եփում, սուրճը մաման էր պատրաստում, պապայի սիգարետը մաման էր առնում, օղին էլ: Գիշերը քնելուց առաջ մաման էր մեր կողքը նստում, առավոտյան մամայի համբույրներից էինք զարթնում: Մաման միշտ տանն էր, մաման միշտ դրսում էր: Մաման միշտ սիրուն էր ու ծերանում էր:

Մի անգամ պապան եղբորս էլ ծեծեց: Պապայի սենյակի դուռը բացվել էր ու եղբայրս գլուխը ներս մտցրեց, ինչպես Կապույտ մորուսի հեքիաթում: Պապան նկատեց ու կանչեց ներս: Հետո դուռը փակվեց, հետո բացվեց, ու եղբայրս կարմիր թշերով դուրս եկավ: Պապայի մատները հաստ էին ու երկար, եղբորս թշերի վրա չէին տեղավորվել: Հետո պապան իր սենյակի դռան վրա մի ցուցանակ փակցրեց՝ Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է: Եղբայրս վրեժ լուծեց. մատիտով ու փոքրիկ տառերով տակը գրեց՝ Մահացու վտանգավոր է:

Ես էլ, եղբայրս էլ սիրում էինք դպրոցը. այնտեղ ինչ ուզում, անում էինք: Չնայած՝ ես ու եղբայրս երբեք չէինք բացում փակ դռները: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր ընկերները վազում՝ ծեծում էին տնօրենի կամ ուսուցչանոցի դռներն ու փախչում, մենք հեռվում կանգնում էինք ու հեռվից հետեւում էդ փոքրիկ ուրախությանը կամ չարաճճիությանը: Մեզ դպրոցում սիրում էին, ոչ թե որովհետեւ մաման գիշերներն անքուն էր մնում ու մենք գերազանց էինք սովորում, այլ քանի որ մենք սիրված ու հայտնի գրողի որդիներ էինք:

Նոր ուսումնական տարվա գրականության առաջին ժամին ուսուցիչը մեզ ոտքի կանգնեցրեց, ու մեր բոլոր ընկերները մեզ ծափահարեցին: Պարզվեց, որ գրականության ժամին պապայի գրածներն էլ ենք անցնելու: Ուսուցչուհին ասաց.

-Սիրելի՛ երեխաներ, այսօրվանից մենք մեր գրականության այլ մեծերի շարքում, պատիվ ունենք ուսումնասիրելու նաև մեծանուն Տիգրան Ավետի՝ լույսի պես պայծառ, սարերի պես բարձր, գետակների պես զուլալ ծովագրություն-գրականությունը, որը մի վսեմ ձոն է մեր ժողովրդի հավերժ երազանքին, այն է՝ ծովը: Եվ մի կարևոր բան էլ, ինչպես տեսնում եք՝ ձեր ընկերները հրաշալի են սովորում և հրաշալի մարդիկ են մեծանում, ինչը նշանակում է, որ Տիգրան Ավետը ոչ միայն տիեզերական գրող է, այլև բացառիկ մանկավարժ ու ընտանիքի հոգատար հայր: Եկեք ծափահարենք մեր օրերի հանճարի որդիներին, որ արժանի լինեն իրենց հոր անվանը:

Ես չէ, բայց եղբայրս իրենց դասարանում ասել էր, թե պապայի անունն ախր Տիգրան Ավետ չէ, Տիգրան Ղազարյան է, քանի որ մենք Ղազարյան ընտանիքն ենք: Ուսուցչուհին ժպտացել էր ու պատասխանել, որ փաստորեն մեր հայրն իր բոլոր արժանիքներով հանդերձ, այնքան համեստ մարդ է, որ տանը, իր որդիներն անգամ չգիտեն նրա գրական կեղծանունը:

Մենք պապային չասացինք, որ դպրոցում ուսումնասիրելու ենք իրեն: Մենք պապայի հետ չէինք խոսում: Բայց մաման ժպտաց, նույնիսկ համբուրեց երկուսիս ու ասաց.

-Եկեք հաց ուտենք:

Պապան իսկապես սիրուն էր գրում: Ես նկատեցի, որ եղբայրս գրականության դասագրքի մեջ՝ պապայի նկարի կողքին, գրել էր մարդասպան, բայց պապայի գրածները կարդալով՝ ինձ թվում էր, որ երբեք չեմ մեռնի, ոչ մի դեպքում չեմ խորտակվի ծովում, որ աշխարհում ոչ մեկը, նույնիսկ նրանք, որոնք ապրում են օվկիանոսի ափին ու որոնց մասին այնքան սիրուն խոսում էր պապան, այդքան լավ չգիտեն ծովը, որքան պապան: Ես սկսեցի սիրել պապային: Եղբայրս ինձնից 4 տարով մեծ էր:

Բեղերով, կլոր փորով ու աջը ծակ կոշիկով մարդն էլ չէր գալիս: Փոխարենը գալիս էր մի գեղեցիկ կին՝ կարմիր մազերով ու բարձրակրունկ ընտիր կոշիկներով: Մենք այդ օրերին սկսեցինք նաև տորթ ուտել, մեկ էլ մաման պապայի համար մի սիրուն վերնաշապիկ գնեց: Պապան ժպտաց, ու այդ օրը ընտանիքով ընթրեցինք: Եղբայրս շատ սոված չէր, արագ վերջացրեց ու գնաց մեր սենյակը: Բոլորս լուռ էինք, ու ես այնքան հարցեր ունեի՝ պապայիս: Մաման ձուկ էր եփել: Պապան խելագարվում էր ծովային խոհանոցի համար:

-Շատ համով ա,-հանկարծ ասաց պապան, ու ես զգացի, որ քաջ տղա եմ:

-Պա՛պ, գիտե՞ս դպրոցում մենք քո գրածներն ենք սովորում,-ասացի ես:

Պապան ոչինչ չասաց: Մաման մի պահ անշարժ նստեց ու սկսեց ամանները հավաքել: Պապան վերջացրեց, ձեռքերը մաքրեց ու աթոռից վեր կացավ: Նա արդեն իր սենյակ էր մտնում, երբ հանկարծ կանգնեց ու ինձ կանչեց: Մաման սփրթնեց: Ես ոչ թե տեսա, այլ զգացի, որ մեր սենյակի դուռը բացվեց, ու եղբայրս դուրս եկավ սենյակից: Պապան նորից կանչեց ինձ, ավելի բարձր ձայնով: Հանկարծ եղբայրս նետվեց դեպի պապան ու սկսեց հարվածել նրան.

-Ձեռք չտաս, եղբորս չկպնես, լսո՞ւմ ես, մարդասպա՛ն,-ասաց նա՝ պապային հարվածելով:

Պապան երկու ձեռքերով ամուր գրկեց եղբորս ու սեղմեց: Ցավոտ, որովհետև եղբայրս ա՜խ բացականչեց: Հետո պապան համբուրեց եղբորս ճակատը: Ես նկատեցի, որ մաման լացում է, եղբայրս կարմրել էր, ու ինքն էլ սկսեց լացել: Զգալով, որ նա հանգստացել է, պապան բաց թողեց եղբորս: Եղբայրս հետ-հետ էր քայլում, նա սկսեց բարձրաձայն լացել ու փախավ մեր սենյակ: Հայրս նորից կանչեց ինձ, այս անգամ ժպտալով:

Երբ մտա հորս սենյակ, այնպես էի քայլում, ասես թանգարանում եմ, որտեղ նույնիսկ գետնին թանկարժեք բաներ կան: Պատերից մեկին պապան ծով էր նկարել, հենց դրա դիմաց էլ դրել էր իր աշխատասեղանը, որի վրա լիքը թղթեր կային: Մյուս պատերին ես ինչ-որ գրություններ նկատեցի, դրանցից մեկը հիշում եմ. Գրողի ընտանիքում մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ մի պարզ բան, երբ գրողը նայում է պատուհանից, նա նույնպես աշխատում է. Արթուր Ռեսքոու: Ես չհարցրեցի պապային, թե ո՞վ է այդ Ռեսքոուն, ես այդ պահին ինձ զգում էի մի տեղ, որտեղ մինչև հիմա ոչ մեկը չի եղել, որը ոչ մեկը չի բացահայտել, չի էլ բացահայտելու: Ես գանձարանում էի, որտեղից սակայն օղու ու կեղտոտ նասկու հոտ էր գալիս, ինչը, սակայն, ինձ չէր խանգարում, որովհետև պապան ժպտում էր՝ ուշադիր հետևելով իմ ապշած դեմքին, որը մի պատից մի պատն էր լողում՝ այնքան կարդալու ու տեսնելու բան կար: Այնքան հասկանալու ու զգալու բան կար:

Պապան նստեց իր աթոռին ու ասաց, որ մոտենամ իրեն: Հետո նա երկու ձեռքով բռնեց իմ երեսը, նայեց աչքերիս մեջ ու ասաց.

-Դու կարդո՞ւմ ես իմ գրածները:

Ինձ թվում էր, որ խոսել չեմ կարող, դրա համար ուղղակի գլուխս հետ ու առաջ արեցի:

-Գիտե՞ս, մաման չի կարդում,-ասաց պապան ու երևի փոշմանեց, որ ասաց, քանի որ թողեց գլուխս, թեքեց իր հայացքն ու վառեց սիգարետը:

-Մաման շատ սիրուն ա,-չգիտեմ ինչ ու չգիտեմ ինչու ասացի ես:

Պապան ժպտաց: Նա սիգարետից ազատ ձեռքով շոյեց երեսս, ու ես զգացի, որ տաք է, որ պապայի երակներում արյունը սառը չէ, ինչպես պնդում էր եղբայրս, երբ մաման գնում էր մեր սենյակից, ու մենք մի քիչ խոսում էինք՝ քնելուց առաջ:

Հանկարծ նա ոտքի կանգնեց: Մոտեցավ դարակին ու այնտեղից մի փոքրիկ բան հանեց: Ծովանկար էր, որտեղ ծովը խաղաղ-խաղաղ էր: Պապան նկարն ինձ տվեց ու ասաց.

-Սա միշտ պահիր մոտդ: Ամեն անգամ, երբ հաց ես ուտում, նայիր ու փորձիր ժպտալ: Ամեն անգամ, երբ հաց չունես ուտելու, նայիր ու փորձիր ժպտալ:

Ես վերցրեցի նկարը:

-Իսկ հիմա գնա,-ասաց պապան ու նորից նստեց իր աթոռին,-չնայած…կխմե՞ս հետս մի բաժակ:

Ես կարկամեցի ու գլուխս աջ ու ձախ արեցի: Պապան ժպտաց.

-Ապրես: Ուրեմն գնա…Իսկ մաման,-պապան դադարներով էր խոսում,-մաման…Մաման սիրուն ցամաք է, որին երբեմն հարվածում են ծովի ալիքները: Լավ կպահես նկարը:

Ես հետ-հետ քայլելով դուրս եկա պապայի սենյակից: Ես ուզում էի մնալ պապայի սենյակում: Ես ուզում էի առաջինը կարդալ, թե նա ինչ է գրում: Պապան ոչ միայն սիրուն էր գրում, այլև գրելիս էր սիրուն շարժվում: Ես չգիտեմ, թե նա ինչպես է ծեծել եղբորս, մամային, ես գիտեմ, որ ծեծել է, ես տեսել եմ, որ ծեծել է, բայց ես չգիտեմ, թե ինչպես է նա դա արել: Ես չեմ հավատում, որ արել է…Մաման պապայի դռան մոտ անհանգիստ կանգնած էր: Մաման էնքան նման էր պապայի աշխատասեղանի դիմացի պատի նկարին…

-Որտեղի՞դ ա խփել,-ասաց եղբայրս, երբ մտա մեր սենյակ:

-Սրտիս, -առանց իրեն նայելու, չգիտեմ որտեղից հորինեցի ես:

-Մարդասպա՜ն, -գոռաց եղբայրս:

Մաման մեր սենյակ վազեց: Նա ինձ էր նայում: Միրգ էր բերել, որ ուտենք: Հանկարծ եղբայրս մի մեծ խնձոր վերցրեց ու վազեց դեպի պապայի սենյակը, որ խփի դռանը: Մաման գոռաց եղբորս հետևից, որ չանի: Եղբայրս հասավ պապայի փակ դռանն ու հանկարծ…ձեռքն իջեցրեց, խնձորը դրեց պապայի դռան տակ ու վազեց հետ:

Հաջորդ առավոտ մեր տուն լրագրողներ ու լուսանկարիչներ եկան: Պապան նոր գիրքն ավարտել էր ու սենյակի դուռը բացել: Ես նկատեցի, որ խնձորը գետնին չէ: Լուսանկարիչները նկարում էին պապայի սենյակը: Նրանցից մեկը խնդրեց, որ ես, մաման ու եղբայրս պապայի հետ նկարվենք: Մաման առաջարկեց տան հյուրասենյակում նկարվենք, որովհետեւ այնտեղ կահույքն ավելի հարմարավետ է: Լուսանկարիչը պնդեց, որ ինքն ուզում է՝ ծովապատի ֆոնին մեզ նկարի: Պապան ժպտաց ու բոլորիս ներս կանչեց: Մաման պինդ բռնեց եղբորս ձեռքն ու երկուսով ներս մտան, ես էլ նրանց հետևից: Կանգնեցինք պատի մոտ, ու պապան եկավ կանգնեց մեր կողքին: Լուսանկարիչը մի աթոռ բերեց, որ պապան նստի, նրա հետևը մաման կանգնի, մամայի աջ ու ձախ կողմերն էլ մենք՝ եղբայրներով: Պապան նստեց:

Լուսանկարում մաման ձախ ձեռքը դրել է պապայի ուսին, աջով եղբորս է գրկել: Եղբայրս դողում է, բայց լուսանկարի մեջ դա չի երևում: Ես ինքս ինձ համար կանգնած եմ, պապան իր աջ ձեռքը բարձրացրել ու մամայի ձախը բռնել է: Բոլորս ժպտում ենք: Պապան նոր գիրք է գրել: Մենք նոր գիրք ենք գրել:

 

Հովիկ Աֆյան