Նահանջելու էլ ո՛չ ժամանակ, ո՛չ տեղ է մնացել

Հաղթանակը ուժ է պահանջում, պարտությունը՝ արժանապատվություն

Լուռ ու մառախլապատ են Քարվաճառի լեռները։ Ամուր, վսեմ, գեղեցիկ ու խրոխտ լեռները։ Չհասկացված, չճանաչված, չլսված Քարվաճառն իր միշտ լուռ ու համբերատար լեռներով։ 

Հաղթանակը ուժ է պահանջում, պարտությունը՝ արժանապատվություն։ Սա այն միտքն է, որ թույլ է տալիս ինձ չխենթանալ՝ Քարվաճառի լեռներին «վերջին» անգամ նայելիս։ Որևէ կերպ չեմ խնդրում տիեզերքին, որ իրադարձությունների ընթացքը փոխի, Դադիվանքը «հետ» վերադարձնի մեզ, Քարվաճառի լեռները թույլ տա՝ գրկեմ, տանեմ տուն։ Բայց խնդրում եմ, որ իմաստություն ու համբերություն տա արժանապատվորեն դուրս գալ փորձությունից, որը երբեք, երբեք պատահական չի գալիս։

Երկար նայել չեմ կարող, որովհետև պիտի շարունակենք ճանապարհը, խցանում է։ Սարսափելի, վախեցնելու չափ շատ է դեպի Քարվաճառ շտապողների հոսքը։ Դադիվանքը տեսնել ցանկացողները շատ, ուշացած շատ են, Քարվաճառի անտառները հատել պատրաստվող ու «թուրքին թողնել» չցանկացողները, այս լեռներն այդպես էլ սիրել չսովորածներն անտանելի շտապողական ու կրկին շատ են։ Պետք է շարժվել։ Եվ հետո՝ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Աճելու, աճեցնելու, մաքառելու, նորից քարից հաց քամելու ու «Նոր Գետաշեններ» կառուցելու։ Որովհետև հաղթանակած երկրով հպարտանալն ու այն սիրելը հեշտ է, վիրավորին ապաքինելը՝ անդադար շարժ, հավատ ու քարե կամք պահանջող փորձություն։

Մեկդարյա շարժման մեջ ինչե՞ր բաց թողեցինք։ Երևի ճշմարտությունը շրջանցեցինք, անցանք։  Անին, Վանն ու Մուշը տարածքով, փառահեղ տեսարաններով ու վանքերով, այնտեղ տնկված դրոշներով չէ, որ «մերը» պիտի լինեին ու կամ չլինեին։ Մերը պիտի դառնար այն ճշմարտությունը, որն իրենց մեջ կրում էին Անին, Վանն ու Մուշը, ճշմարտությունը, որին մենք այդպես էլ չհպվեցինք կամ չցանկացանք հպվել։

Հիմա էլի մենք ենք ընտրելու․ գնալ ճշմարտությա՞ն, թե՞ մեր ականջին հաճելի թվացողի հետևից։
Կրթվե՞լ, թե հավատալ, որ հարևանը «ոչխար» է։
Գնահատել, պաշտել ու ծաղկեցնել մեր համեստ ունեցածը, շենացնել Գեղարքունիքի ու Վայոց Ձորի կիսադատարկ գյուղերը, թե՞ երազել մեր լեռնաշխարհից հեռու-հեռու Կիլիկիայի միջնադարյան ամրոցների մասին։
Ընդունել, սիրել ու յուրային համարել աշխարհի հայությունն իր՝ պատմական վայրիվերումների դրոշմը հանդիսացող բոլոր տարբերություններով, բարբառներով ու մշակույթով, թե՞ արթնանալ ու քնել հավատալով, որ ամենաճիշտ, ամենաիսկական, ամենա-ամենա հայը հենց մենք ենք։
Սիրել հայրենիքը ճանաչելով, զգալով ու սերտելով դրա ամեն մի անկյունը, թե՞  ավելի ուժգին ատելությամբ լցվել արդեն քո քթի տակ խրամատ փորող հակառակորդի հանդեպ։
Խենթի պես գլուխ կոտրել փակ պատերի մեջ, թե՞ օր օրի լայնացնել հնարավորությունների, գիտելիքի, ուժի, աշխարհայացքի և դրանից հետո արդեն, ինքնաբերաբար, նաև հայրենիքի սահմանները։

***

«Հեշտ չէ սիրել ու հասկանալ Կարսը, Կարսի ներկան, ինչու ոչ՝ անցյալը նույնպես։ Կարսը կորցնելը, մեղավորների անվերջ փնտրտուքն ու առանց այս ամենին դիպչելու պլատոնական սերն ու «կորուսյալ հայրենիքի» կարոտախտը գուցե ավելի հեշտ են։ Սակայն Կարսի ոդիսականն ամենից առաջ հենց սիրելու, ներկան ու եղածը գնահատելու, դասեր քաղելու, միմիայն քո վրա հույս դնելու, պետականությունը ոչ թե որպես նախորդ սերունդների նվեր, այլ ծանրակշիռ պարտավորվածություն ընդունելու մասին է։ Գուցե այդ բեռն ամենաթեթևներից, ամենահաճելիներից չէ, ավելին՝ գուցե այդ ամենը ծնված օրվանից կրելը քո պարտքն էլ չէ, այլ քո, միայն քո ընտրությունը։ Եվ հենց Կարսում է, որ Տեկորի կիրճի բարձունքում, Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր այն կողմ, լեռների, Խծկոնքի ու ցուրտ քամու սուլոցի հետ մեն-մենակ մնալով հասկանում ես․ դու ես ընտրում. կամ կրում ես այդ բեռը, կամ՝ ոչ»։

․․․Ինչ ափսոս, որ Արցախի մասին ցանկացած միտք ու գրություն առաջիկայում պիտի սկսեմ Կարսը ու դրա մասին գրվածը հիշելուց։ Շատ ափսոս։ Ափսոս, որ «կարսյան» պարտության ցիկլը, փաստորեն, կանգ չի առել, ափսոս, որ դրանից ավելի ցավոտն ու ավելի իրականն էր բաժին հասել մեզ։ Ափսոս, որ լավ չէինք սերտել Կարսի դասը։ Ափսոս, որ Կարսի ժամանակ Կիլիկիայի, Կիլիկիայի ժամանակ Անիի դասը լավ չէինք սերտել, Անիի ժամանակ՝ Տիգրանակերտինը ու այդպես շարունակ։

Կարսում հայ զբոսաշրջիկը տխուր է միշտ։ Մարդկանց տխրությունից ու զղջման հառաչանքներից բարկացած՝ մի անգամ ասացի․ «Կարսը պիտի դառնա ոչ թե պարտության ու ամոթի, այլ վերարժևորման, մեզ դեպի մեր ապագան տանող քաղաքը։ Ու դրա համար պարտադիր չէ գալ ու իջեցնել Աթաթուրքի դիմանկարն ու թուրքական դրոշը Կարսի բերդից։ Կարսի դասը մեր օրվա դասը լավ սերտելու, իրար ու մեր ՈՒՆԵՑԱԾԸ հենց այս պահին, հենց հիմա գնահատելու ու պահելու մասին պետք է լինի»։ Վստահ եմ՝ եթե Շուշիի մատույցներում հայտնվելուց առաջ Կարսի դասը սերտած լինեինք՝ հայաթափված Կարսը մեզնից չէր նեղանա։

Նորից հիշում եմ միայնակ, լուռ Խծկոնքը Տեկորի ձորի վերևում, հետո բացում եմ մեր «նորօրյա», 10 օրվա քարտեզը ու ուսումնասիրում սեղմվող սահմանների եզրերը, նայում հարևաններին, նայում սարսափելի թվացող մեր կծկվածությանը ու էլի մտածում․ լավ, կամ դու այստեղ ես, այս ամենի մեջ ու սրա մի մասը, կամ՝ ոչ։ Կամ այս սահմանների մեջ ես ու դրանց բոլոր ցավերն ու ուրախությունները շալակած, կամ՝ դուրս ես գալիս շրջանակից ու լքում սահմանները, երկիրը, լքում ես ինքդ քեզ։ Դա, ի դեպ, ավելի թեթև ճանապարհն է, իսկ տառապել, իհարկե, բոլորը պարտավոր չեն։

Վերջին ակնարկիս մեջ գրել էի․ «Սասունից Արցախ․ երբ նահանջի տեղ այլևս չկա»։ Խոսքերիցս հրաժարվելու համար չէ, որ հիշում եմ սա։ Հիմա դրանք ավելի քան այժմեական են, քան շաբաթներ առաջ, երբ առաջին անգամ գրեցի։ Որովհետև հիմա այդ ամենը ոչ թե անցյալ է, այլ հենց ներկան է, որ կա։ Որովհետև հիմա առավել քան երբևէ իսկապես նահանջի տեղ էլ չկա։  
 

Որովհետև երբ սահմանները նեղանում են՝ մենք էլ ենք խտանում, իրար ավելի մոտենում, հետո՝ սերտաճում։ Եվ այդ նեղլիկ սահմաններից ներս իրար գլխի կուտակված, կա միայն երկու տարբերակ․ կամ իրար շատ ամուր գրկել, կամ լքել խրամատը։ Որովհետև իրարից երես թեքելու, իրար չհասկանալու, դժգոհելու, դատարկախոսելու, սպասելու, մի խոսքով՝ նահանջելու էլ ոչ ժամանակ, ոչ տեղ է մնացել։

 

Հեղինակ՝ Սոֆյա Հակոբյան