Նա մեծ էր ավելի, քան նրա հռչակն էր

Վիլի՜ն՝ տե՛ր-տե՛ր, բարի՜-բարի՜, ճերմա՜կ-ճերմա՜կ

«- Տե՞ր ես:

-Տե՛ր եմ:

Տերը քիչ է - ես նրանք եմ, նրանք բոլորը Սարոյան են, նրանք ես եմ՝ Վիլյամ Սարոյանս. նրանք բոլորը վկայելու են, որ ես իրենց հետ եմ: Ես անցնելու եմ նրանց միջով, և անապատը ծաղկելու, նռնենին կարմրելու, շեփորները ղողանջելու, պարապները հուշերով են լցվելու, հուշավորները՝ զնգուն, իրական, արդար ու անարդար կյանքով, խաբելու և խաբվելու, ընկնելու և ելնելու, զարմանալու և հիանալու են և շրխկոցով խփելու են իրենց ծնկներին՝ հա՜յ աշխարհ-աշխարհ»:

Այսպես Մաթևոսյանի բառի թռիչքը Սարոյանի մասին դիպուկ նշաձողին է։ Աշխարհի կենտրոնում Վիլյամ Սարոյանն է։ Սա բոլոր այն բառերի փոխարեն է, որ պետք է գրեի իբրև մեկնաբանություն՝ Վիլիի ու Հրանտի ոչ էն է ընկերության, ոչ էն է որդի ու հայրության մասին:

Ապացուցվեց՝ այդ հա՜յ աշխարհ-աշխարհում էլ երկու հայ իրար հետ հայերեն ծիծաղել են, գնացել են Ահնիձորի ձորի ձորի ձորում Իգնատի հետ գրկախառնվել, լաց են եղել: Ու այս բոլորը հայերեն, որովհետև երկուսին կապողը տեր լինելն է:

Սարոյանի ծնունդը հռչակավոր է ոչ թե իր համար (Մաթևոսյանն ասում էր, որ նա ինքն ի՛ր համար է աշխատում, ոչ թե աշխարհի, որովհետև բոլոր մրցանակները շահած են վաղուց), այլ Ամերիկայի մրցուղիներից մինչև Ահնիձորի ձորի ձորի ձորում Գիլգամեշի ժամանակներից մինչև մեքենաների ժամանակներում ապրողների համար։ Որովհետև, Հրանտն ասում է, նա մեծ էր ավելի, քան նրա հռչակն էր։

Երբ Վիլին նույն սովետական մեքենայով Հրանտի հետ 1935-ին (ո՛չ, սա շատ է հորինված. այդ ժամանակ Հրանտը նոր էր ծնվել կամ գուցե չէր ծնվել), 1960-ին կամ 76-ին կամ 78-ին գնում էր Գառնի-Գեղարդ, չէր էլ կասկածում, որ Հրանտն իր բախտն է օրհնում նրա հետ նույն մեքենայով գնալու համար: Հետո, երբ Հրանտը գրեց «Օգոստոսը», երևի մի չգրված ակնարկ մնաց տարբեր տարիների ընթացքում գրված թերթային հոդվածների փոխարեն այդ մեծ, բարի հսկայի ծնունդի մասին:

Մինչ մեքենան շարժվում էր դեպի հեթանոսական այդ տաճարը, գրականության ամենաքրիստոնյաների մեջ մի տաք, ոչ էն է ընկերական, ոչ էն է հայրական, ոչ էն է հանճարական մի մթնոլորտ է ստեղծվում: Մեքենան բեռնաձիու չափ խելք ունեցած կլինի՞, որ հասկացած լինի՝ աշխարհի երկու բևեռների ծանրություն է տանում: Ու մինչ ամենաժուժկալ Հրանտը բախտից շնորհակալ էր լինում ամենամեծ օրհնության՝ Վիլիի հետ նույն մեքենան նստելու համար, ճերմակ կոստյումով այդ բեղավորը հարցնում է.

-Հրանդ Մաթևոսեան, դուն որ գրեցիր, ի՞նչ ցանկությունով սկսեցիր գրել:

Ու մինչև Հրանտը մեկ-երկու, մեկ-երկու..., Վիլին շարունակում է.

-Երբ ես սկսեցի գրել, կկարծեի, կմտածեի, թե աշխարհը պիտի շրջեմ:

Ու մինչ Հրանտը մտածում էր «շրջել» բառի ամենապարզ իմաստի՝ «ման գալու» մասին, ժամանակ էր պետք կոլխոզական (թե բա պետական) մտածողության Հրանտին ամենաազատ աշխարհաքաղաքացու ամենաբարձր նվաճումների մասին ակնարկը ըմբռնելու համար: Երկուսն էլ հայերեն էին «շրջում» աշխարհը. մեկը՝ հայերեն լեզվով, մյուսը՝ հայերեն ոգով:

Ես չգիտեմ՝ Վիլին ա՞յդ օրը, այդտե՞ղ է կարծես Հրանտի փափախը թռցրել ու գլխին դրել այն հայտնի լուսանկարում: Իրականում ես անգամ չգիտեմ՝ դա Հրանտի՞ փափախն է եղել: Հրանտի հագուստը սև՝ գոմեշի գույն, Վիլիի փափախը նունպես, Վիլիի կոստյումը՝ ճերմա՜կ-ճերմա՜կ, ինքը՝ բարի՜-բարի՜, տե՛ր-տե՛ր: Հրանտը ճաղա՜տ-ճաղա՜տ:

Դե «շրջել» բայը Վիլին աներկբա հեղաբեկելու իմաստով է ասել: Իսկ Հրանտն ասում էր՝ ինքն այդքան ագրեսիվ չի եղել, որ մտածի աշխարհը փոխելու մասին:

Ամերիկա՞ն է աշխարհանվաճման այդ «ագրեսիայի» պատճառը:

Ազատ պետության ազատ քաղաքացին Ամերիկայի ասֆալտապատ փողոցներից եկել, Ահնիձորի քար ու քռայոտ ճամփեքով բարձրացել, սպիտակ տաբատով նստել է Հրանտի տան շեմքի քարին: Հրանտի չէ, Իգնատի: Ասում է՝ Իգնատը եկել, աչքերին չի հավատացել, որ Սարոյանն է: Ասում է՝ գրկել են իրար, դեմք ու կուրծք թրջել: Ասում է՝ երկուսն էլ նույն թվի ծնունդ, նույն ճակատագրի՝ մեկը աշխարհը տեսած, մեկը՝ չէ. նույնն է, որովհետև մարդ չգիտի՝ տեսա՞ծն է լավ, թե՞ չտեսածը:

1935-ին (ո՛չ, սա շատ է հորինված. այդ ժամանակ Հրանտը նոր էր ծնվել կամ գուցե չէր ծնվել), 1960-ին կամ  76-ին կամ 78-ին Վիլին հայտարարում է. «Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է... Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել... Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»: Եվ այս վերջինն ասողը ինքը իր ազգային ինքնությունը աշխարհին արվեստով ներկայացնելու վարպետն է: Սակայն Սարոյանը, Հրանտն է ասում, ինքն իրեն աշխարհին չի պարտադրում։ Չի էլ առաջարկում․ դրա համար շատ է աննյութեղ։

Հետո Վիլին ուզում է նռնենիներ տնկել ու բարեբեր այգի ունենալ: Հետո Հրանտը ծառերը տնկեց:

Եթե Հրանտը գրեր օգոստոսի վերջին օրվա մասին, իր բոլոր ծնունդների մեջ ամենաճերմակը կլիներ Վիլիի ծնունդը: Ու կքաղցրանար նրանց միջև գուցե եղած, գուցե չեղած ընկերությունը:

Նրանց մարդը նույնն է՝ մանկության մեջ արդեն ծերունու իմաստնությամբ, արդեն ծերունու մանկական պարզությամբ: Իսկ նարինջները պե՛տք է վաճառվեր, ու դրա՛ համար էր ժպիտը պետք: Իսկ Եղիշի տղեն պիտի խեթ նայեր եղբորը ու գոռար՝ տանը մի կտոր շաքար չկա, ես ինքնահո՞ս առնեմ: Սա՞ է ամերիկյան միջավայրում ծնված, սնված գրողի ու Ահնիձորի ձորի ձորի ձորից դուրս չեկած գրողի հերոսների տարբերությունը և նմանությունը: Ամերիկան քանի՞ Ահնիձոր կտեղավորի իր մեջ:  Աշխարհի սահմանները չճանաչող մարդու հոգսը նույնն է, ինչ Ահնիձորի ձորի ձորի ձորում ապրողինը: Դրա համար Վիլին Հրանտի հետ նույն մեքենայով է գնում Գառնի-Գեղարդ:

-Ո՞րտեղացի ես:

-Էստեղացի:

-Բնիկ:

Երկուսն էլ բնիկ են: Երկուսի սիրտն էլ լեռներում է: Երկուսն էլ բարի՜-բարի՜:   Մեկը ճաղատ է, մյուսը՝ բեղավոր:

Հրանտի «Օգոստոսի» օրացույցի վերջին պոկված էջում բեղավորի ծնունդն է, ու էնքան թանկ ու ազիզ ծնունդ է, որ մեր Վազգեն Վեհափառը խաղող է քաղել ու գինի են խմել, նշել (սա էլ է շատ հորինված, նախ չգիտեմ՝ ինքն է քաղել, թե չէ, հետո նկարում գինի չկա, միայն խաղողն է, բայց սիրտս շատ ուզեց, որ գինի էլ լիներ, բայց սիրտս շատ ուզեց, որ դա հորեղբոր չվաճառված նռներից քամած գինին լիներ):

Վիլին նռնենիները տնկեց մի քանի հարյուր հատ ու թեթև-թեթև՝ առանց ծանրացնելու։ Ինչո՞ւ տնկեց․ «էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա՛, հորեղբա՛յր,-ասացի»։

Հավատաց Հրանտի պես, որ ծաղկած այգի է լինելու: Ու Հրանտն ասում է՝ ամենազարմանալին եղավ՝ դարձյալ են կանաչել արտերը, արտի ու հովի խաղը եղել է, դարձյալ է կակաչը կարմիր եղել: Եվ Հրանտը չի հասկացել ու հարցրել է՝ ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ: Իսկ Վիլին հասկացել է. որովհետև Ջեքը սենյակից դուրս է եկել և ուզել է ժպտալ, Աստված վկա, ուզել է ու փորձել է ժպտալ: Գուցե որ նուռ վաճառեր, տխուր չլիներ, ուրախ լիներ: Գուցե: Եվ Հրանտը գրում է նրա մասին, թե «այստեղից էլ՝ ուրախության ու տագնապի այդ միահյուսումը, երբ ժողովուրդների համաշխարհային մակընթացությունը որևէ հայորդու հասակ է բարձրացնում»։

Շիլ Եղիշի տղերքի հետ ընկերություն կանեին Արամն ու Մուրադը: Նրանց հետ ձի կգողանային, եթե օվկիանոսը չկիսեր նրանց: Բայց մեկ է. նրա սիրտը լեռներում է, գուցե հենց Լոռվա, հենց Ահնիձորի, հենց Իգնատենց տան դիմացի լեռան:

«-Այդ ո՞նց Է, որ ձեր ընտանիքի բոլոր անդամները սրտները թողնում են լեռներում:

-Ինչ արած, մենք այդպես ենք ստեղծված»:

Նրա սիրտը մե՛ր լեռներում է: Ու մի օր գնաց Բիթլիս։

«Եվ թեպետ մարդկության երթը այսօր,-Հրանտն է ասում,- բռնակալների ու խաբեբաների, անճարակների ու հավակնոտների, գծուծների ու ոխակալների, պատենավորների ու անպաշտպանների, հաղթողների ու պարտվողների նույն ծանր թափորն է՝ ինչ էր արևային իր ջերմ ու տևական կենդանությամբ,- բայց մոցարտյան մի սիմֆոնիա, խաղաղ արև-անձրևի մի տարի այդ թափորի վրա, մի Վիլյամ Սարոյան մեկ և նույն այդ թափորի մեջ՝ բավական են, որ մայր բնության խորհուրդը բարի և մարդկության երթը շքերթ կոչվեն»:

Վիլի՜ն՝ տե՛ր-տե՛ր,  բարի՜-բարի՜, ճերմա՜կ-ճերմա՜կ:

 

Վանուհի Բաղրամյան