Մի՞թե մեր պոեզիան իսկապես սոսկ տղամարդու դիմագիծ ունի

Մեր պոեզիայի մեծ ու փոքր ընտանիքում իրենց տեղն ունեն նաև կանայք

Այս վայրագ աշխարհում ու օրերում, այս անպատասխան ինչուների մեջ յուրաքանչյուրս, երևի, կարիք ունենք իրականությունից կտրվելու ու բանաստեղծությամբ հասնելու անձնական ու անանձնական ուրախությունների: 

Տարեցտարի Հայաստանում պոեզիայի հանդեպ հասարակության հետաքրքրությունն աճում է՝ բանաստեղծների հետ հանդիպումները դառնում են բնական և սպասված:

Մեր բանաստեղծական աշխարհը դարեր շարունակ տղամարդկային թելադրանքով է ձևավորվել, և կին պոետներին քիչ ենք ճանաչում, նրանց մասին քիչ ենք խոսում: 

Մի՞թե մեր պոեզիան իսկապես սոսկ տղամարդու դիմագիծ ունի: Մեր  դասագրքերից ո՞րն է պատմում հայ գրականության կանանց մասին:

Բանաստեղծությունը գեղեցիկի, իդեալի ձգտումների խտացումն է. տղամարդու հայացքն այդ գեղեցիկը որսորդի իր աչքով արագ է որսում: Սակայն մեր պոեզիայի մեծ ու փոքր ընտանիքում իրենց տեղն ունեն նաև կանայք:

Մեր բանաստեղծական մշակույթի մեջ կանացի նուրբ գրչի առաջին տիրուհին Սրբուհի Տյուսաբն էր, որ օրինակ դարձավ հատկապես արևմտահայ միջավայրում: Նա շատերի իդեալն էր:

Մեր գրական, կրթական գործիչների շարքում ունենք երևելի կանանց անուններ՝ Սրբուհի Տյուսաբ, Զապել Եսայան, Սիպիլ, Հայկանուշ Մառք, Ալիսիա Կիրակոսյան...

«Գիսավոր մի աստղ, մի արև, բանաստեղծության մի լավ պահ»,-գնահատել է Ժակ Պրեվերն Ալիսիա Կիրակոսյանին՝ միակ հայ բանաստեղծուհուն է, որ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:

Նրա պոեզիայի հմայքի կախարդանքին տրվում էին բոլորը, նրան գնահատել են աշխարհի մեծանուն շատ արվեստագետներ. որոշ գրքեր, օրինակ, նկարազարդել է Պաբլո Պիկասոն:

Կին, որի բանաստեղծությունները ներդաշնակորեն ձուլվում են մեղեդիներին:

Ալիսիա Կիրակոսյանին գտավ, բացահայտեց Վահագն Դավթյանը՝  նրա ստեղծագործությունների մեծ մասը իսպաներենից թարգմանեց ու հայերեն հնչեցրեց մեր ընթերցողի համար: Առաջին թարգմանությունը «Արմատ և էություն» ժողովածուն էր, որն այդքան սիրելի դարձրեց Ալիսիա Կիրակոսյանին Հայաստանի գրական միջավայրում: Լույս տեսան անգլերեն, հայերեն, իսպաներն, անգամ եռալեզու մի քանի ժողովածուներ:

Ի՞նչ է որոնում Ալիսիա Կիրակոսյանն իր պոետիկ դեգերումներում: Նրա թեմաներում կնոջ նուրբ սերն է, մայրությունը, հայրենիքի նկատմամբ պարտքը, կյանքի ճշմարտությունների բացահայտման խորհրդածությունները:

Թվում էր՝ հայ սիրային քնարերգության մեր արդեն ունեցած հարստության մեջ  ասելիքի պակաս չկար: Սակայն կնոջ հուզաշխարհին, սիրո դրսևորումներին, սերը զգալու կերպերին հաղորդակից դառնալու համար պետք է կարդալ նրա սիրային-քնարական գործերը:

Սիրո հակառակն ամենևին էլ

Չսիրելը չէ, մահն է պարզապես…

Ժխտում էր սիրո չգոյությունը. ապրում նրա հրապույրներով, անխուսափելի տառապանքով, կարոտներով:

Ինձանից այնքան ես բացակա եղել,

Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…

Իսկ իր ներկայությունը ոչ ոք չէր կարող մոռանալ: Անգամ կարոտը, սիրո բոլոր թրթիռներն այնքան համակերպ, այնքան բնականորեն մեղեդային են, այնքան միաձույլ կյանքին, որ ամեն բառը ձգվում, ծորում է մեղեդիներում: Երևի պատահական չէ, որ Ռ. Ամիրխանյանը կարողացավ հենց այդ տողերը ձուլել իր դաշնամուրին:

Ինքը համակ սեր՝ ըմբոստացավ մահվան դեմ: Համոզված էր՝ «սիրուց անդին ամայություն է»: Վախով էր խոսում այդ ամայության մասին, սակայն երբեք չտեսավ այն, որովհետև սիրտը լայն էր տեղավորելու համար մեծագույն սերեր՝ տղամարդու, դստեր, մարդկանց ու Աստծո և այդքան հեռավորությունից՝ նաև հայրենիքի հանդեպ:

Գիտե՞ս,
Իմ ու քո միասնությունը
Վաղնջական է:
Ես կամ առաջին քո հուշերի մեջ:

Արյամբ ու ենթագիտակցությամբ էր կապված հողին: Եկավ: Տեսավ: Զգաց: Արարատով հրկիզվեց առանց լավայի, տեսավ՝ ինչ է Հրազդանը, ձուլվեց, միացավ հողին, ջրին, քարին, սարին: Շնչեց հայրենիքը, որն իր մեջ արթնացնում է մարդու ամենամաքուր խոսքը՝ աղոթքը: Անդաշն աշխարհից վերադարձավ ու իր Հայաստանի հետ դարձավ անմեկնելի միասնություն:

Անմեկնելի միասնությունն է իր՝ հայի էությունը, որ որքան էլ փորձում է, այդպես էլ չի կարողանում մերկացնել այնքան, որ հասկանանք սիրո չափը, սիրո ա՛նչափը: Չէ՞ որ դժվար է Հայաստանը նկարագրել աշխարհիկ լեզվով: Նրա աղոթքը հայերեն է, ուրեմն՝ հայերեն է սիրում: Ու հեռավոր Բուենոս Այրեսից Հայաստանին գրած նամակում այդքան որոնումներից հետո գտնում է՝ ինչ է հայրենիքը՝ իր ինքնապատկերը:

Երազում եմ քեզ,
Եվ էությանս թափանցիկ ամպը
Քեզ է միանում
Եվ գնում հավերժ մի լողարկության:

Երազը պոեզիայում առհասարակ հաղթող է: Մտապատրանքները ստեղծում են ցանկալիի տեսիլներ և այդպես ապրեցնում: Նրա երազը թռիչքի պես սուրում է, անցնում: Ու մի պահ թվում է՝ իբրև կին, թույլ է հետ կանգնել այդ երազներից: Բայց ուժ է գտնում իր մեջ ու վերադառնում իր հին բույնը՝ հին հոգիներով:        

Պոետական երազներն անտարբեր չեն թողնում նաև Սիպիլին:

Իր բանաստեղծություններում նա քնարական կին է, որն ապրում է երազով, որի համար թովչանքը, գեղեցկությունը, սերն ապրելու միջոց են ու կյանքի գեղեցկության ակունքը: Նա, ինչպես ամեն գեղագետ, փնտրում է իր «իտեալը»:

Մի՛ ըսթափեք սիրտս իր անուշ տագնապեն.
Թողեք ինծի երազներովըս պանծալ:

Նրա հավատն իր իսկ ցնորքների հանդեպ ապրեցնում էին իրեն: Կյանքում հասարակական խնդիրներով զբաղվելու մեջ իրատես ու կորովի, իսկ բանաստեղծական տողերում՝ գերի սեփական ցնորքներին. «Ո՜հ, թողե՛ք որ ցընորքներուս հավատամ»:

Իր հրապարակախոսական մի  ճառում Սիպիլը հիացմունքով է խոսում հայ կանանց կորովի ու անձնազոհության մասին: Հիացմունքով է նշում, որ պատմական այդ ծանր տվայտանքների մեջ անգամ չեն ընկճվում և «ծարավ են մնում» ուսման:

Ինքն էլ դարձավ այդ ուսման ծարավ հոգիներից մեկը:

Սիպիլը շուրջ երեսուն տարի  հայ մամուլը ծաղկեցնողներից էր:

Նրա լեզուն և բանաստեղծական արվեստը քննության են ենթարկվել՝ և՛ բարձր գնահատվելով, և՛ թերությունների վերհանումով:

Սիպիլի բանաստեղծական լեզուն արևմտահայերենի նոր շրջափուլի մի մասն է: Նա փորձեց հաղթահարել գրաբարամետ արևմտահայերենը և իր բանաստեղծական լեզուն մոտեցնել ժամանակի խոսակցական արևմտահայերենին: Նրա բանաստեղծությունը խիստ կանոնական է՝ կուռ կառուցվածքով, հանգավորմամբ: Նա փորձել է հանգիտության կատարելությանը հասնել:

Սիպիլը շատ «ինչուներ» ուներ.

Ամպրոպը գիտե՞ կը գոռա ինչու,
Ինչո՞ւ կը հոսին, կը սուրան գետեր,
Կամ կը սըլանա թըռչնիկն օդաչու:

Կնոջ ուժի, խելքի նկատմամբ նրա բարձր մոտեցումները երևում են ոչ միայն  հասարակական գործունեության մեջ, այլ նաև ստեղծագործություններում.

Տե՛ր, եթե հուր վառքով լույսեն անթափանց
Հորինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր...

Հետպատերազմական բարդ ու հուզառատ ժամանակներում բանաստեղծությունն, այդ թվում նաև կնոջ ուժն ու քնքշությունը միաձուլող պոեզիան մեզ տանում է դեպի գեղեցիկի, մեր իդեալների փնտրումներ և օգնում վերագտնել հոգևոր խաղաղությունն  ու ներդաշնակությունը:

 

Վանուհի Բաղրամյան