Մի երկու բառ՝ հորս հետ

«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Գեղեցիկ Մարգարյանի «Մի երկու բառ՝ հորս հետ» չափածո էսսեն:

 

***

Որքան հեռանում ես,

Այնքան մոտենում եմ քեզ…

Ու որքան մոտենում եմ քեզ,

Նույնքան հեռանում եմ ինքս ինձանից...

 

***

Չեմ ուզում՝ խոսենք մեր վա՜յ օրերից…

Լավ չէ՞, որ լսես

Իմ ցեխածեփ տիկնիկների

Կամ, ասենք թե,

Հորինովի թոնրիս

Ու սևացեխե գնդերի մասին…

Ինչպես որ ես էի ուշք դառած լսում

Կարկատած փոխան

Ու տրեխավոր պատմություններդ…

Լսում ու լցնում պանակներիս մեջ:

 

***

Գնալուց հետո

Բաց թողած դուռդ չի փակվում, հայրս…

Մեկ էլ կանգնում ես դռան արանքում՝

Մշտական ուղեկից կոպալիդ հենված,

Հարցական հայացքդ

Քեզնից մի երկու ոտ առաջ գցած...

Հարցնելիքդ անգիր գիտեմ,

Սակայն առկախ է բառս...

Իսկ եթե կար էլի՛ մի բան,

Որ ես չգիտեմ,

Ինչպես որ դու չգիտեիր…

 

***

Ինչպես որ դու

Այդպես էլ չիմացար,

Թե ես ինչով էի մոռացության տալիս

Տիկնիկ չունենալուս տխուրը...

Արևածաղկի չորացած քոքերից

Թևեր ու ոտքեր էի շինում,

Գլուխն ու մարմինը

Ծեփում էի ցեխից...

Տունտունիկիս տիկնիկները

Աչքեր, քիթ ու բերան չէին ունենում...

Ավելի ճիշտ՝

Նրանց դեմքի վրա

Վառված քարածուխի

Չորս կտոր էր լինում՝

Երկուսը կլոր,

Մեկը` երկարուկ,

Չորրորդը տափակ...

Իսկ ականջներ, այն էլ ինչպիսի՜,

Տիկնիկներս ունենում էին

«Անգաջներ»

(Չիբուրաշկան քեզ օրինակ)...

 

***

Իմ կանաչ տունը

Մի սուրբ անկյուն ունի.

Ծնողներին է՜ն աշխարհ ճամփած

Հայ օջախների

Սուրբ անկյուններից.

Մորս ու մեկ էլ քո նկարները...

Դրանցից մեկում 37 ես,

Իսկ մյուսում էլ՝ 71...

 

***

Առաջինից առաջ ես քեզ չեմ հիշում...

Երկրորդից հետո ես չեմ մոռանում

Եվ ոչ մի դրվագ...

Երբ մայրս գնաց,

Մինչև փակվելդ՝ դու հա՜ բացվեցիր,

Տեղավորվեցիր անցնող օրերիս

Վայրկյանների մեջ...

Ես քեզ չեմ հիշում

Իմ մանկությունում,

Դու ինձ չէիր հիշում

Քո ջահելության կորած օրերում...

Մեզ տալո՛ւ համար

Որքա՜ն շատ տարավ

Կյանքը

Քեզանից...

 

***

Մեր ունեցածը՝

Չապրածիդ հաշվին...

Քո ունեցածը՝

Մեր չապրածների ու

Կրկնելու հանգույն...

 

***

Երբ կար թվացյալ մի խաղաղություն,

Եվ կարելի էր

(Առանց ամոթի)

Խոսք բացել նաև չունեցածներից:

 

***

Մինչև վերջ

Ես այդպես էլ չհասկացա,

Դու Ռուսաստա՞նը

Համարեցիր  քո երկիրը,

Թե՞ Հայաստանը...

Հայրենի՞քդ՝ գիտե՛մ.

Սրբասարի փեշերից էր սկսվում:

Սրբասարի փեշերին էլ ավարտվեց...

 

***

Երա՞զ եմ տեսնում, թե՞ արթուն եմ՝

Չեմ հասկանում…

Անծանոթ է սրահը։

Շուրջս էլ...

Մի բռնել է բռնել վարակիչ խնդուքս՝

Քո՛ ձայնով...

Ու գիտե՞ս՝ ինչու.

Ընդամենը մուգ կապույտ

Անձեռոցիկ եմ տեսել,

Էն մեկերից,

Հիշո՞ւմ ես.

Վերցրել էիր, շուռումուռ տալիս

Ու ծիծաղում էիր

Չտեսի նման...

 

***

Լսողը կասի՝

Ինչ կա դրա մեջ...

Ասեմ՝

Իրերը

Քեզանով են մարմին առնում…

Մենակ թե չեմ հասկանում՝

Դուք որտեղ եք փոխակերպվում

/Թե կերպափոխվում/,

Որ միջոցին՝

Երբ տեսնում եմ քե՞զ,

Թե՞

Երբ իրերն են

Ժամանակի մեջ

Սահում դեպի քեզ…

 

***

Ես այդպես էլ չեմ իմանա՝

Ինչ կանեիր դու,

Թե հանկարծ մի օր

Համարձակությունս ելներ ինձ ուտեր.

Նստեի կողքիդ,

Ձեռքդ բռնեի

Ու պատմեի քեզ

Մեր տաբուներից...

Ասենք՝

Էն մի պաչիկից,

Որը խարխլեց շարադրանքը

Երկնքից ընկած

Երեք խնձորի...

 

***

Ոտն-ի-վեր...

Ինչու՞ կասվի գլխիվայր,

Բայց ոտնիվեր չի ասվի...

Արի ես ու դու

Տիրություն անենք

Գտածս բառին։

Ի՞նչ կասես,

Հե՛րըս...

 

***

Ի՞նչ կլիներ, եթե...

Ինչ է, չէի՞ր կարող ջնջել սահմանը

Գրողի տարած էդ կաշկանդումի...

Ինչո՞ւ էր այնքան անհավանական

Քեզ հետ խոսելը

Է՜ն կողմից սրտի...

 

***

Ինչո՞ւ էր այնքան

Դժվար ասելը,

Թե որքա՜ն եմ քեզ սիրում,

Ա՛յ հերըս...

Ասելու համար

Էդ մի թուփ խոսքը

Մի՞թե նորմալ էր

Կես դար սպասել,

Կես դար ապրելը:

 

***

Կանխասումդ, թե՝

Էկուց-մեգէլ օր կռիվ բըդի եղնի,

Աշխըրկից  շա՜դ մարտ բըդի վերանա՝

Եղավ, ա՛յ հերըս...

Մենակ չէիր ասել,

Որ էդ կռիվը պիտի դաշտ ընտրի

Հայրենիքաչափ

Սրտիս խորանը...

 

***

Ի՞նձ էիր խնայում

(Դու սովորաբար չէի՜ր խնայում.

Եթե մինչև վերջ

Չհասցնեիր քո ասելիքը,

Չէիր խաղաղվում.

Ճի՛շտ մամիս նման)…

Թե՞ չէր ասվել քեզ

Է՛դ մեկի մասին...

 

***

Կորուստապատ ճամփաներ,

Ահուսարսափ սպասում,

Խուլ աղերսանքներ՝

Ա՛ն-արձագա՛նք։

Ի՛մ պատերազմը

Շարունակվում է...

Ձեն չես հանում,

Հա՛յր...

 

***

Տեղս չե՜մ գտնում…

Էսքան դառնադարձ

Կարոտանք ու ցավ

Սրտումս ամբարած՝

Դեռ փորձ եմ անում

Զրուցել հետդ

Դեսից ու դենից...

 

***

Գլխի ես ընկնում.

Ձեռքդ ես թափ տալիս

Հանգստությանս ու ասածներիս

Չհավատալուդ

Է՜ն հայտնի ժեստով...

 

***

Անդրադարձներս

Քեզնից անընդհատ

Գույներ են տանում...

Հուշիս ծալքերում

Թրթիռն է հոգուդ,

Բայց հենց ջանում եմ

Պատմել քո մասին,

Էդ թրթիռները

Կայծեր են դառնում՝

Մերթ բորբոք,

Մերթ թույլ...

 

***

Ես չափում եմ քեզ

Կարծես թե ճշգրիտ,

Բայց հենց ձևում եմ,

Բայց հե՛նց ձևու՛մ եմ,

Ձևվածքս վրադ

Բնա՛վ չի գալիս...

 

***

Երբ ոտքս բացվեց,

Ու ճամփաներ էի կտրում ու անցնում,

Ամեն մեկնումիս

Հենց վերջին պահին

Խոսում էի հետդ,

Բայց թաքցնում էի բուն ասելիքս…

Լավից ու վատից,

Մեռնող-ապրողից հարցեր էի տալիս

Ու լսում անուշ պատասխաններդ…

 

***

Միայն հետ գալիս

Կարոտած գրկում,

Մանրամասներ էի պատմում հա՜ պատմում,

Դրվագ առ դրվագ, ապրում առ ապրում…

Ինչու էի ստում

Մեկնելուց առաջ՝

Դու հո լա՜վ գիտես…

 

***

Չգիտես ինչու՝

Ինձ օդակայան հասցնող տաքսին

Պիտի վթարվեր…

Չգիտես ինչու՝

Ինքնաթիռն օդում պիտի խափանվեր

Ու ծովը ընկներ

(Է՜ն դեպքի նման. Սև ծովում եղած…),

Չգիտես ինչու՝

Գնացքը գծից պիտի դուրս ընկներ,

Կամ էլ թե՝ բախվեր հանդիպակացին,

(Պարզ է, չէ՞, որ ես պիտի լինեի

Հե՛նց այդ գնացքում…):

 

***

Ա՜խ, այդ լուրերը,

Վերջի՛ն լուրերդ,

Որ ասեղների վրա էին պահում

Անհանգիստ հոգիդ,

Իմ անո՜ւշ հայրիկ…

 

***

Դու ինչպե՞ս էիր ապրում

Երկուշաբթի...

Դու ինչպե՞ս էիր ապրում

Երեքշաբթի...

Դու ինչպե՞ս էիր ապրում

Չորեքշաբթի...

Դու ինչպե՞ս էիր ապրում

Հինգշաբթի...

Դու ինչպե՞ս էիր ապրում

Ուրբաթ՝ օրվա առաջին մասը...

Մնացած օրերը....

Գիտե՛մ։

 

***

Անվերջ խոսում եմ,

Հերթ չեմ տալիս, թե՝

Ասես՝

Ըբը դո՞ւ...

Ես էլի՛ նույնը,

Հա՛յրս, արևս…

Ջանքեր եմ թափում՝

Իմ բաժին չափով երկարաձգեմ

Մեր մի բուռ երկրի

Մարող արևը…

 

09.04.2022