Մեռնելն իրոք որ անհնար է

Իսկ մեռնելն իրոք որ անհնար է, երբ բոլորն ու հատկապես ինքդ շատ ես ուզում։
Էս բառերն արտաբերելով, կամ եթե թույլ տաք՝ մրմնջալով, աչքերը փորձեց բացել Հայոն։ Կիսամեռ օրվա սկիզբն էր։ Ու չնայած եղանակն ինքն էլ իրենից գլուխ չէր հանում, բայց այսօր շոգ էր, ինչպես սովորական ամառվա օրը Երևանում։ Եվ, առհասարակ, Երևանում ամեն բան դարձել էր սովորական։
Ամենասովորական Հայոյի ամենասովորական սենյակում, որտեղ վարձով էր հավանաբար ապրում, որովհետև ոչ ոք չէր տեսել տան կադաստրի վկայականը, կատարյալ քաոս էր։ Մի օր՝ կիսախմած կամ կիսամեռ, ականջի ծայրով լսել էր Հայոն՝ ամենակարգավորված շարժումը քաոսն է, ու հենց այդ օրվանից որոշել էր` իր քաոսն ամենակարգավորվածն է։ Ամենն ինչ իր տեղում չէ՝ ֆիզիկայի որևէ օրենքով, տարրական օրինաչափություններով, կամ գոնե իր հանճար լինելով հաստատ կբացատրվի։ Լիներ դա շաբաթներով չլվացված ափսե, ծակ գուլպա թե հատակին նետված դասական հեղինակի խոնավացած էջերով գիրք։
Կոպերը ծանրացել էին, ու թեև Հայոն ուժեղներից չէր, ամեն դեպքում կարողացավ անցնել փորձությունը և բացել աջ աչքը։ Ինչքան կուզեր չլիներ, կամ գոնե նույն տանը չլիներ, այլ, ուրիշ ու կոկիկ պատերի մեջ լիներ, որտեղ ամեն բան մաքուր ու սիրուն կլիներ, վարագույրներից ներս լույսը կսողոսկեր ու պատշգամբում տարածված դառը սև սուրճի հոտը։ Սեղանի մոտ սպասող մեկը կլիներ ու բարի լույս ասողը կլիներ։
Բայց ամենահավատարիմը ցավն էր. ասես ամեն ինչ լավ էր ու քիչ գլխացավանք կար, հիմա էլ՝ էժանագին կիսաքաղցր գինու թողած գլխացավը։ Չնայած արդեն վարժվել էր Հայոն, դա միակ հավատարիմ բանն էր իր կյանքում, միակ կայունությունը։
Չէ, միակը չէր, որովհետև պապից ժառանգած սառնարանի անվերջ դղրդոցը, որ շատ էր նման պապի հազին, նույնպես չէր լքել իրեն։ Ու հենց էդ ծանոթ ձայնն էլ վերջնականապես արթնացրեց բիզ-բիզ մազերով ու անհասկանալի դեմքով երեսունն անց տղամարդուն։
Նիհարած մարմինը քարշ տալով սառնարանի մոտ, վերցրեց կոլայի շշի մեջ նախoրոք լցրած ու հատուկ այս առավոտների համար պահած սառը ջուրը, մինչև վերջ քաշեց գլուխը։ Սթափվեց։ Կամ գոնե այդպես կարծեց։ Նայեց ժամացույցին, որը կախված էր պատից ու արդեն մի դար չէր շարժել սլաքները, գուշակեց ժամն ու քաղց զգաց, կամ` հակառակը։
Նորից մոտեցավ սառնարանին, խաչակնքեց, երբ աչքն ընկավ սրբերի նկարներին, որ ամեն անգամ առնում էր անցումի տակ համառորեն իրեն մոտեցող հիվանդ կնոջից կամ փոշոտ ու հնամաշ շորերով փոքրիկներից, հիշեց երեկ գործած մի քանի մեղք ու մտքի թելը տարավ հեռու և ավելի շատ ափսոսաց չգործածի համար, հետո նայեց պատուհանից դուրս, Արարատն էլ իրեն նայեց, սահեց դառը ժպիտն աչքերից մինչև շուրթեր, ու մռայլվեց դեմքը։ Ստամոքսը սկսեց աղմկել, ու Հայոն վերադարձավ իրականություն․ էլ չկար հարցը՝ ուտում եմ ապրելու թե՞ ապրում եմ ուտելու համար։ Ինքն ուտում էր, որ ապրեր, իրեն ուտում էին, որ ապրեին։
Կերավ այն ինչ գտավ սառնարանում։ Կշտացավ։ Հեռուստացույց միացրեց, որ բացի իր ծանր շնչառության ու սառնարանի միջև տեղի ունեցող երկխոսությունից այլ ձայն էլ լսեր։ Որ մտքերը լռեն։
-Այսօր արտահերթ ընտրությունների օրն է, -իբրև աշխարհի վերջի մասին մահախոսական հնչեց սպիտակ մաշկով ու երկար սև մազերով աղջկա շուրթերից։ Մի պահ նայեց, լռեց, անջատեց հեռուստացույցը և գնաց լոգարան։ Սրտխառնոց ուներ։
-Այսօր արտահերթ ընտրությունների օրն է։
Արդեն աշխատանքից ուշացել էր։ Իր հիմնական սուրբ գործերից մեկն էր դարձել ուշանալը, շատ վաղուց էր սկսել զբաղվել այդ սպորտաձևով և արդեն կարող էր հանգիստ մրցել առաջատարների հետ ու վստահ ընկերներին խորհուրդ տալ խաղադրույք անել իր հաղթանակի վրա, հաստատ տանուլ չէին տա։ Խորհուրդ կտար, եթե ընկերներ ունենար։ Բայց նա այն բացառիկ տեսակն էր, որ կարողանում էր սիրել ու չէր կարողանում թույլ տալ իրեն էլ սիրեն, չէր ուզում կամ չգիտեր ինչպես կարելի է սիրել իր նմանին։ Ինքն հաստատ չէր սիրի։ Երևի հենց էդ պատճառով էլ յուրահատուկ, կամ ավելի շուտ հիվանդագին կերպով սիրում էր նրանց, ովքեր անտեսում էին իրեն, օգտագործում ու հետո, որպեսզի չասեմ դեն նետում, կասեմ՝ մոռանում էին իրեն։ Իսկ այ նրանք, ովքեր փորձում էին այդ փոքրամարմին ու խելացի հայացքով մարդուն սիրել, նա համարում էր անճաշակ ու անմիջապես հուշում նրանց՝ անճաշակ եք։
-Այսօր արտահերթ ընտրությունների օրն է։
Աստիճանների վրա այդ բարեհամբույր մարդուն, որը սիրով բարևում էր հարևաններին ու շտապ դուրս գալիս շենքից, դժվար կլիներ ճանաչել Հայոյին։ Նա արդուկած վերնաշապիկի գրպանում տեղավորել էր փոքրիկ աղոթագիրքը, որ Աստված մոտ լինի իրեն ու ինքն էլ՝ Աստծուն: Սափրվել էր ու դեմքի փոքրիկ, բայց տեսանելի կնճիռները հուշում էին անքուն գիշերների ու երկար օրերի մասին, լարված մեջքը տեղ-տեղ կորանում էր, հետ չմնալով ձիգ քայլերից, բայց ամեն անգամ ուղղվում էր ուժի անզիջում հրամանից։ Մի տեսակ արիստոկրատ տեսքին խանգարում էր ձեռքի պոլիէթիլենային տոպրակը, որի կանաչ-նարնջագույն տառերն անընթեռնելի էին դարձել գարշահոտ շագանակագույն պարունակությունից։ Մի քանի քայլ հետո աղբաման կար դրված . ԷՆ-ԲԻ-ԷՅ-ի բասկետբոլիստի նման հեռվից երեք միավորանոց նետումով Հայոն ազատվեց աղբից։
-Այսօր արտահերթ ընտրությունների օրն է։
Հայոն էլ որպես չափահաս մարդ, որն իրավունք ունի մասնակցելու ընտրությանը՝ ընտրեց։ Ընտրեց հավատալը, որ ապրելն ավելի մեծ քաջություն է, քան մեռնելը, հավատալը, որ կարելի է շարունակել դեռ հավատալ։ Բայց սկզբից պետք է ընտրել։
-Իսկ մեռնելն իրոք որ անհնար է, երբ բոլորն ու հատկապես ինքդ, շատ ես ուզում։
Շուշանիկ Գյոլչանյան