Մեր պատմական հաղթանակները կրկնվելու ուժ ունեն

Հաղթելու՛ ենք

 

Մի թուրք Մուստաֆա Նեդիմ կանխագուշակում էր, որ մի օր իր ազգի ժառանգներըպիտի պատասխանատվության առաջ կանգնեն  (Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»):

Վկայությունը: Եկավ Ջեմալ փաշայի թոռը, որը հանդիպեց ու ծանոթացավ իր պապին սպանող Արտաշես Գևորգյանի թոռան հետ, իսկ 2010 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծնկաչոք ներողություն խնդրեց հայ ժողովրդից:

         

2008 թվականին մի շարք թուրք մտավորականներ կազմակերպեցին քարոզարշավ, որի կարգախոսն էր. «Ներե՛ք մեզ, հայե՛ր»: Նրանց խնդրագրում գրված էր. «Իմ խիղճը չի ընդունում Մեծ եղեռնի հանդեպ անտարբերությունն ու ուրացումը, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից»: Շատ շուտով այս խնդրագրի տակ ստորագրեց ավելի քան 35.000 մարդ: Կազմակերպիչները հետապնդվեցին և դատապարտվեցին թուրքական կառավարության կողմից:

Ո՞րն է ելքը. հավիտենական ատելությո՞ւնը 21-րդ դարում, երբ քաղաքակրթությունը արհեստական ինտելեկտ ստանալու նվաճումներ ունի, իրար հոշոտե՞լը, գիշատիչների պես գոյի՞ պայքարը:

Առհասարակ ճակատագիրը հայի համար սահմանել է, որ արյունոտ հաղթանակով կառուցի իր վաղը: Լիարժեքորեն ընդունում եմ Գևորգ Էմինի կոչը. «Դարեր շարունակ Արա Գեղեցիկից մինչև Ավարայր ու Սարդարապատ, -մենք «ՄԵՌՆԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ» և հավատում ենք, որ կարելի է և պե՛տք է այսուհետև «ՀԱՂԹԵԼ ԱՊՐԵԼՈՎ»:   

Ժամանակն է:

Մենք աշխարհին, որ սև ակնոց է դրել, որ մեզնից հայացքը փախցնի, պատմություն պետք է սովորեցնենք:

Խիստ կարևորում ենք Հայկական հարցի պատմական ճանաչողությունը, որ սկսվելու է մտավորականների լսելի ձայնով: Հե՛նց թուրք մտավորականների:

Ամերիկացի Կուրթ Վոնեգութը «Կապտամորուսը» վեպում ասում է. «…Genocide, a word that didn't exist in other languages before»: Բառ, որ մտավ մեր բառարաններ, հանգիստ իր տեղը գտավ մյուս բառերի կողքին, անջնջելի խարազան դարձավ հայի հոգու ազգային հուշամատյանում:

Թուրք մտավորականներ կան, որ որոշակի վերաբերմունք ունեն հայերի և մեր պատմական անցյալի մասին:

Թ. Թորանյանը հարց է տալիս թուրք մտավորականին. «Հայկական հարցը թուրքին համար թապու մըն է: Լաʹվ: Հասկանալի է: Դուն քաջութիւն ունեցա՞ծ ես այս թապուին վրայէն բարձրացնել վարագույրը: Շատ լավ: Կը կարծե՞ս, որ ճշմարտութիւնը ազգութիւն ունի: Շատ լավ: Քեզի հետ կարելի է երկխօսութեան նստիլ: Ի՞նչ կխորհիս ճշմարտութեան մասին: Արդեոք ըստ քեզի կա՞յ թրքական ճշմարտութիւն կամ հայկական ճշմարտութիւն, կան անգլիական ու ֆրանսիական ճշմարտութիւն: Ըստ իս՝ ճշմարտութիւնը մեկն է»:

Աղմուկ բարձրացրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Ձյունը» վեպը: Փամուկն այն եզակիներից էր, որը համարձակվեց խոսել հայ դատի մասին, ինչի պատճառով էլ հալածվում էր թուրքական կառավարության ու ազգայնամոլների կողմից: Նա առաջինն էր թուրքական իրականության մեջ, որը կիրառեց ցեղասպանություն բառը:         

Թաներ Աքչամ: Նա գրեց «Թուրք ազգային ինքնությունն ու հայկական հարցը»: Աքչամի գրքում ներկայացվում են ցեղասպանության վերաբերյալ որոշակի հանգամանքներ, «Հայկական ջարդեր» բաժնում նա խոսում է նաև համիդյան ջարդերից: Աքչամի գրքի առաջաբանը գրել է Էոմեր Լաչիները՝ նա էլ թուրք է: Այսինքն, թվում է՝ Փամուկին և Աքչամին կան հետևողներ: Բայց նրանց ձայնն անլսելի է:

Թէոդիկն իր «Յուշարձան ապրիլ 11-ի» գրքում ասում է. «Հայ ժողովուրդը ողջ է ու իր հետապնդած իտէալը կենդանի է այսօր, աւելի քան երբեʹք, որովհետեւ անմտութիւն  է յաւակնիլ մեռցնել Մարմնին մէջէն Գաղափարը: Թուրք բռնակալներու անարգ փորձը՝ ընկճել Գաղափարը Բռնի Ուժով, ոչ նոր է, աւաղ, եւ ոչ ալ բացառիկ»:

Այս գիրքը վերահրատարակվել է թուրք Ռագըփ Զարաքոլուի հրատարակչությունում, և առաջաբանն էլ նա է գրել: Մի գրքի առաջաբան, որ ոճրագործության զոհերին նվիրված հուշամատյան է: Զարաքոլուն ունի գրքեր Հայկական հարցի, նաև հույների ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետևանքով քանիցս հայտնվել է թուրքական դատարանում:

Քեմալ Յալչըն: Գրեց ինչպես կոտորածների, այնպես և հետևանքների՝ ծպտյալ հայերի ու այլ խնդրիների մասին:

Զեյնել Աբիդին Քզլյափրակ: Նա խոսում է այժմ Թուրքիայում ապրող հայերի իրավունքների ու, առհասարակ, հայկական հարցի վերաբերյալ թուրքական կառավարության դիրքորոշման մասին: Հարցազրույցներից մեկում ասել է՝ իբրև ոճրագործություն կատարած ցեղի ժառանգ՝ ամաչում է:

Եթե մտավորականները կարողանան քաղաքակրթական արժեքներին ու պատմությանը հաղորդակից դարձնել նաև այն կառավարությանը, որի ականջները  միայն զենքի ձայնն են լսում, ուրեմն մարտադաշտում մի օր կրակը կդադարի:
Բայց մինչև այդ, քանի դեռ այս մտավորականների ձայնն անլսելի է, քանի դեռ «առաջադեմ» տերությունները աչք են փակում հումանիզմը յաթաղանող պետության սանձարձակությունների վրա, մենք նորից անզիջում ենք լինելու մարտադաշտում ու չենք խնայելու ոչինչ ու ոչ մեկին՝ ապրելու մեր պատմական իրավունքը պաշտպանելու համար:

Հումանիզմը պաշտպանել արյան գնով:

Մեր պատմական հաղթանակները կրկնվելու ուժ ունեն:

Հաղթելու՛ ենք:

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան