Մեր Արտավազդի ազատությունը մեր ուսերին է

Մենք ազատության կամք ունենալու վախն ունեք

Պատմում են, թե «հանկարծ ինչ-որ ցնորքից շփոթվում, խելագարվում է, ձիուց վայր է ընկնում մի խոր փոսի մեջ և այնտեղ խորասուզվում, անհետանում է»։

Պատմում են նաև, թե հայրական անեծքով քաջքերը բռնել, տարել են։ Հիմա Մասիսի քարանձավում շղթայված ապրում է։

Պատմում են, որ ամեն կիրակի դարբինների հարվածներից ամրանում են շղթաները։

Պատմում են, թե նա քաջք է, դև է․ կգա, կավերի աշխարհը։

Պատմում են, թե նա է մեր փրկիչը․ կգա, կազատի մեզ։

Ո՞ւմ մասին են պատմում։ Ինչի՞ մասին են պատմում։ Պատմողն ո՞վ է։

Պատմողը ժողովուրդն է ու նրանից ծնված պատմիչները։ Նրանք առասպելներ են հյուսում, դատողություններ են անում «շղթայվածի» մասին։ Սա ո՛չ ով է, ոչ՛ ինչ է․ սա աննյութեղեն է։ Սա Արտավազդն է։ Նա ո՛չ մարդ է, ո՛չ դև է․ նա մենք ենք։

Արարատյան դաշտից ամեն օր նայում ենք բանտված Մասիսին, որ իր մեջ բանտարկյալ է պահում։ Արարատյան դաշտից էդ սուրբ լեռան առաջ ամեն մեր Աստծու առավոտ հայհոյում ենք թուրքին, թե բանտել է մեր Մասիսը, մեզ, մեր Արտավազդը շղթայված կոտորվում է այնտեղ։

Հույսներս դրել ենք գամփռերի վրա։

1918 թվական։ Ես գրում եմ թվականը ու վերջակետ դնում։ Հետո սպասում եմ, որ հիշեք այդ թվի բոլոր դեպքերը՝ գոնե մեր հայրենիքի ճակատագրի հետ կապված։

Լևոն Շանթն էր, որ գնաց «շղթայվածին» գտնելու։ Եթե Խեչոյանը գնաց Ագռավաքար ու հույս ուներ դուրս բերել Մհերին՝ մեր փրկությունը, ապա Շանթը «գնաց» Արարատի քարանձավները՝ փնտրելու մեր դիվական, ահարկու ու փրկարար Արտավազդին։

Նա հավատացած էր՝ պիտի գա Արտավա՛զդը այս անիծած աշխարհքը քանդելու:

Մի պետություն, որ ազատության ու անկախ պետականության քաղց է ունեցել միշտ ու երբեմն սովամահ եղել դրանից, փնտրում է այնպիսի գամփռերի, որոնց սուր ժանիքները կկոտրեն շղթաները մեր հոգու, մեր ներսի, մեր գիտակցության։

Արտավազդը մեր ընտրությունն է։

Պրոմեթևսին աստվածները ազատեցին։ Մեր Արտավազդի ազատությունը մեր ուսերին է․ մենք ազատության կամք ունենալու վախն ունեք։ Ինքնախոստովանենք․ ժողովուրդը վախենում է տեր չունենալուց, տերերը վախենում են ժողովուրդ չունենալուց։ Ժողովուրդը միշտ պիտի թշնամի ունենա իրենից դուրս, որ հանկարծ իր ներսի Արտավազդին չհանդիպի։ Տերերը պիտի ունենան ժողովուրդ, որ տեր զգան։ Մենք պայքարում ենք թուրքի դեմ, մենք պայքարում ենք ինքներս մեր ներսում մեր տերերի, պետերի, ղեկավարների դեմ։ Փոխում ենք իշխանություն։ Բայց էդ բոլորի մեջ մեր ներսում ապրող շղթայված Արտավազդին գուրգուրում, փայփայում ենք, որ հանկարծ գամփռերը չարձակեն շղթաները։ Մենք ընկել ենք «մանր-մունր» ազատությունների հետևից։ Հեգելն ասում է․ «Կամքի ազատությունը ազատություն է ընդհանրապես, իսկ մնացած բոլոր ազատությունները լոկ նրա տեսակը»։

Մեղքը դարբինների վրա չգցենք։ Մենք ամենքս ենք դարբնագործ․ խախտելով աստվածաշնչյան այն օրենքը, թե կիրակին անգամ պետական մակարդակով ոչ աշխատանքային է, մենք, առած մեր մուրճերը, ավելի ամուր ենք շղթայում Արտավազդին, որ իր համար փռված, քնած է Մասիսի մի քարանձավում։

Ուժ ունենամ Խեչոյանի չափ, գնամ, փորփրեմ, գտնեմ, ասեմ՝ հերդ գնաց, ու ավերակները մինչև հիմա կան․ ո՞վ պիտի կառուցի։

Ես կարդացել եմ մեր ծննդյան վկայականը։ Այնտեղ հստակ գրված է, «թե նա ծննդից ի վեր մոլությամբ է ապրել, մինչև որ նույն մոլությամբ մեռել է»։ Ծննդյան վկայականում գրված է նաև այն մասին, թե հնարավոր է Աժդահակի ցեղի կանայք են կախարդել նրան։ Մի խոսքով՝ ես հավատացել եմ «պետական փաստաթղթում» գրված այդ բոլորին։ Սատարել եմ Արտաշեսի անեծքին, ամեն կիրակի էլ դարբինների աշխատանքը գովել։

Բայց մեզ ուրիշ բան է պատմում Կորյունը։ Ուրիշ է ասում Շանթը։

Նաղաշն ասում է, թե «Արտավազդը, քուրի՛կ, քանդելու համար չէ, որ պիտի գա, այլ՝ շինելու, կառուցելու»: Հետո էլ ասում են, թե նա կռիվ է։

Կռի՛վ է։ Բայց ոչ դրսի․ սա ներսի կռիվ է։ Սա մարդու ազատության ընտրության կռիվն է, ինչն էլ, իհարկե, բերելու է հասարակությունների ազատությանը։ Սա հայտնություն չէ։ Սա մարդու ստեղծման առաջին օրից դրված իրավունք է․ «մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին» /Յասպերսն է/։ Հասկանո՞ւմ եք․ ազատ ենք մենք։

Ազատ ենք հաղթահարել։

Ազատ ենք հաղթահարել աշխարհի լինելիությունը։

Ազատ ենք հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին։

«Ազատվինք սա գարշելի լուծեն. ազատ շունչ քաշենք մենք, քիչ մը ազատ շունչ քաշե և մեր խեղճ ժողովուրդը, նորեն վերջապես ամեն ինչ անցնի հայու ձեռքը: Հերի՛ք է»:

Մեզ խաբե՞լ են, թե Արտավազդը պիտի գա մարդու գող ու բարոյապես ավերված էս աշխարհը քանդի։ Նաղաշն իր կյանքի գնով անգամ հավատացած էր, որ նա բարի է, որ նա ազնիվ է, որ նրան մենք ենք շղթայել, բայց նա գալու է ու փրկի։ Ինչպե՞ս է փրկելու։ Այրելով։ Հրդեհելու է ամեն ինչ։ Նարեկացին հետո կասի, թե կատարելագործման միակ ճանապարհը ինքնախարազանումն է։ Ինքնայրվենք։

Իշխանն ասում է, թե նա խառնակիչ է, թե անարժան թագաժառանգ էր, որ իր արժանի պատիժն է կրում։ Ճի՞շտ է իշխանը, ուրեմն մենք  արժանի ենք պատժվում մեր երկաթյա շղթաների մեջ։

Ժամանակն անցնում է, մեր պետությունը կռվում է թռչող սարքերի, ֆոսֆորային գեղեցիկ հրավառության դեմ, բայց մի արհեստ կա, որ չի վերանում․ դարբնի գործը․ «Կզարնեն, ա՜խ, կզարնեն. չէ՞ որ կիրամուտք է, հապա կիրամուտք է: (Լալով) Կարծես հոգիիս կզարնեն… Ա՜խ, ինչո՜ւ կզարնեն, ինչո՜ւ կզարնեն…»։

Դարբինն ասում է, թե մեր աշխարհքի բոլոր կարգերը անիծված են։ Անեծք կա մեր կյանքի վրա։ Դարբինն ասում է այնպես, թե այդ անիծողները իբր մենք չենք, այդ անեծքի լեզուն կտրողները մենք չենք։ Դրա փոխարեն օրհնանք ասողները մենք չենք։ Ուրիշն է։ Մեր տերերն են, իշխաններն են, թուրքերն են, ղեկավարությունն է, ամբոխն է, բայց մենք չենք․ «Ուժեղը ե՛ս եմ, տիրողը ես եմ, ներող ըլլալը վայել է ինծի»:

«Եթե կուզե՛ք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, եթե կուզեք, որ փրթին ձեր բոլորի շղթաները, ընկճեցե՛ք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կրծքին տակ, մեռցուցեք ձեր մեջի՛ բռնակալը»:

Եթե։

Ձայները գոռում են՝ արդարություն է, հավասարություն: Կեցցե՜…

Արտավազդը իր համար փռված, քնած է․ մենք գորգուրում ենք նրան, ծածկում, չենք աղմկում, որ չարթնանա։

Պատմում են, թե «հանկարծ ինչ-որ ցնորքից շփոթվում, խելագարվում է, ձիուց վայր է ընկնում մի խոր փոսի մեջ և այնտեղ խորասուզվում, անհետանում է»։ Տեսնես ինչի՞ց է շփոթվում, ինչի՞ց է խելագարվում, ո՞ւր է խորասուզվել։

Բոլորը հոշոտում են բոլորին։

Արդարությո՞ւն է, հավասարությո՞ւն: Կեցցե՞…

 

Վանուհի Բաղրամյան