Մենք ու մեր ողնաշարի ցավը. Այդքան մոտ ու հեռու Մեղրի

Մեղրին այն ազատությունն է, որը լավ չենք ճանաչում

«Պետք է հայրենիքդ ճանաչես, որ սիրես»․ ասում էր երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը։
Որքանո՞վ ենք ծանոթ մեր մի բուռ հայրենիքին, որքան ենք սիրում այն։

Մեղրիում գոնե մեկ անգամ լինելուց հետո այն մոռանալն անհնարին է։ Այդ է պատճառը, որ վստահ եմ՝ Մեղրին մոռացածներն ու «Բայց վտանգավոր չի՞ գնալը» ասելով այն մտովի բախտի քմահաճույքին հանձնածները միանշանակ չեն ճանաչում այն։

«Մեղրին Հայաստանի ողնաշարն է», - սիրում են կրկնել մեղրեցիները։

Մարդն իր ողնաշարի ցավի դեպքում կարո՞ղ է մոռանալ այդ ցավը կամ հետաձգել բուժումը։ Ոչ, անտեսելու տարբերակ չունես։ Հայրենիքի դեպքում նույնն է միայն մեկ տարբերությամբ. ցավը սկսում են զգալ այն ժամանակ, երբ արդեն ուշ է:


* * *

Չկա տարվա մի եղանակ, երբ Մեղրին պակաս գրավիչ կամ պակաս ճոխ լինի, սակայն աշունը բոլորովին այլ է։ Եվ ոչ միայն անուշագույն ու անուշահամ նռան առատ բերքի, ամեն տան բակում և անգամ բազմահարկերի պատշգամբներից կախված ու ոսկյա մանյակներ հիշեցնող խուրմաների չրերի անվերջ շարքերի համար: Աշունը Մեղրիի լեռներում ամենափառահեղն ու ամենազուսպն է միաժամանակ: Այն ամենը, ինչ մենք՝ սովորական մահկանացուներս տեսնում ու զգում ենք բոսորագույն այս լեռնային գոտու ճանապարհին ու դրա ներսում, հիշեցնում է ուշ միջնադարի եվրոպացի նկարիչների կտավների հագեցած, ընտրյալ ու «մանրակրկիտ» երանգները, ինչպես նաև միշտ Մեղրիից անպակաս մեղմիկ, հաճելի ու ոչ պարտադրող մի ջերմություն, որը նույնպես այնքան ինտենսիվ է, որ բնավ չեք նեղվի ո՛չ ուշ աշնան խոնավությունից, ո՛չ տեղի արևոտ երեկոներին Մեղրիի բարձունքներում հաճախ սուլող քամուց:

Մեղրին անուշ ու ջերմ է նախ և առաջ իր մարդկանցով, յուրահատուկ ու բացառիկ մշակույթով, որի մեջ այնքան ինքնաբավ, այնքան հրաշալի է Հայաստանի հարավային այս անկյունը, որ թվում է թե ավանդույթի ուժով Մեղրին ու մեղրեցին իսկապես հավերժ են՝ անկախ այն բանից մենք նրանց հիշում ենք, թե ոչ:

Ծայրից ծայր կես օրվա պտույտի քաղաք է փոքրիկ ու արևաշատ Մեղրին: Քաղաքի բերդից՝ Մեղրու ամենաբարձր կետից տեսանելի են Նախիջևանի գոգավորության ու Ղարադաղի խրոխտ լեռները, ոչ տեսանելի, բայց երևակայելի են Նախիջևանը՝ պատմական Գողթն գավառով և է՛լ ավելի արևմուտք երազային Ջուղայով, արևելքում՝ Կովսականի այլևս Նախիջևանի պես կորուսյալ տափաստանները, հարավում՝ Արաքսն իր եդեմական հովտով:

Միջնաբերդից արահետն առանց ավելորդ ջանքի ինքնուրույն կտանի ձեզ դեպի քաղաքի Մեծ թաղ և դրա զարդը համարվող Սուրբ Աստվածածինը, որտեղ էլ ժամանակին պահվել է մեղրեցիների հպարտությունը՝ Հայաստանի առաջին դաշնամուրը:

Ասում են՝ այն Մեղրի է բերվել որպես Նախիջևանից այստեղ հարս եկած օրիորդ Եղիսաբեթի օժիտ, երկար ճանապարհ անցնելով Բեռլինից մինչև Թիֆլիս, այնուհետև Ջուղա, Ագուլիս և ի վերջո՝ Մեղրի: Մեղրեցի Վաչյանները ստիպված էին 25 հոգով և բազմաթիվ ջորիներով բերել նորահարսի այդքան թանկ ու հարգի օժիտը:

Սակայն քաղաքի «թագուհու» կոչման համար, թերևս, կարող են մրցել միայն երկու տաճար. Փոքր թաղի բարձունքին բազմած, արտաքուստ ամենահամեստ, իսկ ներսում հայկական ամենաճոխ եկեղեցիներից Սուրբ Հովհաննեսը և Անապաստանաց վանքը կամ, ինչպես տեղացիներն են այն կոչում՝ Մեղրու վանքը: Վերջինս օծման անվամբ նույնպես կրում է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը: Երկուսն էլ նոր են վերաբացվել այցելուների համար և երկար դադարից հետո թևակոխել կյանքի ու ծաղկման նոր փուլ:

Մեղրահամ այս քաղաքում, զարմանալի է, բայց մեծ հռչակ վայելող տեղի մրգերից գրեթե ոչինչ չեք կարող գտնել քաղաքի փողոցներում. մեղրեցիներից քչերն են այգեգործությունն ընկալում որպես եկամտի հիմնական աղբյուր և սովորաբար արևի բույրով ու համով հագեցած այս պտուղները հիմնականում վայելում են իրենց ընտանիքում կամ հանձնում են դրանք Մեղրիից ու Հայաստանից դուրս արտահանողներին: Հոգ չէ, համեղագույն չրերն ու Մեղրիի այլ բարիքները համտեսելու համար բավական է ընդամենը թակել քաղաքի հին թաղամասերի նեղլիկ փողոցներում հանդիպած ցանկացած դուռ, և Մեղրին իր հյուրընկալությամբ ու բարիքներով ամբողջովին կբացվի ձեր առջև տան դռների հետ միասին:

Ձիթենուց մինչև բանանի ու պիստակի ծառեր՝ որպես եզակի հպարտություն ձեզ այստեղ ցույց կտան ամեն ինչ՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ դեռ չեն հասցնում հավաքել ամբողջ բերքը: Սա զարմանալի չէ, քանի որ Մեղրին Հայաստանում եզակի ինքնաբավ ու բարձր կենսամակարդակով քաղաքներից է, որտեղ 5000-ը չգերազանցող բնակչությունն աշխատանքի ընտրության միանգամից մի քանի հնարավորություն ունի: Ցավոք, մեղրեցիներին առանձնապես «երես չի տալիս» զբոսաշրջության ոլորտը, և երբեմն թվում է, թե ԽՍՀՄ տարիների պես Մեղրին դեռ շարունակում է մնալ «փակ գոտի», որտեղ մարդիկ այցելում էին հատուկ անցաթղթով:

«Չմեռանք, տեղացի տուրիստ էլ տեսանք»,- ասել էր մեր ընկերներից մեկի հայրիկը դեռ անցյալ տարի, երբ հայաստանյան զբոսաշրջիկների առաջին խումբն էինք ուղեկցել Մեղրի:

Սահմանային այս փոքրիկ քաղաքում կյանքը եռում է, միևնույն ժամանակ չխախտելով իր հազարամյա ավանդույթների, հավերժության խաղաղ ռիթմը: Հայաստանի «ամենաբաց» քաղաքն արտաքին աշխարհի առջև միևնույն ժամանակ ամենափակն է՝ մերժելով խառնաշփոթն ու աղմուկը, արտաքին ազդեցություններն ու պարտադրանքները: Հետևաբար՝ Մեղրին նաև այն ազատությունն է, որը մենք իրականում լավ չենք ճանաչում, և գուցե՝ չճանաչելու պատճառով բավարար չենք սիրում մեր ազատությունը:

 

Սոֆյա Հակոբյան





 

... ... ...