«Մե հաց ու մե թան». Սասունի «վերջին հայը»

«Այնտեղ, ուր վերջանում է ասֆալտը». այսպես են բոլորը կարճ նկարագրում Սասունի Կոմեկ գյուղում դեպի հայ Ջեմիլ պապիկի տուն տանող ճանապարհը:

Եվ իսկապես, Կոմեկը, որի խորթուբորդ լեռնային ճանապարհները երբեք ասֆալտի հոտ չէին զգացել, վերջին տարիներին սկսեցին նորոգվել ու գեղեցկանալ: Սակայն երանելի ասֆալտը այդպես էլ չհասավ մի տեղ՝ Կոմեկի հայկական թաղամաս: Այստեղ առատ ասֆալտ սփռող մեքենաները կանգ են առնում, իսկ համեստ այս գյուղի ամենահամեստ անկյունը՝ մի քանի հայերի տները մնում երկու աշխարհների ու իրականությունների միջև: Այստեղ նաև միշտ կանգ ենք առնում մենք. չէ որ այստեղ էին ապրում սիրելի Ջեմիլ պապիկն ու Ֆերիդե տատիկը՝ տղայի, հարսի ու 5 թոռների հետ:

«Սասունի վերջին հայը». այսպես էին ճանաչում Ջեմիլ պապիկին հայկական մամուլում ու ֆեյսբուքահայության շրջանում նրանք, որոնք ոչ մի պատկերացում չունեին ժամանակակից ու իրական Սասուն աշխարհի մասին:

Ջեմիլ պապիկենց տուն հասնելու համար նախ պետք է հաղթահարել մի քանի փորձություն և ֆիզիկապես պատրաստված լինել: Նախ և առաջ չափազանց հին, ամեն վայրկյան կարծես քանդվելու պատրաստ փայտե աստիճանով պետք է կարողանաք մագլցել դեպի գյուղի ճանապարհից ամբողջովին առանձնացած հայկական թաղամաս: Պաշտպանական բնական ամրոց հիշեցնող այս հատվածը կարծես կտրված է ամբողջ գյուղից, ամբողջ Սասունից, ամբողջ աշխարհից: Վերևում ձեզ դիմավորող ցորենի հասկերի մոտ բառի բուն իմաստով ցատկելուց հետո պետք է նույն ճանապարհով տեղափոխեք բոլոր իրերը, ներքևում մնացած ձեր ընկերներին ու շարժվեք դեպի ընդամենը երեք տնից բաղկացած հայկական թաղամաս: Ճանապարհին արդեն աստիճաններ չկան, փոխարենը ևս մի քանի անգամ պետք է մագլցեք արդեն դեպի վեր տանող քարերով՝ ծառերի արանքով դուրս գալով ուղիղ Ջեմիլ պապիկենց տան բակ:

Երևի ոչ ոք աշխարհում Ջեմիլ պապիկի չափ ջերմ ու կարոտով չէր գրկում ու համբուրում իր հյուրերին:

«Դուք Աշնակից չե՞ք: Ես Աշնակում բարեկամ ունեմ», - չէր հոգնում անդադար հարցնել իր տանը հայտնված բոլոր հայաստանցի հյուրերին Ջեմիլ պապը՝ հպարտությամբ, սիրով ու անհագ սպասումով:

Ջեմիլն ու Ֆերիդեն երբեմն մոռանում էին մարդկանց դեմքերը, անուններն ու նրանց հետ կապված դեպքերը, միակ խոր տպավորությունն ու հիշողությունը, որ դաջվում էր նրանց մեջ «արտաքին աշխարհից» եկած որևէ մեկի հետ կապված՝ այն էր, թե արդյոք վերջինս «մեզմե» մեկն է, թե՞ ոչ: Գուցե մոռանային, թե ով է դիմացը նստած, բայց միշտ կհիշեին, որ հետը հայերեն պիտի խոսեն: Ես եզակի երջանիկներից էի, ում Ջեմիլն ու Ֆերիդեն չէին մոռանում:

«Սոֆիա, ինտե՞ (արաբերեն՝ «Սոֆիա, դու՞ ես»)», -միայն մեկ անգամ վստահ լինելու համար ստուգում էր Ֆերիդեն: Իսկ հետո ամեն ինչ ու ամեն պահը հայերեն էր: «Իրենց» հայերենով:

Հիշում եմ, թե ինչպես մեկ անգամ որոշեցի այցելել հարևան գյուղերից Կորովը՝ լուսանկարելու տեղի բացառիկ վաղ միջնադարյան հայկական գերեզմանատունը: Մինչև մենք հուսահատ մեքենա էինք փնտրում և փորձում կապ հաստատել այդ գործը գլուխ բերող ցանկացած մեկի հետ՝ Ջեմիլ պապիկն անվրդով ու իրեն հատուկ բարիագույն ժպիտով դարձավ դեպի մեզ. «Կորով օդանա (այստեղ) է, էգու էրթանք, լաո»: Ջեմիլ պապիկի «այստեղը» 7-8 կմ էր, սակայն մենք այդ մասին չգիտեինք: Ոգևորված, ուրախ և ինքնավստահ ճանապարհ ընկանք դեպի Կորով՝ ես, Մերին և Ջեմիլի թոռնիկ Սյուզանը: Սարերով, ձորերով, մայիսյան աննկարագրելի գեղեցիկ արահետներով, Սասունի ծալքավոր լեռների անհայտ ու անվերջ ճանապարհներով դեպի Կորով մեր ճամփորդությունն անսպասելի երկար, դժվար ու տանջալից էր բոլորիս համար, բայց ոչ 85-ամյա Ջեմիլի:

«Ճոբոյին (Սասունի բարբառով՝ պապիկ) ինչ կա, բարձրահասակ է, ոտքերը՝ երկար, արագ-արագ գնում է առանց հետ նայելու», - ծիծաղելով թուրքերեն ասում էր Սյուզանը՝ չհամարձակվելով գանգատվել սիրելի պապից, հարազատ Սասունի քարքարոտ ու երբեմն անանցանելի ճանապարհներից, և առհասարակ՝ ոչ միշտ հասկանալի, հոգսաշատ ու հարազատ Սասունից:

Սյուզանն ամեն օր էր իր եղբայրների ու քույրիկի հետ մագլցում այն նույն փայտյա ճռճռան աստիճանն ու քարերը՝ դեպի դպրոց ճանապարհին: Նրա ընդվզումը, բողոքն ու տխրությունն այնքան լուռ, խոհեմ ու տոկուն էին, որ միայն շատ ուշադիր լինելու ու շատ նրբորեն Սյուզանին զգալու դեպքում էր նկատելի: Ես զգում, բայց չէի պատկերացնում այդ անելանելիության ահռելի չափն այդ փոքրիկ մարմնում, մինչև որ ամեն անգամ, հրաժեշտի ժամանակ Սյուզանը պինդ-պինդ չէր գրկում ինձ ու ասում. «Էլի կգաս, չէ՞»: Այդ պահին ես միշտ ամաչել եմ, որ այդքան հպարտանում ենք Սասունի լեռներում մինչև օրս Սուրբ Ծնունդ ու Զատիկ նշող հատուկենտ հայերի գոյությամբ, մինչդեռ նրանք միայն մեր արկածային ճամփորդությունների, մեր կարդացած կամ գրած գրքերի, մեր՝ ընկերներին հպարտությամբ պատմածների ու մեր բոցաշունչ հայրենասիրական ելույթների մի մասն են միայն: Ամաչում էի, որովհետև մենք գնում ենք, իսկ նրանք՝ մնում:

Ինչևէ, 7-8 կմ այն կողմ՝ հարևան Կորով գյուղում այլ Սասուն էր: Այստեղ, ի տարբերություն Ջեմիլենց տան, պատերին Հիսուս Քրիստոսի նկարը չես տեսնի, հայերեն խոսք՝ չես լսի:

Գյուղ մտնելուն պես քեզ վրա, բառի բուն իմաստով, թափվում են բազմաթիվ երեխաներ, որոնք արաբերեն ու թուրքերեն բղավոցներով իմաց են տալիս, որ ուրախ են քեզ տեսնել: Ինչ-որ երկվություն կա Կորովում, որը հետո, շատ ավելի ուշ պիտի բացահայտեինք:

«Այնտեղ միայն հորեղբորս տղան է մնացել, ինքն էլ մուսուլման աղջիկ է առել, կրոնափոխվել, մնացել գյուղում, մնացածս դուրս ենք եկել, հնարավոր չէր: Կամ պիտի դուրս գայինք, կամ դառնայինք «տաճիկ», կամ ոչնչանայինք», -ամիսներ անց պատմում էր ծնունդով Կորովից Վ-ն՝ արդեն հեռավոր Ֆինլանդիայից:

-Սրանց իսլամանալը մի 10-15 տարվա պատմություն ունի: Մինչև այդ հայ էին: Հիմա, արի ու տես, գինուց քացախ են դառել: Սրանց նմանները շատ-շատ են, -մրթմրթում է Զ.-ն՝ Կորովում դեռևս ապրող մեկ այլ հայ՝ գյուղի գողտրիկ ու խորհրդավոր քարանձավի ճանապարհին:  

Ասում են՝ 1915-ին այս քարանձավում բազմաթիվ հայեր են թաքնվել՝ խուսափելով կոտորածից: Քարանձավի խորքից սառնորակ ու ասես անմահական ջուր է հոսում, սրբում, տանում մեր՝ չափազանցված պատկերացումներն ու հուսահատ մտքերը, թողնում անորոշությունն ու այսօրվա Սասունը մեր նախընտրած ձևով ընկալելու ու ապրելու մեր ընտրությունը:

-Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ նման ջուր չես գտնի, -ասում է Զ.-ն՝ արագ վազելով դեպի քարանձավն ու տեղում ըմբոշխնելով սառը ջուրը:    

Ինքն ամռանն այստեղ է, բայց ընտանիքը՝ Պոլսում: Զ.-ի պես շատ քրիստոնյա հայեր են նախընտրում ձմեռն անցկացնել քաղաքում, իսկ ամռանը վերադառնալ Սասուն: Միայն Ջեմիլը, նրա հարևան զարմիկն ու ևս երկու քրիստոնյա հայ ընտանիք է, որ չեն լքում գյուղը կլոր տարի:

Ջեմիլ պապիկը Զ.-ի հայրիկի հետ տան այգում խաղաղ, առանց շտապելու դեռ ծխում են իրենց այդքան սիրելի թութունը, մեկի հետևից փաթաթում նորը, ժպտում մի պատ այն կողմ աղմկող արաբախոս հայ մանուկներին և իրենց միայնության ու ընտրության մեջ այնքան անվրդով, այնքան համեստ ու անշեղ են, որ մնում է նախանձել այդ համբերությանն ու մեծահոգությանը:

«Ինչքան շատ են այս մարդուն ասել՝ արի, իսլամ ընդունիր, ամեն ինչ կտանք: Չի արել: Չարեց: Մնաց իր ասածին», -զարմանքով ու անթաքույց հիացմունքով լեգենդներ են հյուսում Ջեմիլի մասին Սասունի ամենատարբեր գյուղերում թե՛ հայերը, թե՛ արաբներն ու քրդերը:

Ինքը՝ Ջեմիլը, չէր հպարտանում ոչնչով, բացի իր խաղողի ճոխ թփերից ու տան թոնրում ամեն օր թխվող թարմ հացից: Երբեք չեմ տեսել որևէ մեկին, որն ավելի մեծ հաճույքով, երջանկությամբ ու խաղաղությամբ կճաշակեր իր ամենօրյա հացը, ինչպես Ջեմիլը: Սիրում էր նստել հենց բակում՝ թոնրատան դիմաց, մեջքի հետևում թողնելով սարերն ու խաղողի երկարող ողկույզները, թիկնել աթոռին ու մեկ ձեռքում բաժակով թան, մյուսում՝ մի կտոր տաք հաց. ըմբոշխնում էր այդ ամենը: Ըմբոշխնում էր  Սասունը:

«Մե հաց ու մե թան», -ասում էր ժպտալով ու կարծես աշխարհն իր վեջը չէր:
Մե հաց ու մե թան էր Սասունը, որը ճիշտ ըմբոշխնելը միայն ջեմիլները գիտեին: Մեկ տարի առանց Ջեմիլ պապիկի տեսնես ինչպիսի՞ն է Սասունը..

 

Սոֆյա Հակոբյան