Մատաղ

Մարդկանց ու ոչխարների կռիվ էր սկսվել: Ընդ որում պատերազմ հայտարարողը ոչխարներն էին: Վերհիշելով իրենց մուֆլոնական անցյալը՝ սևով, սպիտակով համախմբվել էին ու հարձակվել: Ընդ որում, դարերի ընթացքում լավ ուսումնասիրելով մարդկանց՝ հասկացել էին, որ թշնամու թույլ տեղը ստամոքսն է ու թիրախավորել էին գյուղացիների՝ հատկապես ելակի թփերը:

Կար վարկած, որ աննախադեպ այս պատերազմն սկսվել էր սև գառան մորթից, երբ գյուղապետ Աբրահամ Իսահակյանը տնից դուրս եկած և չորս ժամ չվերադարձած որդուն հանկարծ գտավ մոտակա գետում լողալիս, ու կարծելով, թե տղան մահից է փրկվել, մատաղ խոստացավ: Իրականում խառը ժամանակներ էին, ու գյուղապետը վախենում էր իր ընտանիքի անդամների անվտանգության համար: Տնաշենի տղան էլ ըմբոստ որդի էր. ամիսը մեկ փախչում էր տնից.

-Շա՛ն որդի, էսօր կամ, վաղը՝ չկամ, էս գյուղին ո՞վ ա տիրություն անելու,-ասում էր հինգ տարով գյուղապետ ընտրված Աբոն:

-Անտեր է մնալու,-պատասխանում էր անառակ որդին:

Թե երբ էր առաջացել ավագ և կրտսեր Իսահակյանների այս հակամարտությունը, գյուղում ոչ մեկը հստակ չգիտեր: Երկաթ անունով հայտնի դարբին Աշոտն, օրինակ, վստահ էր, որ «դրանց տան կռիվն աշխարհից էլ հին ա», անասնաբույժ Հայկազը, սակայն, պնդում էր, որ «իրականում գյուղապետը որդի չունի», այն պարզ պատճառով, որ «գյուղապետը չի կարող երեխա ունենալ»: Ընդ որում, այս վարկածը սրա-նրա ականջին շշնջալիս՝ անասնաբույժը մատը տնկում էր վերև ու ասում.

-Ես հո հաստատ գիտեմ:

Հետաքրքիր էր նաև հացթուխ Սիրուշի վարկածը՝ գյուղապետական ընտանիքի հակամարտության առաջացման: Ըստ այդմ՝ գյուղապետի տիկինը, որին գյուղում «Պերվայա լեդի» էին ասում՝ քիթը ցից ֆռֆռալու համար, երբ քաղաքից առաջին անգամ իրենց գյուղ է եկել, գիշեր է եղել, գյուղի շներն էլ, հավանաբար անծանոթի հոտից, սկսել են հաչել: Նա էլ, որպեսզի ներկաների մոտ ցույց չտա, որ վախենում է, ասել է. «Մթամ շեն ա, շուն էլ ունեն»: Սիրուշը պնդում է, որ Աբոն, որ այն ժամանակ դեռ գյուղապետ չէր, գլուխը կախել է ամոթից: «Էդ լածիրակն էլ մորն ա քաշել էլի...,-պնդում էր Սիրուշը,-խեղճ մարդուն ամոթից գերեզման են տանելու»: Լածիրակն, ի դեպ, որ ընտանիքում առավել հայտնի էր «Բառադի» անունով, արդեն 22 տարեկան էր՝ մոր պես կանաչ աչքերով, հոր նվիրած սև «Մերսեդեսով», բանակից ազատված ու չնայած գյուղի չնաշխարհիկ բնությանը՝ երբեք չսիրահարված:

Հենց գյուղապետի երկհարկանի, բաց շագանակագույն տուֆից և կապույտ թիթեղյա տանիքով տունն էլ ամենամոտն էր սարին, որտեղից էլ սպասվում էր վտանգը՝ ոչխարի դեմքով: Արդեն հնչել էին ահազանգեր, որ ոչխարը հոշոտել է դպրոցի տնօրեն Տավարածյանի ելակի թփերը, Տեր Մովսես քահանա Ալավերդյանինը՝ նույնպես: Բայց համբերության վերջին կաթիլը գյուղի միակ խոպանչի Ստյոպի ճիչն էր, որ հնչեց շաբաթ օրվա մայրամուտին:

-Կլուբնիչկա՜ս,-գյուղով մեկ գոռաց Ստյոպը:

Գյուղապետն անձամբ աթոռից ընկավ. բանն այն էր, որ Ստյոպը խոպանից հետո բերել էր Օլգային, որին, հավանաբար, շատ սիրելուց «Կլուբնիչկա» էր ասում: Փառք Աստծո՝ ոչխարները Օլգային կճղակով չէին դիպչել, ու Ստյոպն իսկական ելակի հետ էր:

-Հրատապ ժողով ենք անում,-հայտարարեց գյուղապետ Աբրահամը,-հավաքվում ենք երկու օրից՝ երկուշաբթի՝ իմ տանը:

-Մինչև էդ կդիմանա՞նք,-լսվեց կարծես թե դարբին Աշոտի ձայնը:

-Դեմներս կիրակի ա, բան չենք կարա անենք,-արձանագրեց Տեր Մովսեսը:

Գյուղապետ Աբրահամն էլ հանձնարարեց ցուցանակ պատրաստել՝ գրությամբ. «Ոչխարները մոտեցել են: Աղետը կանխելու համար նշանակում եմ գյուղական խորհրդի հրատապ նիստ, որը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան՝ գյուղապետ Աբրահամ Իսահակյանի տանը: Խորհրդի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր է, բացակայությունը կդիտարկվի որպես դավաճանություն՝ դրանից բխող հետևանքներով»:

Ցուցանակը փակցրեցին գյուղի Մշակույթի տան ավերված շենքի պատին, քանի որ կարդացող մարդիկ հիմնականում այդ կողմերում էին շրջում:

Կիրակի, երբ ամբողջ գյուղը ներկա էր քահանա Ալավերդյանի մատուցած պատարագին, ոչխարի՝ հաստատ հատուկ պատրաստված ջոկատը արմատախիլ արեց հացթուխ Սիրուշի ամբողջ ելակը:

-Թաղե՜մ քեզ,-ձեռքերը վեր պարզած գոռաց Սիրուշը՝ աղոթքից հետո տուն վերադառնալով ու անմարդկային ոճրագործությանն ականատես լինելով, իսկ իրականում՝ տան բազմոցին պառկած-քնած ամուսնու՝ անտառապահ Խաչիկի անգործության հերթական դրսևորման պատճառով:

Ժողովն սկսվեց նշանակված ժամից երկու ժամ ուշ: Բառադի լածիրակն էլի կորել էր, այս անգամ գրություն թողնելով. «Ես քաղաք եմ գնում: Եթե իմ լավն եք ուզում՝ հանգիստ թողեք ինձ»: Խեղճ գյուղապետը երեք հատ վրա-վրա ծխեց.

-Էդ իբր նեղվո՞ւմ ես,-նետեց «Պերվայա լեդին»:

-Հա, ու գիտե՞ս ինչի, որովհետև չգիտեմ՝ ոնց եմ նայելու Ստյոպի աչքերին ու համոզելու, որ էս տարի չհեռանա գյուղից,-խեղճացավ Աբրահամն ու գնաց հյուրասենյակ՝ հրատապ ժողովն սկսելու:

Գյուղական խորհրդի անդամները դանդաղ էին հավաքվում: Առաջինը եկել էր Տեր Մովսեսը, երևի որովհետև ամենաքիչ զբաղվածն ինքն էր. ոչխարների ահից, այն էլ երկուշաբթի օրով, գյուղում ո՛չ մեռնում էին, ո՛չ պսակվում, ո՛չ կնքվում: Վերջինը ժամանեց անասնաբույժ Հայկազը: Դատելով աչքերի կարմրությունից ու վերնաշապիկի ճմրթվածությունից՝ էլի կռվել էր կնոջ հետ, էլի՝ վերջնականապես: Խեղճ կինն ամաչում էր, որ ուրիշների գործը մարդկանց հետ է, Աստծո հետ է, երկաթի հետ է, իսկ իր մարդունը՝ անասունների: Հայկազն էլ արդեն 15-20 տարի է փորձում էր բացատրել, որ իրականում ինքը կարևոր գործ է անում, եթե անասունը հիվանդ լինի, մարդկային կյանքը, էն էլ իրենց պես՝ աշխարհից կտրված գյուղում, իմաստ չի ունենա, բայց դե կնոջն ո՞վ է կարողացել համոզել սեփական ճշմարտացիությունը, որ Հայկազը կարողանար:

Հենց Հայկազին էլ տվեցին ժողովում առաջին խոսքի իրավունքը՝ որպես թշնամու գիտակ, ոչխարների հարցով բարձր որակավորմամբ փորձագետ:

-Միակ ելքը համայնքային լայնածավալ մորթն ա: Ես առաջարկում եմ «Մատաղ» օպերացիան,-կարճ կապեց անասնաբույժը:

Տեր Մովսեսը դեմ էր.

-Ախր մեղք է,-բացականչեց քահանան:

-Համ էլ, որ սատկացնենք, բա ինչո՞վ կապրենք,-շարունակեց դպրոցի տնօրեն Տավարածյանը:

-Ո՞վ էլ խոսի,-զարմացավ գյուղապետը,-ասա դու կյանքումդ ես ոչխարը մոտիկից տեսած:

Ինչպես լինում է նման ժողովներում, բոլորն սկսեցին խոսել, ու ոչ մեկը մյուսին չէր լսում: Բայց հանկարծ գյուղապետը ձեռքը խփեց պապուց մնացած հին սեղանին, ինչի արդյունքում ջրով լի բաժակն ընկավ գետնին, ու «չարը խափանվեց», և ոտքի կանգնելով՝ հայտարարեց.

-Հարգելի՛ ներկաներ, հաշվի առնելով հանգամանքը, որ թշնամու անխուսափելի հարձակման դեպքում առաջինը թիրախում հայտնվելու է իմ տունը, առաջարկում եմ պետությունից ստացած երկու կոպեկը ծախսել իմ տան շուրջբոլորը պարսպապատելու նպատակով: Կարծում եմ, որ ոչխարը կգա, կհանդիպի բարձր, պինդ պարիսպներին ու կնահանջի:

Բոլորը մի պահ լռեցին, միայն Սիրուշի մարդը՝ անտառապահ Խաչիկը, քմծիծաղ տվեց ու ասաց.

-Մենակ թե անհասկանալի է՝ դու էդ պարիսպն ուզում ես, որ տունդ մարդ չմտնի՞, թե իսկապես սարսափում ես ոչխարների հարձակումից: Իմանանք էլի...

Չիմացան: Ամեն դեպքում, գյուղապետը չպատասխանեց հարցին ու հյուրասենյակ-ժողովարանում կրկին վեր բարձրացավ մեկը՝ մյուսին չլսելու աղմուկը:

Հենց այդ ընթացքում սարից իջած ոչխարի հոտը որոճալով ու իրար հերթ չտալով, վեց, թե տասը մետր խորացավ գյուղապետի տնամերձ այգում, ոչնչացրեց ելակի ամբողջ թփերը, և քանի որ ոչխարի նպատակը մի տեղ հաստատվելը չէ, այլ՝ առաջ գնալը, ամբողջ այգին տրորեց ու անցավ:

 

Հովիկ Աֆյան