Մարդ եմ

Սիմոնյանն աշխատում էր Գավառի պետական թատրոնում: Այսինքն չէր աշխատում, թատրոնում աշխատում է մաքրուհին, հանդերձարանի պատասխանատու տիկինը, տնտեսվարը, հագուստ, վարագույր կարողը, դեկորացիա սարքողը, լուսավորողը, դիմահարդարը... Սիմոնյանը թատրոնի ռեժիսորն էր ու ոչ թե աշխատում էր, այլ թռչում: Տխուր աչքեր ուներ. հավանաբար Սևանի ձկնորսներին այդքան էլ հետաքրքիր չէին Ռոմեո ու Ջուլիետի սերը, կամ Լիր արքայի հոգեկան տվայտանքները, գուցե Սիմոնյանն ինքը հասկանում էր, որ Սևանի ձկնորսներն այնքան բան են տեսել, որ ինքը նրանց զարմացնել չէր կարող. ո՛չ ինքը, ո՛չ էլ Շեքսպիրը:

Թատրոնից բացի բեմական խոսք ու ռեժիսուրա էր դասավանդում համալսարանում: Հենց այնտեղ էլ հանդիպեցինք: Բեղեր էլ ուներ ու միշտ շոյում էր դրանք՝ խոսելուց առաջ, որպեսզի բոլորս հասկանանք՝ շուտով իմաստուն խոսք ենք լսելու: Մի առավոտ հանձնարարեց, որ հարցազրույց վերցնենք, բայց ոչ սովորական հարցազրույց. պետք է փորփրեինք պատմություն-գրականությունը՝ կապ չունի հայոց, թե՞ այլոց, ընտրեինք որևէ պատմական-առասպելական հերոս, որը կարող էր լինել նույն Լիր արքան, կամ Ռոմեոն, նույնիսկ Կիկոսը ու հենց նրա հետ էլ հարցազրույց անեինք: Մի պայման էլ կար, պիտի գրեինք, թե մեր լուսավոր դարում կոնկրետ որտե՞ղ ենք տեսել մեր հերոսին:

Մարդ կար Փարվանա լճում մակույկ էր նստել Տերյանի հետ ու պարզել էր, որ պոետն իր բոլոր բանաստեղծություններն իրականում հենց իրեն է նվիրել: Մարդ կար Չարենցի հետ կոնյակ էր խմել Մոսկվայի Կարմիր հրապարակում ու ապացուցել Մեծին, որ կարմիրն ամենևին էլ չփրկեց երկիր Նաիրին: Մարդ կար համոզել էր գյուղացի Համբոյին, ու մարդը Գիքորին «էն անիրավ աշխարհը չէր գցել»: Մարդ կար վստահ էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում չորս անգամ կրակած իր պապը պատմական-առասպելական կերպար է ու հենց նրա հետ էր զրուցել՝ բնականաբար Բեռլինում՝ քոչարիից հետո: Ես՝ մեր հին ու կեղտոտ քաղաքի փողոցներից մեկում հանդիպել էի Հուդային: Փող էր հավաքում: Միանգամից չէի ճանաչել, կանցնեի-կգնայի, եթե հանկարծ հետևիցս չասեր.

-Դու ես մեղավոր, որ խաչեցին:

Նստեցի կողքին: Մեծ սիրով կլռեինք, բայց Սիմոնյանը շատ բառեր էր պահանջել:

-Ինչի՞դ է պետք փողը,-առաջին հարցս տվեցի:

Նայեց դեմքիս.

-Մարդ եմ,-ասաց:

-Երբ համաձայնեցիր հետը քաղաքից քաղաք գնալ հատուկ առաքելությամբ, ինչո՞ւ էիր համոզված, որ Աստծո որդին է,-ասացի:

Մի պահ վերև նայեց ու հենց վերև նայելով էլ ասաց.

-Մարդ եմ:

-Բա հետո ինչո՞ւ չվախեցար Աստծո որդուն մատնելիս, գուցե համոզվեցի՞ր, որ իրականում նա ամենևին էլ...,-ոգևորվել էի:

Անձայն, բայց ամբողջ մարմնով ծիծաղեց ու բարձր, որ նույնիսկ մոտակա սրճարանում մոխիտո խմողները լսեցին, ասաց.

-Մարդ եմ:

Շփոթվեցի: Զրույցը չէր ստացվում, կամ գուցե ես էի շատ ջահել.

-Էդ փողով գնացիր կերար-խմեցիր, չէ՞,-փորձեցի նեղը գցել:

Բայց միանգամից պատասխանեց՝ գլուխը հետ ու առաջ անելով.

-Մարդ եմ:

Վերջին գրոհս ձեռնարկեցի.

-Իսկ հետո, երբ ամեն բան ավարտվեց, ինչո՞ւ զղջացիր:

Էլի նայեց դեմքիս: Ժպտաց, նույնիսկ գլուխս հայրաբար շոյեց.

-Մարդ եմ,-ասաց:

Հուսահատվել էի: Մարդը չի ուզում խոսել հետս, մարդը չի բացահայտում գաղտնիքը: Հարցերի տարափ տեղացի. բա աղոթո՞ւմ ես, անիծո՞ւմ ես, սպանո՞ւմ ես, գողանո՞ւմ ես, հարևանիդ ունեցվածքը ցանկանո՞ւմ ես, էլի դավաճանո՞ւմ ես, հետո միշտ զղջո՞ւմ ես, ուրիշ աստվածների երկրպագո՞ւմ ես ու վերջապես՝ սիրո՞ւմ ես...

Երկու ձեռքով բռնեց գլուխս, մոտեցրեց իր դեմքին, աչքերով մտավ ներսս ու շշնջաց.

-Մարդ եմ:

Վազեցի այդտեղից: Ոչ մեկին չէի ուզում տեսնել: Նույնիսկ լացեցի:

-Բա դու ո՞ւմ հետ ես հարցազրույց արել,-Սիմոնյանն էր՝ առավոտյան:

-Հուդայի,-Տերյանի հետ մակույկում ճոճված լսարանում ասացի,-կարդա՞մ:

Սիմոնյանը բեղերը շոյեց ու ասաց.

-Հարկավոր չի:

 

Հովիկ Աֆյան