Լվով. «Արևելքի դարպասներից» մինչև անհայտություն

Ջերմ, բոլորին գրկող քաղաք է Լվովը: Երկու տարբեր աշխարհների սահմանագծին, թվում է՝ ճամփաբաժան է, բայց արի ու տես, որ Լվովը հաջողում է լինել ու մնալ միավորող, ոչ թե զատող կետ այդ երկու աշխարհների միջև:

Այն իրողությունը, որ Լվովն Արևելյան Եվրոպայի լավագույն քաղաքներից է, դժվար թե որևէ մեկը վիճարկի: Իսկ եթե ասեմ, որ Լվովը Լվով չէ առանց իր հռչակավոր Հայկական թաղամասի՝ գուցե սուբյեկտիվ թվամ: Սակայն անվիճարկելի է նաև, որ Լվովի Հայկական թաղամասն աշխարհի քարտեզի վրա այն վայրերից մեկն է, որը պետք է ընդգրկված լինի յուրաքանչյուր իրեն հարգող ճամփորդականի պարտադիր այցելությունների ցուցակի գոնե առաջին հնգյակում:

Ասում են՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիից, Կարսից և Տարոնից Լեհաստանում ապաստանած հայերին այստեղ բնավ դեմ չէին. ի վերջո, հենց հայ առևտրականները դարձան արևելաեվրոպական այս քաղաքը Սիրիայի, Պարսկաստանի ու Հնդկաստանի առևտրային ճանապարհների հետ կապող օղակը: Ավելին, հենց այս ժամանակաշրջանում է Լվովը ստանում «Արևելքի դարպասներ» հայտնի անունը: Իհարկե, 17-րդ դարում տեղի հայերին, ամեն դեպքում, պարտադրեցին հրաժարվել Հայ Առաքելական եկեղեցու դավանանքից ու կաթոլիկություն ընդունել: Ճակատագրի հեգնանքով դարեր առաջ փրկության դուռ դարձած նոր դավանանքը նոր աքսորի ճանապարհ դարձավ լվովահայության համար: Դեռևս 14-րդ դարում հիմնադրված Լվովի հայկական տաճարն այսօր կրկին ծառայում է Հայ Առաքելական համայնքին, քանի որ 1930-ականների ստալինյան հալածանքներից հետո հայ կաթոլիկներ քաղաքում պարզապես չեն մնացել:

***

Մեքենայի պատուհաններից երևացող Լվովի Օպերայի և բալետի թատրոնի նշանավոր շենքը հուշում է, որ մոտ ենք նպատակակետին: Այստեղ իջնում ենք, բարձրանում ևս երկու փողոց, թեքվում ձախ և անցնում փողոցը: Ճիշտ կլինի ասել, որ հայտնվելով արդեն թաղամասի ներսում, նստում ենք ժամանակի մեքենան ու տեղափոխվում միջնադար: Թեև թափառելով Հայկական թաղամասի փողոցներով մեկընդմեջ զարմացնում են նաև 18-րդ դարին հատուկ լայն դարպասներով մեծ առաձնատների բակերը, սակայն թաղամասի հրաշալիքների առյուծի բաժինն, անշուշտ, թվագրվում է 16-րդ դարով:

Լվովի ու տեղի հայ համայնքի պատմության պես վայրիվերումներով, ամեն անգամ կարծես թե փակուղի տանող, բայց միշտ մի ելք ունեցող փողոցներով է հարուստ քաղաքի հայկական հատվածը: Բայց ամենայուրահատուկը, ամենազարմանալին ու ամենաուշագրավը ամենախորքում թաքնված Լվովի Հայկական տաճարն է, որը, թերևս, աշխարհում գոյություն ունեցող եզակի հայկական վանական համալիրն է, որը թեև հայկական է, բայց կառուցված է ոչ միայն հայերի ձեռքով: Եթե հայերս հիմնականում սովոր ենք հպարտանալ այլոց համար բացառիկ ճարտարապետական արժեքներ ստեղծած և զարդարած հայազգի ճարտարապետների, քանդակագործների ու մանրանկարիչների անուններով, ապա Լվովի Սուրբ Աստվածածին Հայ Կաթողիկե տաճարը քչերից է, որ մեզ ճաշակել է տալիս հպարտության մեկ այլ, մեզ փոքր-ինչ անծանոթ մի զգացում: Ի վերջո՝ Յուզեֆ Մեխոֆֆերի՝ մինչև հոգու խորքը ցնցող խճանկարներն ու Յան Հենրիկ Ռոզենի մանրանկարները հենց այս քաղաքում ու հենց հայկական տաճարի ներսում արվեստի ուժով ոչնչացնում են մտացածին  պատկանելություններն ու քաղաքական սահմանները:

Երեք մասից բաղկացած վանական համալիրը հիմնադրվել է դեռևս 1363-ին, թեև հետագայում, իհարկե, համալիրի արտաքին տեսքը պարբերաբար փոփոխվել է՝ հատկապես 18-րդ դարում տաճարին պատուհասած երկու խոշոր հրդեհներից հետո, որոնց հետևանքով վանքը վերածվել էր ավերակների: Արդեն 1908-ին, երբ տաճարը նոր շունչ պիտի ստանար, այդ գործի ահռելի պատասխանատվությունը ստանձնած ճարտարապետ Մինչևսկին էապես փոխեց տաճարի ճակատային մասի հարդարանքն ու նոր, պսևդոգոթական ոճ հաղորդեց քաղաքի գեղեցկուհուն:

Ստալինյան հետապնդումների անողոք օրերին Լվովի հայկական վանքը, իր դարավոր ու փառահեղ պատմության հերթական փուլի ավարտը վերապրելով, կրկին դատարկվեց: Եզակի բարեբախտություն էր, իհարկե, որ եկեղեցու շենքը նախ ծառայեց որպես պատկերասրահի, ապա նաև Լենինի թանգարանի շենք, ինչի շնորհիվ նվազագույնի հասցվեցին այն վնասները, որ կարելի էր պատկերացնել այդ օրերին: Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո պատմական տաճարը կրկին վերադարձվեց հայ համայնքին և մինչև օրս շարունակում է մնալ Ուկրաինայի կես միլիոնանոց հայության հոգևոր կենտրոնը:

Ու չնայած Լվովի այժմ միակ հայկական տաճարի փառահեղությանն ու մեծագույն արժեքին՝ այն Լվովի հայության 700-ամյա պատմության միակ ժառանգությունը համարելը խիստ անարդար կլինի:
«Շատ եմ տեսել միջնադարյան ճարտարապետության տարբեր հուշարձաններ, սակայն ճարտարապետական նման աստղի չեմ հանդիպել: Դա այդպե՛ս է: Ժողովրդական արվեստի ինչպիսի՛ դրսևորում: Սա շատ տաղանդավոր ժողովուրդ է, որը հրաշքներ է գործում նաև օտար հողում». այսպես է հիշատակում Լվովի հայկական Սուրբ Աստվածածին Աչքատար վանքը ռումինացի գրող Էուսեբիկու Կամիլարը:

Ժամանակին տաճարից քիչ հեռու գործում էր 1616-ին բացված լեգենդար հայկական տպարանն ու նույնիսկ տեղական հայկական դատարանը: Այո, այո, հայկական դատարան, քանի որ Լվովի հայերը դեռ այն ժամանակ համոզված էին՝ «միայն հայերն իրավունք ունեն դատելու հայերին»: Ինչ խոսք, դրան դեմ չէր նաև լեհ թագավոր Սիգիզմունդ Առաջինը, որն անձամբ էր տվել այդ իրավունքը տեղի հայ համայնքին:

Ցավոք, ինչպես Սուրբ Աստվածածին Աչքատարը, այնպես էլ քաղաքում ժամանակին վեր խոյացող Սուրբ Աննա և Սուրբ Հակոբ հայկական եկեղեցիները նույնպես չեն հասել մեր օրեր: Նրանց հետ Լվովի կործանարար հրդեհները խժռել են նաև մի քանի հարյուր հայկական տներ, համայնքային հիվանդանոցն ու դպրոցներից մեկը:

Եվս մեկ գաղտնիք բացենք. Լվովի հայկական ժառանգության հետքերով քայլելիս չշփոթվեք ու չկենտրոնանաք միայն հայկական ազգանունների վրա: Այդպես դուք բաց կթողնեք դեռևս 1819-ին այստեղ առաջիններից մեկը դեղատուն հիմնած նշանավոր Թեոդոր Թորոսևիչի կամ հայկական ծագումով Բարոնչեյ տոհմից սերած հայտնի գիտնական, բժիշկ ու Լվովի առաջին առողջարաններից մեկի հիմնադիր Ռոման Բարոնչեյի անվան շուրջ հյուսված տասնյակ զարմանալի ու անգամ զավեշտալի պատմությունները, որոնք լվովյան հայկական կոլորիտի անբաժանելի մասնիկն են:

Իհարկե, չմոռանանք հայ Բեռնատովիչներին, որոնք դեռևս 1686-ին իրենց շքեղ ապարանքը հատկացրեցին ռուս բանագնացներին, որոնք այստեղ էին ժամանել Ռուսաստանի ու Լեհաստանի միջև «Հավերժ» խաղաղության պայմանագրի կնքման համար:
 

* * *

21-րդ դարի Լվովը պատերազմների ու հրդեհների, աղետների ու բանակցությունների քաղաք չէր արդեն վաղուց: Համեղ սուրճի ու շոկոլադի, կոսմոպոլիտ պատկերների, զբոսաշրջային եռուզեռի ու երբեմն անհասկանալի խոսվածքի, բայց ոչ աղետի քաղաք: Նոր ժամանակների նոր աշխարհն այլևս մեկ օրում, վայրկյանների ընթացքում է փոխում մարդկանց, քաղաքների, ժողովուրդների ճակատագիրն ու ներաշխարհը: Լվովն այլևս Արևելքի դարպասը չէ, անհայտության դարպասն է: Անելանելիության, ընտրողական  կարեկցանքի ու օդում կուտակված հուսահատ անեծքների քաղաք է: Ո՛վ կմտածեր:

Մեկ ճամպրուկ հույս ու ծանր ճակատագիր շալակած մարդկանց ճանապարհող քաղաքում նորից հրդեհ է... Դեպի անհայտություն գնացողների հոգում մեկական անմարելի  հրդեհ:

 

Սոֆյա Հակոբյան