Լույսի կարոտ

Բա տեսողությունը կորցրած մարդն ո՞ւմ է փնտրում պատուհանի մոտ: Հասկանալի է՝ շոշափելով կամ շատ էլ վարժ մոտենում է, նույնիսկ բացում է, բայց որ ի՞նչ: Ինքն ո՞ւմ է կարոտում, կամ ինչի՞ն: Նպատակը՝ նրա կարոտի, ո՞րն է: Լավ, ասենք, եկավ, տեսնելո՞ւ է, ռազմի տեսարան հիշեցնող աչքերի միջով ներսը մտնելո՞ւ է, ականջի մեջ շնչելո՞ւ է հազարաբառ կենարար լռությունը, մատների տեղը գտնելո՞ւ է, որ ձյունածածկ դաշտ դարձած ճակատին հպի ու ձնծաղկաբույրը տարածվի-տանի, մազերը բարձրացնելո՞ւ է վեր, որ ծոծրակի հոտը քաշի, միսը պոկելո՞ւ է, որ հենց այդպես արնոտ ծամի, ծամի ու կուլ տա՝ բոլորովին չմտածելով անհնարին-մահացու կշտանալու մասին:

Բժիշկը (տեսնես աչքերն ինչ գույնի են) տարօրինակ ախտորոշում էր տվել. «Լույսի կարոտ», ինչի հետևանքով ինքը ոչ միայն էլ չի տեսնում, այլև շնչառությունն է վատանում, մաքուր օդը չի բավականացնում: Հաշվի առնելով աննախադեպ ախտորոշումը՝ կույր մարդուն որոշվել էր նշանակել ստացիոնար բուժում:

Պատուհանը հիվանդասենյակինն է: Տեսնես՝ ի՞նչ է երևում, ինքը ձնծաղիկներ է տեսնում ու հրաբուխ: Հանգած: Ու բուժքրոջ ձայնը (տեսնես մատների լաքն ինչ գույն է), չի ասում. «Էլի պատուհանի մո՞տ եք», ասում է. «Պառկեք խնդրեմ»: Ինքը համարյա հիսուն տարեկան տղամարդ է, նույնիսկ գանգրահեր, բայց իրեն կանացի ձայնն է ասում. «Պառկեք խնդրեմ»: Խելոք պառկում է, օրվա դեղերը խմում է՝ արդեն չորս օր: Բայց այդ օրը բուժքույրը դեղեր չտվեց: Բժիշկը որոշել էր, որ շնչառությունը կարգավորելու համար պետք է փուչիկ փչի: Բուժքույրն էլ բերել էր: Գնացել էր հիվանդանոցի կողքի խանութը, առել-բերել՝ գույնզգույն: Բժիշկը չէր ասել, որ շնչառությունը կարգավորում են հատկապես տարբեր գույների փուչիկները, բուժքույրն էր այդպես ուզել:

Հինգ հատ փչեց այդ օրը: Ինքը փչում էր, բուժքույրը՝ կապում ու հիվանդասենյակի տարբեր անկյուններում բաց թողնում:

Ոչ մի բարեկամ չուներ՝ տղամարդկանց ու կանանց մեջ: Միայն նախկին կինը (տեսնես էլի տա՞ք է միսը ընտանեկան կաթսայում): Բժիշկը հիվանդանոցի ձրի կապով հայտնել էր, որ արդեն ոչ միայն չի տեսնում, այլև դժվար է շնչում, կինն էլ (որ նախագահի պես նախկին չի լինում) ասել էր, որ ուրբաթ կգա: Բժիշկն էլ իրեն էր ասել, ինքն էլ փուչիկներ էր փչում՝ արդեն մեկ շաբաթ, ամեն օր, ամեն օր՝ ավելի շատ, քան նախորդ օրը: Ինքը փչում էր, բուժքույրը մատներով կապում՝ ձնծաղկի հոտով:

Ոչ մի բան առանձնապես չէր եղել: Պարզապես հազարաբառ լռությունը դարձել էր աստղապիղծ աղմուկ: Լուսինը ցեխոտվել էր ու պարզ չէր՝ ոտնահետքերը կանացի՞ են, թե՞ տղամարդու: Կնոջ գնալուց հետո կուրացավ: Միշտ խնդիր ուներ, կտրուկ սրվեց: Կինն սկզբում ուզեց վերադառնալ, բայց հետո մտածեց. «Տեսողությունը կորցրած մարդն ո՞ւմ է կարոտում, նպատակը նրա կարոտի ո՞րն է»: Մտածեց ու հանեց բարձրակրունկները՝ չնայած կանայք բարձրակրունկները հանում են, քանի որ չեն ուզում մտածել:

Հինգշաբթի ուշ գիշերին եկավ: Երբ հասավ հիվանդանոց, արդեն ուրբաթ էր: Սկզբում ասացին, որ տեսակցությունների ժամն ավարտվել է, բայց մոխրագույն աչքերով բժիշկն, իմանալով, թե ում մոտ է եկել կինը, որոշեց թույլատրել. «Աշխարհում միայն այդ կնոջն ունի»,-հիմնավորեց: Նարնջագույն լաքով մատներով բուժքույրը բացեց հիվանդասենյակը, որտեղ շնչում էին միայն փուչիկները: Գույնզգույն:

 

Հովիկ Աֆյան