Լիպոն Քյոնիգսբերգից

Լիպոն երկու ոտով հասել էր Քյոնիգսբերգ, գերմանացու ոտը կտրել էր սովետմիությունից, ինքն էլ`միոտանի, հենակը թևի տակ պինդ պահած, շալվարի ձախ փողքը թափ տալով, եկել-հասել էր Քյոնիսգբերգից, է՜, մի աշխարհ հեռու իր գյուղը: Լուսումութին մտել էր տուն ու տնեցիքին քնից հանել էր երգելով, թե՝ «Քյոնիգսբերգ ա՜, մեծ քաղաք ա՜․․․»: Հետո ամեն անգամ, երբ երգում էր էդ երգը, հերը մի տեսակ ժպտալով հարցնում էր.   

-Էդ դո՞ւ ես հորինել, Լիպո ջան: 

-Ուրեմն ես մի երգ չե՞մ կարա սովորեմ, որ պիտի հորինեի,- խռովում էր Լիպոն:       

Լիպոյի սիրտը մորից էլ էր կախ:

-Էն ավերակ վանքի պատին էնքան մոմ եմ վառել, Լիպո՛ ջան, որ պատերազմը քեզ չտանի,- ասում էր մայրը:

-Դե, ավերակ էլ հետ եկա, էլի, ա՛յ մեր: Էս կողմերում մի սարքին վանք չկա՞ր: 

Որ տնեցիք մարդու պատիվը չստեղծեն, օտարից ի՞նչ կպահանջես: Լիպոյին ե՞րբ են մի կարգին հաշվի առել, որ: «Ա՛յ Լիպո, էդ դու է՞լ ես լախտի խաղում: Էս Լիպոն խչմար դնել գիտի՞: Պա՛հ, Լիպո, էդ քե՞զ էլ են պատերազմ տանում…»:    

Մենակ պատերազմը բանի տեղ դրեց Լիպոյին, ու գերմանացուն քշելիս Լիպոյի ոտը տարավ:

Տո, գյո՛ւղն էլ, գյուղացի՛ք էլ, գյուղսովե՛տն էլ... Եկան Լիպոյի ետդարձի աչքալույսին, տաշտ ու մաղը կախեցին, ու ոչ մի խոսք էն մասին, թե Լիպոյի ձախ ոտը, որ չկա, թե որ հեչ չէր էլ եղել, իրենց հալն ինչ էր լինելու:

-Լիպո՛, ոնց որ պատերազմում ոտդ խերով էր, հա՞: Հա՛, մանավանդ ձախը: Ի՞նչ ա, Լիպո տղա, ռանգդ ինչի՞ ես խառնել: Էսօր ձախ ոտի վրա ա վեր կացել,- հարցրին ու պատասխանեցին իրար:

-Թո՛ւ, ձեր... Լիպոն հենակը տնկեց ու հայհոյանքը խառնեց ցաքուցիր բեղին:

 

* * *

Աշնան հասած արևն իր սերը տվել էր դիմացի սարին։ Լիպոն մի կողմ էր դրել հենակը, կռթնել էր ցանկապատին ու իր աչքին փոքրացած տանն ու այգուն էր նայում։ Մայրն էլ էր աչքին փոքրացել, մի բուռ էր դառել։ Ու էդպես մի բուռ դարձած էլ, տաշտակի առաջ կռացած, լվացք էր անում:

-Քանի արևը մեր չի մտել, փռեմ, չորանա,- ասաց, ու մաքուր լվացած շորերն իրենց գորշ գույներով լրացրին գյուղի կիսատը:

Լիպոյի հայրը ցանկապատի դուռը ոտքով հրեց, հևոցով մտավ բակ ու խոտի խուրձը մեջքից ցած գցեց:

-Էշի բեռ ա,- ասաց ու հայացքը Լիպոյի վրայից սահեցրեց դեպի կինը։ Սա լվացքաջրով լի տաշտը հազիվ մինչև ծնկները բարձրացրած՝ տանում էր: -Ծառատակից հեռու կթափե՛ս,- ասաց`լավ էլ իմանալով, որ կինն իր խորհուրդի կարիքը չունի, այլ մի պինդ մեջքով օգնականի։ Ու Լիպոյին հայրաբար խնդրեց, որ գնա գյուղամեջ, մի քիչ ման գա, բան անի:

 

* * *

-Լիպո, ա՛յ տղա, մի աղջիկ գտի: Մերդ մեռավ շալվարներդ լվալով: Մատդ որ մեկի վրա դնես՝ համոզելը մեզնից,- ձայն տվեցին գյուղի տղերքը:

-Պե՛տքս չի,- ասաց Լիպոն:

-Դե, մտածում ա` երկու ոտով իրան ո՞վ էր ուզելու, որ հիմի մի ոտով ուզեն: Բայց էդ իրա լավ կողմն էլ ունի, Լիպո՛ տղա: Շալվարդ լվալ-արդուկելը հեշտ կլինի, մեր հարսը շատ ջանք չի անի, հը՞: Ճիշտ ասա, Լիպո, Քյոնիգսբերգում մենակ ո՞տդ ես թողել,- անսիրտ ծաղրեցին գյուղացիք: 

Լիպոն հենակը տնկեց, հայհոյանքն էլի պահ տվեց բեղին, թքեց գյուղի շալվարավորների վրա ու գնաց:

 

* * *

Օդը սառելու հետ մեկտեղ Լիպոյի սիրտը տաքանում էր: Ճիշտ են ասում`մորը օգնող է պետք: Կգա, կանի, կբանի ու թե հարամ կաթ կերած չեղավ, պատերազմից պռատացած իր մարմնին էլ սեր ու սիրտ կտա:

Գինի սարքելու ժամանակն էր:

-Լիպո՛, էդ կաստիլդ առ, արի մեր խաղողը տրորենք,- ձայն տվեցին հարևան տղերքը:

Լիպոն հենակը տնկեց ու գռմռոցով հայհոյեց՝ էս անգամ ինքն իրեն. ո՛չ ոտը պիտի տար, ո՛չ հաղթանակ տաներ, տո՛ հենց լավ էլ պիտի թողներ`տասը, քսան տարի տևեր պատերազմը, որ էս շնից ծնվածներն իմանային:

Լիպոյենց գինին քամեցին: Քամեցին ու ոտի ելան՝ աղջիկ ուզելու:

-Ո՞ւմ ենք բերելու,- հարցրեց Լիպոն:

Մայրը միանգամից չպատասխանեց, որովհետև Լուսիկի անունը ամեն մարդ հեշտությամբ չէր հիշի: Երեխա ժամանակից գյուղում նրան Դարձվոր էին ասում:

Լիպոն իր հարսանիքին հարբեց ու երգեց «Քյոնիգսբերգ ա՜, մեծ քաղաք ա՜…»: Քեֆից հետո նորապսակներին առանձնացրին: Լիպոյենց տան միակ առանձին տեղը գոմն էր: Հարևան հարսներից մեկը, անունն ով գիտի ինչ էր, բայց գյուղացիք Գարան էին ասում, տեսել էր, որ գոմի դռան վրա անցք կա:

-Հը՞, ի՞նչ եք ասում: Գնո՞ւմ ենք,- հարսանիքի աման-չամանը լվալիս հարցրեց Գարանը իր պես երկու ղոչաղի: -Մի լա՛վ մտածեք. միոտանին ու Դարձվորը: Էդ տեսակ բան մեկ էլ ե՞րբ կլինի:

-Ախչի Գարան, բայց որ բռնվել ենք, է՜, հո՛ կորած ենք:

-Չե՛ն իմանա: Մեր մարդիկ խմած-քնած են: Գիշերով էլ ո՞վ պիտի մեզ ձեն տա,- ասաց Գարանը, ու երեք դավադիրները քրքջացին:

 

* * *

Լիպոյի սիրտն իր հորն ու մորից իզուր էր կախ: Սեղանը՝ սեղան, մատանին`մատանի: Գոմն էր մի քիչ վատ, բայց դե հո հարսին չէի՞ն տանելու գիշերակաց հարսանքավորների կողքին պառկեցնեին:

-Մերս կարգին էլ տեղ ա սարքել,- ասաց Լիպոն՝ էս աշխարհի կանանցից իրեն բաժին հասած Դարձվորին: -Հը՞, ի՞նչ ես սառել-մնացել: Պսակվեցինք, չէ՞: Դե, էդ շորը հագիցդ հանի: 

Դարձվորը կարկամած-կանգնած էր:

-Քեզ ասում եմ՝ շորդ հանի:

Լիպոն հենակին կռթնած՝ մոտեցավ նորահարսին: Գարանն ու էն երկուսը շունչները պահեցին: Բայց ի՜նչ ափսոս, որ դռան անցքը մեկն էր, իրենք՝ երեքը: Դե համբերիր, որ հերթդ հասնի։

-Չե՞ս լսում: Ասում եմ`էդ հարսի շորը հագիցդ հանի, քեզ չի սազում, ախչի՛:

Լիպոն Լուսիկի թևը ճանկեց ու իր կողմը քաշեց: Լուսիկն արագ պոկ եկավ ու դեմքը դեպի պատը շրջեց:

-Դու ուզում ես, որ գեղացիք առավոտը ինձ ամոթանք տան, հա՞: Վրես ծիծաղել ես ուզում տա՞ս, Դարձվո՛ր,- ազատ ձեռքով Լուսիկի հյուսը ոլորեց Լիպոն ու սկսեց նրան գոմով մեկ քարշ տալ: -Թե՞ ինձ նման միոտանին քեզ սազական չի: Ձե՛ն հանի:

-Չէ՛, Լիպո ջան: Ի՞նչ ես ասում: Ինձ համար մեկ ա, որ դու միոտանի ես: 

-Ի՞նչ: Էդ ասածդ հլը էլի ասա, ախչի՛: Ո՞նց թե`մեկ ա: Ուրեմն ես գերմանացու հետ  կռվել, ոտս տվել եմ իրանց, որ դուք էստեղ ապրեք, ու քու համար մեկ ա, հա՞, մեկ ա՞: Ուրեմն Լիպոն Քյո՛նիգսբերգից․․․

Էս խոսքի վրա Լիպոն թունդ հայհոյանքով հենակը տնկեց ու ամբողջ ուժով իջեցրեց Դարձվորի գլխին․․․ Դռան հետևը խլրտոց ընկավ։ Լիպոն սովորականից մեծ քայլեր անելով մոտեցավ ու գարշելի ճռռոցով բացեց գոմի դուռը։ Երեք ձիգ մեջք ու կլոր քամակ մթության մեջ վազ էին տալիս դենը...

-Ա՛յ հեր, ա՛յ մեր,- ձեն տվեց միոտանի նորափեսան`Աստծուն փառք տալով աչքները նոր-նոր կպցրած ծերերին:

-Լիպո՞: Հը՞...

-Մեռա՛վ:

Հարսանիքից ինչ որ մնացել էր՝ Լուսիկի հոգեհացը տվեցին: Երեկվա մարդիկ էին, երեկվա սեղանը: Միայն Լիպոն Քյոնիգսբերգը չերգեց. ամոթ էր:

Հետո․․․ Հետոյի տերն՝ աստված։ Լիպոյի ծնողներն իրենց անտեր միոտանու դարդը սրտներում էն աշխպարհ գնացին: Լուսիկի հերն ու մերն էլ նրանց աչք տվեցին ու հերթով մեռան`աստծուց գոհացած, որ իրենց Դարձվորն անուզող չմնաց:

Լիպոյի մոր՝ էն ավերակ վանքի աստվածն էլ հո՛ միոտանու հետ էր։ Սա մի գլուխ «Քյոնիգսբերգ» էր ասում, ու սաղ մնացած ոտը գյուղում էր, հենակը`քաղաքում: Էնքան գնաց-եկավ, մինչև մի մեդալ ստացավ, հետն էլ`գյուղսովետում մի պաշտոն:

-Էդ անկնիկ մարդին ո՞նց են պաշտոն տվել: Բա չգիտե՞ք. Լիպոն ասել ա, որ ինքը պսակված ա եղել, բայց ի՞նչ անի, որ կնիկը հենց առաջին օրը մեռել ա: Թող է՛լի պսակվի, պատերազմից հետո գյուղում ի՞նչն ա շատ՝ անմարդ կնիկը: Չի ուզում, ասում ա` իրա կնկա ծոցը մի անգամ մտնողը էլ ուրիշի ծոցը կմտնի՞,- իրար հարցնում ու պատասխանում էին գյուղացիք, բայց էլ սիրտ չէին անում ծիծաղեն գյուղսովետի Լիպոյի վրա:   

Լիպոյին քաղաքից կանչեցին, մի կարգին հենակ տվեցին: «Ընկե՛ր Լիպո, հնից ազատվի՛»,- ասացին։ «Տո, հի՛նն էլ ձեզ ղուրբան, հնի տե՛րն էլ»,- ասաց ու գործերն էլի առաջ տարավ Լիպոն։ Գյուղացիք էլ ով ինչով կարող էր, հասնում, օգնում էր անոտ ու անկնիկ մնացածին: Բա ի՞նչ պիտի անեին: Բա չօգնեի՞ն: Հո դատարկ տեղը չէ՞ր։ Փառք ու պատիվ․ Լիպոն գերմանացու հետևից Քյոնիգսբերգ հասել, դրանց սովետմիությունից դուրս անելիս իր ո՛տն էր տվել, որ ընկեր Լիպո էր դառել:   

Միայն գյուղի հարսներից երեքը ամեն նրան տեսնելիս գաղտուկ իրենց շուրջն էին նայում, մի ձեռով երեսներին խաչ էին անում, մյուսով Լիպոյին բաբա չափում.

-Քու սի՛րտը մեռնի, միոտանի անտեր:

Լիպոն էլ աչքերը ֆռռացնում էր շուրջը, հին սովորությամբ բեղի մեջ հայհոյելով հենակը տնկում էր ու.

-Էս պետական կաստիլս էն սեփականից ծանր ա, իմանում ես: Բերանդ փակի, ախչի՛, թե չէ՝ որ տվել եմ, է՜…

 

Երազիկ Գրիգորյան