Կյանքի շարունակվող շավիղը

Չեմ հիշեր կոր, Կոստան, մեղքցի ինծի, ես իմ «Հայր մերս» չեմ հիշեր կոր… Ան ատեն ֆրանսերեն սկսավ արտասանիլ իր թավ ձայնով, և հայը խոսքերը կրկնեց, շունչ առ շունչ։

Շահան Շահնուր

 

Դեռ 20-րդ դարի ողբերգությունից հետո, երբ հայերը մեկ-մեկ, ցրիվ-ցրիվ սփռվեցին աշխարհով մեկ, երկատվածությունը կանգնեցրեց ձուլման, ազգային ինքնությունը պահպանել կարողանալ-չկարողանալու, ի վերջո, աղոթքի լեզուն մոռացած՝ օտար լեզվով աղոթելու աղետի առաջ։

Դեռ 20-րդ դարում Շահնուրը «երգում էր», որ նահանջը կատարյալ է։ Չվախեցանք դրանից։

Եթե այդ ժամանակ հայերը՝ Հայաստանից ու Արցախից դուրս ապրելով, այնուամենայնիվ, պայքարի ոգին չէին կորցրել ու դիմադրություն էին ցույց տալիս օտար միջավայրում տեսակը չկորցնելու համար, ապա հատկապես վերջին տարիներին արտագաղթած հայերը գիտակցված ընտրություն են կատարում օտարի ու հայկականի միջև։ Պատճառները շատ են։

Ու եթե պատմական կամ այլ ինչ պատճառներով ունենք Սփյուռք, ուրեմն պետք է պետություն պահելու պես պահենք արդեն այնտեղ ապրողների ինքնությունը։

Հայաստան-Սփյուռք կապն ամուր պահողներից է գրականագետ-մատենագետ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը։

Բոլորովին վերջերս Հովսեփ Նալբանդյանը Հայաստանում էր՝ այնտեղ, որտեղ ապրում է, որովհետև սովորոբար ասում է՝ բնակվում է Ամերիկայում, սակայն ապրում է Հայաստանում։ Ստեղծված ծանր պայմանները նրան ոչ միայն չկանգնեցրին, այլ նաև էլ ավելի մեծ պատասխանատվություն դրեցին նրա ուսերին․ օղակել աշխարհասփյուռ հայությանը։ Շրջում է դպրոցից դպրոց, զրուցում աշակերտների հետ, դասախոսություններ կարդում համալսարաններում, հրապարակային ելույթներ ունենում խնդիրների ու դրանց լուծումների մասին։ Հայաստանի և Արցախի բնությունը ներշնչում է, լիցքավորում է, լիացնում է՝ գնալ և իր գործը շարունակել։ Նոր ուսանողների հետ հանդիպումները, դասախոսությունները, ընկերների հրատարակած գրքերը ոգեշնչող են մտավորականի համար։

Ինքը՝ գրականագետ-գրողը, ծանոթացնում է հայ ընթերցողին դեռևս անհայտ կամ քիչ ծանոթ գրողների գրականությանը։ Գրում է նոր անունների մասին, որոնք երիտասարդ են և դեռ չեն հասցրել ճանաչման հասնել և կամ նրանց մասին, որոնց գրքերը արգելված էին խորհրդային իշխանության տարիներին։

Իր հանրագիտական գրքերը նվիրել է հարյուրավոր դպրոցների։ Գրքի նկատմամբ նրա սերը սկսվել է ստեղծագործական աշխատանքներով ու հասել գիտական ստվարածավալ ուսումնասիրությունների։

40 տարուց ավելի է, ինչ զբաղվում է ազգային-հասարակական գործունեությամբ, հայի ինքնության, հայության զարգացման արժեքների պահպանությամբ։

Նալբանդյանը կարծում է, որ դրսում ապրող երիտասարդները տարվա ընթացքում գոնե տասը օր պետք է անցկացնեն Հայաստանում և Արցախում, որպեսզի այդպես հայկականությունը զարգանա նրանց մեջ, իսկ եթե կտրված են իրենց արմատներից, ապա այդպես արթնանա ազգային ոգու էությունը։

Ուրեմն որո՞նք են մեր առջև ծառացած խնդիրներն՝ ըստ Նալբանդյանի։

Սփյուռքում հայկական-ազգային դպրոցը վտանգված է։ Լեզուն վտանգված է։ Հայկական ինքնությունը վտանգված է։

Վերջին տարիներին փակվել են հարյուրավոր դպրոցներ։ Ընդ որում՝ ամենաշատը՝ Վրաստանում և Լիբանանում։ Ինչը հանգեցնում է նրան, որ այդ ստվարածավալ թվաքանակով սփյուռքահայության մեծ մասը ձուլվի օտար բարքերին, օտար միջավայրին։ Եվ սա կարծես բնական ընթացք է դառնում մեր լռության պայմաններում։ Սփյուռքահայ գրականության մեջ կենսական անհրաժեշտություն է դարձել իրապաշտական մոտեցումը․ հայ մարդը հանդես է գալիս օտար միջավայրի բարքերի ընդօրինակմամբ, տեսանելի ու անտես բարդույթներով։

Այսօր աշխարհում գործում են 246 հայկական ամենօրյա դպրոցներ, որոնցից միայն 99-ում է դասավանդումը կատարվում արևմտահայերեն։ Կտրվում են լեզվից։ Շահնուրն ասում էր․ «Նորեն ֆրանսերեն թերթ, նորեն ֆրանսերեն թատրոն. ատոնց հայերենը չկա։ Չպիտի ըլլա որ դուք սանկ մեյ մը ցնցվիք, գիտակցիք մեր վիճակին, չպիտի ըլլա, որ կռվիք, մաքառիք ձուլումին ու այլասերումին դեմ…»

Նալբանդյանը ցավով նշում է՝ Մուրադ-Ռաֆայելյան, Մելքոնյան վարժարանների հետ փակվեց Պողոսյան հայկական դպրոցը, որտեղ դասավանդել են Վահան Թեքեյանը, Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը։ Հայկական դպրոցում սովորող աշակերտները 2․5 տոկոս են կազմում ամբողջ Սփյուռքում։

Հայապահպանությունը, ըստ Նալբանդյանի, մի քանի հիմքերի վրա կարող է կայուն լինել։ Միասնականություն, լեզու, պետական մտածողություն։

«Հայը ունի լավ նկարիչներ, բայց ոչ նկարչություն։ Հայը ունի լավ դերասաններ, բայց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ՝ բնավ նավապետ։ Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ոչ գրականություն. Աստվածներ, ոչ դիցաբանություն… »,- ասում է Շահնուրը 20-րդ դարում։ Նալբանդյանը հաստատում է։ Ցավոք այս խնդիրը դեռ օրհասական է մնում։

Համակողմանի ռազմավարության հիմքեր ունենալով՝ պետք է ստեղծենք ընդհանուր հայկական հիմնադրամ։ Ըստ Նալբանդյանի՝ դա կօգնի նպաստել հայկական դպրոցները գոնե չփակելուն, պահպանելուն ու նաև նորերը կառուցելուն։

Հայապահպանությունը շարունական աշխատանք է։

Հետպատերազմական շրջանում արտագաղթն օրհասական վտանգ է։ Հայաստանը ռազմավարական ծրագիր պետք է ունենա։ Եթե չլինի ծրագրված հայրենադարձություն, և հատկապես այս տեմպով աճի արտագաղթը, պետականության ու հայապահպանության լուրջ սպառնալիքներ կունենանք։ Չկա հայապահպանության պետական մտածողություն։ Միասնական չենք․ դրա վկայությունը այդքան կուսակցություններ ունենալն է։

Նալբանդյանն ասում է՝ շատ հայեր գնում են քրիստոնեական եկեղեցի՝ որպես պարտականություն։ Առաջին քրիստոնյա ազգ լինելն այնքան էլ չի ծառայում հայապահպանությանը։ Կարևորը լեզվի հարցն է։ Միայն քրիստոնյա լինելը բավարար չէ։ Հայոց լեզվի, հայ մշակույթի իմացությունն է, որ կարող է փրկել հայակործանումից։ Որովհետև երևի դեռ չենք հասկացել Նարեկի իրական զորությունը․ «Թունավորվեցանք, ազգովին թունավորվեցանք։ Ահա թե ինչու պարտված ենք։ Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության,-չկռվեցանք, չխածինք, չմաքառեցանք։ Քրիստոնեական վարդապետության անոր սխալ ու թերի մեկնությունը ընդունելով եղանք անմտորեն կրավորական, համակերպվող, աղերսարկու, անգիտակից»։

Նալբանդյանը մաքառողն է։ Հայ մշակույթի, դպրության անխոնջ մշակը, ում չեն խանգարում ժամանակն ու տարածությունը, պատերազմն ու համավարակը գալ, հասնել Երևան, գնալ դպրոցներ, նստել հայ երեխայի առջև, նայել աչքերին, խոսել, հասկացնել պատասխանատվության նրա չափը, քննարկել, որ վաղը՝ ապագան, մոլորյալների ձեռքում չլինի, այլ դատող, ճանաչող, գիրք կարդացող սերունդի։

Շահնուրն ահազանգում էր․ «Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր։ Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն։ Եվ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ և ակամայ, գիտութեամբ և անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին․․․»։

Հովսեփ Նալբանդյանը կյանքի շարունակվող շավիղն է, որ մեզ մեր արմատներին կառչած մնալու ճշմարտության ապացույցն է։

Փոխենք դարաշրջանը շահնուրյան։ Դարձնենք նրան ժամանակավրեպ, Նալբանդյանի  մատնանշած խնդիրները՝ լուծված, արտագաղթողներին՝ հայրենադարձ, դպրոցները՝ հայալեզու, մնացողներին՝ կորովի, ու աղոթքները՝ հայերեն։

 

Վանուհի Բաղրամյան