Կիսված խաչքար

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Գեղեցիկ Մարգարյանի «Կիսված խաչքար» վիպակից ևս մեկ հատված:

 

***

Բոլորովին ուրիշ տեղեր էր հասել վարպետ Էդիկը, երբ լսեց Արշակ ծոռան սթափեցնող ձայնը.

-Մե՛ծ պապի, դե վե՛ր կաց, ուշանում ենք…

Չնայած առաջացած տարիքին`էլի, սովորության համաձայն, ճանապարհի մեծ մասը ոտքով անցան: Պապ ու ծոռ: Արշակը, որ տանը շատախոսի մեկն էր, ճանապարհին խորհրդավորության չափ լուռ էր դարձել: Պապն էլ, օգտվելով ծոռան «բարենպաստ եղանակից», հա՛ խոսում էր, հա՛ պատմում էր: Հասավ Արևմտյան Հայաստան, մեկ չոր ու կոպիտ էր դառնում, մեկ քնարական ու աչքերի խոնավն էր սրբում.

-Արշակ ջան, Էրգրում բացվող վարդի նման էին օրերը: Չէիր հասցնում նայել, երբ արդեն թովչանքը քեզ հասցնում էր դեռ չբացված թերթիկին, որից պիտի քամեիր օրվա շարունակությունը: Արտահան, Կարս, Մուշ, Կարին, Վան…

Էլ որը թվեմ, որը չթվեմ: Էս օրերի մեջ դառնությունը հազարապատիկ է դարձել…

Ունես ու չունես…

Բա Պարսկահայքը…

Ոչինչ, որ նման մռայլ ճանապարհ դեռ չէի անցել, ինչպիսին որ Մեղրիից հետո դեպի Ջուղա գնացողն էր: Սև ու դաժան, սև ու սև, ճանապարհը նեղ, մութն արդեն ընկնում էր, ու ավելի էր մեծանում վտանգավոր լինելը, բայց որ գիտեի` ինչեր պիտի տեսնեմ, անհամբերությամբ տեղ հասնելուն էի սպասում…

-Մե՛ծ պապի, իսկ կլինի՞ մի քիչ ավտոբուսով գնանք, հոգնեցի…

-Կլինի, Արշա՛կ ջան, բայց մի քիչ: Դու ուժեղ պիտի լինես, դու դեռ պիտի հայրիկիդ նկարի կիսված խաչքարը կպցնես, ասել ես, չէ՞, ես չեմ մոռացել…

-Էդիկ պապի, ես էլ չեմ մոռացել, ես անելու եմ, ես քեզ խոստանում եմ…

Երբ իջան ավտոբուսից, ընդամենը մի քանի կանգառ ճանապարհ էր մնում…

Արշակն էլի լուռ էր: Վարպետ Էդիկն էլ հասել էր Ավարայրի դաշտավայր…

-Մայիսի 26-ն էր, Ավարայրի ճակատամարտի օրը: Հիշու՞մ ես, էդ մասին ես քեզ պատմել եմ: Նորվարդ անունով մի մամիկի տուն գնացինք: Սեփական մեծ տուն էր, աջ ու ձախ բացվող կանաչ դարպասներով: Կարծես դրախտ մտանք, Արշակ ջան: Վարդեր, վարդեր, մի վարդաստան… Ինչ գույն ուզես, ինչ բույր ուզես… Դեռ շուրջբոլորս էի նայում հիանում, մեկ էլ դռան արանքում երևաց փոքրամարմին, հյուսքը մեջքին գցած, անուշ ժպիտը դեմքին, հեքիաթի գոյությունը հաստատող մի մամիկ: Տեսնում էի, որ մեծ կենսափորձ պիտի որ ունենա, սակայն տարիքը դժվարանում էի կռահել: Էդտեղ հիշեցի, թե ինչու հիշեցի, կարդացածս մի շատ տպավորիչ պատմվածք, Ակսել Բակունցն է գրել, որ մեծանաս, անպայման կարդա, որ չլինեմ էլ, հիշիր ասածս, անպայման կարդա Բակունցի պատմվածքները: Շարմաղ անունով մի տատիկ կար, Արշակ ջան: Ասում է` հենց ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խավար խրճիթում լսվում էր Շարմաղի ջինջ ձայնը.

-Քո փառքը շատ, էսօր էլ զանգերը զարկեցին:

Ու հավատում էր, որ հնչող զանգերի հետ երկնային օրհնություն է իջնում աշխարհի ու մարդու վրա: Ես Նորվարդ մամիկին հենց որ տեսա, Շարմաղ բիբիին հիշեցի, բալես: Բիբի հորաքույր է նշանակում, Արշակ ջան, տարիքով կին: Կյանքի անարդար ու դաժան մի ընթացք էդ խեղճ կնոջ հավատը դարձրեց տևական ու անձայն մի լաց: Մի քիչ որ մեծանաս, կպատմեմ քեզ էդ պատմությունը…

Ուրեմն, ընդառաջ եկավ մեզ Նորվարդ մամիկը, թևերը բացած մոտեցավ, հերթով ողջագուրվեց բոլորիս հետ: Հավասար բաշխեց ժպիտը. ոչ մեկիս ավելի կամ պակաս… Ասեմ, որ Ավարայրի դաշտավայրից էինք վերադարձել, հակասական զգացումներով էինք լցված. Էն որ պիտի տեսնեինք ու չտեսանք, բայց պիտի մտածեինք որ տեսանք` այ է՛դ զգացումներով…

 

***

Ներս չէ, պարտեզի  մի անկյունում տաղավար կար, շուրջը` թուփ ու ծառեր, այդ տաղավար հրավիրեց: Տեղավորվեցինք, մի երկու հոգի ոտի վրա մնացինք, ներսից աթոռներ բերել տվեց: Ու հերթով հարցրեց` ինչ կկամենանք` թեյ, թե սուրճ: Սեղանին միրգ ու տարբեր քաղցրավենիքներ էին դրված:

Ինձ թվաց, թե այդ ամբողջ ընթացքում Նորվարդ մամիկը ժամանակ էր շահում, իրեն պատրաստում էր, որ լսեր մեզ:

Հենց իմացավ, թե որտեղից է գալներս, ու որ ասացինք` Ավարայրի դաշտավայրում ենք եղել, առաջինը, որ լսեցինք, էդպես էլ չհասկացանք` հաստատու՞մը եղավ, թե՞ հարցը.

-Է՜հ, տեսա՜ք… Մի՜՞թե չտեսաք Տղմու՜՞տը…

Մի պահ լուռ էինք բոլորս: Տղմուտ չէինք տեսել, ինչ ասեինք:

-Ավարայրի դաշտում բացված կարմիր-կարմիր լալանե՞՜րը, լալաները տեսա՜՞ք...

Էստեղ հասկացա, Արշակ ջան, որ պիտի մի բան ասեմ, ու էդ մի բանը մամիկի ասածի հաստատումը պիտի լինի:

էդ կինը մի ամբողջ կյանք ապրել է հավատով, որ մինչ օրս էլ հոսում է Տղմուտը, ու Տղմուտի ափին բացվում են կարմիր-կարմիր լալաները: Հո չե՞նք վերցնելու ու մի վայրկյանի մեջ մեռցնելու, կսկուծ երգ դարձնելու աշխարհի ավերիչ աչքից հեռու, իր հոգու տաքուկ անկյունում փայփայած Ավարայրը, Նորվարդ մամիկի Ավարայրը…

Ու թեև մենք չտեսանք կարմիր-կարմիր լալաները, ավելին, տարածության ամայությունից ու սովորականությունից Ավարայրի լինել-չլինելու հարցականները բազմապատկվեցին, բայց Նորվարդ մամիկի` զարմանքով տված հարցերը, աղոթքի հասնող համոզմունքով ասած խոսքերը կախվեցին մեր հոգիներից ու շուրթերից: 

Մենք հավատացինք ոչ թե տեսածին, հա, չզարմանաս, բալես, մենք հավատացինք Աստծո երկյուղով տարիներ շարունակ իր սրտում Ավարայրի առասպելը պահած կնոջ հավատին, մենք հավատացինք  լսածներիս...

-Դու պե՛տք ես մեզ, Ավարա՜յր,- արդեն ոչ թե ծոռանը, ինքն իրեն էր ասում, ինքն իր հավատն էր հաստատում վարպետ Էդիկը...

Երբ հասան Սուրբ Թադեի վանք, վանքում բացեց Ավարայրից վերցրած հողով լի տոպրակը, մի բուռ հող վերցրեց, մի ափ հող ու ծունկի իջած շշնջաց իր սրտի աղոթքն առ Բարձրյալ:

Հայրենի հողով ու Ավարայրի զորությանը ապավինած… 

Չէ՛, չի կարող եղած չլինել Ավարայրը:

Չի կարող լինել այնպես, որ իր ժողովուրդը ԱՆՀԱՅՐԵՆԻՔ մնա…

Ծնկաչոք ուխտավորի հավատով ու հույսով ասվածը չի կարող ա՛ն-թողության մատնվել Տիրոջ ունկին…

 

***

Կարմիր բլուր հասան թե չէ, ծոռանը անգիր արածի պես պատմեց իմացածը:

Էն, որ որդուն էր պատմել:

Էն, որ թոռանն էր պատմել:

Միայն թե խմբագրեց տեքստի վերջնամասը. փոխեց վերջին նախադասությունը, երկուսն էլ ավելացրեց տարիներ առաջ մտքում ամրագրածին.

 

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր. ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ն մեր թվարկությունից առաջ VII դարի առաջին կեսին։ Այն կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։ Կարմիր բլուրը, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, ամրոցի շուրջը մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։ 1936 թվականին մի ռուս երկրաբան բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտնում է բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Այդ քարը տեղափոխվում է Հայաստանի պատմության պետական թանգարան, և մի հայ հուշարձանագետ վերծանում է այդ արձանագրությունը: Այնուհետև կատարվում են տեղանքը ուսումնասիրելու աշխատանքներ և բացահայտվում է, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված են հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, ինչն առաջացած է եղել հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվել է Կարմիր բլուր։ Քաղաքը Ուրարտուի կարևորագույն ռազմավարական և տնտեսական կենտրոններից մեկն է եղել, կործանվել է նախաքրիստոնեական VI դ․ սկզբին։ Ինչպես ցույց են տվել պեղումները՝ քաղաքը հանձնվել է առանց կռվի։

Թշնամու կողմից քաղաքի ավերումից հետո դարեր անց այստեղ կյանքը վերականգնվելու է: Մենք վերակերտելու ենք մեր կորցրած քաղաքներն ու ամրոցները:

Մենք անպայման վերամիավորելու ենք մեր Հայրենիքի կորցրած տարածքները: 

Ուշադիր լսելուց հետո Արշակը տվեց իր հարցը:

Չէր կարող չտրվել այդ հարցը, ու վարպետ Էդիկը սպասում էր հարցին, ու վարպետ Էդիկը ուներ ի՛ր պատասխանը.

-Մեծ պապի, ես ամեն բան տեսա, ինչ որ կար հայրիկիս նկարում, բա որտե՞ղ է խաչքարը, այն կիսված խաչքարը, որը ես պիտի կպցնեմ:

-Արշակ, բալես, ես էլ, որ գնացել էի Պարսկահայաստան, Ավարայրը չտեսա, Տղմուտ գետը չտեսա, Նորվարդ մամիկի ասած կարմիր լալաները չտեսա, բայց դու ի՞նչ կարծիքի ես, չի՞ եղել Ավարայրը: 

-Իհա՛րկե, եղել է, մեծ պապի: Դու ես ինձ ասել, որ եղել է, հայրիկն էլ է ասել:

-Էդ խաչքարը հենց այստեղ էր, պարզապես կիսված էր: Դու հավատա իմ ասածին: Երբ դու զորանաս ու կպցնես էդ խաչքարը, այն դարձյալ կհայտնվի այստեղ: Ու երբ արդեն ինքդ քո որդու հետ գաս Կարմիր բլուր, որդիդ անպայման կտեսնի չկիսված խաչքարը, քո կպցրած խաչքարը: Դու հավատու՞մ ես ինձ, Արշակ: Դու հավատու՞մ ես իմ ասածին:

Մի վայրկյանի չափ Արշակը ուշացրեց պատասխանը…

Ու վարպետ Էդիկի ճակատը մռայլվեց:

Մի վայրկյան միայն.

-Ես հավատում եմ իմ լսածին, մե՛ծ պապի, ես հավատում եմ Կարմիր բլուրի չկիսվա՛ծ խաչքարին…

 

Գեղեցիկ Մարգարյան