Կիսված խաչքար

«ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի հատված Գեղեցիկ Մարգարյանի դեռևս չհրատարակված «Կիսված խաչքար» վիպակից

 

***

-Պապի, հայրիկը պատմում է, որ երբ ինքը փոքր է եղել, քո և տատի զրույցներից տարբեր պատմություններ է լսել, ու ամենաշատը տպավորվել է Կարմիր բլուրը: Ու մի օր այնքան է պնդել, որ դու իրեն տարել ես Կարմիր բլուր: Ես էլ եմ ուզում՝ ինձ տանես Կարմիր բլուր, պապի:

Ալեքս թոռանը ինչ էլ որ խոստանար, կատարում էր:

Հիմա հենց այնպես չէր կարող ասել` հա՛, կգնանք: Պիտի պլանավորեր ստույգ, որ չլինի`սուտ դուրս գար, ասեր ու չաներ:

Շատ չսպասեցրեց:

Ընդամենը մի քանի օր անց` զրույցից հետոյի հենց առաջին կիրակին, դեռ նոր էր լույսը բացվել, երբ շնորհալի թոռնիկին պատվիրեց`վերցնի իր ներկապնակը, մատիտները, նկարելու համար ամեն անհրաժեշտ բան. գնում են Կարմիր բլուր: Կնոջն էլ ասաց, որ իրենց շուտ չսպասի. ուշ երեկոյան հազիվ վերադառնան: Տոպրակում տեղավորեց տիկին Արմիկի պատրաստած խորտիկները, երկու անգամվա սնվելու չափով, նախաճաշեցին ու դուրս եկան:

Ճանապարհը պիտի ոտքով անցնեին: Երկար պիտի քայլեին:

Այսպես երկար մեկ էլ բանակից վերադառնալուց հետո էր քայլել…

Մի ընկեր ուներ`ղարաբաղցի Սլավիկը: Նավի խոհարարն էր, մի շատ լավ տղա: Բանակում կարգ կար, չգրված. ծառայության ավարտին մտերիմ ընկերներն անպայման մեկը մյուսին փոխադարձ հրավերներ էին անում իրենց երկիր, իրենց տներ: Սլավիկը իրեն հրավիրեց, ինքն էլ` Սլավիկին:

Հուլիսի 26-ին վերադարձավ ծառայությունից, ու մեկ շաբաթ էլ չէր անցել, որոշեց կատարել խոստումը: Մանավանդ որ Ղարաբաղը տեսնելու հետաքրքրությունը չափազանց մեծ էր:Ուղիղ երթուղի չկար. Սևանով, Թոուզ կայարանով, Գանձայով Մարտակերտ պիտի հասնեին: Առավոտյան դուրս եկավ տնից, երեկոյան միայն հասավ տեղ: Ընկերոջը գտնելու համար հարցուփորձ արեց, ասացին, որ  իրեն հրավիրած տղան, որ Սլավիկ է անունը, բանակից չի վերադարձել, անցել է ծառայության հենց նավատորմիղում, որ հեռավոր նավարկությունների է գնում: 

Ինչ աներ, ինչ չաներ, գիշերը վրա էր հասնում, մի բան պիտի որոշեր…

Խորհուրդ են տալիս, որ Գանձասար գնա, որ գյուղում Միշա ամի կա, ինքը բոլոր եկած հյուրերին իր տանը պահում է, իրեն էլ հաստատ կպահի, թող գնա:

Գանձասար…

Որքան է լսել ու կարդացել այդ վանական համալիրի մասին:

Չէ, հաստա՛տ կգնա: Ավտոբուսով լինի, թե ոտքով, կգնա: Հետո էլ, եկել հասել է Ղարաբաղ, որ ոչինչ չտեսած ե՞տ դառնա:

Գիշերը Մարտակերտում անցկացրեց, ընկերոջ հեռավոր ազգականներից մեկի տանը, քանի որ Սլավիկի ընտանիքն էլ տեղափոխվել էր Ռուսաստան:

Տեղանքի մասին մի քանի բան հարցրեց, ճշտումներ արեց, առավոտ վաղ` լույսը չբացված, ճամփա պիտի ընկներ:

Ունեցածը մի պայուսակ էր, վերցրեց, որ դուրս գար, զգաց, որ ահագին ծանրացած է: Բացեց ու ինչ տեսնի. մի տոպրակ ուտելիք. տանտիրոջ կինն էր հոգացել ճանապարհի համար: Հուզվեց ու էդպես հուզված էլ ճանապարհ ընկավ…

Ոտքով գնաց, ինչ-որ մի հատված մի բեռնատար հանդիպեց`վերցրեց, հետո էլի անտառոտ ճանապարհով, գնաց ու գնաց…

Մաս-մաքուր օդից, թավուտ անտառի վեհությունից, ճամփին հանդիպած մրգերի ու պտուղների առատությունից զմայլված ու զարմացած քայլում էր ու քայլում: Ինքն իրեն երանի տալով այդ աստվածային վայելքի համար`առաջ էր գնում անհոգնել ու մտովի հանում անցած կիլոմետրերը: Մի բացատում նստեց մի ծառի տակ, լիաթոք շնչեց, ապա բացեց պայուսակը, սրբիչը փռեց, վրան հերթով շարեց մարտակերտցի հյուրատիրոջ դրած ճամփի ուտելիքը…

Մոտ մեկ ժամ կլիներ, ինչ թիկն էր տվել արոսենու բնին ու մոռացել այն մասին, որ գնում է մի տեղ, որտեղ ոչ մեկին չի ճանաչում, որտեղ իր գնալու մասին ոչ ոք չգիտի, ու իրեն ոչ ոք չի սպասում:

Իրիկնադեմին տեղ հասավ:

Հարցուփորձ արեց, գտավ Միշա ամու տունը:

Մեծ բակ էր, թթի ծառեր, 7-8 հատ, արև չէր ընկնում այդ տարածքում, այնքան որ մեծ էին ծառերը: Ծառերի տակ սեղաններ էին դրված` հիմքից ամրացված, մի 10-12 մետր երկարությամբ հղկված տախտակներ, դիմացներն էլ իշաոտնուկները շարած: Կերուխումի սեղանը դեռ հավաքած չէր. երևում էր, որ ամենաքիչը մի 10 հոգի եղել են: Մեկը`մի 60-ն անց տղամարդ էր նստած մենակ, մտքերի հետ…

-Բարև Ձեզ, ձյաձ Միշան դո՞ւք եք:

-Ըստուծօ պարին, հա, յէս ում Միշա ամին: Տո՞ւ հուվ ըս, շտըղա՞ն ըս յէկալ…

Այնպես չէ որ բարբառին լրիվ տիրապետում էր, բայց երկու տարի ու կես, երբ ինքը զորակոչվեց, Սլավիկն արդեն վեց ամսվա ծառայող էր, երկուսուկես տարի շարունակ Սլավիկից ահագին բառեր ու արտահայտություններ էր լսել ու սովորել. հանգիստ հասկացավ հարցը.

-Երևանից եմ: Մարտակերտ եմ եկել…

Էլ ի՞նչ ասեր: Սպասում էր հաջորդ հարցին, որ մի կերպ ներկայացնի իրավիճակը: Եթե դրան էլ գումարենք Միշա ամու խիստ տոնը, քիչ էր մնում փոշմաներ, որ եկել է:

-Ասում ըս Մարտակէրտ, պա խէ՞ մըհէնգյ Գանձասար ըս…

-Դե հա, եկել էի Մարտակերտ, բանակի ընկերոջս`Սլավիկենց տուն, իրենց դռները փակ են, Մարտակերտում ասին, որ կարող եմ…

-Դէ, ստի կա՛ց նըստէ, հի՞նչ ըս վէնըկացած մնացալ:

Մի կին ու երկու սիրունիկ աղջիկներ դուրս եկան դիմացի դռնից ու բարևելուց հետո սկսեցին արագ-արագ սեղանը թարմացնել. հավաքում էին գործածած ափսե-բաժակները, բաժինքի ափսեներում մնացած ուտելիքի վրա նորն էին ավելացնում:

Շատ արագ հասկացավ, որ արտաքին սաստկության տակ Միշա ամին բաց հոգի ունի ու բաց ականջ է`մարդուն լսելու, մարդու հոգսը կիսելու համար: Ու խոսեց: Ծնողներից պատմեց, Ղարաբաղի մասին իր կցկտուր իմացածից խոսեց, մի տեսակ մենախոսության էր նմանվում, բայց գնալով ավելի համարձակ էր դառնում ասելիքը:

20-25 րոպե էր անցել, որ մի խումբ տղերք եկան, հետները գառ էին բերել, վիզը կտրեցին, խորոված արեցին, ինքն էլ հետները կերան, խմեցին թթի օղին, որ ծով էր. խմիր, որքան կդիմանաս… 

Երբ առավոտ վաղ հայտնեց, թե պիտի գնա, Միշա ամին առարկեց. դու մի ասա` այդ եկողները իր տղայի ընկերներն էին: 

Տունը դարձել էր միկիտան: Իր սրտի չափով, դուրսը մնացածներին, գնալու տեղ չունեցողներին ընդունում ու ճանապարհում էր Միշա ամին: Դե հյուրընկալվածներն էլ, ծանոթ ու օտար, եթե կարողանում էին, որը`ինչով, հատուցում էին ամուն իր մեծահոգության դիմաց…

Միշան վեց, թե յոթ տղա ուներ, բոլորն էլ իր հետ էին ապրում: 20-30 տարեկան տղերք էին: Հոր ասածով նստում, հոր ասածով կանգնում էին: Տղաներից մեկը, թե.

-Շտէղը՞ս քինյամ է, յէկալ ըս լի, մին քանի օր կաց, էլ հուվա գիդում հիբ ըս մընգէլ Գանձասար ինգըննան…

-Որ պահեք, հա՛ էլ կմնամ,- ասաց ու ասածից ամաչելով, գլուխը կախեց ու սպասեց արձագանքին:

-Մին շաբաթ հաստատ կպահինք,- սկսեցին բոլորով ծիծաղել:

Ու մի շաբաթ մնաց…

Ամբողջ մի շաբաթ…

Հե՜յ գիտի օրեր…

 

***

Ալեքսը չհասկացավ, թե ինչու պապիկը հանկարծ սկսեց Արցախից խոսել:

Չէ՞ որ իրենք Կարմիր բլուր էին գնում:

Մինչդեռ պապիկն արդեն բարձրաձայն էր հիշում հեռավոր այն մեկ շաբաթը, որն անցկացրեց Արցախում…

-Ալեքս ջան, հիմա Եվրոպա է դառել, էն ժամանակ Վանք գյուղը աշխարհից կտրված դրախտավայր էր: Ասեմ, որ տեղից տեղ գնալը չափազանց դժվար էր, խեղճուկրակություն, եթե ոտից թույլ ես: Օրերով սպասում էին, մինչև մի մեքենա կգար, բաց թափքով, որ Ստեփանակերտ հասնեին:

Որ եկավ վերադառնալուս օրը, սղոցարան կար էնտեղ, գերանները իրար վրա դարսած, էդ սղոցարանի գերանների վրա նստեցինք ու սպասեցինք Միշայի թոռան հետ, մինչև մի մեքենա եկավ, բարձրացա թափքը, ու դրանով հասա Վանք գյուղ: Վանքից դուրս եկանք, որոշ ճանապարհ անցնելուց հետո մտանք անտառ:

Անտառ եմ ասել…

Էդ անտառում լույսերը վառած էր գնում մեքենան, մութ, արև չէր ընկնում, էն որ ասում են՝ աչք աչքի չէր տեսնում…

Ինչ որ է: Թափքում մենակ ես չէի արդեն: Ով պատահեր ճամփեքին…

Մեզ մի լավ թափ տալով`մեքենան բերեց հասցրեց Ստեփանակերտ:

Ստեփանակերտում բացօթյա կինոթատրոն կար, «Командир счастливой щуки» ֆիլմն էր գնում, կարծես թե ինձ համար. դե գիտես, էլ չասեմ…

-Հա, ո՞նց չգիտեմ, պապի, շատ ես պատմել բանակից ու քո սուզանավից:

-Էդ Ֆիլմն էր, հենց իմ պատվերով կարծես լիներ, դե ես էլ, գիտես, սուզանավում եմ ծառայել…

Ալեքսը ծիծաղը խեղդել չկարողացավ: Միշտ էր այդպես. պապն ասում էր`դե գիտես, էլ չասեմ, ու մոռանում էր, որ պիտի չասեր: Ու ասում էր: Իսկ թոռն էլ միշտ, ամենալուրջ զրույցի ժամանակ անգամ քահ-քահ ծիծաղում էր:

-Ծիծաղում ես, բայց զինակոչիկներից քչերին էր բախտ վիճակվում`սուզանավում ծառայեին: Առաջին անգամ տեսնելու հաճույքով նայեցի ֆիլմը: Պրծավ թե չէ, գնացի հյուրանոց, տեղ տվեցին, սնվեցի, էդ օրը մնացի Ստեփանակերտում, հաջորդ օրը եկա Երևան:

-Պապի, երկա՛ր մտածիր, հետո կխոստանաս: Ասա, որ միասին էլ կգնանք Արցախ:

-Ալե՛քս ջան, դրանից հետո էլի եմ գնացել: Դու դեռ չէիր ծնվել: Արդեն այդ անտառը չկար, իսպառ վերացել էր. Ստեփանակերտից որ մի լուսարձակ գցեիր, Վանքը կերևար…

-Ի՞նչ ես ասում, այ պապի…

-Հա՛: Միշայի տան տեղը չէի մոռացել, բայց ինքն էլ արդեն չկար:

Միշան ինձնից մի բան էր խնդրել: Հիշեցի հիմա: Մոռացել էի`պատմեմ քեզ: Որ հրաժեշտ էի տալիս, ասաց.

-Դէ վար Յէրէվանա ըս, ինձէտէ մին հատ պլօմբ ըղարկէ, սկլադնէրէն հէտէ, մին հատ էլ ճիրու նասօս: Մարտակէրտ քինօղ ապտօբուզավը կարաս ըղարկիս: Յէրէվանա պազիկնէ ըն կյամ:

Առա պլոմբն էլ, նասոսն էլ, առավոտ լուսադեմին գնացի ավտոկայան: Վարորդին հարցնում եմ.

-Միշային ճանաչո՞ւմ ես, վարպե՛տ, ապրանք պիտի ուղարկեմ…

Սա էլ թե.

-Պա հունց չում ճինանչում: Միշին սաղ Ղարաբաղ ըն ճինանչում: Տի՛ր կօխկէս, կըտանէմ տէղ հըսցնէմ ապրանքը…

Մի փոքր դադարից հետո.

-Հա, Ալե՛քս ջան, խոստանում եմ, որ կտանեմ, որ միասին կգնանք Արցախ, իհա՛րկե կգնանք,- լսեց պապի հուզված պատասխանը, մինչ թոռանը թվացել էր, թե հիշողությամբ տարված`պապն անգամ իր հարցը չի էլ լսել…

 

***

Խոսքուզրույցի մեջ աննկատ անցան ճանապարհը:

Տեղ հասան թե չէ, թոռանը պատմեց Կարմիր բլուրի իր իմացած պատմությունը, էն որ որդուն էր պատմել տարիներ առաջ: Ճիշտ ու ճիշտ նույն անգիր արածը: Միայն թե, զգում էր, որ ի տարբերություն որդու`թոռն իր պատմածն ավելի լավ է ընկալում…

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր. ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ն մեր թվարկության VII դարի առաջին կեսին։ Այն կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։ Կարմիր բլուրը, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, ամրոցի շուրջը մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։ 1936 թվականին մի ռուս երկրաբան բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտնում է բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Այդ քարը տեղափոխվում է Հայաստանի պատմության պետական թանգարան, և մի հայ հուշարձանագետ վերծանում է այդ արձանագրությունը: Այնուհետև կատարվում են տեղանքը ուսումնասիրելու աշխատանքներ և բացահայտվում է, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված են հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, ինչն առաջացած է եղել հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվել է Կարմիր բլուր։ Քաղաքը Ուրարտուի կարևորագույն ռազմավարական և տնտեսական կենտրոններից մեկն է եղել, կործանվել է նախաքրիստոնեական VI դ․ սկզբին։ Ինչպես ցույց են տվել պեղումները՝ քաղաքը հանձնվել է առանց կռվի։ Թշնամու կողմից քաղաքի ավերումից հետո այստեղ կյանքը չի վերականգնվել:

Թոռը տարիքով որդուց երկու անգամ մեծ էր, հարցերը`երկու անգամ քիչ: Հարցերին ավելի թեթև էր պատասխանում: Նույնիսկ ընդամենը մեկ-երկու բառ, ու տեսնում էր, որ ասածը տեղ հասավ, կարիք չէր լինում`նեղն ընկներ, հարմար բառեր ու ձևակերպումներ փնտրեր…

Փոխարենը Ալեքսը առանձնանալու ցանկություն հայտնեց:

Տեսածի տպավորությունները իշխում էին լսածի վրա: Միտքն արդեն երևակայած պատկերների հետ էր, որոնք շտապում էր թղթին պահ տալ…

Հայացքով մի բարձր տեղ ընտրեց, գնաց տեղադրեց նկարակալն ու հանեց նկարելու պարագաները:

Վարպետ Էդիկը հասկացավ, որ տևական ժամանակ պիտի մնա ինքն իր հետ, ասել է թե`  հիշողությունների կծիկն էլի պիտի քանդի…

 

Գեղեցիկ Մարգարյան