Կին արտիստների համար լավ լուր ունեմ. ուրախ եղեք, որովհետև մեր ժամանակն է. Լուիզա Գալստյան

Մեր շուրջը բազմաթիվ են երիտասարդ ստեղծագործողները. երաժիշտներ, գրողներ, լուսանկարչներ և իլյուստրատորներ: Նրանք ապրում են ստեղծագործելու համար և ստեղծագործում են, որ ապրեն, իսկ արանքում ժամանակ են գտնում այդ ամենից զրուցելու իրենց հին դասընկերների հետ: Art-collage-ը ներկայացնում է երիտասարդ նկարչուհի, իլյուստրատոր Լուիզա Գալստյանի հետ զրույցը:

-Ինչպե՞ս ես հասել այն կետին, որում գտնվում ես հիմա` որպես արտիստ:

-Անցել եմ բավականին դժվար ճանապարհ, կարելի է ասել, նույնիսկ հույս էլ չեմ ունեցել երբևէ կայանալու։ Չեմ ունեցել հնարավորություն ավարտելու համալսարանը: Թողնելով ուսումս կիսատ`ստիպված եմ եղել աշխատել արվեստից անկախ ոլորտում՝ գումար վաստակելու համար (սրճարանում` որպես մատուցող): Ընթացքում սկսել եմ սովորել` փորձելով զարգացնել ունակություններս դիզայնի ու անիմացիայի ոլորտում, սովորել ծրագրեր, որոնք կարող էի օգտագործել ինչ-որ բան սկսելու համար։ Շատ դժվար էր համատեղել աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ, բավականին ժամանակ ու էներգիա էր պահանջվում արդյունքի հասնելու համար։ Անցել եմ թվային նկարչության, մեծամասամբ նկարազարդում եմ մանկական գրքեր։ Մի քանի տարի լինելով ոլորտում` հասկացել եմ` ինչքան հետաքրքիր է նկարներով պատմություն ստեղծել։

-Միջավայրի ազդեցությունն անխուսափելի է արտիստի վրա: Հայաստանն ինչպե՞ս է ազդում քո ստեղծագործելու վրա:

-Եթե նայենք միջավայրին, ուրեմն ունեցածս անհաջողությունները պետք է ազդած լինեին ստեղծագործական կյանքի վրա, բայց հակառակն եղավ։ Միշտ մտածել եմ, որ միջավայրը չի, որ պետք է թելադրող լինի ցանկացած արտիսի ինքնադրսևորման համար։ Ցանկացած ստեղծագործ անհատ ունակ է ենթարկել միջավայրը իր իսկ պատկերացումներին։ Իրականում արտիստներն են թելադրում ոճ, թեմատիկա, ուղղվածություն, կարևորը, թե որ դերում լինել` թելադրողի, թե թելադրվողի։

-Հայաստանում կին արտիստ լինելը ինչպե՞ս է, ի՞նչ խնդիրների ես բախվում:

-Կին արտիստների համար լավ լուր ունեմ (ծիծաղում է, -հեղ.). ուրախ եղեք, որովհետև մեր ժամանակն է։ Երբևէ չեմ ունեցել ոչ մի խնդիր, կարծում եմ նույնիսկ ավելի շատ զգացել եմ նախապատվություն կին արվեստագետների հանդեպ։ Այն կանայք, որ դեռ կարծում են, թե դժվարությունների առաջ են կանգնելու կամ հիասթափվելու են, ուղղակի պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա ու առաջ շարժվել։

-Արտասահմանյան ընկերությունների հետ ևս համագործակցում ես. քեզնից՝ որպես ստեղծագործողի, սպասելիքները գործատուներից Հայաստանում և արտասահմանում ինչպե՞ս են տարբերվում:

-Ցանկացած պարագայում կարևորվում է աշխատանքի որակը, ճկունությունը, հեշտ ռեալիզացվելու, նախագծերում նվիրվածություն ու մաքսիմալ ուշադրություն ցուցաբերելը։ Թվում է, թե ընդամենը աշխատանք է, որ նկարազարդում ես որևէ հեղինակի գիրք, միևնույն է դրա դիմաց վճարվում ես։ Սակայն արտասահմանյան հեղինակների արձագանքը, երբ տեսնում են արդյունքը, հնարավոր չի համեմատել։

-Մտածո՞ւմ ես, որ քո արվեստը մարդկանց հրավիրում է աշխարհին նայելու այլ կերպ:

-Չէի մտածել դեռ այս հարցի շուրջ․․․ Դեռ անելիք շատ ունեմ, որ ավելի հստակ հասկանամ։

-Տպավորություն ունեմ, որ արտիստ լինելը մասնագիտություն չի միայն, այլ կենսակերպ, վարք, ճաշակ: Դո՞ւ ինչ կարծիք ունես այս մասին:

-Միանշանակ․ ամեն դեպքում ինչ նախասիրություն էլ ունենա արտիստը երաժշտության, հագուստի ընտրության կամ այլ հարցերում, ամենակարևորը ամուր հիմք ունենալն է մասնագիտական հմտությունների մեջ։ Ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի։

-Պատերազմից հետո երիտասարդ ստեղծագործողն ինչպե՞ս է փոխվում:

-Եթե փոխվել, ապա ավելի լավը դառնալու համար։ Պատերազմի ընթացքում էլ, հետո էլ չեմ մտածել հիասթափվելու կամ գործն անիմաստ համարելու մասին։ Ինչպես ասեցի, արտիստն է թելադրում․․․

-Եթե մարդիկ հետ նայեին արվեստի պատմությանը այս պահին, ի՞նչ կցանկանայիր, որ քո մասին ասեին:

-Տարօրինակ կթվա, բայց ոչինչ էլ թող չասեն․․․ Լիքը նկարներ կան նայելու, խոսելու ժամանակ չի լինի (ժպտում է, -հեղ.)

Լուիզա Գալստյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Անի Գաբուզյան