Խորհրդավոր ընթիրք ու բացակա մի կռունկ

Բախեցի Սուրյանի գրական ամրոցի դարպասը։ Գիտեմ՝ ներսում է․ ընթրում է օտարների հետ։ Ուզում եմ ներս մտնել որպես յուրային, նրա «կենաց» ասելիքը լսել այդ ընթրիքին։ Դարպասը բացեց մի հույն՝ Միրին։ Ողջունեց անգլերեն։ Աչքերը թափառող հայացքով, չկողմնորշված՝ չգիտեր՝ ինձ ներս թողներ, թե՝ ոչ․ ո՛չ տանտեր էր, ո՛չ հյուր։ Գաղթական էր գուցե․ դրա համար հասկացանք իրար։ Ներսում Ստեփանյաններն էին, Միրին էր, Լեքսին, Սարոյանի ձայնը լսեցի կամ գուցե՝ թվաց։   Դարպասի շեմքից տեսա՝ նախամուտքի պատին ճոճվում էր Արշիլ Գորկու նկարը։   Հրացան հիշեցնող պատկեր էր։ Հենց այդ պահին չուզեցի զոհ լինել․ ատեցի, որ զոհ եմ։

«Աշխարհագրորեն փոքրիկ հայոց պետության»՝ Սփյուռքի երևելի արձակագիրներից է Փիթեր Սուրյանը, որի կտավների գույներն են այս խորհրդավոր ընթրիքի մասնակիցները։ Ժամանակին Սարոյանն էր ասում՝ ոգին, որ ստիպում է իրեն գրել, հայկական է։ Սա, կարծես, օտարագիր գրողների խաչն է, որ տարել են և տանում են։ Այդպիսին էր Փիթեր Սուրյանը, որի գենետիկ հիշողությունը նրան տանում էր դեպի հայկական խնդիրները, իսկ աշխարհաքաղաքացու և մեծ մտավորականի ձեռագիրը թույլ չէր տալիս լճանալ, նեղանալ նացիստական, երբեմն ծայրահեղ ու ոչ առողջ մեկնաբանությունների մեջ։ Նա խոսեց անցյալի ու ներկայի, հայրերի և որդիների, արտոնյալների և ոչ արտոնյալների, հայերի և օտարների, Հայաստանի և Ամերիկայի հավերժական թվացող «մրցամարտի» մասին (գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞)։

Հայ գրականասեր իրականությունը, սակայն, դեռ պատշաճ կերպով ծանոթ չէ նրան։ Արամ Արսենյանի թարգմանությունները Սուրյանի գրական դարպասներից ներս մտնելու բանալի էին։ Հույս ունեմ, որ ընթրիքի մասնակիցները՝ ընթերցողները, դեռ շատանալու են։

Սարոյանի հետ առնչությունը արմատներ ունի․ «1930-ականների վերջերին, երբ նյույորքցի ճարտարապետ Զարեհ Սուրյանի որդին՝ Փիթերը, հինգ կամ վեց տարեկան էր, Կալիֆոռնիայից նրանց հյուր է գալիս Վիլյամ Սարոյանը, և մինչև հայրը տուն կվերադառնար, խաղում ու զրուցում է Փիթերի հետ: Մի պահ, մտքերով տարված, նա հարցնում է. «Ինչի՞ց է սկիզբ առել թատրոնը»: «Կրոնի՛ց», -արագ վրա է բերում փոքրիկը»: Այսպես է պատմում Արամ Արսենյանը։ Նախախնամությո՞ւն համարել այս զրույցը, որովհետև ապագան ցույց տվեց, որ Սարոյանի ավանդների արժանի շարունակողը կա։

Պատմում է գրողը․ «Վեպի («Դարպաս») հերոս հայրը պապիս պես, նախքան թուրք ոստիկանների կողմից հենց եկեղեցուց 1915 թվականի սեպտեմբերյան մի օր առևանգվելը, հայկական լրագրի խմբագիր էր Կոստանդնուպոլսում: Ինձ պատմել են, որ 1919 թվականին Անատոլիայից Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո պապս տասնվեցամյա ապագա հորս ուղարկել է Ամերիկա, որպեսզի ազդեցիկ լրագրող դառնա, Պոլիս վերադառնա և որպես գրող ծառայի Հայաստանին`զենքի փոխարեն ձեռքն առնելով Բառը:

Բայց հայրս` Զարեհ Սուրյանը, այդ պատվիրանը չի կատարել: Նոր աշխարհում միառժամանակ պայքարելուց հետո նյույորքցի ճարտարապետ է դարձել: Եվ չնայած երբեք չի ակնարկել, թե ուզում է, որ ես գրող դառնամ, հիմա, երբ վերհիշում եմ մանկությունս, զգում եմ, որ նա անխոս, լռելյայն, գուցե նույնիսկ խորհրդավոր կերպով, կարծես ենթագիտակցաբար ինձ է փոխանցել իր փայփայած հույսը, թե ես հենց այդպես էլ կվարվեմ, կանեմ այն, ինչ ինքը չի արել, և որ մի օր մեկը կլինեմ նրանցից, որ Ֆրանց Վերֆելի բառերով, «բարձրաձայնելու են համրերի, խեղված երեխաների…» մասին, որ փորձելու եմ համեստորեն կրել հայոց «անըմբռնելի ճակատագրի» վկայությունը…»։

Նրա պատմվածքներում անցյալը միշտ կա։ Ներկայի մասին խոսելիս էլ երևում է, որ այն հետևանքն է անցյալի։ Ինչպես մերօրյա Սփյուռքի գոյությունը «հետևանք է»  այդ սարսափելի աղետի։ Գենետիկ ցավը կա, զայրույթը կա, սակայն ինքնահեգնանքն՝ ավելի։ Վերջինս կապված է «հայերի մազոխիստական զոհագրության հաճույքի» հետ։ Ի՞նչ իմաստ ունի մոխիրը կրկին քամուն տալ։ Նա գրում է, որ «գրեթե յուրաքանչյուր սփյուռքահայ իր ընտանիքի մասին ահասարսուռ պատմություններ պատմելու մասնաբաժինն ունեցել է»։  Դարձնե՞լ զոհը հոգեբանություն։ Այդպես ապրել ստացվո՞ւմ է։

Հարմարվո՞ւմ եք նոր կյանքին, ներկային ու, առհասարակ, ունե՞նք գոնե առաջիկա հարյուր տարվա ապագայամետ ծրագրեր։ Չենք հարմարվում։ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքում (այն, ի դեպ, 1960 թվականին ամերիկյան լավագույն պատմվածքների ցանկում է եղել), իննամյա Ռիչին փորձում է հարմարվել օտարների սեղանի շուրջ և ընթրել նրանց հետ։ Երեխայի տարիքը և հարաբերությունները մյուսների հետ մի տեսակ սարոյանական միջավայր են հիշեցնում։ Պատումը ծանր չէ, դեպքերը կենցաղային են, ասելիքը՝ օվկիանոս։ Այս հարմարվելու գործընթացն  աշխարհի տարբեր ծայրերում ապաստանած հայերին շատ լավ է ծանոթ։ Այդ  իրականությունը ծնեց երկու հիմնական երևույթ՝ կարոտ և նահանջ։ Ըստ այդմ էլ գրականության թեմաների գերակշիռ մասը ճյուղավորվեց հենց այս ուղղություններով։ Մինչ պատմվածքի հերոս Փիթի ծրագրերն Ինդիանա, Սան Լուիզ գնալուն, անվանական զենք ունենալուն էին առնչվում, Ռիչիի պարզ ցանկությունը հարազատների հետ ընթրելն էր։ 

Սուրյանի հերոսները մի միջավայրում են, որտեղ «ոչ ոք չգիտեր՝ հայն ինչ էր»։ Հայաստանը ոչ թե երկիր, հայրենիք կամ պետություն էր, այլ գրադարանում առանձին փոքրիկ բաժին էր, որ պատահականորեն կարող էր մեկի աչքին ընկնել («Արտահայտվելու ազատություն»)։ Այդ հանդիպումը  փողոցում պատահական, կարճամետրաժ մի բան է։ Սկզբում գուցե և մեծ ոգևորություն, արտահայտվելու ցանկության մղում, ազատություն, հետո անցնում ես հաջորդ փողոց, օրը փոխվում է, գնում ես աշխատանքի, ու կարծես այդ հանդիպումը չի էլ եղել։ Այդպես պատահեց Էթմեքջյանի հետ։ Սկզբում՝ «Մուսա լեռան քառասուն օրը», հետո՝ կոտորածները, հետո՝ հերոսների որոնումը։ Բայց վերջն է կարևոր․ գուցե թուրք սպան ճիշտ լինի․ հայերը պարզապես բողոքավոր են և իրենց միշտ դժբախտ են համարում։ «Դրանից հետո՝ ավելի ուշ, երբ մտածեց այդ բոլորի մասին, թվաց, որ առանձնապես մեծ բան չէր, իրապես»։    

«Ի վերջո հիմա ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»։

Եվ իսկապես հարց է առաջանում․ պետք է հիշեի՞ն, ինչո՞ւ հիշեն։ Մենք, որ հիշում ենք, ի՞նչ ենք անում այդ հիշողության հետ։ «Պետք է սովորել ենթարկվել անխուսափելի թվացող բաներին»,-ասում է Սուրյանը մեզ, որ ծույլ ենք սովորելու մեջ, ժրաջան՝ սովորեցնելու։ Եվ ի՞նչ հպարտանալիք է կոտորված, նվաստացած ազգ լինելը։ Այդքան հաղթանակների մեջ մի՞թե փառաբանելիք չունեցանք։

Սուրյանը զսպված, գիտակցված ցավով է նշում մեր թերությունները։ Նա կարծում էր, որ հայրենիք սիրել չի նշանակում աչք փակել այն ամենի վրա, ինչ նրան զրկում է հրաշալի լինելուց: Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է մշտապես փորձես այն ավելի լավը դարձնել։

«Բոլոր հայերը գիտեն կռունկին նվիրված երգը։ Երկնքում տեսնելով կռունկին՝ բանաստեղծը հարցնում է նրան, թե արդյոք իր հայրենիքի՞ց է գալիս, որտեղից իրեն տեղահան էին արել․․․․ Հույսով և վախով հավասարապես համակված բանաստեղծը թռչնին թախանձում է մի լուր բերել, որովհետև թռչունն ի զորու է դա անել»։

Միրին ինձ ներս չհրավիրեց, ես մնացի շեմին։ Հանկարծ ներսից մի կռունկ խուճապահար դուրս թռավ՝ գլուխն ազատելու բոլոր աղաչանք-պաղատանքներից։ Դարպասը փակվեց։ Մեզ պատասխան չտվիր, կռու՛նկ։

Ու մինչ մենք մեր կռունկին բան ենք թախանձում, նրանք իրենց թռչուններին են ուղարկում մեր երկինք։

 

Վանուհի Բաղրամյան