Խմած էի, կներե՛ս

-Պիտի խմես, -ասաց՝ դեմ տալով ծիրանի մաքուր օղին, որի թանձր տեսքից միայն հասկանում էիր, թե քանի մեղրածոր ծիրան է ճզմվել՝ վստահաբար այլ աշխարհ տանող թուրմն ստանալու համար:

-Պիտի խմես, որ տեսնես, -պարզաբանեց ու մի կծու ծիծակ կծեց՝ մյուս կեսը դնելով ընդհանուր ափսեի մեջ:

-Բայց ես..., -կմկմաց ջահելը:

-Ես չկա: Հենց լսում ես առաջին կրակոցը եսը մեռնում ա, -կծուն ծամում էր մոխրագույն մազերով զինվորականը, -եթե չի մեռնում, սպանում են:

-Ուղղակի չեմ խմում, -գլուխը կախեց ջահելը:

-Ինչի դու ո՞վ ես:

Զինվորականը քմծիծաղ տվեց.

-Շատ բան կլսես խմիչքի մասին, բայց ես քեզ ճիշտը կասեմ. խմիչքը մեկ-մեկ տղամարդուն հուշում ա, թե ինքը ով ա: Հասկացա՞ր... Չնայած՝ որտեղից հասկանաս. մազերդ ագռավից սև ա... Ագռավ տեսած կա՞ս:

Հանկարծ ջահելը գլուխը բարձրացրեց ու առաջին հարցը տվեց.

-Բա դու ինչի՞ չես խմում:

Զինվորականը չէր սպասում, այնքան որ հայացքը փախցրեց ու նույնիսկ սիգարետը վառեց.

-Ես տեսել եմ, -ասաց՝ հեռու մի տեղ նայելով:

-Ինչպե՞ս են մեռնում ընկերներդ, -ջահելը համարձակ էր դարձել:

Զինվորականը ճակատը ձգեց: Դեմքը մոտեցրեց ջահելին ու ասես ականջին՝ ասաց.

-Պատերազմում ոչ մեկը չի մեռնում: Էդ չմոռանաս:

Հետո նորից մեջքը հենեց սրճարանի աթոռին, սիգարետից մի մուխ էլ քաշեց ու ժպտաց.

-Էդ տետրիդ մեջի հարցերից տուր:

Ջահելը շփոթվեց: Խմբագրությունում հանձնարարել էին հարցազրույց վերցնել պատերազմի մասնակից զինվորականի հետ, որի ամբողջ ջոկատից միայն ինքն էր ողջ մնացել, ինքն էլ իսկապես ամբողջ գիշեր հարցեր էր հորինել ու դրանք տետրում գրել, որ չմոռանա:

-Ի՞նչը Ձեզ դրդեց գնալ պատերազմ, -վարժ կարդաց ջահելը:

-Հաջորդ հարցը:

Ջահելն ավելի շփոթվեց.

-Ինչի՞ մասին էիք մտածում, երբ թշնամին սկսեց հարձակումը:

-Քանի՞ հատ հարց ես գրել, -զինվորականը սիգարետը հանգցնելով՝ ժպտում էր:

Լռեցին:

-Փաստորեն չես խմում, -զինվորականը երկու վարունգ դրեց ափսեի մեջ՝ ամառային աղցանից, -չես էլ ուտո՞ւմ:

Ջահելը կարմրեց ու ժպտաց.

-Անուշ արեք, ես ընդմիջում արդեն արել եմ:

-Էդ ինչ լավ բառ ասեցիր՝ ընդմիջում, -զինվորականը նորից առաջ եկավ մարմնով,-գիտե՞ս խաղաղությունն ինչ ա:

-Դե...

-Ընդմիջում: Նենց որ՝ հաց կեր:

Էլի լռեցին: Ջահելը տետրին էր նայում: Քսան-քսանհինգ հարցերը, փաստորեն, անպատասխան էին մնալու:

-Երեխա ունե՞ս, -զինվորականը մի կողմ հրեց ափսեն:

-Հա: Չորս տարեկան ա աղջիկս:

-Դե կգնաս տուն ու երեխուդ կգրկես, եթե ուզում ես նենց բան անել, որ աշխարհում ոչ մեկը չի անում:

Երկար լռեցին:

-Կենացդ, -հանկարծ ասաց ջահելը:

Խմբագրություն գնաց հաջորդ օրը՝ կեսօրից ահագին հետո:

-Բա ո՞ւր ա հոդվածը, -հարցրեց աղավնու պես սպիտակ մազերով խմբագիրը:

-Խմած էի, կներե՛ս, -պատասխանեց ջահելը:

Խմբագիրը ներեց, նույնիսկ ժպտաց:

 

Հովիկ Աֆյան