Կեսարիայի հայերեն լռությունը

Մի ուրիշ Կեսարիա է այսօրվա Կեսարիայի մեջ

Հրաշալիքների ու հեքիաթների աշխարհ Կապադովկիայի երբեմնի կենտրոնը՝ Կեսարիան, որպես քաղաք և որպես երևույթ, չնայած իր անվանը, երբեմն անկեղծ զարմացնում է իր հայկականությամբ։

Կեսարիա ասելիս առաջինը միշտ պիտի հիշեմ Պոլսից տիկին Մադլենի՝ պահքի թփով տոլման փաթաթելու անսովոր նուրբ, հետևողական ու համբերատար կերպը, հանդիպածս բոլոր կեսարացիների՝ քաղաքային մշակույթի իրենց բոլոր դրսևորումները սրբորեն պահելու նրանց ջանքը, ինչպես նաև 1915-ից առաջ արված կեսարացի հայ ոսկերիչների հավաքական նկարները, որոնցում նրանք նստած են նույն հպարտ դիրքով ու հայացքով, որով ցանկացած կեսարացի մինչև այսօր էլ նայում է աշխարհին։

Ասում են՝ հայերն այս քաղաքն անվանել են Մաժաք։ Ըստ Խորենացու` Հայոց թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին: Վերջինս այստեղ կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը, հետագայում աղավաղվելով, դարձել է Մաժաք: Աքեմենյանների ու Սելևկյանների ոչ շատ տևական տիրակալությունից հետո արդեն 1-ին դարում՝ 17 թվականին Կապադովկիան դարձել է հռոմեական գավառ, իսկ Մաժաքի վայրում հիմնվեց մի նոր, հոյակերտ քաղաք, որն ի պատիվ հռոմեական Գայոս Հուլիոս կեսար Օկտավիանոս կայսեր կոչվեց Կեսարիա: Բայց այսքանով չավարտվեց Կեսարիայի պատմության «հայկական» մասը․ Անիի անկումից հետո հենց Կեսարիան վերջին ապաստանն էր Գագիկ Երկրորդ թագավորի, իսկ մինչև այդ հենց այստեղ՝ Կապադովկիայի սրտում Գրիգոր Լուսավորիչը ծանոթացավ քրիստոնեությանն ու ստացավ սուրբ մկրտություն։

Ինչպես և Արևմտյան Հայաստանում ու նախկին հայաբնակ այլ գավառներում, Կեսարիայում նույնպես հայկական համայնքի մի մասը շարունակեց իր կյանքը դժվար ու բարդ պայմաններում և վերջնականապես կազմալուծվեց 1950-ականներից, երբ Կեսարիայի հայերի զգալի մասը բռնեց Ստամբուլի ճամփան։  

Որքա՞ն է կեսարացի հայերի թիվն այսօր ամբողջ Թուրքիայում՝ չգիտենք։ Սակայն գիտենք, որ մինչև ցեղասպանությունը նրանք ավելի քան 20 000-ն էին, ևս նույնքան՝ Կեսարիայի նահանգի Էվերեք շրջանում, որ բավականին մոտ է քաղաքին։ Ավելին՝ ասում են, թե Էվերեքում հայերն իրենց թվով գերազանցում էին անգամ տեղաբնիկ հույներին։ 1965 -ին Անկարայում ԱՄՆ դեսպանի խորհրդական Ֆիլիպ Քլոքի՝ Կեսարիա կատարած այցից հետո կազմած զեկույցը մեզ հուշում է, որ այդ ժամանակ Կեսարիայում դեռ շարունակում էր ապրել 130 հայ ընտանիք։ Այսօր դրանք հաշվելու համար մեկ ձեռքի մատները լիովին բավարար են։

***

Այսօր Կեսարիան կամ Կայսերին մեծ, զարգացած, միագույն ու խիստ քաղաք է․ թվում է՝ այստեղ ամեն ինչ միշտ շատ «չափած-ձևած», նախապես որոշված ու ամենակարևորը՝ միասեռ է։ Այնքան, որ այստեղ բազմերանգություն կամ թեկուզ թեթև նրբերանգներ նկատելու դեպքում անկեղծորեն զարմանում ես։

Թուրքերը սիրում են Կեսարիան անվանել «Թայիփի ամրոց», նկատի ունենալով, որ այստեղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես ստանում է բնակչության ձայների մեծամասնությունը։ Եվ դա զարմանալի չէ։ Ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեցող «քաղաքական իսլամին» ճիշտ համապատասխան է այսօր կեսարացիների վարքուբարքը, անկեղծ համոզմունքներն ու նույնիսկ հագուստը։

Իսկապես, երբեք, երբեք չէի մտածի, որ նման մի քաղաքում հնարավոր է տեսնել «գույներ»։ Բայց դրանք կան։ Եվ դրանք սկսվում են Կեսարիայի հին հայկական թաղամասից։ Առհասարակ՝ այն ոչնչով չի տարբերվում քաղաքի մյուս, խառնիճաղանճ վայրերից, մեծ քաղաքներին հատուկ իր ծանր երթևեկությամբ, լայն պողոտաներով, խանութներով ու Կեսարիային հատուկ այդ խիստ մթնոլորտով։ Բայց․․․ Մի փոքր ուշադիր լինելու դեպքում այս ամենից վեհ, այս ամենից մի փոքր «վերև» կանգնած մի բան կա այստեղ։ Դա, անշուշտ, Կեսարայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի գմբեթն է, որը բետոնապատ Կեսարիայի հենց սրտում վեր է հառնում անճոռնի շինությունների ու անտարբեր հայացքների մեջից, ինչպես փառահեղ անցյալ ունեցած այս քաղաքի համեստ, գեղեցիկ ու խորհրդավոր խորհրդանիշ։ Որովհետև նա մի ուրիշ Կեսարիա է հենց այսօրվա Կեսարիայի մեջ, նա գույնն է և տկարացած, թաքնված, բայց միշտ արթուն հույսը, որը չի լքել անգամ այս միագույն, միապաղաղ ու միատարր քաղաքը։

«Ձեզ ինչ պատահեց, տիկին Սոնյա», - փորձում եմ հասկանալ խորանի մոտ հոնգուր-հոնգուր լաց լինող մեր խմբակցի հուզմունքը։

«Երբեք չէի երևակայի, որ այսպիսի մի տեղ հայ կգտնեմ»․․․

***

Պարոն Կարոն միշտ ժպիտով է դիմավորում Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուռը եկած հյուրերին։ Նա և իր տիկինը, որոնք եկեղեցու պահպանության գործը ստանձնելու համար ժամանել են Պոլսից, այստեղ մնացած մի քանի հայ քրիստոնյա ընտանիքներից բացի այլ հարազատներ ու այցելուներ չունեն։ Եկեղեցին, որը պարոն Կարոյի և նրա տիկնոջ համար միևնույն ժամանակ տուն է դարձել, այսօր իր ամենափառավոր ժամանակները չի ապրում, սակայն Կեսարիայի և շրջակա քաղաքների հայության համար մեծ, իսկապես ահռելի նշանակություն ունի։ Այնքան մեծ, որ հանուն դրա արժե գնալ զոհողության՝ թողնելով Պոլսո հարազատ Բեշիկթաշ թաղամասն ու հաստատվել Կեսարիայի այս հին թաղամասում՝ բուլղարացի թուրք գաղթականների հարևանությամբ։

Բիբարի մածուկի կամ, ինչպես տատիկս էր ասում, «սալչայի» պատրաստման համար նախատեսված պղնձե հսկա տարրան ձեռքին ահա և նա՝ Կարոն, ուրախ աղմուկով ներս է հրավիրում բոլորիս ու առաջինը ողջագուրվում մեր թուրք վարորդի՝ Մուստաֆայի հետ, որն առաջին անգամ չէ այստեղ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում մնացած հայկական եկեղեցիներից միակն է, որը մզկիթի, պահեստի կամ գրադարանի չի վերածվել։ Սա մեծագույն բախտավորություն է կեսարացի հայերի համար, որոնք, ի տարբերություն սեբաստացի, մալաթիացի կամ յոզղատցի հայերի ստիպված չեն եկեղեցական կարևոր ծեսերի համար հասնել այլ քաղաք։
Տոնից տոն պատարագները, հոգեհանգստի կամ հարսանյաց արարողությունները Ստամբուլից դուրս ապրող ցանկացած հայ համայնքի համար իսկապես շքեղություն են և կեսարացիներն այդ շքեղությունը վայելողներից են։ Թեև ինչ վերաբերվում է հարսանիքներին, դրանք այդքան էլ հաճախ չենք կարող տեսնել այստեղ, ավելի ճիշտ՝ գրեթե չենք կարող։ Այստեղ մնացած 4-5 հայ ընտանիքներից գրեթե բոլորն էլ ազգականներ են և գրեթե բոլորը՝ մեծահասակ։

Ինչևէ, 17-րդ դարով թվագրվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վերջին նորոգությունը տեսավ 2018 թվականին, ըստ տեղական իշխանությունների՝ շուրջ 900 000 դոլարի ներդրմամբ։

«Շատ փնթի աշխատանք է», -հառաչանքով նկատում են մեր խմբի արվեստաբանները՝ մեկնաբանելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի այդքան թմբկահարված վերանորոգման աշխատանքների արդյունքները։

Եկեղեցուց ձախ Կեսարիայի նշանավոր Գյումուշյան վարժարանի շենքն է, ավելի ճիշտ՝ դրա փլատակները։ Այժմ քիչ թե շատ կանգուն մնացած հատվածում Կարոն և կինն են բնակվում, վթարային հատվածը դատարկ է, անխնամ և անհույս։ Այնքան, որ Կարոյի կինը մեզ հորդորում է չգնալ այդ հատված՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Անչափ նուրբ, ճաշակով այս շինության լուռ հետքերը չափազանց տխուր են, դրանք շատ հստակ պատկերացում են տալիս թե անցյալ դարասկզբին որքան բազմամարդ, ազդեցիկ ու կարևոր համայնք էր կեսարահայությունը, այս քաղաքի ու դրա հայության կորուստների ահռելի մասշտաբները կարծես խտացել են այս ոչ շատ մեծ, բայց հպարտ ու միայնակ շենքի ավերակների մեջ՝ ցույց տալով, թե որքան լուռ ու խոնարհ է ամեն ինչ առանց մեզ այս աշխարհում։

«Պարո՛ն Կարո, Պոլսում եք մեծացել, իսկ Դուք ինչո՞ւ հայերենը չսերտեցիք», -մի փոքր հանդուգն, բայց ինձ շատ մեղավոր զգալով հնչեցնում եմ սկզբից ի վեր ինձ տանջող հարցը։
«Իմ դպրոց գնալու տարիները ԱՍԱԼԱ-ի ակտիվացմանը համընկավ, մերոնք վախեցան ինձ հայկական դպրոցում գրանցել»․․․

 

Սոֆյա Հակոբյան