Կարս՝ փառքի ու պարտության խաչմերուկում

Ինչպես պետք է սիրել Կարսը

Կարսը հեռու է շշմեցնող գերժամանակակից մեգապոլիս կամ ճոխ բնապատկերներով հարուստ վայր կոչվելուց։ Կարսը շատ ավելի խոր, զուսպ ու յուրահատուկ երևույթ է։ Սա նախևառաջ հակասությունների՝ անկրկնելի ճաշակի ու գավառականության, փառքի ու պարտության, անսպասելի բարեկամության ու անփոփոխ թշնամության քաղաք է․․․ Ուրախ-ուրախ ժպիտով «Հայերն էն գլխից թուրքի թշնամին են» ասող պապիկն ու «Վայ, Հայաստանի ո՞ր քաղաքում ես ապրում, մենք էլ Գյումրիից ենք եկել, աղջիկս» հարցնող անծանոթ կինն են Կարսը։

Երբևէ չէի մտածի, որ ունակ եմ այնքան սիրել որևէ քաղաք, որ հունվարյան սաստիկ ցուրտ առավոտներին քնելու փոխարեն նախընտրեմ արևի առաջին շողերի հետ դուրս գալ թափառելու՝ քաղաքի դատարկ փողոցներն առանց շտապելու, առանց ավելորդ մարդկանց, լիաթոք ու ուզածիս պես վայելելու։ Այն էլ մի քաղաք, որ դեռ երկու-երեք տարի առաջ ամբողջ սրտով ատում էի։ Իր մութ, տխուր փողոցների, ծանր պատմական հիշողության, կենցաղային աղբի ու էլի մի քանի բանի համար։ Մի քիչ Դոստոևսկու գրականությանն եմ նմանեցնում Կարսը․ բարդ, փառահեղ ու միանգամից չընկալվող։ Միշտ ասում եմ՝ «Մեկ անգամով չհասկացվելու չափ ուժեղ քաղաքներ կան», Կարսը դրանց շարքում առաջիններից է։
Հաճախ էի ինձ բռնացնում Կարսը կարոտած լինելու մտքի վրա, հատկապես, երբ Արևմտյան Հայաստանում երկարաժամկետ գործուղումներից հետո սիրտս հանկարծ ուզում էր առնել հենց Արևելյան Հայաստանի, ինչու ոչ՝ Երևանի կարոտը։ Բոլորն ասում են՝ Կարսը Գյումրիի պատճենն է։ Ըստ իս՝ նույնը կարող էինք ասել հին Երևանի մասին, եթե, իհարկե, տեսած լինեինք այն։
19-րդ դարի վերջին կառուցված շքեղ և խիստ ոճի շենքերի խորհրդավորությամբ ու այն խախտող տիպիկ 21-րդ դարի կենցաղային աղմուկով լի փողոցները, որոնք, ինչպես տեղացիներն են սիրում կատակել, չեն նորոգվել «ռուսների ժամանակից», բազմամարդ են, անհանգիստ ու նման լաբիրինթոսի։
Փոքրիկ, «նեղլիկ» այս քաղաքի կարծես թե բոլոր շենքերի պատուհանները նայում են դեպի պատմական Կարուց բերդը, որի միջնաբերդի գլխին ամրացված է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը՝ «Հայրենիքը երախտապարտ է քեզ» գրությամբ։ Բերդը, վեհաշուք Առաքելոց եկեղեցին, Չարենցի ենթադրյալ տան ավերակն ու քաղաքի հին բաղնիքները գտնվում են իրարից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա՝ կապվելով Կարս գետի վրա կառուցված միջնադարյան Քարե կամրջով։ Իր վրա խաչերի ու Բագրատունյաց զինանշան էգ առյուծի զարդաքանդակները պահպանած, բայց այսօր արդեն «Քյումբեթ ջամի» (գմբեթավոր մզկիթ) կոչվող ու զանգակատունը ոչնչացված Առաքելոցը, տեղացիները շարունակում են կոչել «Քիլիսե» եկեղեցի:
Ձմռանը՝ առաջին ձյան հետ, Կարսի փողոցներն ավելի աշխույժ են դառնում։ «Կովկասյան» մշակույթ, ցարական ժամանակաշրջանի ճարտարապետություն, Կարսից քիչ հեռու գտնվող Անիի ավերակներն ու պարզապես ձյուն տեսնել ցանկացող հազարավոր տեղացի զբոսաշրջիկներ Թուրքիայի արևմուտքից «ներհոսում» են Կարս։ Տեղի սաստիկ ցրտին չդիմացող զբոսաշրջիկների խմբերը ամեն քայլափոխի տաքանում են սրճարանների ու հյուրանոցների դիմաց վառված փողոցային կրակի շուրջ, որը ձմեռային Կարսի փողոցներին առանձնահատուկ կոլորիտ է հաղորդում։ Ամեն կողմից լսվում են ռեստորաններից հնչող պարերի, կենացների ձայները, ապակիների հետևից երևում է Շիրակի հայուհիների հանդերձանքից ոչնչով չտարբերվող տարազ կրող թրքուհիների «նազիկ» պարը, դե իսկ կարսյան երեկոների մեր սիրելի վայրում՝ տիկին Գ․-ի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա։
Կարսի խոհանոցի այցեքարտն, անշուշտ, տեղական սագն է, որը, ըստ կարսեցիների, նախընտրելի է ճաշակել հենց ձմռանը: Փետուրներից մաքրելուց հետո այն համեմում են աղով ու կախում տների բակերում․ խիստ ցրտին սագը պետք է թոնիր մտնելու իր հերթին սպասի մոտ մեկ շաբաթ և հետո հանդիսավոր կերպով մատուցվի ձավարի փլավով, կաղամբի ու գազարի թթվով։ Սակայն անարդար ու անազնիվ կլինի պատմական Հայաստանի այս հյուսիսային անկյունն ու դրա խոհանոցը հիշատակել միայն սագով։ Ավելուկով ապուրն ու ոսպով արիշտան, գառան մսով ու սիսեռով լեգենդար «փիթին», չրերով գունազարդ փլավը, մինչ օրս մոլոկանների բաղադրատոմսով պատրաստվող ու ամբողջ Թուրքիայում մեծ հռչակ վայելող Կարսի դեղին պանիրը և, իհարկե, հայկական աղի գաթան․ ահա այս ամենը ռուսական սամովարից թունդ թեյով ու ջերմ, համով զրույցներով համեմելուց հետո արդեն կարող եք հայտարարել, որ Կարսի համին քիչ թե շատ ծանոթ եք։

Ժամանակի մեքենան ու Գյուրջիևի կորած Կարսը

Կյանքում միայն երկու բան կա, որի համար անկեղծորեն ափսոսանք եմ զգացել, որ ծնվել ու ապրում եմ հենց այս ժամանակաշրջանում, այլ ոչ գոնե մի կես դար առաջ։ Առաջինը ցեղասպանությունից հետո Սասունում «Սասնա Ծռեր» էպոսը պատմող տասնյակ բանասացներից այսօր միայն 4-5-ին գտնելու հիասթափությունն էր, երկրորդը՝ Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսած չլինելու գիտակցությունը։ Նայելով տաճարի լուսանկարներին՝ ակամա սկսում ես մտածել ժամանակի մեքենա ստեղծելու մասին, որովհետև չես կարողանում համակերպվել, որ այլևս երբեք, երբեք բախտ չես ունենալու տեսնելու սա։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914-ին, իսկ օծումը կատարվել է 1915-ի ապրիլին: Եկեղեցին, որը կառուցվել էր որպես քաղաքի նոր Մայր տաճար ու գրեթե չհասցրեց ծառայել կարսեցիներին, ավերել են 1960-ին։ Անցյալ դարասկզբի հայ ճարտարապետության  գլուխգործոցներից մեկը համարվող եկեղեցին, այդպես էլ չապրելով իր  փառավոր ժամանակաշրջանը, ձեռքի մեկ շարժումով, մեկ կոճակի սեղմումով դարձել է փոշի։ Կարսի պատմության թանգարանում առանց որևէ հիշատակող գրության կարելի է տեսնել միայն եկեղեցու փայտե դուռը՝ վրայի խաչերի թևերը մաքրված։
Ի տարբերություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Կարսի հունական տաճարը կամ «Քարաքիլիսեն», որը հողին է հավասարվել 1957-ին, դժվար է գտնել անգամ արխիվային լուսանկարներով։ Առհասարակ, այդ եկեղեցու ճակատագիրը նման է Կարսի հույների պատմությանը՝ մի վայրկյանում ջնջված ու մոռացված և, ի տարբերություն հայկական ու ռուսական հետքի, այսօր նույնիսկ չհիշատակվող։ Ինչ արած, Գյուրջիևի Կարսի տեղը, թերևս, այլևս չենք իմանա։
Փոխարենը դեռ կարող ենք վայելել Կարսի ռուսական Մայր տաճարը, որը մզկիթի վերածվելով, շարունակում է զարդարել քաղաքի միակ հրապարակը՝ ուղիղ նայելով Քեմալ Աթաթուրքի արձանին։ Ռուսական կայսրության ժամանակներից մնացած զորանոցը, որն այսօր էլ նույն նպատակին է ծառայում, եկեղեցու անմիջապես թիկունքում է։ Ներսից սպիտակ ծեփամածիկի զոհը դարձած  տաճարն արտաքուստ իսկապես վեհ է ու հրաշալի, անկասկած՝ անցյալի ու այսօրվա Կարսի ամենագեղեցիկ ու կատարյալ կառույցներից մեկը։ Զանգակատներին փոխարինած մինարեները չեն խլել տաճարի ո՛չ հմայքը, ո՛չ յուրահատկությունը։ Եկեղեցին, անշուշտ, հաջողակներից է․ մզկիթի վերածվելով՝ հնարավոր լավ է պահպանվել, ինչպես և հայկական Սուրբ Առաքելոցը։

Վտանգ, որ միշտ «քթի տակ է»

Կարսը ցարական Ռուսաստանի քաղաքականության, Հայոց Ցեղասպանության, հայ-թուրքական պատերազմի ու գաղթերի պարբերական ալիքների ցնցումներն «ուղնուծուծով» իր վրա կրած քաղաք է։ Եթե ռուսական շրջանում այստեղ ռուս, ուկրաինացի, պոնտացի հույն, անգամ էստոնացի ու լեհ բնակչության աճին զուգահեռ  նոսրանում էր օսմանների՝ 16-րդ դարից բերած մուսուլմանական տարրը, ապա 20-րդ դարի երկրորդ տասնամյակը փոխեց խաղի կանոնները։ Թե՛ թուրքական գերիշխանության վերականգնումից կարճ ժամանակ անց տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, թե՛ 1918-ին հայերի վերադարձն ու հայ-թուրքական պատերազմը, և թե՛ հայերի կրկնակի գաղթին զուգահեռ Հայաստանի հյուսիսային մարզերից ինտենսիվորեն դեպի Թուրքիա շարժվող թյուրքական ու քրդական ցեղերի ներհոսքն ամբողջովին փոխեց Կարսի դեմքը։
«Կարսեցիները մի քիչ խիստ են, բայց շատ բանի տեղ մի դիր, արևելքի ժողովուրդը, ինչ էլ ուզում է լինի, հյուրասեր է։ Այ, մենակ ադրբեջանական գյուղերից կուզես հեռու մնա, շատ քենով են, շատ։ Մենք դրանց «թաթ» ենք ասում, մեզ ոչ աղջիկ տալիս են, ոչ էլ առնում։ Կարսում 4 մզկիթ ունեն, իրենք շիա են, իրենցն առանձին է։ Էստեղ քարափափախներ էլ շատ կան, գիտե՞ս քարափափախ թուրքերի մասին, ազնիվ մարդիկ են, ինչ ճիշտը՝ ճիշտն է»,- ոգևորված պատմում է պարոն Թ-ն, որը ծանոթներիցս մեկի խնդրանքով մեզ ուղեկցելու է Կարսի մի քանի գյուղեր։
-Հորս կողմը քրդերեն է խոսում, բայց մենք շատ լավ չգիտենք, որովհետև մայրս թուրք է։ Մեր տատիկն էլ հայ է, հորական կողմից, բայց մահացել է, պապս հետո ուրիշ կին է առել։ Այդ երկրորդ կնոջից ծնված թոռները միշտ մեզ նեղում էին, ասում էին՝ հայի զավակներ,- շարունակում է Թ․-ն։
Մոտ մեկ ժամ ճանապարհից հետո արդեն նշմարվում է մեր նպատակակետը․ պատմական Եզնասար գյուղը։ Եզնասարը կամ այժմյան Օղուզլուն մոտ 200 մարդ բնակչությամբ փոքիկ գյուղ է, շրջապատված Կարսի սարահարթի բարեբեր, անծայրածիր դաշտերով։ Անշուք այս բնակավայրն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Թուրքիայի արևելքի ամենասովորական, խուլ ու հետամնաց հազարավոր գյուղերից։ Հայերի՝ 1920-ին գյուղը լքելուց հետո Եզնասարը թուրքերեն բառացի թարգմանվելով կոչվել է «Օքյուզլու», իսկ ավելի ուշ դարձել Օղուզլու՝ թյուրքական օղուզ ցեղի անունով։
Գյուղի ծայրին նկատելի են մի քանի հին տների ավերակներ, ավելի ճիշտ՝ դրանց հիմքերը։ Մնացյալ բոլոր տները նոր են, մզկիթը համեստ է ու բացի կարճլիկ մինարեից, գրեթե ոչնչով չի տարբերվում մնացած գյուղական տներից։
Բայց կա մի բան, որն անհավատալի բացառիկություն է հաղորդում այս բնակավայրին։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակը գյուղի հենց մեջտեղում է․ չնայած իր անմխիթար վիճակին՝ անգամ մի պահ իր իշխող դիրքն ու փառահեղ տեսքը չկորցրած, շշմեցնող, հիացնող ու մի պահ հայացքդ սառեցնող։ Նույնիսկ կորցրած գմբեթով, հեռվից եկեղեցին առաջին հերթին գրավում է իր բարձր, երկարավուն ու լայն խորշերի կատարելությամբ ու դրանք պսակող կամարների մանր զարդաքանդակներով։ Թվում է՝ խելագարի պես սուլող քամին անգամ երգում է հենց այս հոյակերտ տաճարի համար, որ վերջինս իրեն շատ միայնակ չզգա։
Եզնասարի Սուրբ Աստվածածինը, ինչպես հուշում է մասամբ պահպանված արձանագրությունը, կառուցվել է Կարսի պահակազորի հրամանատար Հասան Գնթունու հովանավորությամբ, ենթադրաբար՝ 9-րդ դարի վերջին տասնամյակում։ Գյուղացիները պատմում են, որ գմբեթը փլուզվել է 1936 թվականի երկրաշարժի ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են գյուղի նորակառույց տների շինարարության ժամանակ։ Կենտրոնագմբեթ և խաչաձև հիմքով եռախորան տաճարից այսօր պահպանվել են միայն հյուսիսային, հարավային պատերն ու արևելյանը՝ մասամբ։
Պատերի հիմքերի մոտ փորված մեծ փոսերը հուշում են, որ եկեղեցու ներկա վիճակը միայն բնության արհավիրքների, անհատների ու պետության անտարբերության հետևանքը չէ։ Գյուղում մեր այցի հանդեպ անզուսպ հետաքրքրության ու «օգնելու» անընդմեջ առաջարկների պատճառն էլ նույնն է, սակայն դա այստեղ այնքան սովորական, այնքան հաճախ հանդիպող երևույթ է, որ «իմունիտետ» ենք ձևավորել՝ չենք բարկանում։ Ավելին՝ զարմանում ենք, եթե գանձագողերը մեզ չեն գտնում նման մի վայրում։ Դե իսկ հայ ուսումնասիրողների ու զբոսավարների շրջանում գանձագողերի մասին անեկդոտներն ու հոգեբանական ճնշման այս տեսակին դիմակայելու ամենատարբեր զվարճալի միջոցները մի առանձին թեմա են։ Այդպես է, այստեղ պիտի ժպտաս, որ չխենթանաս։
Օղուզլուն լքելուց առաջ աչքիցս չի վրիպում եկեղեցու հյուսիսային պատին փորված երեք լուսինների նշանը, որն այսօր հիմնականում օգտագործում են «Գորշ գայլերի» շարժման հետևորդները։ Իհարկե, սա Բիթլիսը կամ Սասունը չէ, որ հայ զբոսաշրջիկ տեսնելիս անկեղծ կամ ձևական ժպիտով վազեն ընդառաջ, հրավիրեն «գոնե մի բաժակ թանով հյուրասիրվելու» ու սկսեն անդադար պատմել «հին ու բարի» ժամանակների մասին, երբ «բոլորը միասին էին ապրում»։ Կարսում դրա կարիքը չեն զգում, բարկությունը թաքցնելու կարիք՝ երբեմն նույնպես։ Այսօրվա  Թուրքիայի սահմանամերձ այս նահանգում անցյալի տրավմաների, ատելության, վախի ու անհանդուրժողականության դրոշմը, երբեմն, իրեն զգացնել է տալիս օդում սառած անբացատրելի լարվածությամբ։ Իհարկե, հասկանալի պատճառներով, հատկապես Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում իշխանությունները ձգտում են երբևէ չթուլացնել ազգայնական քարոզչությունը, և արդարացի կլինի ասել, որ Կարսում դա նրանց այդքան էլ դժվար չի տրվում։ Ի վերջո, մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած Կարսում տան պատուհաններից երևացող սահմանն ու ռուս զինվորականների դիտակետերն ամեն օր հիշեցնում են․ «վտանգը» քթի տակ է, հետևաբար՝ վախն ու դրանից բխող ատելությունն անպակաս։

Դժվարին ճանապարհը, որը դու ես ընտրում

Դժվար է ճանապարհը դեպի Խծկոնք, իսկ ձմռանը՝ սարսափելի։ Մոտ 2,5 ժամ թափառումներից ու գյուղացիների իրարամերժ ուղղորդումներից հետո բարձունքը նվաճված է․ սաստիկ ցուրտը, ձյունն ու հոգնածությունը հօդս են ցնդում, երբ քո առջև վեր է խոյանում նա՝ Խծկոնքի հրաշակերտ Սուրբ Սարգիսը։ Տեկորի կիրճը, բարձրադիր ժայռի վրա բազմած Խծկոնքի վանքի միակ փրկված եկեղեցին ու այստեղ տիրող լռությունն այն է, ինչը տեսնելուց ու զգալուց հետո քեզ էլ գրեթե ոչինչ պետք չէ կյանքում զարմանալու, հիանալու, ցավելու ու ցնցվելու համար։
Սուրբ Սարգիսը հինգ եկեղեցուց բաղկացած հսկայական համալիրի միակ մազապուրծ մասնիկն է, որը զարմանալիորեն ու անհասկանալիորեն փրկվել է 1950-ականների վերջին թուրքական բանակի անմիջական մասնակցությամբ վանքի պայթեցման գործողությունից։ Մինչև օրս տեղի բնակիչները մինուճար Սուրբ Սարգիսն անվանում են «Բեշ Քիլիսե», այսինքն՝ հինգ եկեղեցի։ Խծկոնքը, անշուշտ, միակ հայկական եկեղեցին չէ, որը 1950-60-ականներին ամբողջական կամ մասնակի ոչնչացման ենթարկվեց հենց զինվորականության ձեռքով. մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող Տեկորի նշանավոր տաճարի անշունչ ավերակներ, Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բագրևանդի Սուրբ Հովհաննես, Սեբաստիայի Սուրբ Աստվածածին․․․ Շարքը շարունակելի է։ Սակայն այս եղեռնի մասին բազմաթիվ հարցեր առաջացնող լռություն են պահպանում ոչ միայն թուրքերը։ Օրինակ, Արևմուտքի հայտնի հեղինակներից Թոմաս Ալան Սինքլերը 1987 թ․-ին հրատարակված իր"Eastern Turkey, an Architectural and Archaeological Survey" աշխատությունում առաջ է քաշում անտրամաբանական մի ենթադրություն, որ Խծկոնքի չորս եկեղեցիները քանդվել են «վերևից թափված քարերի պատճառով», իսկ թուրքական աղբյուրներն առհասարակ լուռ շրջանցում են, թե ինչու, ինչպես և երբ «Բեշ Քիլիսեն» դարձավ մինուճար և միանգամից անցնում 1988-ի երկրաշարժի վնասներին՝ խոսելով միայն մեկ եկեղեցու մասին։
Եկեղեցիների՝ դինամիտով պայթեցման մասին միակ վկայությունը, ըստ էության, կարող ենք լսել տեղի տարեց գյուղացիներից։ Այս հարցում, սակայն, ոչ բոլորն են պատրաստակամ։ Տարածքին շատ մոտ գտնվող Ժանդարմերիայի զորամասն է՛լ ավելի է նվազեցնում խոսել ցանկացողների համարձակությունը։
«Տեկորը երկար ժամանակ ռազմական գոտի էր, այստեղ այսպես հեշտ ու հանգիստ ոչ ոք չէր կարող մտնել. հատուկ թուղթ էին ստորագրում, տոներին, թաղումներին մեր ազգականները նույնիսկ թղթով էին գալիս։ Այն ժամանակ ո՞վ էր Տեկոր գալիս։ Այս եկեղեցին որ տեսաք՝ սա դեռ ոչինչ է, ոչինչ։ Հինգ եկեղեցի է եղել, այսպիսի վանք ոչ մի տեղ չկար։ Հիմա ի՞նչ է մնացել։ Ոչինչ։ Թիվը լավ չեմ հիշում, բայց փոքր եղբայրս գրկի երեխա էր, նշանակում է մինչև 1960-նն էր, դրանից մի 2-3 տարի առաջ պայթեցրին։ Ձայնը հարևան գյուղերում էլ է լսվել, մինչև Սաքլըջա, էդպես պայթեցրել են, գեներալն անձամբ է եկել։ Աստված վկա է, Աստված ամեն ինչ գիտի։ Հա, միանգամից չեն կարողացել, մի քանի պայթեցում է եղել։ Ասում եմ՝ վատ կլինե՞ր ճանապարհ սարքեին, վանքը պահեին, տուրիզմին ծառայեցնեին, մենք էլ մի օգուտ կտեսնեինք»,- 2018-ին մեզ հետ զրույցում վանքի մասին բացառիկ վկայություն փոխանցեց տեղի բնակիչներից 68-ամյա Ք․-ն, երբ հինգ անգամ բոլոր սրբերի անունով երդվեցինք, որ չենք բացահայտի իր անունը։
Կարսի Տեկորի շրջանն ու դրա վարչական կենտրոնը համարվող նույնանուն քաղաքատիպ ավանը, որը ծաղկուն բնակավայր ու կարևոր հենակետ էր Բագրատունիների ժամանակաշրջանում, ուղիղ նայում է Հայաստանի սահմանին, Արագածին ու Թալինի լեռներին: Արևելքից Իգդիր-Կարս միջպետական ճանապարհն Է ու ավելի խորքում՝ Հայաստանի Արագածոտնի ու Շիրակի գյուղերը, հարավից պատմական Կաղզվանը, հյուսիսում՝ Անին․․․
Հեշտ չէ սիրել ու հասկանալ Կարսը, Կարսի ներկան, ինչու ոչ՝ անցյալը նույնպես։ Կարսը կորցնելը, մեղավորների անվերջ փնտրտուքն ու առանց այս ամենին դիպչելու պլատոնական սերն ու «կորուսյալ հայրենիքի» կարոտախտը գուցե ավելի հեշտ են։ Սակայն Կարսի ոդիսականն ամենից առաջ հենց սիրելու, ներկան ու եղածը գնահատելու, դասեր քաղելու, միմիայն քո վրա հույս դնելու, պետականությունը ոչ թե որպես նախորդ սերունդների նվեր, այլ ծանրակշիռ պարտավորվածություն ընդունելու մասին է։ Գուցե այդ բեռն ամենաթեթևներից, ամենահաճելիներից չէ, ավելին՝ գուցե այդ ամենը ծնված օրվանից կրելը քո պարտքն էլ չէ, այլ քո, միայն քո ընտրությունը։ Եվ հենց Կարսում է, որ Տեկորի կիրճի բարձունքում, Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր այն կողմ, լեռների, Խծկոնքի ու ցուրտ քամու սուլոցի հետ մեն-մենակ մնալով հասկանում ես․ դու ես ընտրում. կամ կրում ես այդ բեռը, կամ՝ ոչ:

 

Հեղինակ՝ Սոֆյա Հակոբյան