Ջերմությունը՝ որմերին, ոտքիդ տակ․․․

Կարմիր, որպեսզի տաքացնեն, կապույտ, որպեսզի խաղաղություն տարածեն․․․

Տուն, ջերմություն, ընտանիքի մայր, քույր, կին․․․

Ի սկզբանե չէի նպատակադրվել խոսել պալատները զարդարող փառավոր կարպետների, ոչ էլ հայկական գորգի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ական գնահատականների մասին։ Հիմա անգամ գորգի արտադրությամբ զբաղվող մանուֆակտուրաներն ու գործարաններն այնքան խորթ էին թվում այդ մի բնորոշման առջև՝ բնակարանը տաքացնելու միջոց․․․

Պարզ, գյուղական մի տանը կնճռոտված ձեռքերով մի տատիկ գորգ է գործում՝ նախշուն, գունազարդ... և տաք․․․

Ահա․ այս մեկ նախադասությամբ կարելի էր սկսել և ավարտել «Հայկական գորգագործություն» հոդվածը․․․

Այդուհանդերձ, ՅՈՒՆԵՍԿՕ-ական թեմատիկայի մեջ մի բան․ շատ գիտնականներ վկայում են, որ գորգագործությունը հենց Հայաստանում էլ սկզբնավորվել է։ Իսկ արաբներն իրենք նշում են, որ իրենց «խալի» բառն առաջացել է Կարին քաղաքի անվանումից, որտեղ զարգացած էր այս արհեստը։ Աշխարհում հայտնաբերված հնագույն գորգը Պազիրիկն է, որ թվագրվում է Ք․ա. 5-րդ դարին: Գտնվել է Ալթայի երկրամասի Պազիրիկ հովտում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Սակայն այդ գործվածքը գորգագործության պարզագույն օրինակ չէր և անգամ հայտնաբերման ժամանակ (1949 թ.) չէր ընկալվում ո՛չ բնիկների, ո՛չ տեղում բնակություն հաստատած քոչվորների կողմից։ Պազիրիկ գորգը ներկված է որդան կարմիրով․․․ Գործվածքի վրա պատկերված են միջինարևելյան այծյամներ․․․ Մինչև օրս առեղծված է՝ ինչպես է այն Սիբիր հասել։ Գորգն այժմ պահվում է Էրմիտաժում։

 

Ինձ թվում է՝ հայ կնոջ համար գորգ գործելը նման է եղել օրորոցային երգելուն։ Եվ այդ, ոչ այլ պատճառով են դրանք «լինում բրդյա, մետաքսե, վուշե, բամբակե»։ Այդ պատճառով են լինում փյունիկի, արծվի, Կենաց ծառի, հավերժության նշանի պատկերներով, առատ խաչանախշերով, որոնք, կարելի է ասել, հայկական գորգի տարբերանշաններն են, յուրակերպության, ինքնահատկության արտահայտությունը։ Դրա համար են կարմիր, որպեսզի տաքացնեն, կապույտ, որպեսզի խաղաղություն տարածեն․․․

Հայ օրիորդները գորգագործություն սովորել են դեռատի տարիքից՝ պատրաստելով գործվածքներ ինչպես հայրական տան, այնպես էլ իրենց հետագա օժիտի համար։ Ահա գորգն այդքան կապվել է ընտանիք, տուն ըմբռնումների հետ։

Հայոց գորգերով իրենց «բնակարանը տաքացնել», տան որմերը «զարդարել» մշտապես ցանկացել են նաև օտարները։ Հնադարից ի վեր՝ հայկական գորգը պահանջված ապրանք էր վաճառականների շրջանում։ Հայերը գորգերով անգամ տուրք և ընծաներ են մատուցել Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին, մնացածին․․. Եվ այդպես այն հասել է նաև Եվրոպա։

Ըստ կառուցվածքի և թեմատիկայի՝ գորգերը կարելի է բաժանել տասնյակ խմբերի, դրանք էլ՝ դարձյալ տասնյակ ենթախմբերի։ Ասում են՝ այսօր անկարելի է ամենայն մանրամասնությամբ հետազոտել ու ամփոփել ամբողջը։ Վերևում նշեցինք հայկական գորգի պատկերազարդման որոշ տեսակներ։ Ընդունված են եղել նաև բուսածաղկային, աստղային զարդանախշերը։ Համահայկական տարածում են ունեցել նշաձև ոճավորումներով գորգերը (հայտնի է, որ Հայաստանում նուշը շատ է օգտագործվել սննդի և բժշկության մեջ)։

Հայկական գորգերը բնորոշող առանձնահատկություններից է համարվում դրանց գեղազարդումը ոչ միայն նախշերով, այլև մարդկանց և կենդանիների պատկերներով։ Ուշ միջնադարից սովորություն է ձևավորվել նաև թելերով վերապատկերել հայտնի նկարիչների գործեր, ավելի հաճախ՝ հոգևոր թեմաներով։ Կառուցվածքային առանձնահատկություններից է կրկնակի հանգույցը, որի շնորհիվ գորգերն ավելի երկար են պահպանվում։

Հատուկ ուշադրության են արժանի վիշապագորգերը։ Նրանց բնորոշ են մեծ չափերը, ալ կարմիր գույնը, կապույտ, շագանակագույն ու փղոսկրագույն երանգները։ Սակայն ուշագրավ է այս գորգերի թեմատիկ կողմը․ ուսումնասիրողները մինչև հիմա չեն կարողանում միակարծիք եզրահանգման գալ, թե ինչու են գորգագործները որոշել պատկերել վիշապներ՝ շրջապատելով նրանց ծառուծաղկով, ջերմ նախշերով։ Նրանք խնդրել են հրեշին չվնասե՞լ իրենց, ուզել են նրան բարի հոգո՞ւ փոխակերպել, ցույց են տվել քրիստոնեական մոտեցո՞ւմը՝ չարին բարով հաղթելու․․․

Ինչևէ, հայկական գորգը ևս մեկ վկայությունն է հայ ժողովրդի մարդասիրական աշխարհընկալման, իսկ մասնավոր կերպով՝ հայ կնոջ խոնարհության ու անտրտունջ աշխատասիրության (չէ՞ որ գորգագործությունը նաև դժվարին աշխատանք է․ պահանջում է ֆիզիկական ուժ, աչքերի ու մտքի լարում, ձեռքերի զգուշավոր շարժումներ)։

 

Հ․ Գ․ - Գորգերի միակ թանգարանն ամբողջ Հայաստանի և Արցախի տարածքում գործում էր Շուշիում։