Ի՞նչ փնտրել էպոսում

Էպոսի՝ իբրև բանահյուսական ժառանգության առկայությունն, անշուշտ, վկայությունն է տվյալ ժողովրդի հնադարյա պատմության ու կենսափորձի։ Մյուս կողմից, վերջին շրջանում մեր էպոսի հանդեպ տարատեսակ մոլեռանդ մոտեցումներ են դրսևորվում. գիրքն ընդհուպ «Արարչագիր» անվանողներ կան։ «Սասնա ծռերի» բովանդակային առանձնահատկությունների, այսպիսի արտասովոր ձգողունակության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանի հետ։ Գրականագետը տարբեր ընկալումների հանգամանքը բացատրում է հենց ժանրի բնույթով։ Ըստ նրա՝ մեր օրերում էպոսի գերիշխող հնագույն՝ առասպելաբանական, հեթանոսական-արիական վերլուծությունները տարբեր որակի են՝ պարզունակ վերագրում-հարմարեցումներից մինչև գիտական։

 

-Բանահյուսական ստեղծագործությունները, ի մասնավորի, հերոսական էպոսները, իրենց երկարատև շրջանառության հանգամանքով, ձևավորման տարբեր աղբյուրների՝ պատմության, ժողովրդի կենցաղի ու հավատալիքների, առասպելաբանության և այլնի առկայությամբ՝ բազմաշերտ են, բազմախորհուրդ, hետևաբար, տարբեր ընկալումների, մեկնաբանությունների, իմաստային զուգորդումների, հաճախ ոչ հիմնավոր վերագրումների լայն հնարավորություն են տալիս։ Մեր էպոսի դեպքում նույնպես այդպես է։ Կապված ժամանակաշրջանի մտայնությունների, էպոսագիտության զարգացման, քաղաքական ու հասարակական իրավիճակի հետ՝ էպոսը ենթարկվել ու ենթարկվում է ամենատարբեր ընթերցումների։

Սակայն գրեթե բոլոր դեպքերում, իմ տպավորությամբ, առկա է մեկնաբանողի սերը, ակնածանքը առ դարերով փոխանցված մեր ժողովրդի հավերժական գաղափարներն ու իմաստությունը, որն ամբարված է էպոսում։ Այստեղ իրապես կարող ենք տեսնել արարչագործության, պետության ստեղծման, մարդու ու հասարակության զարգացման, հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգը ցուցանող խորհրդանշական պատկերներ, արքետիպայիան տարբեր գաղափարներ, որոնք յուրաքանչյուր դարաշրջանում ակտիվանում են, դրվում մշակութային ու քաղաքական շրջանառության մեջ, հաճախ օգտագործվում քաղաքական նպատակներով։

-Այս առումով՝ ո՞րն է «Սասնա ծռերի» հիմնական ուղերձը ժամանակակից հայ մարդուն։ Այսօր էպոսի հատկապես ո՞ր դրվագներին պետք է ուշադրություն դարձնել։

-Ի հաշիվ իր գաղափարական խորության՝ էպոսն արդիական ուղերձներ ունի բոլոր ժամանակների համար՝ քաջություն, ծռության հասնող խիզախություն, կամք ու ինքնատիպ մտածողություն, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու ձգտում, նախնիների պաշտամունք, հարգանք ժողովրդի նկատմամբ, հոգևոր-բարոյական արժեքների գերակայություն, հարգանք նույնիսկ թշնամու նկատմամբ, մեծ հավատ ու ակնածանք Արարչի հանդեպ։ Էպոսի հերոսների այս գաղափար-հատկանիշներով մեր ժողովրդի ինքնությունն է ձևավորվել։

Դավիթը Սասունում հաստատվելուց հետո գտնում և վերականգնում է էպոսի գլխավոր սրբությունը՝ հոր գերեզմանի վրա կառուցված Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին. այս արարքով հաստատում իր հոգևոր ինքնությունը, հավատարմությունը նախնիների արժեքներին։

-Իսկ մեզ հատուկ ինչ-որ թուլություն էպոսն ի ցույց դրե՞լ է։ Կա՞ր մի բան, որի համար ցավում էր Դավթի սիրտը, և նա դա շտկել էր ուզում։

-Հերոսներն, իհարկե, արարքներ էլ են գործում, որոնք միանշանակ գնահատել չի կարելի. նույն Դավիթը երդմնազանց է լինում, նաև Մեծ Մհերը, ինչի պատճառով պատժվում են։ Այսինքն՝ նրանց հովանավոր սրբությունները նաև համապատասխան հավատարմություն են պահանջում, և տրվածը կարող է և վերցվել, եթե դավաճանես հոգևոր արժեքներիդ՝ Աստծուդ, ազնվությանդ, էությանդ։ Կամ Փոքր Մհերն ըմբոստանում է հոր դեմ, ըստ որոշ պատումների՝ մենամարտում Աստծո հրեշտակների հետ և փակվում Ագռավաքարում՝ պայման դնելով վերադառնալ, երբ աշխարհն այլ կլինի։ Այս մոտիվը, կարծես, մշտապես ուղեկցում է մեր ժողովրդին։ Մենք ճակատագրական պահերին նեղանում ենք, դառնում ներամփոփ, հեռանում, մեր խնդիրների լուծումը թողնում ուրիշներին։ Անհրաժեշտ է էպոսն ընկալել ոչ միայն ոգեշնչող հաղթանակների մոտիվներով, այլ նաև այսպիսի սթափեցնող գաղափարներով։ Դրանք կարող են հատկապես այսօր մեզ մեծ օգուտ տալ, ավելի իրատեսական պատկերացում ձևավորել մեր ժողովրդի էության վերաբերյալ, օգնել ճիշտ գնահատել մեր ուժերը։

-Ինչպիսի՞ն են էպոսում հայ կանայք։

-Էպոսը կանանց տարբեր կերպարներ է տալիս։ Ավանդաբար շեշտվում է Ծովինարի անձնազոհությունը, խորամտությունն ու քաջությունը, Խանդութի քաջությունը, Արմաղանի ու Արտատեր պառավի իմաստությունը։ Այս հատկանիշները, սակայն, չենք կարող ասել, որ բնորոշ են միայն մեր էպոսի հերոսներին, այլ ընդհանուր էպիկական բնույթ ունեն։

-«Սասնա ծռերն» այսօր պատմվո՞ւմ է։ Կա՞ն հետազոտություններ։

-Էպոսն այսօր, ցավոք, չի պատմվում, ընդհատվել է վիպասացական ավանդույթը։ Իհարկե կան հետազոտողներ։ Չեմ կարող ասել, որ կան շատ ուսումնասիրություններ, սակայն տարբեր, ցավոք, մերձգիտական ու հակագիտական «ուսումնասիրությունների» պակաս էլ չկա։

-Եվ մի հարց էլ․ տարբեր տարածքների պատումներում աշխարհընկալման տարբերություններ նկատվո՞ւմ են։

-Էպոսի պատումները՝ բանավոր տարբերակները, դասակարգվում են երեք խմբի՝ Մշո, Մոկաց և Սասնո։ Ըստ տարածաշրջանի ու բարբառների՝ իհարկե, էպոսը տարբեր է իր գեղարվեստական առանձնահատկություններով և մոտիվներով։ Օրինակ՝ Մոկաց պատումներն ունեն երգվող հատվածներ, այստեղ գերիշխում են առասպելական-հեքիաթային մոտիվները։ Մշո, Սասնո պատումներն ավելի խիստ, առնական շունչ ունեն, հակված են պատմական մոտիվներին։ Նույնիսկ նույն խմբի սահմաններում էպոսի տարբերակները դրսևորում են շատ տարբերություններ, չեն կրկնում միմյանց։