Ի՞նչ կա չճանաչված երկրի չճանաչված մայրաքաղաքի փողոցների անուններում. Արի ու տես ․․․

Արցախցիներն այժմ անում են անհնարինը

Դեպի Ստեփանակերտ ճանապարհը երբեք այսքան երկար չի թվացել։ Քաշաթաղի լեռները, որոնք այլևս ոչ մեկինն են, իրենց գեղեցկության մեջ երբեք այսքան տխուր ու լքված չեն եղել։ Շուշի՞ն։ Երբեք իր դիրքով այսքան բարձր, այսքան վերևում չի թվացել, որքան այժմ։

Հենց այս հատվածին մոտենալիս, ավտոբուսի ուղևորներն արագ քաշում են պատուհանի վարագույրը՝ «թորքին» չտեսնելու համար։ Ես, իհարկե, բացում եմ նույն վարագույրը։ Տարիներ է՝ վարագույրը կա ու կա։ Հիմա որքան էլ վարագույրը քաշեմ՝ «թորքը» իմ՝ իրեն անտեսելով չի հեռանալու, ես էլ վարագույրով ավելի պաշտպանված չեմ դառնալու։

Ստեփանակերտն այլևս նման է մահվան հովտում կորած մի զարմանահրաշ կղզյակի, որը բոլորովին այլ իրականությունից, այլ աշխարհից է։ Սակայն դա այդպես չէ։ Իրականում Հայաստանի սիրտը հանդիսացող Արարատյան դաշտն անցնելուց, Վայոց ձորի շեկ լեռները վայելելուց, հզոր Սյունիքը զգալուց հետո Ստեփանակերտ հասնելով հասկանում ես, որ Հայաստանի իրականությունից կտրված միակ բնակավայրը Երևանն է։

Ապագայի մասին հարցեր տալ Արցախում չի կարելի։ Արցախցիներն այժմ անում են անհնարինը՝ ապրում, շնչում, արարում ու գործում են անծայրածիր անորոշության մեջ։
Ամբողջական շրջափակման մեջ հայտնված այս մի ափ հայրենիքն իրականում չունի վաղվա օրը տեսնելու ոչ մի շոշափելի երաշխիք, սակայն չի դադարում քայլելուց։ Մեկ-մեկ՝ մի քանի քայլ առաջ, մեկ-մեկ՝ երկու քայլ հետ, մեկ-մեկ էլ տեղում դոփելով, բայց քայլում է՝ զարմացնելով մեզ և զայրացնելով Շուշիի բարձունքից իրենց նայող հարևաններին։ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Ասկերանն ու Արցախի՝ ողջ մնացած բոլոր կտորները նման են մի բուռ երջանկության, որն ինչպես անսպասելի եկել, այնպես էլ կարող է հօդս ցնդել շատ, շատ-շատ անսպասելի։

***

Հադրութցի Սերյոժա պապիկին Ստեփանակերտի ավտոկայանում դիմավորողներ չկան. Տղաները դիրքերում են, կինն ու թոռները՝ Գորիսում։
«Ասում եմ՝ մենակ թե մեղուներիս վնաս տված չլինեն։ Տունը հեչ, էլի կսարքենք։ Էն ժամանակ էլ ՕՄՕՆ-ը մտել, գյուղը վառել ա, երկու անգամ տուն եմ դրել, էլի կդնեմ», - իր լավատեսությամբ զարմացնում է պապիկը։
Թե ինչպես, երբ ու ով պիտի հետ վերադարձնի Հադրութն ու իր հայրենի տունը՝ ինքն էլ չգիտի։
Սերյոժա պապիկը միակը չէ, ով չի ցանկանում ընդհատել անորոշ սպասումն ու իր բոլոր հույսերն ու ծրագրերը շարունակում է կապել հայրենի Հադրութի հետ։
 

«Հադրութի միտինգը լսե՞լ ես։ Առաջինը դա էր։ Շարժումը Հադրութից սկսվեց, Հադրութը չմարսեցին։ Հադրութ թուրք մտած չի իլյալ, չմարսեցին, չմոռացան։ Մենք փիս չենք իլյալ, մատաղ ինիմ, մարդ են լի, Ֆիզուլիից խաղող էին բերում, փոխանակում, մեր կարտոշկան առնում։ Հա, մի անգամ ներքևը, էն Ղըշլաք գյուղի թուրքերը գողություն արեցին, հայերը գյուղը վառեցին։ Այ սենց բաներ ա իլյալ։ Ուղղակի մենք չուզեցինք Նախիջևան դառնանք, բալաս։ Որովհետև հերթը հասել էր մեզ, արդեն մեր գյուղերը դատարկելով, կամաց-կամաց․․․ Եթե Շարժումը չլիներ՝ էսօր Ղարաբաղը թաք հայ մնացած չէր լինի, բա մատաղ», - բարձրաձայն մտորում է հադրութցի Սերյոժան մեզ հետ նույն տաքսում՝ մինչև Ստեփանակերտի հին եկեղեցու մոտ իջնելը։
 

Ասում է՝ մինչ այս թաղամասում հաստատված համագյուղացու տուն մտնելը նախ եկեղեցում երեք մոմ կվառի․ մեկը՝ Հադրութի իրենց գյուղի, երկրորդը՝ դեռ չվերադարձած մեր գերիների, երրորդը՝ «էդ էլ քո նահատակ ախպոր ու բոլոր գնացած խոխեքի համար, մատաղ ինիմ»։

***

Դեպի սահմանամերձ դարձած Ասկերանի Խրամորթ տաքսու վարորդը համառորեն մեզ չի տանում, ՄԻՊ գրասենյակում ժպտալով զգուշացնում են՝ «Գերի չընկնեք»։ Ի՞նչ արած, մենք չենք կարողանում գնալ Խրամորթ, Խրամորթն ու խրամորթցիներին կբերենք մեզ մոտ։ Ի վերջո, կարծես ամբողջ Արցախը խտացել է Ստեփանակերտում, որտեղ այսօր ավելի շատ մարդ է ապրում, քան պատերազմից առաջ։

Հայացքս սառում է Ստեփանակերտի իմ ամենասիրելի անկյուններից մեկին՝ սիրիահայ ընտանիքի հիմնած սրճարանին։ Չեն գնացել։ Թեև հիմա նրանց ավելի շատ ընկերակցում են սրճարանի կողքով անցնող մարդկանց հայացքները՝ և առավելապես՝ ապակիների մյուս կողմից։ Ներս մտնողները քիչ են։

«Սկզբում քաղաքը շատ էր տխուր, մարդիկ՝ կորացած, նոր են սկսել մի քիչ գլուխները վեր բարձրացնել», -ասում է Ստեփանակերտում մեզ հյուրընկալած Մարինեն, որը նախորդ պատերազմից ամենաշատ հիշում է «Գռադի» ձայների տակ համալսարան գնալու ճանապարհը։

Այսօր Ստեփանակերտի ճանապարհները մաքրամաքուր, զարմանալիորեն արագ կարգի բերված, նախկինի պես լուսավոր ու գեղեցիկ են։ Երբեմն իրեն զգացնել է տալիս չասված հազարավոր բառերի, չկայացած հազարավոր հարսանիքների, չկիսած գեղեցիկ զգացմունքների կինոժապավենը, որ կախված է օդում։ Դրանց են խառնվում երեխաների քրքիջը, աշխատանքային եռուզեռը, արագ քայլող մարդկանց  խոսակցությունները։ Հիմա Ստեփանակերտում երկար կանգ են առնում միայն մեկ վայրում. Վերածննդի հրապարակում՝ զոհված ու անհայտ կորած տղաների լուսանկարների առջև։ Այնպես ստացվեց, որ Վերածննդի հրապարակի, Վազգեն Սարգսյան, Սասունցի Դավիթ փողոցների ու Ազատամարտիկների պողոտայի խաչմերուկում ես մի քիչ ավելի երկար կանգնեցի՝ առնվազն 5-6 անգամ բաց թողնելով լուսաֆորի կանաչ լույսի վառվելը։

Վերածնունդ, Վազգեն Սարգսյան, Սասունցի Դավիթ, Ազատամարտիկներ․․․Ի՞նչ կա  չճանաչված այս երկրի չճանաչված մայրաքաղաքի փողոցների այս անուններում, որոնք, թվում է, թե այլևս հեռավոր անցյալ են։ Ի՞նչ կա այս խաչմերուկում։ Արի ու տես՝ մտածելու, հիշելու, պահելու շատ բան կա։

Արի ու տես ․․․

 

Սոֆյա Հակոբյան